Դաշտանային ցիկլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորմոնալ ֆոնի և էնդոմետրիումի (արգանդի լորձաթաղանթի) հյուսվածքաբանական հատկությունների փոփոխությունները դաշտանային ցիկլի ժամանակ

Դաշտանային ցիկլ (լատ.՝ menstruus - «լուսնային ցիկլ», ամսական), վերարտադրողական տարիքի կնոջ օրգանիզմում պարբերաբար կատարվող փոփոխություն է։ Դաշտանային ցիկլի առաջին օր է համարվում դաշտանի առաջին օրը։

Դաշտանային ցիկլը բնորոշ է մարդուն, պրիմատներին[1] պատկանող որոշ ձևերի և կետերին։ Դաշտանային ցիկլն իր մեջ ներառում է 3 փուլ՝ մենստրուալ, պրոլիֆերատիվ և սեկրետոր[2]։

Կանանց մոտ 46-54 տարեկան հասակում, մոտ 500 ցիկլից հետո տեղի է ունենում դաշտանադադար՝ մենոպաուզա։ Դաշտանադադարի հետևանքով ձվարանները ֆոլիկուլոտրոպ և լյուտեինոտրոպ[1] հորմոնների նկատմամբ դառնում են ոչ զգայուն։

Դաշտանային ցիկլի տևողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանային ցիկլի տևողությունը 28[3]±7 օր է։ Դաշտանային ցիկլի տևողությունը պայմանավորված է կնոջ օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխություններով։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենարխեն՝ առաջին դաշտանը հանդիսանում է սեռական հասունացման առաջին նշանը, որ կինը պատրաստ է բեղմնավորման։ Միջինում մենարխեն սկսվում է 12-14 տարեկանում, նորման համարվում է 9-15 տարեկանը (9 տարեկանում վաղ մենարխե, 15 տարեկանում առաջնային ամենորեա)։ Առաջին դաշտանային ցիկլի ի հայտ գալը կապված է ժառանգականության, սննդակարգի և օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ։

Դաշտանային ցիկլի ավարտը սկսվում է 40-58 տարեկանում (միջինում 47-50 տարեկան), կլիմաքսի շրջանում տեղի է ունենում բեղմանավորման ունակության կորուստ։ Մենոպաուզայի սկիզբը (կլիմաքսի ժամանակ դաշտանային ցիկլը կա՛մ ոչ պարբերական է, կա՛մ լրիվ դադարած) կապված է հիմնականում ժառանգականության, մի քանի հիվանդությունների և որոշ բժշկական միջամտությունների հետ, որոնք կարող են վաղ մենոպաուզայի պատճառ հանդիսանալ։

Փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենստրուալ ցիկլի ժամանակ ձվարաններում կատարվող գործընթացները:
1 դաշտան
2 հասունացած ֆոլիկուլ
3 գրաֆյան ֆոլիկուլ
4 ձվազատում
5 դեղին մարմնիկ
6 դեղին մարմնիկը դադարում է գործել

Գործընթացները, որոնք տեղի են ունենում դաշտանային ցիկլի ժամանակ, բնութագրվում են, որպես ձվարաններում (ֆոլիկուլյար, օվուլյար և լյետեինային) և արգանդի լորձաթաղանթում (մենստրուալ, պրոիֆերատիվ և սեկրետոր) կատարվող փոփոխություններին բնորոշ փուլեր։

Ֆոլիկուլյար (մենստրուալ փուլ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենստրուալ փուլն իրենից ներկայացնում է էնդոմետրիումի ֆունկցիոնալ շերտի շերտազատման հետևանքով արգանդային արյունահոսություն, որը տեղի է ունենում ձվարանային (օվուլյար) ցիկլի վերջում, բեղմնավորման բացակայության դեպքում։ Դաշտանի առաջին օր է համարվում ձվարանի ֆոլիկուլյար փուլի կամ արգանդի մենստրուալ փուլի սկզիբը։ Ֆոլիկուլյար փուլի տևողությունը, որի ընթացքում տեղի է ունենում դոմինանտ ֆոլիկուլի հասունացում, յուրաքանչյուր կնոջ համար անհատական է, 7-22 օր, միջինում 14 օր:

Ֆոլիկուլային փուլը (նաև օվարիալ փուլը) սկսվում է հիպոթալամուսում գոնադոլիբերինների արտազատմամբ, որը խթանում է ադենոհիպոֆիզում ֆոլիկուլխթանիչ և լյուտեինացնող հորմոնների սեկրեցիան: Էստրադիոլի սեկրեցիայի ցածր մակարդակը ճնշում է ֆոլիկուլխթանիչ հորմոնի և լյուտեինացնող հորմոնի սեկրեցիան, պահպանելով այս հորմոնների սեկրեցիայի ցածր մակարդակը: Ֆոլիկուլխթանիչ հորմոնի ազդեցությամբ ձվարաններում սկսում են զարգանալ մի քանի ֆոլիկուլներ, որոնցից մեկը դառնում է դոմինանտ ֆոլիկուլ և պարունակում է ՖԽՀ-ի և ԼՀ-ի ընկալիչների ավելի մեծ քանակ, իսկ մնացած ֆոլիկուլները ենթարկվում են ատրեզիայի: Այս փուլում տեղի է ունենում ֆոլիկուլների աճ, զարգացում և հասունացում: Էստրադիոլի քանակն աստիճանաբար աճում է, բայց չնայած նրան, որ էստրադիոլի ցածր քանակը ճնշում է գոնադոտրոպ հորմոնների սեկրեցիան, էստրադիոլի բարձր կոնցենտրացիան հակառակը՝ խթանում է գոնադոտրոպ հորմոնների սեկրեցիան, քանի որ այն բերում է հիպոթալամուսում գոնադոլիբերինների արտազատման մեծացմանը: Այս երևույթն ավելի ակնառու է լյուտեինացնող հորմոնի համար, քանի որ էստրադիոլի բարձր կոնցենտրացիան բարձրացնում է ադենոհիպոֆիզի լյոտեինացնող հորմոն արտազատող բջիջների զգայունությունը գոնադոլիբերինների նկատմամբ: Ֆոլիկուլները ունեն լյուտեինացնող հորմոնի բազմաթիվ ընկալիչներ, որով էլ պայմանավորված է նրանց բարձր զգայունությունը լյուտեինացնող հորմոնի նկատմամբ: Ֆոլիկուլը չափերով մեծանում է այնքան ժամանակ, քանի դեռ ադենոհիպոֆիզից լյուտեինացնող հորմոնի կտրուկ արտազատում չի լինում: Սրանով ավարտվում է ֆոլիկուլյար փուլը և սկսվում է ձվարանային փուլը[4][5]:

Ձվազատման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանային ցիկլի մոտավորապես 7-րդ օրը ձևավորվում է դոմինանտ ֆոլիկուլը, որը շարունակում է մեծանալ և արտազատել էստրադիոլ, իսկ մյուս ֆոլիկուլները ենթարկվում են հետզարգացման: Հասունացած և օվուլյացիայի ենթակա ֆոլիկուլը կոչվում է գրաֆյան բուշտ: Ձվազատման փուլը տևում է մոտավորապես 3 օր, այս ընթացքում տեղի է ունենում լյուտեինացնող հորմոնի արտազատում: 36-48 ժամվա ընթացքում տեղի է ունենում լյուտեինացնող հորմոնի մի քանի անգամյա արտազատում և դրա կոնցենտարցիան պլազմայում մեծանում է: Լյուտեինացնղ հորմոնի արտազատումը նպաստում է ֆոլիկուլի վերջնական հասունացմանը, խթանում է պրոստագլանդինների և պրոտեոլիտիկ ֆերմենտների արտադրությունը, անհրաժեշտ է ֆոլիկուլի պատի պատռման և հասուն ձվաբջջի դուրս բերման համար: Այդ ժամանակ նվազում է էստրադիոլի քանակը, որը երբեմն ուղեկցվում է ձվազատման սինդրոմով: Ձվազատումը սովորաբար տեղի է ունենում լյուտեինացնող հորմոնի մեծ քանակի արտազատումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում: Ձվազատման ընթացքում տեղի է ունենում 5-10 մլ քանակով, ձվաբջիջ[4][5] պարունակող ֆոլիկուլյար հեղուկի արտադրում:

Լյուտեինային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուտեինային փուլը (դեղին մարմնիկի փուլ) ձվազատման և դաշտանային արյունահոսության միջև ընկած ժամանակահատվածն է, որը բնորոշվում է դեղին մարմնիկի զարգացումով: Լյուտեինային փուլի տևողությունը 13-14 օր է (± 2 օր): Գրաֆյան բշտի պատռվելուց հետո բջիջներում կուտակվում են լիպիդներ և լյուտեինային պիգմենտ, որով էլ պայմանավորված է նրա դեղին գույնը: Փոփոխության ենթարկված գրաֆյան բուշտը սկսվում է կոչվել դեղին մամնիկ: Լյուտեինային փուլի տևողությունը կախված է դեղին մարմնիկի ֆունկցիոնալ շրջանից (10-12 օր), այդ ընթացքում դեղին մարմնիկն արտադրում է պրոգեստերոն, էստրադիոլ և անդրոգեններ: Էստրոգենի և պրոգեստերոնի ազդեցությամբ էնդոմետրիումի գեղձերը հասունանում են, ենթարկվում են պրոլիֆերացիայի և սկսում արտադրել սեկրետ (արտազատական փուլ), արգանդը պատրաստվում է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիային: Էստրոգենի և պրոգեստերոնի արտադրումն իր գագաթնակետին է հասնում լյուտեինային փուլի կեսերում, և ի պատասխան դրան նվազում է լյուտեինացնող և ֆոլիկուլ խթանող հորմոնների արտադրությունը:

Հղիության առկայության պայմաններում դեղին մարմնիկը սկսում է արտադրել պրոգեստերոն այնքան ժամանակ մինչև ընկերքըը պատռվի և սկսվի պրոգեստերոնի ու էստրոգենի սինթեզը:

Հղիության բացակայության պայմաններում դեղին մարմնիկը դադարում է իր ֆունկցիոնալ գործունեությունը, նվազում է էստրոգենի և պրոգեստերոնի քանակը, որը բերում է էնդոմետրիումի այտուցվածության և նեկրոտիկ փոփոխությունների: Պրոգեստերոնի քանակի նվազման հետևանքով ուժեղանում է պրոստագլանդինների սինթեզը: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, ապա որոշ ժամանակ անց դեղին մարմնիկը ենթարկվում է լյուտեոլիզի[en], այսինքն քայքայման կամ սեկրետոր խանգարման, և անկարող է դառնում արտազատել պրոգեստերոն և էստրադիոլ: Լյուտեոլիզի հետևանքով այլևս չի ճնշվում ֆոլիոտրոպ և լյուտեինոտրոպ հորմոնների արտազատումը, բացասկան հետադարձ կապի բացակայության հետևանքով, և այդ հորմոնների սեկրեցիան սկսում է աճել, խթանելով նոր ֆոլիկուլի առաջացումը: Էստրոգենի և պրոգեստերոնի քանակի նվազումը նպաստում է լյուտեինացնող և ֆոլիկուլ խթանող նոր հորմոնների սինթեզին և նոր մենստրուալ ցիկլի[4][5] առաջացմանը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Campbell, 2011, էջ` 1010
  2. Ткаченко, 2009, էջ 469—470
  3. Losos, Jonathan B.; Raven, Peter H.; Johnson, George B.; Singer, Susan R. (2002lkmnlnl). Biology. New York: McGraw-Hill. pp. 1207-09. ISBN 0-07-303120-8.
  4. 4,0 4,1 4,2 Ткаченко, 2009, էջ 466—469
  5. 5,0 5,1 5,2 Campbell, 2011, էջ` 1008—1009