Տրիխոմոնոզ
Տրիխոմոնոզ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | T. vaginalis? |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն, գինեկոլոգիա և ուրոլոգիա |
Trichomoniasis Վիքիպահեստում |
Տրիխոմոնոզ, տրիխոմոնիազ, տրիխոմոնադոզ, մարդու և կենդանիների միզասեռական օրգանների բորբոքային հիվանդություն։
Հարուցիչը մտրակավորների դասի, միաբջիջ օրգանիզմներն են՝ տրիխոմոնասները։ Մարդ ու տրիխոմոնոզի հարուցիչը Trichomonas vaginalis-ն է։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ տրիխոմոնասակիրը։ Վարակվում են հիմնականում սեռական, երբեմն կենցաղային ճանապարհով՝ անձնական օգտագործման առարկաների միջոցով։ Կանանց տրիխոմոնոզ հիմնականում արտահայտվում է հեշտոցաբորբով, տղամարդկանցը՝ միզուկաբորբով։ Հիվանդությունը բնորոշվում է արտաքին սեռական օրգանների ուժեղ քորով, առատ, փրփրոտ սպիտահոսությամբ, միզարձակման ցավոտությամբ։ Կանանց տրիխոմոնոզ հաճախ ուղեկցվում է նաև արգանդի վզիկի խողովակի լորձաթաղանթի բորբոքումով, տղամարդկանցը՝ սերմնաբշտերի, շագանակագեղձի և մակամորձիների ախտահարումով։ Տրիխոմոնոզի ախտանշանները կախված են հիվանդության փուլերից, պրոցեսի տեղադրությունից։ Ընթացքը երկարատև է, կրկնություններով։ Ախտորոշվում է միզասեռական օրգանների արտազատուկների մանրադիտակային հետազոտության, հիվանդի գանգատների և տվյալների հիման վրա։
Բուժումը դեղորայքներով
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման ընթացքում սեռական կյանքն արգելվում է։ Սեռական հիգիենայի կանոնների պահպանում, պայքար վեներական հիվանդությունների դեմ։ Կենդանիներից տրիխոմոնոզով հիվանդանում են հիմնականում խոշոր եղջերավորները, հազվադեպ՝ թռչունները։ Խոշոր եղջերավոր կենդանիների հարուցիչը՝ Trichomonas foe tus-ը, ախտահարում է սեռական օրգանները և տարածվում է առավելապես զուգավորման ժամանակ։ Հիվանդությունն ուղեկցվում է վաղ վիժումներով, ստերջությամբ, սեռական օրգանների յուրահատուկ ախտահարումներով։ Առողջացած ցուլերը հաճախ տրիխոմոնասակիր են։ Տրիխոմոնոզ ախտորոշում են կլինիկական նշանների, համաճարակաբանական տվյալների և մանրադիտակային հետազոտությունների հիման վրա։ Բուժումը՝ ֆուրազոլիդոն, կարբոխոլին են։ Կանխարգելումը՝ տրիխոմոնոզով հիվանդ կենդանիների մեկուսացում և բուժում, արհեստական սերմնավորման կիրառում։ Թռչունների տրիխոմոնոզի հարուցիչն ախտահարում է մարսողական ուղիները, լյարդը և այլ օրգաններ։ Առավել հաճախ հիվանդանում են ճտերը։ Բուժումը՝ տրիխոպոլ, օսարսոլ են։ Կանխարգելումը՝ ճտերի մեկուսացված աճեցում, կերաբաժնում տրիխոմոնադոցիտների օգտագործում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |