Գավառի պետական համալսարան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գավառի պետական համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1993[1] |
Ռեկտոր | Ռուզաննա Հակոբյան |
Ուսանողներ | 2,400 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գավառ |
Կայք | gsu.am |
Gavar State University Վիքիպահեստում |
Գավառի պետական համալսարանի ստեղծման նախաձեռնողը և հիմնադիրը փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[2] Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է։ 1991-1992 թթ. սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հանրակրթական դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ գործնականում հնարավորություն չունեին ուսումը շարունակելու մայրաքաղաքում։ Ուստի, մանրակրկիտ ուսումնասիրելով տարածաշրջանի յուրաքանչյուր տարվա շրջանավարտների և գիտական աստիճաններ ունեցող անձանց քանակը, ինչպես նաև մասնագետների պահանջարկը, օգտվելով ՀՀ անկախության ընձեռած հնարավորությունից, Հ. Խ. Հակոբյանը դիմեց ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ Գավառում համալսարան բացելու առաջարկությամբ։ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանուշ Հրանտի Հակոբյանի համառ ջանքերի շնորհիվ ՀՀ Կառավարության 1993 թ. մայիսի 5-ի թիվ 208 որոշմամբ Գավառում (նախկին Կամոյում) բացվեց տարածաշրջանային պետական համալսարան։
1993-1994 ուսումնական տարում 139 դիմորդից համալսարան ընդունվեցին 94-ը։ Դասախոսական աշխատանքում ներգրավված էին 28 մասնագետ, որոնցից 8-ը դոկտոր, պրոֆեսորներ էին, 9-ը՝ գիտությունների թեկնածու, 3-ը՝ ասպիրանտուրան ավարտածներ, և միայն 8-ն էին առանց գիտական աստիճանի։ Սկզբում համալսարանը մասնագետներ է պատրաստել հետևյալ մասնագիտությունների գծով՝ «Հայոց լեզու և գրականություն», «Ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն», «Մեքենաշինության տեխնոլոգիա», «Էլեկտրամեխանիկա», «Ագրոքիմիա»։ Հետագա ուսումնական տարիներին ընդլայնվեց մասնագիտությունների քանակը՝ «Անգլերեն լեզու», «Իրավագիտություն», «Պատմություն», «Տարրական կրթության մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա», «Աշխարհագրություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Ռուսաց լեզու և գրականություն (բանասիրություն)», «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում»։
ԳՊՀ այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ համալսարանի ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հրավիրվել են հանրապետության 120 լավագույն մասնագետներ, որոնց տեղափոխման, գիշերելու և կենցաղ-սպասարկման հարցերը լուծվում են համալսարանի կողմից։ ԳՊՀ-ում ուսանում են ավելի քան երկու հազար հինգ հարյուր ուսանող Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից և մայրաքաղաքից։ Համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են առկա և հեռակա ուսուցման համակարգում։ Գավառի պետական համալսարանն ավարտել է մասնագետների տասներեք սերունդ։ ԳՊՀ շրջանավարտներից շատերն աշխատում են պետական մարմիններում և ոչ պետական հիմնարկներում, բանկերում, դպրոցներում, այլ կրթական հաստատություններում ու կազմակերպություններում։ Համալսարանն ունի գիտական գրադարան[3], ընթերցասրահ, չորս համակարգչային լսարան՝ ապահովված ինտերնետային կապով, կահավորված լաբորատորիաներ։
ԳՊՀ ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանասիրական: Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը ձևավորվել է 2004-2005 ուսումնական տարում` առանձնանալով ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետից[4]։
- Բնագիտական։ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը ձևավորվել է 1993թ-ին[5]։
- Հումանիտար մասնագիտությունների։ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը ձևավորվել է 2004-2005 ուսումնական տարում[6]։
- Տնտեսագիտական։Գավառի պետական համալսարանում բարձրագույն կրթությամբ տնտեսագետների պատրաստումը սկսվել է 1993 թ.-ից։ Այժմ տնտեսագիտության ֆակուլտետում գործում է ուսուցման երկաստիճան համակարգ` բակալավրիատ և մագիստրատուրա:[7]
- Հեռակա ուսուցման։ Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետը ձևավորվել է 2002-2003 ուսումնական տարում` առանձնանալով ԳՊՀ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետից[8]։
ԳՊՀ ուսանողական ինքնակառավարման մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանում ակտիվորեն գործում են ուսանողական ինքնակառավարման մարմինները՝ ուսանողական խորհուրդը[9], ուսանողական գիտական ընկերությունը, իրավաբանական կլինիկան, տնտեսագետների, բանասերների, պատմաբանների, բնագետների ակումբները, նկարչական ստուդիան, բանավեճի ակումբը։ Համալսարանի ֆակուլտետները տեղաբաշխված են երեք ուսումնական մասնաշենքում, որտեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները որակյալ կրթական և դաստիարակչական գործընթաց կազմակերպելու, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր երկաստիճան կրթական համակարգում՝ բակալավրիատում և մագիստրատուրայում անխափան իրականացնելու նպատակով։
ԳՊՀ-ն մանկավարժական կրթություն իրականացնող ՀՀ պետական բուհերի կոնսորցիումի հիմնադիր անդամներից է։ Գավառի պետական և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների, Վանաձորի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտների միջև կնքվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լեզվաբանական կրթության իրականացման և լեզվաքաղաքականության մշակման համագործակցության կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։
ԳՊՀ պատվավոր բարերարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԳՊՀ-ն ունի պատվավոր բարերարներ։ Համալսարանի գործունեությանը, ուսանողների և աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծմանը օժանդակել և շարունակում են աջակցել ամերիկահայ բարերարներ Վարդգես և Ռիթա Պալեանները, Ժիրայր և Անահիտ Նիշանյանները, Աստրիդ Ազնաուրյանը, Ջեկ և Իվա Մեծօրյանները, մոսկվայաբնակ հայրենակիցներ Ռոբերտ Ենգիբարյանը, Վահան Ափրոյանը։
Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը պատրաստում է որակյալ, ժամանակի պահանջներին համապատասխանող, մրցունակ մասնագետներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ http://gsu.am/?go=himnadirm
- ↑ «ԳՐԱԴԱՐԱՆ». www.gsu.am. 2011. Վերցված է 18.12.2021-ին.
- ↑ «ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ». www.gsu.am. 2011. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 18.12.2021-ին.
- ↑ «ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ». www.gsu.am. 2011. Վերցված է 18.12.2021-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ». www.gsu.am. 2011. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 18.12.2021-ին.
- ↑ «ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ». www.am. 2011. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 18.12.2021-ին.
- ↑ «ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ». www.gsu.am. 2011. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 18.12.2021-ին.
- ↑ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՅՔ». www.gsu.am. 17.10.2019. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 18.12.2021-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի Պետական Համալսարանի պաշտոնական կայք
Գավառի Պետական Համալսարանի հիմնադիր ռեկտոր Հ.Խ.Հակոբյան
Գավառի Պետական Համալսարանի ռեկտոր Ռ.Խ.Հակոբյան
«ԳՊՀ-ն դինամիկ զարգացող բուհ»-տեսանյութ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավառի պետական համալսարան» հոդվածին։ |
|