Կլիմաքս (ֆիզիոլոգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլիմաքս (այլ կիրառումներ)

Կլիմաքս (հուն․՝ κλιμακτήρ — բառացի՝ սանդուղքի աստիճան, տարիքային շրջադարձ), կլիմակտերիկ շրջան, անցումային շրջան սեռական հասունությունից դեպի ծերություն։

Կլիմաքսը կանանց մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտվում է դաշտանային ցիկլի պարբերականության խանգարմամբ, մինչև լրիվ ընդհատում, որը վկայում է կնոջ կյանքում նոր շրջանի՝ դաշտանադադարի (մենոպաուզիա) սկիզբը։ Սովորաբար լինում է 45—54 տարեկանում, հաճախ՝ 47 տարեկանում և շարունակվում 15—18 ամիս։ Սակայն երբեմն նկատվում է նաև վաղաժամ կլիմաքս (մինչև 40 տարեկանը) և ուշացած կլիմաքս (55 տարեկանից հետո)։ Վաղաժամ կլիմաքսի պատճառներն են՝ ձվարանների առաջնային անբավարարությունը (ուշացած դաշտան՝ 17—18 տարեկանում), կյանքի ծանր պայմանները, վարակիչ հիվանդությունները, հոգեկան ցնցումները, կոնստիտուցիոն և ժառանգական նախատրամադրվածությունը։ Ուշացած կլիմաքսը լինում է փոքր կոնքում առաջացած կանգային երևույթների, արգանդի մկանային ուռուցքների (ֆիբրոմիոմաներ) դեպքերում։ Դաշտանը կարող է դադարել միանգամից կամ աստիճանաբար։ Կլիմակտերիկ շրջանում հաճախ նկատվում են արգանդային արյունահոսություններ, որոնք պայմանավորված են ձվարանների ֆունկցիաների խանգարումներով և դրանցում դեղին մարմնի առաջացմամբ։ Կլիմաքսի հիմքում ընկած են կնոջ օրգանիզմում ցիկլային պրոցեսները կարգավորող մի շարք համակարգերի (ներառյալ կենտրոնական նյարդայինը՝ հիպոթալամուս, դիէնցեֆալ շրջան, հիպոֆիզ) և ձվարանների բարդ փոփոխությունները, որոնց հետևանքով ձվարաններում դադարում է ֆոլիկուլների հասունացումը և ձվազատումը (օվուլյացիա)։ Սակայն երբեմն դաշտանադադարից հետո ձվազատումը կարող է շարունակվել որոշ ժամանակ, իսկ ցիկլային փոփոխությունները կարգավորող հորմոնների արտադրությունը՝ նույնիսկ տարիներ։ Կանանց մեծամասնության կլիմաքսը ընթանում է հարթ և չի ուղեկցվում հիվանդագին երևույթներով։ Ձգձգվող կամ շացած կլիմաքսի դեպքում կարող են նկատվել արյունահոսություն կամ մի շարք խանգարումներ, որոնք՝ հայտնի են «կլիմակտերիկ սինդրոմ» անվանումով։ Նկատվում է առավելապես վաղ գարնանը և կապված է գարնանային հիպովիտամինոզի և արևային ճառագայթման նվազման հետ։ Հիմնական գանգատը հանկարծակի առհոսումներն են, որոնք արտահայտվում են դեմքի, պարանոցի, ծոծրակի հանկարծակի կարմրությամբ, այրոցի զգացումով, քրտնարտադրությամբ։ Առաջանում է գլխապտույտ, գլխացավ, սրտի թրթռոց, գրգռվածություն, անքնություն, վախի զգացում, ընկճվածություն, երբեմն՝ արյան ճնշման բարձրացում, ցավեր սրտի շրջանում, ծնկահոդերում։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր դիմադրողականության բարձրացում (լիարժեք հիգիենային ռեժիմ, դիետա, A, B, C խմբի վիտամիններ), գալվանացում, ջրաբուժություն, հորմոնաբուժություն (էստրոգեններ, անդրոգեններ և վերջիններիս զուգորդումները), ֆիզկուլտուրա և սպորտ։

Կլիմաքսը տղամարդկանց մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար սկսվում է 50—60 տարեկանում, երևույթները թույլ են արտահայտվում, սակայն ավելի երկարատև են։ Կլիմակտերիկ սինդրոմն ընթանում է նյարդա֊վեգետատիվ, սիրտանոթային և հորմոնային խանգարումներով, ուղեկցվում անքնությամբ, հիշողության թուլացմամբ, վախի զգացումով, աշխատունակության իջեցմամբ։ Կարող է առաջանալ գլխապտույտ, ուշաթափություն, պուլսացիա գլխում, դեպի գլուխը և դեմքը ջերմության առհոսում, սրտի շըրջանի ցավեր, արյան ճնշման բարձրացում։ Սեռական զգացումները և կարողությունները թուլանում են, սակայն որոշ դեպքերում կարող են պահպանվել։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորմոնների (անդրոգեններ) օգտագործումն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 481