Jump to content

Մայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայա (այլ կիրառումներ)
Մայաներ
Ընդհանուր քանակ

~ 7 մլն

Բնակեցում
Սալվադոր Սալվադոր
Մեքսիկա Մեքսիկա
Գվատեմալա Գվատեմալա
Բելիզ Բելիզ
Հոնդուրաս Հոնդուրաս
Լեզու(ներ)
մայաների լեզու, իսպաներեն, անգլերեն
Հավատք(ներ)
կաթոլիկություն, բողոքականություն, մայաների կրոն
Չիչեն-Իցան

Մայա, հնդկացի ժողովուրդ Մեքսիկայում (Յուկատան թերակղզի, 340 հազար, 1979 թվականի տվյալներով) և Բելիզում (13 հազար)։ Լեզուն պատկանում է մայա-կիչե լեզվաընտանիքին (տես Մայա-Սոկե լեզուներ)։ Որոշ մասը գիտի նաև իսպաներեն։ Կրոնը ձևականորեն կաթոլիկությունն է, բայց իրականում պահպանվում են մինչքրիստոնեական հավատալիքների վերապրուկներ։ Այժմյան մայաների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Մայաները հարավարևելյան Մեքսիկայում, Հոնդուրասում և Գվատեմալայում եղած՝ Ամերիկայի հին քաղաքակրթություններից մեկի ստեղծողներն են։ Հնագույն մայաները մշակել են եգիպտացորեն, լոբի, դդում, լոլիկ, արմատապտուղներ, բամբակ, պահել՝ հնդկահավեր և շներ (միսն օգտագործել են սննդի համար), զբաղվել են նաև որսորդությամբ, ձկնորսությամբ և մեղվաբուծությամբ։ Մեր թվարկության I հազարամյակում մայաները կառուցել են քարակերտ շինություններով քաղաքներ (հայտնի է 100-ից ավելի քաղաք), որոնցից խոշորներն էին Տիկալը, Կոպանը, Չիչեն Իցան, Ուշմալը։ IX դ․ դրանց մեծ մասը կործանվել է տոլտեկների և հնդկացի այլ ցեղերի ներխուժման հետևանքով։ X դ․ Յուկատանում առաջացել է նոր՝ մայատոլտեկյան պետություն, որը հետագայում տրոհվել է քաղաք-պետությունների։ Հասարակության տիրապետող խավը եղել են զինվորական ավագանին ու քրմերը, զարգացել է ստրկությունը։ Մայաները պաշտել են հատկապես անձրևի և քամու աստվածությունը։ Նրանք ստեղծել են իրենց նշանագրերը (Մայա գիր), գիտելիքներ են ունեցել մաթեմատիկայի, բժշկության, աստղագիտության բնագավառներում, թողել ճարտարապետական հոյակերտ կոթողներ (բուրգեր, տաճարներ և այլն)։ Մայաների քաջարի դիմադրության հետևանքով Յուկատանի նվաճումը (1527-ից) իսպանացիների կողմից տևական է եղել։

Հայտնագործությունները և սովորությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մայաները հանրությանը հայտնի էին շոկոլադի գյուտով։ Նրանք են առաջինը հայտնագործել շոկոլադն ու փոխանցել ացտեկներին։
  • Նաև մայաներն են առաջինը հայտնաբերել ծխախոտը։ Ծխախոտի տերևներից պատրաստված քսուկներով բուժում էին հիվանդներին և վիրավորներին։
  • Եվրոպացիներից առաջինը Ռոդրիգո դե Չերեզն էր, որ սովորեց մայաներից ծխելը։ Հոգևորականները տեսան թե ինչպես է նրա բերանից ծուխ դուրս գալիս և մտածեցին թե նա շփվում է սատանայի հետ, այնուհետև նրան նետեցին բանտ։
  • Մարդկային զոհաբերությունները տարածված են եղել ամբողջ աշխարհում։ Սակայն մայաները մարդկային զոհաբերությունները կատարել են լոկ արտակարգ դեպքերում, դա ամենօրյա բնույթ չի ունեցել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 199