Հուգո Վոլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուգո Վոլֆ
գերմ.՝ Hugo Wolf
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1860(1860-03-13)[1][2][3][…]
ԾննդավայրՍլովեն Գրադեց, Սլովենիա[4]
Մահացել էփետրվարի 22, 1903(1903-02-22)[1][2][3][…] (42 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[5]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Ավստրիական կայսրություն
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԵրկերԻտալական երգեր
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտական քննադատ և երաժշտագետ
 Hugo Wolf Վիքիպահեստում

Հուգո Վոլֆ (մարտի 13, 1860փետրվարի 22, 1903), սլովենական ծագումով Ավստրիացի կոմպոզիտոր, հատկապես հայտնի իր ռոմանսներով կամ լիդերներով։

Ժամանակաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երաժշտության մեջ կարևոր տեղ զբաղեցրեց վոկալ երաժշտությունը։ Աստիճանաբար աճող հետաքրքրությունը մարդու ներաշխարհի, նրա հոգեբանության, հոգու «դիալեկտիկայի» հանդեպ բերում էր երգի և ռոմանսի ժանրի զարգացմանը (ինչն առավել նկատելի էր Ավստրիայում՝ Շուբերտ և Գերմանիայում՝ Շուման

Ժանրի զարգացման համար կարելի է ներկայացնել երկու ուղղություն. առաջինը կապված է Շուբերտի երգային, մյուսը՝ Շումանի դեկլամացոն ավանդույթի հետ։ Առաջինի հետևորդը դարձավ Յոհաննես Բրամսը, երկրորդինը՝ Հուգո Վոլֆը։

Միևնույն ժամանակահատվածում Վիեննայում ապրող այս երկու մեծ վարպետներն ունեին ստեղծագործման տարբեր ելակետներ (թեև Վոլֆը 27 տարի փոքր էր Բրամսից), նրանց երգերի ու ռոմանսների կերպարներն ու ոճը օժտված էին անկրկնելի անհատական գծերով։ Բրամսն ակտիվորեն ստեղծագործում էր երաժշտական բոլոր ժանրերում՝ բացառությամբ օպերային ժանրի, իսկ Վոլֆը՝ հիմնականում վոկալ լրիիայում (նա այդ ժամանակ նաև հեղինակ էր մեկ օպերայի և թվով ոչ շատ գործիքային ստեղծագործությունների)։

Հուգո Վոլֆի ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆն ապրել է ծանր զրկանքների մեջ։ Չունենալով երաժշտական կանոնավոր կրթություն՝ դեռ 28 տարեկանում աչքի ընկնող որևէ գործ չէր գրել։ Անսպասելիորեն ձեռք է բերում գեղարվեստական աճ ու վերելք. 2 տարվա ընթացքում (1888-90 թթ.) գրում է շուրջ 200 երգ։ Այս, այսպես ասած, հոգևոր պոռթկամն ինտենսիվությունը ապշեցնող էր պարզապես, բայց 90- ականներին կրկին կրկին ճգնաժամ է սկսվում հեղինակի մոտ. մեկ տող անգամ չէր ստացվում գրել։ 1897 թվականին Վոլֆը հոգեկան անբուժելի հիվանդություն է ձեռք բերում։ Հիվանդանոցում ապրում է ևս 5 ծանր տարիներ։ Փաստորեն Վոլֆի ստեղծագործական կյանքը միայն մոտ մեկ տասնամյակ տևեց, որտեղ ընդհանուր վերցրած՝ միայն 3-4 տարի կարողացավ ստեղծագործել։ Սակայն այդ կարճ ժամանակում այնպես ստեղծագործեց, որ կարողացավ հետք թողնել 19-րդ դարի երաժշտության մեջ։

Վոլֆին անվանում են երգի «Վագներ»։ Այս կարծիքը միանգամայն միակողմանի է. Վագների հանդեպ ունեցած իր ողջ հակվածությամբ հանդերձ՝ Վոլֆը նրանից վերցրել է արտահայտման միայն որոշ միջոցներ (դեկլամացիայի և հարմոնիայի հարցում)։

Հուգո Վոլֆի ստեղծագործական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆը ձգտում էր հասարակ մարդու ճակատագրի ու զգացմունքների արտահայտմանը (հատկապես իր իսպանական և իտալական երգերում), բայց նա իր առաջ չէր դնում հասարակության վերակրթման հեղափոխական խնդիրը (ինչպես Մուսորգսկին)։ Նա չկարողացավ ոգևորվել նաև համահասարակական եղբայրության ուտոպիստական իդելաներով, որով տարված էր նրա ժամանաակիցն ու ընկերը՝ Գուստավ Միլերը։ Ահա այստեղ էր Վոլֆի հայտնի սահմանափակությունը։

Վոլֆը ավստրիական և գերմանական ողջ վոկալ լիրիկայի ավանդույթենրի կրողն էր. Ազդվել է առավելապես՝ Շումանից, շատ քիչ՝ Շուբերտից, որոշ չափով՝ Լիստից։

Վոլֆը տարված է եղել Վագներով։ Նա ազդվել էր ոչ այնքան Վագների ստեղծագործությունների գաղափարական-կերպարնային էությունից, այլ նրա տեսությամբ, հետևյալ դրույթներից. պեզիան երաժշտության հիմքն է, բառերի արտահայտմանը ծառայում է դեկլամացիան, որը հետևում է տեքսի զարգացմանը, նվագակցությունը՝ մեղեդիի «ռեզոնատորը» չէ, այլ վոկալ ստեղծագործության մեջ 2-րդ պլանն է, որը լրացնում ու առավել խորացնում է այն, ինչն ակնարկում է բառը։

Սա է Վագների և Վոլֆի ելակետային միանմանությունը, բայց նրանց գեղարվեստական վերջնական արդյունքները տարբեր են։ Սկսենք դեկլամացիայից.

Վագների օպերաներում այն վերամբարձ, պաթետիկ ու հռետորական է, թատերական դեկլամացիա է, իսկ Վոլֆն այն փորձում է մոտեցնել առօրյա խոսքին։ Խոսակցական հնչերանգը, էմոցիոնալ բացականչությունները. սրանք են Վոլֆի վոկալ դեկլամացիաների տարբերությունները։ Այստեղից էլ ծագում են գործածված համարձակ, հաճախ անսովոր ինտերվալները և բարդ ռիթմը։ Խոսքային ինտոնացիայի արտահայտման նման միջոցներով (և այդ ամենով հանդերձ չխուսափելով երգայնությունից) Վոլֆը ստեղծում էր տեսակներ, բնավորություններ, իրական մարդկանց վիճակներ (ի տարբերություն Վագների առասպելական կերպարնեի)։

Երգի կառուցման մեջ Բրամսը հետևում է զուտ երաժշտական սկզբունքներին, իսկ Վոլֆը ձգտում է երաժշտության մեջ արտահայտել տեքստի ողջ իմաստը։ Իր հերթին դեկլամացիան դժվարացնում է իտոնցացիոն-ռիթմիկ կրկնության ֆորմուլան։ Սրա հետևանքով մեծանում է դաշնամուրային նվագակցության դերը, որ սակայն երբեք չի խլացնում երգչի ձայնը։

Բովանդակության մեջ Վոլֆը կիրառում է «վարող մոտիվներ», որոնց վերադառնալով միջոցով ամրացնում է երաժշտության զարգացումը (այս հարցում կա որոշ ընդհանուր բան Վագների լեյտմոտիվյան տեխնիկայի հետ)։ Սրա հետ մեկտեղ, դաշնամուրային պարտիան հիացնում է իր մոդուլացիոն ազատությամբ։

Մեկ այլ առանձնահատկություն ևս Վոլֆին առանձնացնում մյուսներից . իր երգերից բաղկացած վոկալ ցիկլի երեք երգում նա փրձում է ոչ միայն տալ տեսքսի կոնկրետ բովանդակությունը, բայց և պոետի իդիվիդուալ գեղարվեստական մաներան։ Այդ իսկ պատճառով ցիկլն անվանել է «Մյորիկեի (կամ էյխենդրոֆի կամ Գյոթեի) բանաստեղծությունները ձայնի և դաշնամուրի համար»։

Վոլֆը շատ պահանջկոտ էր բանաստեղծություններն ընտրելու հարցում, ինչը հատուկ էր նաև Բրամսին, բայց վերջինիս հետաքրքրում էր ոչ թե գրական աղբյուրը ստեղծողի անհատականությունը, իր ընկալած բովադակությունը, էությունը։ Վոլֆի ստեղծագործություններում հանդիպում ենք և՛ դրամատիկ, և՛ երգիծական տեսարաններ…

Հուգո Վոլֆի նախընտրած պոետները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է գերմանացի երեք պոետների՝ Էդուարդ Մյորիկեի, Էյխենդրոֆի, Գյոթեի ստեղծագործություններով։ Մյորիկեի (1804-1875) պոեզիան նրան գրավել է գյուղական, կենցաղային թեմատիկայով, բնության հանդեպ սիրով։ Նրա թողած ժառանգության մոտ 1 քառորդով Վոլֆը ցիկլ է գրել՝ կազված 53 երգից։

Էյխենդրոֆի (ուշ ռոմանտիզմ, 1788-1857) պոեզիայում Վոլֆին գրավում էր կենսասիրությունը, ժողովրդական աղբյուրներին մոտ լինելը, բանաստեղծությունների երաժշտականությունը։ Վոլֆից մոտ կես դար առաջ Շումանն անդրադարձել է այս պոետին, բայց Շ-ի մոտ նա ներկայացվում էր կարծես լուսնային, թույլ-անկայուն լուսավորությամբ, իսկ Վոլֆը նրան ներկայացնում է արևային վառ փայլատակման մեջ, և 20 երգից կազմված իր ցիկլում ներկայացրել է հյութեղ, լուսավոր, ուրախ և երգիծական տեսարններ։

Գրել է 51 երգ Գյոթեի բանաստեղծութուններով։ Այստեղ ներկայացված են Գյոթեի տարբեր ժանրերի ստեղծագործություններ նրա ստեղծագործական տարբեր փուլերից։ Կան երգիծական տեսարաններ, սիրային ու փիլիսոփայական քնարերգություն։

Նոր աշխարհ է բացահայտվում «Իսպանական» (44 երգ) և «Իտալական երգերում» (46 երգ), որոնց գրական աղբյուրը ժողովրդական պոեզիան է։ Բնականաբար, այլ էր հեղինակի խնդիրը. նրա նպատակը ոչ թե հեղինակային անհատականության նկարագրությունը, այլ ժողովրդի տեսակը, ազգային բնույթը նկարագրելն էր։ Որպես ավստրիացի նկարիչ՝ նա փորձել է ներթափանցել մեկ այլ ազգի էության մեջ (մի բան, որ արել են Պուշկինը, Բիզեն) և նա դա կարողացել է մեծ վարպետությամբ անել։

Ցիկլերում գերակշռում է սիրային քնարերգությունը (իսպանականում կան նաև կրոնական մոտիվներ)։ Բայց «քնարերգություն» բառն այնքան էլ ճիշտ չէ էստեղ օգտագործել։ Դրանք կենդանի, լակոնիկ դիմանկարներ են, որտեղ ոչ միայն հերոսների հույզերն են ներկայացված, այլև փոքրիկ շտրիխներով ներկայացված է նրանց ինքնադրսևորումը, անհատականությունը։

Վոլֆը, որը մեծ հոգեբան էր, հատկապես իր վերջին ցիկլներում կարողանում է առավել ակնհայտորին դրսևորել դրամատուրգի իր կարևոր հատկությունը. Այն է՝ ամբողջությամբ բացահայտել ժամանակակիցների հոգևոր աշխարհի հարստությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Deutsche Nationalbibliothek Record #118634712 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Вольф Хуго // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուգո Վոլֆ» հոդվածին։