Կարապետ Տեր-Մկրտչյան
Կարապետ Տեր-Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1866[1] Թավրիզ, Իրան կամ Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1915[1] (49 տարեկան) կամ նոյեմբերի 19, 1915 (49 տարեկան) Թավրիզ, Իրան կամ Բաքու, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քահանա, պատմաբան, բանասեր և աստվածաբան |
Պաշտոն(ներ) | եպիսկոպոս |
Ալմա մատեր | Գևորգյան հոգևոր ճեմարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կարապետ Տեր-Մկրտչյան (մարտի 29, 1866[1], Թավրիզ, Իրան և Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1915[1] կամ նոյեմբերի 19, 1915, Թավրիզ, Իրան և Բաքու, Ռուսական կայսրություն), հայ եպիսկոպոս (1909), աստվածաբան, պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ։ Փիլիսոփայության դոկտոր (1893), աստվածաբանության լիցենցիատ (մագիստրոս, 1894)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարապետ Տեր-Մկրտչյանը ծնվել է Գողթն գավառի Ցղնա գյուղում, առևտրական Մարտիրոսի ընտանիքում[2]։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական, ապա՝ Զաքաթալայի գավառական դպրոցում։ 1880 թվականին քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1888 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ավարտելուց հետո դասավանդել է Գևորգյան ճեմարանում, վարել մատենադարանապետի պաշտոնը։ 1889 թվականին Գևորգ Չորեքչյանի և Գարեգին Հովսեփյանի հետ ձեռնադրվել է կուսակրոն սարկավագ։ 1889 թվականից ուսանել է Լայպցիգի, Բեռլինի և Տյուբինգենի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Դասախոսություններ է լսել Տյուբինգենի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության բաժնում, Փարիզի Սորբոնի համալսարանում, Մարբուրգի բողոքական աստվածաբանական ֆակուլտետում։ Ուսումնառության տարիներին գիտական հոդվածներով աշխատակցել է գերմանական հայտնի կրոնական հանդեսներին։ 1893 թվականին Լայպցիգում հրատարակած «Պավլիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և նրանց ցեղակից աղանդավորական երևույթները Հայաստանում» (գերմաներեն) աշխատության համար 1894 թվականին արժանացել է փիլյան լիցենցիատի գիտական աստիճանի և վերադարձել էջմիածին, ձեռնադրվել կուսակրոն քահանա, կարգվել Գևորգյան ճեմարանի տեսչի օգնական և աստվածաբանության ու կրոնական առարկաների ուսուցիչ։ 1899 թվականին նշանակվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1902-1906 թվականներին եղել «Արարատ»-ի կրոնական բաժնի խմբագիրը այնուհետև՝ մինչև 1899 թվականը, ամսագրի խմբագիր։ 1895 թվականին ստացել է վարդապետական աստիճան, նույն թվականին կարգվել Մայր աթոռի «Ուսումնական վարչական հանձնաժողովի» անդամ։ 1899-1902 թվականներին կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1903-1905 թվականներին՝ Երևանի թեմակալի փոխանորդ։ 1902, 1904, 1905-1906 թվականներին կարճ ժամանակով կրկին եղել է «Արարատ»-ի խմբագիր[3]։ 1907 թվականին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան։ 1907 թվականին, խույս տալով Մայր աթոռի որոշ միաբանների հարուցած խոչընդոտներից ու զրպարտություններից, մեկնել է Բաքու, տեղի գիմնազիայում աշխատել ուսուցիչ։ 1907 թվականին, կարգվելով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, նախաձեռնել է Թավրիզում «Առավոտ» հայերեն շաբաթաթերթի (1909-1912 թվականներին) հրատարակումը, Պարսկաստանի տարբեր վայրերից հայթայթել և էջմիածնի մատենադարանին է ուղարկել հայկական հին ձեռագրեր։ 1909 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1910-1912 թվականներին խմբագրել է «Թավրիզի հայտարարություններ» թերթը։ 1914 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Շամախու հայոց թեմի առաջնորդ[4]։
Վախճանվել է 1915 թվականի նոյեմբերի 19-ին Բաքվում։ Թաղված է Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեր-Մկրտչյանի աշխատությունները, ձեռագրագիտական հազվագյուտ հայտնագործությունները մեծ հետաքրքրություն են ներկայացրել Եվրոպայի գիտական աշխարհում, առատ նյութ տվել Ընդհանրական եկեղեցու և քրիստոնեության վաղ շրջանի պատմության ուսումնասիրության համար։ «Պավլիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և նրանց մերձավոր հերձվածային երևույթները Հայաստանում» (1893, գերմաներեն), «Թոնդրակեցիք մեր օրերում» (1895, գերմաներեն) աշխատություններում և «Պավլիկյանց և թոնդրակեցվոց աղանդները արդի քննադատությամբ» («Արարատ», 1900, հուլիս) հոդվածում անդրադարձել է Միջնադարյան Հայաստանում տարածված աղանդավոր. այդ շարժումներին, դրանց վարդապետություններին։ Զբաղվել է Հայաստանում աղանդավորական շարժումների պատմության հարցերով [«Թոնդրակեցիք մեր օրերում» (գերմաներեն), 1896]։ Սակայն Թոնդրակյան շարժումը նա բնութագրել է ոչ թե որպես դասակարգային պայքար, այլ սոսկ մտավոր առաջադիմության երևույթ կրոն, հարցերի շուրջ։
Տեր-Մկրտչյանը հերքել է արևելագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Կոնիբերի «Բանալի ճշմարտության» երկի՝ 9-րդ դարում գրված լինելու մասին թեզը, հիմնավորել է նաև «նոր թոնդրակեցիների» կապը բողոքական մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ կրկնամկրտականության (անաբապտիզմ), մկրտականության, լյութերականության հետ։ «Ազգային եկեղեցի» (1903) գրքույկում հեղինակը Հայ առաքելական եկեղեցին ներկայացրել է իր երեք հիմնական գծերով՝ ազգային բնավորությամբ, կրոնական ոգով և հալածական վիճակով։
1902-1903 թվականներին Տեր-Մկրտչյանին են հանձնարարվել Աստվածաշնչի նոր հրատարակության պատրաստման և խմբագրման աշխատանքները։ Նա Մայր աթոռի ձեռագրատան Աստվածաշնչի 40 ձեռագրերից ընտրել է 8-9 հիմնականները, համեմատել եբրայերեն բնագիրը և Յոթանասնից թարգմանությունը և տպագրության պատրաստել Ծննդոց ու Ելից գրքերը։ Սակայն 1903 թվականին եկեղեցական գույքի բռնագրավման և Մայր աթոռում ստեղծված իրավիճակի պատճառով գործը չի հրատարակվել և չի հասցվել իր ավարտին։
1904 թվականին Տեր-Մկրտչյանը Երևանի Կաթողիկե եկեղեցում հայտնաբերել է մի կարևոր հայերեն ձեռագիր, որը բովանդակել է II դարի հեղինակ Իրենիոս Լուգդոնացու գրվածքները։ Դրանցից առաջինը ՝ «Ցոյցք առաքելական քարոզության» երկը, մեծ արժեք է ներկայացնում II դարի քրիստոնեական դավանաբանության համար։ Հունարեն բնագիրը կորած է, և միայն վերնագիրն էր հայտնի Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ից։ Երվանդ Տեր-Մինասյանի հետ հայտնաբերել և գերմաներեն է թարգմանել Ս․ Իրենիոսի (Երանոս) «Ցոյցք առաքելական քարոզության» երկը, որի մասին մինչ այդ սոսկ հիշատակություն կար Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության» մեջ, իսկ բնագիրը կորած էր համարվում [լույս է տեսել Լայպցիգում (1907)՝ գերմաներեն և հայերեն զուգադիր տեքստով, պրոֆեսոր Ա․ Հառնակի վերջաբանով և ծանոթագրություններով]։ Տեր-Մկրտչյանի և Երվանդ Տեր-Մինասյանի ջանքերով Լայպցիգում լույս է տեսել (1908) նաև Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն բնագիրը՝ գերմանական և հայերեն առաջաբանով։ 1910 թվականին Լայպցիգում հրատարակվել են Տեր-Մկրտչյանի հայտնաբերած Ս․ Իրենիոսի «Ընդդեմ հերձվածոց» ճառի 4 և 5 գրքերը (հայերեն), գերմաներեն առաջաբանով։ «Արարատ» ամսագրում տպագրել է հայագիտական հոդվածներ։ Հայտնաբերած երրորդ ձեռագիրը, որը 1911 թվականին Տեր-Մկրտչյանը գտել էր Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքում, «Կնիք հավատո» (1914, Երվանդ Տեր Մինասյանի հետ) դավանաբանական ժողովածուն էր։ Այդ գործին կցված ընդարձակ «Ներածությունը» գնահատելի ուսումնասիրություն է Հայ եկեղեցու 6-7-րդ դդ. պատմության, դավանական դիրքորոշումների և մատենագրության վերաբերյալ։ Աշխատության հետ առնչություն ունի հեղինակի մեկ այլ՝ «Հովհան Մանդակունի և Հովհան Մայրագոմեցի» (1913) ուսումնասիրությունը։ Այս գործերում Տեր-Մկրտչյանը անդրադարձել է Հայ եկեղեցու պատմության ամենակնճռոտ և վիճելի հարցերից մի քանիսին, այն է՝ քրիստոնյա աշխարհում դավանաբանական վեճերին հայոց մասնակցության, Քաղկեդոնի ժողովի մերժման, Տիմոթեոս Կուզի «Հակաճառության» հայերեն թարգմանության ժամանակին, «Գիրք թղթոց»-ի մի շարք գրությունների հեղինակային պատկանելության, գրելու շարժառիթների խնդրին ևն։ Պաշտպանել և հիմնավորել է այսօր արդեն հայագիտության մեջ ընդունված այն տեսակետը, թե Հայ եկեղեցին Քաղկեդոնի ժողովի հանդեպ իր բացասական դիրքորոշումը հստակեցրել է 5-րդ դարի վերջին քառորդին՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք։ Տեր-Մկրտչյան անձնական կապեր է ունեցել գերմանացի հայագետներ Հ․ Գեչցերի, Ադոլֆ Հառնակի և ուրիշների հետ։
Տեր-Մկրտչյանը հրատարակել է մի շարք հիշատակարաններ Մայր աթոռի մատենադարանի ձեռագրերից։ Դրանցից երկուսը լույս են տեսել առանձին (Հովհան Երուսաղեմացու և Հովհաննես Գ Օձնեցու թղթերը)։ «Արարատ»-ում հրատարակել է «Գիրք թղթոց»-ի մի շարք գրություններ, մասնավորապես՝ Բաբկեն Ա Ոթմսեցի, Ներսես Բ Բագրեվանդցի, Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների թղթերը, նոր լույս սփռելով Հայ եկեղեցու VI–VII դդ. պատմության մի շարք հարցերի վրա։ 1908 թվականին Վաղարշապատում լույս է տեսել Տեր-Մկրտչյանի «Հայոց եկեղեցու պատմության» առաջին հատորը։ Ժողովրդի կրոնաբարոյական դաստիարակության համար աշխարհաբար է փոխադրել Մատթեոսի Ավետարանը (անտիպ)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիւթեր հայ մելիքութեան մասին, պր. 1, 2, Վաղարշապատ, 1913–14:
- Պաւղիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ եւ մերձաւոր հերձուածային երեւոյթներ Հայաստանի մէջ, Երուսաղէմ, տպարան Սրբոց Յակոբեանց, 1938[5]։
- Տեր - Մինասեան Ե., Կարապետ եպիսկոպոս Տէր-Մկրտչեան, Մ., 1911:
- Յովսէփեան Գ., Տ. Կարապետ եպիսկոպոս, «Արարատ», 1915, թ. 11–12, էջ 849–856:
- Stephan S., Karapet Episkopos Ter-Mkrtschjan (1866–1915), Halle, 1983.
- Կարապետ Եպիսկոպոս Տէր-Մկրտչեան (1866-1915)։ փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու։ Հայաստանի ազգային արխիվ, 2006, 558 էջ[6]։
- Երկերի ժողովածու։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչություն, 2008[7]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Կարապետ Տեր-Մկրտչյան».
- ↑ «Արարատ, Համար Ա (1913)». www.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Տեր-Մկրտչյան Կարապետ | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ Տէր-Մկրտչեան, Կարապետ (1938). Պաւղիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ եւ մերձաւոր հերձուածային երեւոյթներ Հայաստանի մէջ. Տպարան Սրբոց Հակոբեանց.
- ↑ Կարապետ Եպիսկոպոս Տէր-Մկրտչեան (1866-1915)։ փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու. Hayastani azgayin arkhiw. 2006. ISBN 9789994191048.
- ↑ Տէր֊Մկրտչեան, Կարապետ (2008). Երկերի ժողովածու. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչություն.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Տեր-Մկրտչյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 680)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
- Մարտի 29 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Թավրիզ քաղաքում ծնվածներ
- Ցղնա գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 2 մահեր
- 1915 մահեր
- Նոյեմբերի 19 մահեր
- Թավրիզ քաղաքում մահացածներ
- Բաքու քաղաքում մահացածներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Հայ բանասերներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Հայ աստվածաբաններ
- Հայ առաքելական եպիսկոպոսներ