Կոզեռնի գերեզմանատուն
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | թաղամաս |
Մտնում է | Երևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ |
Կոզեռն թաղամաս, թաղամաս Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Գտնվում է Կոնդ թաղամասի հարևանությամբ՝ Դերենիկ Դեմիրճյան և Պռոշյան փողոցների միջև ընկած բլրակի վրա։ Կոչվել է 11-րդ դարի գիտնական և տոմարագետ Հովհաննես Կոզեռնի անունով։
Անունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանը կոչվել է վարդապետ Հովհաննես Կոզեռնի անունով, որովհետև վերջինս վախճանվելուց հետո թաղվել է այդտեղ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանատան հնագույն մասը եղել է ավելի հյուսիսային մասում, որոնք սակայն հավանաբար 13-14 դարերում հողին են հավասարացվել ու տեղում այգիներ տնկել[1]։ 20-րդ դարում գերեզմանատան քանդման ընթացքում առկա շերտի տակից ի հայտ է գալիս մի այլ գերեզմանոց՝ նեղ ու երկայն քարարկդյա դամբարաններով, որոնք պատկանում էին վաղ քրիստոնեության ժամանակներին՝ 5-7 դդ․[1]։
17-րդ դարում Կոզեռն վարդապետի կողքին թաղվել են ևս երկու հոգի՝ Բաղեշի Ամրդոլա վանքի արտաքին գիտությունների դպրոցի դասատու Մելիքսեթ Վժանեցի վարդապետը և Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը։ Այդ տապանաքարերի վրա կանգնեցվել է մի մատուռ, որն ավերվել է 1679 թ. աղետալի երկրաշարժից[2]։
1829 թ. Երևանի մեծահարուստ մելիքներից մեկը՝ Սահակ Մելիք-Աղամալյանը քարով և կրով վերանորոգել է այն և դարձրել Մելիք-Աղամալյանների ընտանեկան դամբարանը։ Այդ մատուռում թաղվել են նաև ինքը՝ Մելիք-Աբրահամի որդի Մելիք-Սահակը, նրա որդին՝ Թադևոսը և մյուսները։ 19-րդ դարում այն կոչվել է Կոզեռնի մատուռ և պահպանվել մինչև 20-րդ դարի սկզբները։
Հայ պատմագիր Առաքել Դավրիժեցին ևս հաստատում է այն փաստը, որ Հովհաննես Կոզեռն վարդապետի կողքին թաղվել են Մելիքսեթ Վժանեցի վարդապետն և Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը.
Աստանոր(յԱնապատի սրբոյ Առաքելոյն Անանիայի) պատահեցաւ լինել վախճան սորա (յամի 1633) յԵրեւան քաղաքի ի վանս դամբարանի սրբոյ Առաքելոյն Անանիայի. վասն որոյ եւս տարեալ ի հասարակաց գերեզմանատունն ի Կոզեռն կոչեալ բլուրն, վասն գերեզմանի Կոզեռն վարդապետին՝ որ անդ է, եւ յարահուպ գերեզմանի Կոզեռան վարդապետին եւ Մելիքսեթ վարդապետին, ի մեջ Երկուց այսոցիկ պատրաստեցին զդիր հանգստյան սրբոյն այսորիկ, եւ անդրէն ի մեջ երկուց կափացելոց տապանաց՝ եղին զսրբասնեալ նշխար մարմնոյ նորա մեծաւ պատուով եւ փառօք[2]։ |
Մովսես կաթողիկոսի գերեզմանաքարի վրա գրված էր.
Այս է տապանն դամբարանի
Եդեալ շիրմի ճանապարհի Տեառն Մովսեսի վարդապետի Ընտրեալ սուրբ Հայրապետի Որ է տեղաւ Տաթեւացի Նորոգող սուրբ Էջմիածնի Բացող եւ շինող գմբեթի Թուին ՌՁԲ (1633)[2] |
Իսկ Մելիք-Սահակի մարմարյա տապանաքարի վրա փորագրված էր հետևյալը.
Աստ հանգչի մարմինն Մելիք Երեւանայ հայոց Սահակա Մելիք-Աղամալեանց, որ վերափոխեցաւ ի 1835[2]։ |
Մինչև 20-րդ դարի սկզբները գերեզմանատունը ներկայիս Պռոշյան փողոցի սեփական տներից ձգվել է մինչև Սիրահարների այգու տարածք, ներառել Ազգային ժողովի այգին և Դերենիկ Դեմիրճյան փողոցի սեփական տները։
Հայտնի է նաև, որ Կոզեռնի գերեզմանատանն է վերաթաղվել Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը։ Գերեզմանատան վերացման պատճառով 1920-ականներին Արամ Մանուկյանի այրին՝ Կատարինե Զալյանը կարողանում է տեղափոխել նրա մարմինը և վերաթաղել Թոխմախի գերեզմանոցում[3]։
Կոզեռնի գերեզմանատանը շարունակել են թաղումներ կատարել մինչև 1930–ականներին, երբ այն քանդվեց քաղաքի վերակառուցման հետևանքով։ Մինչ քանդելը Հուշարձանների պահպանության բաժնի հանձնարարությամբ բոլոր գերեզմանաքարերի արձանագրությունները՝ ամենահնից մինչև 1800 թվականը, արտագրվել է ճարտարապետ Կարո Ղաֆադարյանի կողմից՝ թվով 169[1]։ Ըստ նրա՝ երբ 1930-ականներին այդտեղ նոր շենքերի հիմքեր էին փորվում, ամենուրեք բացվում էին քարարկղյա նեղ ու երկար դամբարաններ, որոնք թվագրվում էին 5-7-րդ դարերով։ Բացվել են նաև հեթանոսական շրջանի դամբարաններ, որոնք նման էին Դվինում և Ավանում պեղված դամբարաններին[3]։
2011-2012 թթ Կոզեռն թաղամասում կառուցվող շենքերից մեկի հիմքում ևս հայտնաբերվել են այդ դամբարանը հիշեցնող քարակույտեր։ Այժմ այդ տեղում շենքի շինարարությունը դադարեցված է։
2006 թ. այն տները, որոնց տարածքում գտնվում են կիսավեր մատուռն ու շիրմաքարերը, հայտնվեցին իրացման գոտում։ Կոզեռնի թաղամասի №60 և №62/3 տների բնակիչները նամակով դիմել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշելով, որ հնությունները վտանգված են։ Ի պատասխան նամակին՝ Արարատյան Հայրապետական թեմից նշել էին, որ 2003 թ. ապրիլի 1-ին այդ խնդրով դիմել էին այն ժամանակվա ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, սակայն խնդրին լուծում չտրվեց[4]։
Այսօր Կոզեռնի մատուռից և այդտեղ գտնվող երեք շիրմաքարերից ոչինչ չի պահպանվել։ Հայտնի է, որ մատուռն ու շիրմաքարերը գտնվել են ներկայիս Կոզեռնի թաղամասի №60 և №62/3 տների տարածքում։ №60 սեփական տունը կառուցված է հենց մատուռի ավերակների վրա։ Այդ մասին են վկայում սենյակներից մեկի կամարաձև առաստաղը։ Իսկ №62/3 տան սենյակներից մեկում եղել է մատուռի մուտքը։ Այդ տանն են գտնվում նաև վերոնշյալ երեք տապանաքարերը, սակայն տան բնակիչները վերանորոգել են տունը և ծածկել մատուռի մուտքն ու շիրմաքարերը[4]։
Կոզեռն թաղամասն այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոզեռն թաղամասը հիմնականում բաղկացած է հին սեփական տներից։
1999 թ. թաղամասի տների մի մասը ճանաչվեց հանրային գերակա շահ և ենթակա էր օտարման։ Կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ օտարման գործընթացը պիտի ավարտվեր մինչև 2011 թ.։ Այս որոշումը չտարածվեց թաղամասում կառուցված էլիտար սեփական տների վրա։ Սեփականատերերի մի մասը երկար ժամանակ չէին կարողանում վերանորոգեին իրենց տները, քանի որ դրանք ներառված էին իրացման գոտում[5]։
Այսօր Կոզեռն թաղամասում կան մի շարք նորակառույց էլիտար սեփական տներ։ Դրանց մի մասը պատկանում են Արմենիա հեռուստաընկերության տնօրենին, Սաս սուպերմարկետների ցանցի տնօրենին, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին և այլն։ Վերջինիս 298.06 քառակուսի մետր մակերեսով հողատարացք է նվիրաբերվել կառավարության 2013 թ. որոշմամբ[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ղաֆադարյան, Կարո. «ԷՐԵՎԱՆԻ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» (PDF). Լրաբեր հասարակական գիտությունների. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Երվանդ Շահազիզ, «Հին Երևան», էջ 192-193
- ↑ 3,0 3,1 «Հին Երևանի Կոզեռնի մատուռն ու գերեզմանատեղին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 4,0 4,1 ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՃՅՈՒՆԸ՝ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏՈՒՄ
- ↑ Կոզեռնի բնակիչները չգիտեն թե ինչ է սպասվում իրենց
- ↑ Կառավարությունը Կոզեռն թաղամասի հողամասը նվիրաբերվեց ՀՀ նախկին վարչապետի հիմնադրամին