Jump to content

Հեշտոցային արտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեշտոցային արտադրություն
Բժշկական հայելիով հետազոտության ժամանակ երևացող նորմալ հեշտոց և արգանդի պարանոց, երևում են արգանդի պարանոցի մուտքի մոտ կախված ներարգանդային պարույրի լարերը և նորմալ, կաթնասպիտակավուն հեշտոցային արտադրությունը հեշտոցի պատերին, պարանոցին և ներս ընկած հեշտոցային կամարին։
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունԳինեկոլոգիա
ՀՄԴ-10N89.8
 Vaginal discharge Վիքիպահեստում

Հեշտոցային արտադրություն, հեղուկի, բջիջների և բակտերիաների խառնուրդ է, որը խոնավեցնում և պաշտպանում է հեշտոցը[1]։ Այս խառնուրդը մշտապես արտադրվում է հեշտոցի և արգանդի պարանոցի բջիջների կողմից և լքում է մարմինը հեշտոցային բացվածքի միջոցով։ Արտադրուկի խտությունը, քանակը և որակը տարբեր է տարբեր մարդկանց մոտ, ինչպես նաև սեռական և վերարտադրողական զարգացման տարբեր շրջանների ընթացքում[2]։ Հեշտոցային նորմալ արտադրությունը կարող է ունենալ նոսր, ջրային կոնսիստենցիա կամ լինել խիտ և կպչուն, կարող է լինել թափանցիկ կամ սպիտակ գույնի[1]։ Հեշտոցային նորմալ արտադրությունը կարող է քանակով լինել շատ, բայց սովորաբար չի ունենում ուժեղ հոտ, և չի ուղեկցվում քորով կամ ցավով[2]։ Մինչդեռ արտադրուկի որակական փոփոխությունների մեծ մասը խոսում են օրգանիզմի նորմալ ֆունկցիոնալ վիճակի մասին, այնուամենայնիվ կարող են լինել այնպիսի փոփոխություններ, որոնք կապված լինեն վարակի (ինֆեկցիա) կամ այլ ախտաբանական պրոցեսների հետ[3][4]։ Հեշտոցային արտադրության փոփոխություններ առաջացնող ինֆեցկիաներից են՝ հեշտոցի սնկային վարակ, բակտերիալ վագինոզ և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ[5]։ Հեշտոցային ախտաբանական արտադրության հատկանիշները տարբերվում են տարբեր պատճառներից ելնելով, բայց հիմնական նշաններն են գույնի փոփոխությունը, տհաճ հոտը և ուղեկցող ախտանիշները, ինչպիսիք են՝ քոր, այրոց, կոնքային ցավ կամ ցավ սեռական հարաբերության ժամանակ[6]։

Նորմալ արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեշտոցային արտադրության սեռական գրգռման ժամանակ:
Կպչուն արտադրություն ձվազատման ժամանակ։
Թանձր արտադրություն դաշտանի ժամանակ։

Հեշտոցի նորմալ արտադրությունը կազմված է պարանոցային լորձից, հեշտոցային հեղուկից, հեշտոցի և պարանոցի շերտազատված բջիջներից և բակտերիաներից[1]։

Հեշտոցային արտադրության հեղուկի հիմնական մասը կազմում է արգանդի պարանոցի կողմից արտադրվող լորձը[1][3]։ Մնացած մասը կազմում են հեշտոցի պատից եկող տրանսուդատը և գեղձերի արտադրուկները (Սկենեի և Բարտոլինյան գեղձեր)[3]։ Արտադրության պինդ մասը կազմում են հեշտոցի և արգանդի պարանոցի շերտազատված էպիթելային բջիջները, ինչպես նաև որոշ բակտերիաներ, որոնք բնակվում են հեշտոցի լորձաթաղանթում[1]։ Այս բակտերիաները, որոնք ապրում են հեշտոցում, սովորաբար չեն առաջացնում ոչ-մի հիվանդություն։ Ընդհակառակը, նրանք կարող են պաշտպանել տվյալ անձին այլ ինֆեկցիաներից և ինվազիվ բակտերիաներից՝ արտադրելով նյութեր, օրինակ՝ կաթնաթթու և ջրածնի պերօքսիդ, որոնք ճնշում են այլ բակտերիաների աճը[5]։ Հեշտոցում բնակվող բակտերիաների (հեշտոցի ֆլորա) կազմը կարող է տատանվել, բայց մեծ մասամբ այն կազմված է լակտոբացիլներից (lactobacilii)[1]։ Միջինում հեշտոցային արտադրության մեկ միլիլիտրում կա մոտավորապես 108-109 բակտերիա[1][3]։

Հեշտոցային նորմալ արտադրությունը պետք է լինի անգույն, սպիտակ կամ սպիտակավուն[1]։ Կոնսիստենցիան տատանվում է մածուցիկից մինչև կաթնային, իսկ հոտը պետք է լինի շատ մեղմ, կամ ընդհանրապես բացակայի[1]։ Արտադրուկի մեծ մասը քաշվում է դեպի հեշտոցի ամենախորը հատվածը (հեշտոցի հետին կամար)[2] և օրվա ընթացքում դուրս է գալիս մարմնից ձգողության ուժի հաշվին[1][3]։ Տիպիկ վերարտադրողական տարիքում գտնվող կնոջ մոտ օրական արտադրվում է մոտ 1,5 գրամ (կես թեյի գդալ) հեշտոցային արտադրություն[1]։

Սեռական գրգռման և սեռական հարաբերության ընթացքում, հեշտոցում շատանում է հեղուկի արտադրությունը՝ հեշտոցը սնուցող անոթների լայնացման հաշվին։ Անոթների լայնացումը մեծացնում է հեշտոցի պատից տրանսուդացիայի (արտաքիրտ) ենթարկվող հեղուկի քանակը[3]։ Արտաքիրտը ունի չեզոք pH, դրա պատճառով վերջինիս շատացումը կարող է հեշտոցային արտադրության pH-ը ժամանակավորապես շեղել դեպի չեզոք մակարդակ[3]։ Սերմնահեղուկը ունի հիմնային pH և կարող է չեզոքացնել հեշտոցի թթվային միջավայրը և պահել այն չեզոք 8 ժամվա ընթացքում[3]։

Հեշտոցային արտադրության քանակը և բաղադրությունը փոփոխվում է երբ անձը անցնում է սեռական և վերարտադրողական զարգացման տարբեր փուլերով[3]։

Նորածինների մոտ կյանքի առաջին մի քանի օրերի ընթացքում երբեմն ի հայտ է գալիս հեշտոցային արտադրություն։ Սրա պատճառը ներարգանդային կյանքում էստրոգենի ազդեցության ենթարկվելն է։ Նորածինների հեշտոցային արտադրությունը կարող է լինելն սպիտակ կամ անգույն՝ լորձային կառուցվածքով, կամ այն կարող է լինել արյունոտ՝ կապված էնդոմետրիումի անցողիկ շերտազատման հետ, որը համարվում է նորմա[7]։

Մինչև սեռահասուն տարիքի հասնելը աղջիկների հեշտոցը ավելի բարակ պատերով է և ունի այլ բակտերիալ ֆլորա[1][3]։ Նախադեռահասային տարիքում գտնվող աղջիկների մոտ հեշտոցային արտադրություն նվազագույնն է և ունի չեզոքից հիմնային pH` 6-8[8]։ Նախադեռահասային տարիքի աղջիկների մոտ հեշտոցի ֆլորայի կազմում գերակշռում են ստաֆիլոկոկերը, առկա են նաև մի շարք անաերոբներ, էնտերոկոկեր, E. coli և լակտոբացիլ[8]։

Սեռահասունացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռահասունացման ժամանակ ձվարանների կողմից սկսվում են արտադրվել էստրոգեններ[2]։ Անգամ առաջին դաշտանից առաջ (մենարխից 12 ամիս առաջ, սովորաբար այն ժամանակ, երբ սկսվում են զարգանալ կաթնագեղձերը[3]) հեշտոցային արտադրուկի քանակը շատանում է և փոխվում է նրա բաղադրությունը[8]։ Էստրոգենի ազդեցությամբ հեշտոցի հյուսվածքը հասունանում է և հեշտոցի էպիթելային բջիջների կողմից մեծանում է գլիկոգենի արտադրությունը[1]։ Հեշտոցային խողովակում գլիկոգենի մեծացած քանակությունը նպաստում է լակտոբացիլների աճին և բազմացմանը, որոնք գնալով սկսում են գերակշռել այլ բակտերիաների նկատմամբ[1][2]։ Լակտոբացիլները գլիկոգենը օգտագործելով որպես սնունդ, այն վերածում են կաթնաթթվի[1][2][3]։ Այսպիսով, հեշտոցային խողովակում լակտոբացիլների զարգացումը միջավայրը սարքում է ավելի թթվային։ Սեռահասունացումից հետո հեշտոցի և հեշտոցային արտադրության pH-ը տատանվում է 3,5-4,7-ի սահմաններում[1]։

Դաշտանային ցիկլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշտոցային արտադրության քանակը և բաղադրությունը փոփոխվում է դաշտանային ցիկլի ընթացքում[9]։ Դաշտանին անմիջապես հաջորդող մի քանի օրվա ընթացքում հեշտոցային արտադրությունը նվազագույնն է, իսկ նրա կոնսիստենցիան թանձր է և կպչուն[10]։ Մոտենալով ձվազատման օրվան, էստրոգենների քանակի շատացման հետ մեկտեղ նաև ավելանում է հեշտոցային արտադրության քանակը[10]։ Օվուլյացիայի (ձվազատում) ընթացքում հեշտոցային արտադրություն մոտ 30 անգամ ավելի շատ է քան նրա արտադրությունը դաշտանից անմիջապես հետո[10]։ Այս ժամանակահատվածում փոխվում է նաև արտադրուկի գույնը և խտությունը՝ դառնալով ավելի անգույն և էլաստիկ կոնսիստենցիայի[10]։ Ձվազատումից հետո օրգանիզմում սկսում է աճել պրոգեստերոնի մակարդակը, ինչը բերում է հեշտոցային արտադրության նվազման[10]։ Արտադրուկի կոնսիստենցիան կրկին դառնում է թանձր և կպչուն և սպիտակավուն գույնի[10]։ Արտադրության քանակը ձվազատման վերջից մինչև հաջորդ դաշտանի վերջը շարունակաբար նվազում է, այնուհետև՝ դաշտանից հետո, նրա քանակը սկսում է կրկին աճել[10]։

Հղիության ընթացքում օրգանիզմում էտրոգենի և պրոգեստերոնի քանակի շատացման հետևանքով շատանում է նաև հեշտոցային արտադրությունը[11]։ Արտադրուկը սովորաբար սպիտակ է կամ բաց մոխրագույն և կարող է ունենալ խոնավության հոտ[11]։ Հղիության ընթացքում նորմալ արտադրությունը չպետք է պարունակի արյուն կամ առաջացնի քոր[11]։ Հղիության ընթացքում հեշտոցային արտադրության pH-ը ավելի թթվային է քան սովորաբար՝ կաթնաթթվի (լակտատ) արտադրության շատացման պատճառով[11]։ Այս թթվային միջավայրը օգնում է պաշտպանվել բազմաթիվ վարակներից, սակայն ի հակառակ սրա՝ կնոջը ավելի զգայուն է դարձնում հեշտոցի սնկային վարակի նկատմամբ[11]։

Դաշտանադադար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանադադարի հետևանքով առաջացող էստրոգենի քանակի նվազեցման հետևանքով հեշտոցը վերադառնում է նախա-սեռահասունացման տարիքում եղած վիճակի[7]։ Մասնավորապես բարակում են հեշտոցային հյուսվածքները, դառնում ավելի քիչ էլաստիկ, արյան հոսքը դեպի հեշտոց նվազում է, մակերեսային էպիթելային բջիջները պարունակում են ավելի քիչ գլիկոգեն[7]։ Գլիկոգենի քանակի նվազեցման հետ մեկտեղ հեշտոցի ֆլորան սկսում է պարունակել ավելի քիչ լակտոբացիլներ և հետևաբար նաև իջնում է միջավայրի թթվայնությունը՝ pH-ը տատանվում է 6,0-7,5-ի սահմաններում[7]։ Դաշտանադադարի ժամանակ հեշտոցային արտադրության քանակը նվազում է։ Մինչդեռ սա հանդիսանում է նորմալ ֆիզիոլոգիական երևույթ, այն կարող է հանգեցնել հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ չորության և ցավի առաջացման[12]։ Այս ախտանիշները հիմնականում հնարավոր է լինում բուժել հեշտոցային խոնավեցուցիչների/լուբրիկանտների կամ հեշտոցային հորմոնային քսուկների միջոցով[13]։

Ախտաբանական արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաբանական արտադրություն կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով, ներառյալ վարակները և հեշտոցային ֆլորայի կամ pH-ի ախտաբանական փոփոխություններ։ Հեշտոցային ախտաբանական արտադրությունը կարող է նաև լինել առանց հայտնի պատճառի։ Հետազոտության ընթացքում, երբ կանայք դիմում էին կլինիկա գանգատվելով հեշտոցային արտադրությունից կամ հեշտոցից եկող տհաճ հոտից, պարզ դարձավ, որ նրանցից 34%-ի մոտ առկա էր բակտերիալ վագինոզ իսկ 23%-ի մոտ կար հեշտոցային կանդիդիազ (սնկային վարակ)[6]։ Պացիենտների 32%-ի մոտ առակ էր սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա՝ քլամիդիոզ, գոնորեա, տրիխոմոնոզ կամ գենիտալ հերպես[6]։ Հեշտոցային ախտածին արտադրության ախտորոշումը կարող է լինել բավականին դժվար, կարելի է իրականացնել կալիումի հիդրօքսիդի փորձ կամ որոշել հեշտոցային միջավայրի pH-ը։ Երբ ախտաբանական արտադրությունը ուղեկցվում է այրոցով, գրգռմամբ կամ ամոթույքի քորով, ապա դա կկոչվի վագինիտ[7]։ Դեռահասների և մեծահասակների մոտ հեշտոցային ախտաբանական արտադրության ամենատարածված պատճառները նկարագրված են ստորև։

Բակտերիալ վագինոզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիալ վագինոզը (ԲՎ) վարակ է, որը առաջանում է հեշտոցի նորմալ ֆլորայի փոփոխման հետևանքով, ինչը ազդում է հեշտոցում բնակվող բակտերիաների կազմի վրա[14]։ Այն հանդիսանում է վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ հեշտոցային ախտաբանական արտադրության հիմնական պատճառը՝ դեպքերի մոտ 40-50%[15]։ ԲՎ-ի դեպքում հեշտոցում նվազում են լակտոբացիլ կոչվող բակտերիաների քանակը, որի հետևանքով շատանում են անաերոբ բակտերիաները՝ Gardnerella vaginalis-ի գերակշռմամբ[16]։ Այս հավասարակշռության խախտման հետևանքով առաջանում է ԲՎ-ին բնորոշ հատկանիշներով ախտաբանական արտադրություն[14]։ ԲՎ-ի դեպքում արտադրությունը ունենում է ձկան ուժեղ հոտ, որի պատճառն է հանդիսանում անաերոբ բակտերիաների քանակի շատացումը։ Արտադրուկը սովորաբար նոսր է և մոխրագույն, իսկ երբեմն նաև կանաչ[14][16]։ Այն երբեմն ուղեկցվում է միզելու ժամանակ այրոցի զգացումով։ Քորը հազվադեպ է հանդիպում[17]։ Հեշտոցային ֆլորայի այն փոփոխությունները, որոնք բերում են ԲՎ-ի առաջացման դեռևս լիովին պարզաբանված չեն[18]։ Այնուամենայնիվ, ԲՎ-ի հետ կապակցված գործոններն են անտիբիոտիկների կիրառումը, չպաշտպանված սեքսը, հոգնան և ներարգանդային սարքերի օգտագործումը[19]։ Սեքսի դերը ԲՎ-ի մեջ պարզաբանված չէ և ԲՎ-ն չի համարվում ՍՃՓՎ (սեռական ճանապարհով փոխանցվող վարակ)[14]։ ԲՎ-ի ախտորոշումը կատարվում է առողջապահական ոլորտի մասնագետի կողմից՝ կախված արտադրության տեսքից, որակական հատկանիշներից, pH-ը բարձր 4,5-ից, թելավոր բջիջների առկայություն մանրադիտակով դիտելիս և բնորոշ ձկան հոտի առկայությունը, երբ արտադրությունը խառնում են կալիումի հիդրօքսիդի հետ[14][16]։ Ախտորոշման ոսկե ստանդարտ է հանդիսանում արտադրուկի ներկումը Գրամի եղանակով, որի արդյունքում հայտնաբերվում են լակտոբացիլների քանակի քչացում և գրամ նեգատիվ բազմաթիվ ցուպիկների, ինչպես նաև գրամ փոփոխական ցուպիկների և կոքցիների (cocci) շատացում։ Բակտերիալ վագինոզը բուժվում է բերանացի կամ ներհեշտոցային (ինտրավագինալ) հակաբիոտիկների միջոցով, կամ օրալ կամ ինտրավագինալ լակտոբացիլներով[20]։

Հեշտոցի սնկային վարակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշտոցի սնկային վարակը առաջանում է հեշտոցում կանդիդայի (candida albicans) չափից դուրս աճի հետևանքով[21]։ Սա հանդիսանում է համեմատաբար հաճախ հանդիպող վարակ՝ կանանց 75%-ը կյանքի որևէ հատվածում գոնե մեկ անգամ ունենում են հեշտոցի սնկային վարակ[22]։ Սնկային վարակի ռիսկի գործոններն են վերջերս հակաբիոտիկների կիրառում, շաքարային դիաբետ, իմունոսուպրեսիա, էստրոգենների քանակի շատացում և որոշ հակաբեղմնավորիչ սարքերի կիրառում՝ ներարգանդային պարույր, դիաֆրագմա կամ սպունգ[21][23]։ Կանդիդիազը չի հանդիսանում ՍՃՓՎ։ Սնկային վարակի ժամանակ միշտ չէ, որ առկա է լինում արտադրություն, բայց երբ լինում է, ապա այն անհոտ է, թանձր, սպիտակ և մածուցիկ[21]։ Հեշտոցի քորը հանդիսանում է կանդիդային վուլվովագինտի ամենատարածված ախտանիշը[21]։ Կանայք կարող են նաև տառապել այրոցի զգացումից, ցավոտությունից, գրգռումից, միզելիս ցավի զգացումից (օդինուրիա), կամ ցավի առկայությունից սեքսի ժամանակ[23]։ Կանդիդային վուլվովագինիտի ախտորոշումը իրականացվում է հեշտոցից վերցված նմուշի մանրադիտակային հետազոտությամբ, որի ժամանակ հայտնաբերվում են հիֆերը (սունկ), կամ կատարում են նմուշի ցանքս[24]։ Կարևոր է նշել․որ վերևում նկարագրված ախտանիշները կարող են հանդիպել նաև այլ հեշտոցային ինֆեկցիաների ժամանակ, ուստի մանրադիտակային ախտորոշումը կամ ցանքսի իրականացումը ախտորոշումը հաստատելու պարտադիր պայման են[23]։ Բուժումը իրականացվում է ներհեշտոցային կամ օրալ հակասնկային դեղամիջոցներով[23]։

Տրիխոմոնազը հեշտոցային վարակ է, որը փոխանցվում է սեռական հարաբերության ընթացքում և կապված է հեշտոցային ախտաբանական արտադրության առաջացման հետ[21]։ Այն կարող է փոխանցվել առնանդամից հեշտոցին, հեշտոցից առնանդամին և հեշտոցից հեշտոցին[25]։ Տրիխոմոնազի դեպքում արտադրությունը լինում է դեղնականաչավուն[21]։ Երբեմն այն փրփրոտ է և կարող է ունենալ տհաճ հոտ[26]։ Այլ ախտանիշներից են հեշտոցում այրոցի զգացումը կամ քորը, ցավը միզարձակման ժամանակ, կամ ցավը սեռական հարաբերության ժամանակ[25]։ Տրիխոմոնազի ախտորոշումը կատարվում է հեշտոցային արտադրությունը մանրադիտակով զննելիս շարժվող տրիխոմոնադներին հայտնաբերելով[21]։ Սակայն տրիխոմոնազով կանանց 60-80%-ի մոտ է միայն հայտնաբերվում այս միկրոօրգանիզմը[21]։ Այլ ախտորոշիչ մեթոդներից են հեշտոցային արտադրության ցանքսը, կամ ՊՇՌ հետազոտությունը, որոնց միջոցով ավելի հավանական է օրգանիզմների հայտնաբերումը[21]։ Բուժումը միանվագ դեղաչափով օրալ հակաբիոտիկային դեղամիջոցներով է, ավելի հաճախ մետրոնիդազոլ կամ տինդազոլ[21]։

Քլամիդիա և գոնորեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլամիդիան և գոնորեան նույնպես կարող են առաջացնել հեշտոցային ախտաբանական արտադրություն, սակայն, ավելի հաճախ այս վարակները չեն առաջացնում որևէ ախտանիշ[26]։ Քլամիդիայի դեպքում հեշտոցային արտադրությունը լինում է թարախային, բայց կարևոր է նշել, որ քլամիդիան դեպքերի 80%-ում չի առաջացնում արտադրություն[26]։ Գոնորեան նույնպես կարող է առաջացնել թարախային արտադրություն, բայց գոնորեան անախտանիշ է ընդանում դեպքերի 50%-ում[26]։ Եթե հեշտոցային արտադրությունը ուղեկցվում է կոնքի ցավով, ապա շատ հավանական է, որ առակ է կոնքի բորբոքային հիվանդություն, վիճակ, որի դեպքում բակտերիաները անցել են դեպի վերարտադրողական ուղիներ[26]։

Այլ պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտար մարմինները կարող են առաջացնել տհաճ հոտով քրոնիկ հեշտոցային արտադրություն[27]։ Դեռահասների և մեծահասակների մոտ ամենից հաճախ գտնվող օտար մարմիններն են տամպոնները, զուգարանի թուղթը և սեռական հարաբերության համար օգտագործվող առարկաները[27]։

Մինչև սեռահասունացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախա-սեռահասունացման (պրե-պուբերտանտային) տարիքում գտնվող աղջիկները գինեկոլոգի այցելում են հիմնականում գանգատվելով հեշտոցային արտադրությունից կամ տհաճ հոտից[28]։ Այս տարիքի աղջիկների մոտ հեշտոցային ախտաբանական արտադրության պատճառները տարբերվում են մեծահասակների մոտ հանդիպող պատճառներից, և սովորաբար հանդիսանում են ապրելակերպի գործոններ, ինչպիսին են օրինակ՝ լորձաթաղանթի գրգրռումը կոպիտ օճառներից կամ նեղ հագուստից[28]։ Այս տարիքի աղջիկների հեշտոցի պատերը բարակ են և ունեն այլ միկրոբիոտա (կապված էստրոգենի քիչ քանակի հետ), ինչպես նաև պրե-պուբերտանտային տարիքի աղջիկների ամոթույքային մազերը սակավ են։ Այս առանձնահատկությունները դարձնում են աղջիկների հեշտոցը ավելի զգայուն տարբեր բակտերիալ վարակների նկատմամբ[28]։ Բակտերիաները, որոնք պրե-պուբերտանտային աղջիկների մոտ բերում են հեշտոցային ախտաբանական արտադրության առաջացման, տարբերվում են մեծահասակների մոտ հանդիպող բակտերիաներից, դրանք հիմնականում հետևյալն են Bacteroides, Peptostreptococcus, և Candida (սունկ)։

Սա կարող է լինել բերանի կամ կղանքային բակտերիաներով հեշտոցի գաղութացման հետևանք[29]։ Պրե-պուբերտանտային տարիքի աղջիկների մոտ ախտաբանական արտադրության մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ հեշտոցում օտար մարմնի առկայությունը՝ խաղալիքներ կամ զուգարանի թղթի կտոր[27]։ Օտար մարմնի առկայության դեպքում արտադրությունը սովորաբար լինում է արյունոտ կամ շագանակագույն[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Beckmann, R.B. (2014). Obstetrics and Gynecology (7th ed.). Baltimore, MD: Lippincott Williams & Wilkins. էջ 260. ISBN 9781451144314.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Hacker, Neville F. (2016). Hacker & Moore's Essentials of Obstetrics and Gynecology (6th ed.). Philadelphia, PA: Elsevier. էջ 276. ISBN 9781455775583.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Lentz, Gretchen M. (2012). Comprehensive Gynecology (6th ed.). Philadelphia, PA: Elsevier. էջեր 532–533. ISBN 9780323069861.
  4. LeBlond, Richard F. (2015). «Chapter 11». DeGowin's Diagnostic Examination (10th ed.). McGraw-Hill Education. ISBN 9780071814478.
  5. 5,0 5,1 Rice, Alexandra (2016). «Vaginal Discharge». Obstetrics, Gynaecology & Reproductive Medicine. 26 (11): 317–323. doi:10.1016/j.ogrm.2016.08.002.
  6. 6,0 6,1 6,2 Wathne, Bjarne; Holst, Elisabeth; Hovelius, Birgitta; Mårdh, Per-Anders (1994 թ․ հունվարի 1). «Vaginal discharge - comparison of clinical, laboratory and microbiological findings». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 73 (10): 802–808. doi:10.3109/00016349409072509. ISSN 0001-6349. PMID 7817733.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Hoffman, Barbara; Schorge, John; Schaffer, Joseph; Halvorson, Lisa; Bradshaw, Karen; Cunningham, F. (2012 թ․ ապրիլի 12). Williams Gynecology, Second Edition. McGraw Hill Professional. ISBN 9780071716727.
  8. 8,0 8,1 8,2 Adams, Hillard, Paula. Practical pediatric and adolescent gynecology. OCLC 841907353.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «Age 25 - Entire Cycle | Beautiful Cervix Project». beautifulcervix.com. 2008 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Reed, Beverly G.; Carr, Bruce R. (2000 թ․ հունվարի 1). «The Normal Menstrual Cycle and the Control of Ovulation». In De Groot, Leslie J.; Chrousos, George; Dungan, Kathleen; Feingold, Kenneth R.; Grossman, Ashley; Hershman, Jerome M.; Koch, Christian; Korbonits, Márta; McLachlan, Robert (eds.). Endotext. South Dartmouth (MA): MDText.com, Inc. PMID 25905282.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Leonard., Lowdermilk, Deitra; E., Perry, Shannon (2006 թ․ հունվարի 1). Maternity nursing. Mosby Elsevier. OCLC 62759362.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. 1918-2006., Barber, Hugh R. K. (1988 թ․ հունվարի 1). Perimenopausal and geriatric gynecology. Macmillan. OCLC 17227383. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. I., Sokol, Andrew; R., Sokol, Eric (2007 թ․ հունվարի 1). General gynecology: the requisites in obstetrics and gynecology. Mosby. OCLC 324995697.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Alan H. DeCherney; և այլք: (2012). Current diagnosis & treatment: obstetrics & gynecology (11th ed.). Stamford, Conn.: Appleton & Lange. ISBN 978-0071638562.
  15. «CDC - Bacterial Vaginosis Statistics». www.cdc.gov. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  16. 16,0 16,1 16,2 Keane F, Ison CA, Noble H, Estcourt C (2006 թ․ դեկտեմբեր). «Bacterial vaginosis». Sex Transm Infect. 82 Suppl 4: iv16–8. doi:10.1136/sti.2006.023119. PMC 2563898. PMID 17151045.
  17. «What are the symptoms of bacterial vaginosis?». www.nichd.nih.gov.
  18. «STD Facts - Bacterial Vaginosis». www.cdc.gov. 2019 թ․ հունվարի 11.
  19. «What causes bacterial vaginosis (BV)?». www.nichd.nih.gov.
  20. Oduyebo, Oyinlola O.; Anorlu, Rose I.; Ogunsola, Folasade T. (2009). «The effects of antimicrobial treatment on bacterial vaginosis in non-pregnant women | Cochrane». Cochrane Database of Systematic Reviews (3): CD006055. doi:10.1002/14651858.CD006055.pub2. PMID 19588379.
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 Usatine R, Smith MA, Mayeaux EJ, Chumley H (2013 թ․ ապրիլի 23). Color Atlas of Family Medicine (2nd ed.). New York: McGraw Hill. ISBN 978-0071769648.
  22. «Genital / vulvovaginal candidiasis (VVC) | Fungal Diseases | CDC». www.cdc.gov. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Barry L. Hainer; Maria V. Gibson (2011 թ․ ապրիլ). «Vaginitis: Diagnosis and Treatment - American Family Physician». American Family Physician. 83 (7): 807–815.
  24. «Vulvovaginal Candidiasis - 2015 STD Treatment Guidelines». www.cdc.gov. 2019 թ․ հունվարի 11.
  25. 25,0 25,1 «STD Facts - Trichomoniasis». www.cdc.gov. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 Spence, Des; Melville, Catriona (2007 թ․ դեկտեմբերի 1). «Vaginal discharge». BMJ : British Medical Journal. 335 (7630): 1147–1151. doi:10.1136/bmj.39378.633287.80. ISSN 0959-8138. PMC 2099568. PMID 18048541.
  27. 27,0 27,1 27,2 27,3 E., Tintinalli, Judith; Stephan., Stapczynski, J. (2011 թ․ հունվարի 1). Tintinalli's emergency medicine : a comprehensive study guide. McGraw-Hill. OCLC 646388436.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. 28,0 28,1 28,2 Herriot., Emans, S. Jean; R., Laufer, Marc (2011 թ․ հունվարի 1). Emans, Laufer, Goldstein's pediatric & adolescent gynecology. Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins Health. OCLC 751738201.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. Rome ES (2012). Vulvovaginitis and other common vulvar disorders in children. Endocrine Development. Vol. 22. էջեր 72–83. doi:10.1159/000326634. ISBN 978-3-8055-9336-6. PMID 22846522. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեշտոցային արտադրություն» հոդվածին։