Կելտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպայում կելտական ցեղերի տարածման մոտավոր շրջանները։ Կապույտով առանձնացված են կելտերի տարածքները մ.թ.ա. 1500-1000, մանուշակագույնով՝ մ.թ.ա. 400: Կողմնորոշման համար բերված են ժամանակակից երկրների սահմանները։

Կելտեր (լատին․՝ Celtae, բրետոներեն՝ Kelted, վալլիերեն՝ y Celtiaid, իռլանդերեն՝ na Ceiltigh, գաել.՝ Ceilteach, մեն.՝ ny Celtiee, կորն.՝ Kelt), լեզվով և նյութական մշակույթով իրար մոտ, հնդեվրոպական ծագում ունեցող ցեղեր, որոնք հնում զբաղեցնում էին Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի տարածքները։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես էթնիկ խմբի տրված անվանում՝ Κελτοί (կելտեր) տարբերակի առաջին գրավոր արձանագրությունը հանդիպում է մ.թ.ա. 517 թ. հույն աշխարհագրագետ Հեկատեոս Միլեթացու մոտ՝ Մասսիլիայի (ժամանակակից Մարսել) մոտակայքում բնակվող մարդկանց մասին հիշատակություններում։ Մ.թ.ա. 5-րդ դարում Հերոդոտոսը նույն անվանանումն է տալիս Դանուբ գետի ակունքի և Եվրոպայի հեռավոր արևմտյան շրջաններում բնակվող ցեղերին։ Անվանման ծագումնաբանությունը պարզ չէ։ Որոշ հեղինակների կարծիքով այն կելտական ծագում ունի, մինչդեռ մյուսները համարում են, որ այն ստեղծվել է հույների կողմից։

Մ.թ.ա. առաջին դարում Հուլիոս Կեսարը հիշատակում է, որ հռոմեացիներին որպես գալլեր հայտնի ցեղերն իրենց անվանում են կելտեր, ինչից կարելի է ենթադրել, որ եթե նույնիսկ «կելտեր» անվանումը տրվել է հույների կողմից, այն որպես հավաքական անվանում որոշ չափով ընդունվել է Գալիայի ցեղերի կողմից։ Աշխարհագրագետ Ստրաբոնը մ.թ.ա. 1-ին դարի վերջին Գալիայի մասին գրելիս «գալլ» և «կելտ» անվանումները գործածում է հոմանշաբար։ «Կելտ» եզրույթն անգլերենում առաջին անգամ վկայվում է 1707 թ. ուելսացի լեզվաբան Էդվարդ Լլույդի աշխատություններում, ով ուշադրություն դարձրեց այն նմանություններին, որոնք բնորոշ էին Շոտլանդիայում, Իռլանդիայում, Ուելսում, Կոռնուոլում և Բրետանում խոսվող լեզուներին։ Նա կոչեց այդ լեզուները «կելտական», և անվանումն ընդունվեց հասարակության կողմից։ «Կելտական» բառը նաև օգտագործվում է պարուրաձև նախշերով զարդեղենը բնութագրելու համար. վերջինս լայն տարածում է գտել Իռլանդիայի շուկաներում։ Սակայն ոչ մի ապացույց չկա, որ այդ զարդանախշերը ստեղծվել են մեկ էթնիկ խմբի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջցեղային պատերազմները թուլացնում էին կելտերին և նպաստավոր պայմաններ ստեղծում արևելքից գերմանացիների և արևմուտքից հռոմեացիների հարձակման համար։ Գերմանացիները մ.թ.ա. 1 դարում ստիպեցին կելտերին հեռանալ Հռենոսի ափերից։ Հուլիոս Կեսարն իր հերթին մ.թ.ա. 58-51 թթ. գրավեց ամբողջ Գալլիան։ Օկտավիանոս Օգոստոսի օրոք գրավվեցին Դանուբի վերին հոսանքում ընկած շրջանները, հյուսիսային Իսպանիան, Գալաթիան, իսկ Կլավդիոսի օրոք՝ մ.թ. 1 դարի սկզբին, Բրիտանիայի զգալի մասը։ Այն կելտերը, որոնք ցանկացան մնալ Հռոմեական կայսրության սահմաններում, ենթարկվեցին խիստ հռոմեացման։

Կելտերի հավատալիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացին գրում էր, որ կելտերն իրենց սպանած թշնամիների գլուխներն անջատում էին մարմիններից և կախում իրենց ձիերի պարանոցներից։ Տուն վերադառնալուց անմիջապես հետո արյունաքամ եղած գլուխը մեխում էին դռանը։ Բացի այդ, կելտերը պարտված թշնամիների գլուխները պահում էին մայրու ձեթի մեջ։ Այսպիսի գործողությունները բացատրվում էին կելտերի այն համոզմունքով, որ գլուխը հոգու տունն է հանդիսանում։ Տանելով իրենց հետ թշնամու գլուխը՝ նրանք համոզված էին, որ թշնամին այլևս չի կենդանանա։ Հավանաբար, մարմնից անջատված գլուխները ոչ միայն հաղթողի ամենանշանակալի ռազմավարն էին, այլև պաշտամունքի մաս էին հանդիսանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 357