Կահույք
Կահույք, կահ–կարասի, շենքերի, ինչպես և զբոսայգիների, փողոցների կահավորանքի առարկաներ։
Կահույքի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինում է կենցաղային (բնակարանի) և հասարակական շենքերի (դպրոցների, մսուր-մանկապարտեգների, գրասենյակների, թատրոնների, սրճարանների) կահույք (աթոռներ, սեղաններ, պահարաններ, մահճակալներ, նստարաններ)։ Ունի բազմաթիվ ենթատեսակներ (օրինակ, սեղանները ստորաբաժանվում են ճաշասեղանների, խոհանոցի սեղանների, գրասեղանների և այլն)։ Օգտագործվում է նաև մի քանի տեսակների հատկությունները միավորող կահույք (բազկաթոռ-մահճակալ, բազկաթոռ-սեղան)։ Մեկ իրի մեջ մի քանի ֆունկցիաների միատեղումը կատարվում Է այդ իրի կառուցվածքի փոփոխությամբ կամ առանձին առարկաների միակցումով։ Կառուցվածքային ու տեխնոլոգիական առանձնահատկություններով կահույքը ստորաբաժանվում է՝ շարժական, ներկառուցված, կախովի, որմնամերձ, չմասնատվող, հավաքովի-մասնատվող, ինչպես և՝ կոշտ, փափուկ, կիսափափուկ։
Կահույքը ինտերիերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կահույքի նախագծման կարևորագույն սկզբունքներից է իրերի խմբավորումը գարնիտուրներում (կահատեսակներում), որոնք նախատեսվում են սեղանատան, ննջասենյակի, մանկասենյակի, խոհանոցի համար։ Կահույքը ինտերիերի գեղարվեստական կազմակերպման գործոններից է, դեկորատիվ-կիրառական արվեստի հատուկ ճյուղ, ներկայումս նաև՝ գեղարվեստական ձևաստեղծման ոլորտ։ Կահույքի գեղարվեստականության հիմնական տարրերն են արխիտեկտոնիկան, համամասնությունները, մասշտաբայնությունը (առարկայի և նրա առանձին մասերի չափակցությունը մարդուն), ինչպես և ֆակտուրան, տեքստուրան, գույնը, որոնց բազմազանությունը ստացվում է իրերի մակաշերտի մշակման տարբեր եղանակներով (երանգավորում, լաքում և այլն)։ Որպես կահույքի հարդարման տարրեր օգտագործվում են գեղանկարը, քանդակը, զարդը։
Կահույքի զարգացման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կահույքը երևան է եկել նախնադարյան համայնքների նստակեցության անցնելու ժամանակաշրջանում։ Առավել արագ զարգացել է բնակլիմայական պայմանների հետևանքով փակ շինությունների կարիք զգացող ցեղերի մոտ։ Սոցիալ-տնտեսական փոփոխություններին կենցաղային նոր պահանջներին զուգահեռ ձևավորվել են կահույքի նոր տիպեր։ Կահույքի փոփոխությունը նաև սերտորեն կապված է գեղարվեստական ոճերի զարգացման հետ։ Առանձին ոճերի ներգործունից առաջացել են ոչ միայն կահույքի հատուկ տիպեր և կառուցվածքներ, այլև հորինվածքային օրինաչափությունների նոր պատկերացումներ։ Կահույքի դեկորատիվ և կառուցվածքային առանձնահատկությունների վրա զգալի ազդեցություն են գործել ազգային արվեստի ու կենցաղի ավանդույթները։ Կահույքի պահպանված հնագույն նմուշներից են Հին Եգիպտոսի փարավոնների ու նրանց մերձավորների իրերը՝ սնդուկներ, աթոռներ, սեղաններ, գահեր, որոնք պատրաստվել են փայտից և զարդարվել փարավոնների, կենդանիների, արևի սկավառակի և այլ սիմվոլիկ պատկերներով, մակադիր ոսկյա զարդերով, փղոսկրի, ապակու, քարի ընդելուզված կտորներով։ Հին Եգիպտոսում կահույքը ունեցել է ոչ միայն կենցաղային, հավանաբար նաև ծիսական նշանակություն։ Արևադարձային Աֆրիկայի, Ամերիկայի, Օվկիանիայի հնագույն բնակիչները պատրաստել են մարդկանց և կենդանիների ոճավորված պատկերներով, պատվանդանների վրա հենված՝ ճկված, կլոր կամ երկարավուն նստատեղերով փայտե կամ քարե գահեր, նստարաններ։ Հին Հունաստանում տարածված կահույքի հիմնական տիպերի (որոնց բնորոշ է դեկորատիվ նրբությունը) վերաբերյալ պատկերացում ենք ստանում քանդակագործական նմուշներից և սկահակների վրայի պատկերներից։ Հին հռոմեական կահույքը պատրաստվել է հիմնականում հին հունականի նմանությամբ, մշակվել են նաև կահույքի բուն հռոմեական տեսակներ (հասարակական վայրերում կոնսուլների և պրետորների նստելու համար խաչաձև եղջյուրատիպ ոտքերով աթոռներ, շիվերից հյուսված թեթև կահույք և այլն)։ Բյուգանդական կենցաղային կահույք չի պահպանվել, սակայն հայտնի է, որ այն կրկնել է հռոմեական կահույքի ձևերը։ Նույնն է հաստատում նաև տաճարային պահպանված կահույքը (եպիսկոպոսական գահեր, բազկաթոռներ, ամբիոններ և այլն)։
Կահույքը Հայկական լեռնաշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական լեռնաշխարհում կահույքի հնագույն նմուշներից հայտնի է Խորխոռյան արհեստական քարայրերից մեկում փորված քարե նստարանը։ Ուրարտական ժամանակներից մեզ հասել են մեծ մասամբ բրոնզե կահույքի (հատկապես՝ գահերի) մասեր։ Գերմանական արշավախումբը Թոփրախ-կալեից հայտնաբերել է գահի՝ առյուծ-ցուլի քանդակով, տերևապսակ նախշերով ոտք։ Էրմիտաժում պահվում են ցլի վրա դրված աստծո, թևավոր ցուլերի ու առյուծների քանդակներով, մարդկային գլխով (դեմքը՝ սպիտակ քարից, աչքերը՝ ընդելուզված), իսկ Բրիտանական թանգարանում՝ եզան քանդակներով գահերի մասեր։ Կարմիր բլուրից և ուրարտական այլ հնավայրերից գտնվել են նստարանների և եռոտանիների՝ ցուլի ոտքի կամ առյուծի թաթի նմանությամբ ոտքեր։ Մուսասիրի տաճարի արձանագրության մեջ հիշատակվում է, որ Իշպուինի թագավորի գահը եղել է բրոնզաձույլ, իսկ Թոփրախ–կալեից գտնված մեդալիոնի վրա պատկերված է գահի վրա բազմած կին։
Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում նույնպես ստեղծվել է բազմազան կահույք։ 9 - 13-րդ դարերում Հայաստանում պատրաստվել է տնային բազմատեսակ կահույք՝ սեղաններ, աթոռներ, գահույք, գահավորակներ, բազմոցներ, պատգարակներ, տնային գործածության իրեր (սնդուկներ, հացահատիկի ու ալյուրի արկղեր, խմորի տաշտեր և այլն), որոնք փորագրանախշվել են և զարդարվել ներկերով, քանդակներով, կաշվով ու դիպակով։ Միջին դարերից մեզ հասել է փորագրանախշ գրակալների մի քանի նմուշ։ Հայաստանի պատմության պետական թանգարանում պահվող (հավանաբար՝ 10-րդ դար) գրակալներից մեկի զարդաքանդակները նման են Մևանի վանքի 9-րդ դարի խոյակների քանդակներին։ Այլ գրակալների վրա փորագրված են նռնենու ճյուղեր, բուսական նախշեր, առյուծների պատկերներ են։ Բագրատունիների պալատից գտնվել են փորագրանախշ փայտի (հավանաբար՝ կահույքի) կտորներ։
Ժողովրդական կահույք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական կահույքի շատ նմուշներ հարատևել են մինչև մեր օրերը։ Հայաստանում տեղեկություն են ունեցել նաև շրջակա երկրներում պատրաստվող կահույքի մասին։ Վարդան Այգեկցու առակներից մեկում ասվում է, որ Բաղդադ քաղաքում մի հյուսն, երեք տարի աշխատելով, արմավի կորիզներից պատրաստեց սեղան, որպիսին չէր տեսել մարդկային աչքը։ Կահույքի բազմազան նմուշներ են պահպանվել հայկական մանրանկարներում, որմնանկարներում։
Կահույքը միջնադարյան Եվրոպայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան Եվրոպայի կահագործական արվեստը անտիկ շրջանից ավանդույթներ համարյա չի ժառանգել։ Զարգացել է ինքնուրույն ճանապարհով։ Վաղ միջնադարի կահույքի բնորոշ տեսակներից են սնդուկները, աթոռները (ծառերի հատած բներ), բավական բարձր սեղանները (տախտակներ՝ իշոտնուկների վրա)։ Ռոմանական շրջանում օգտագործվել են երեք նեցուկով աթոռներ, բարձր թիկնակով բազմոցներ, պահարաններ, մահճակալներ (սնդուկի տիպի, առանց ծածկի), ուղղաձիգ նեցուկներով սեղաններ։ Ռոմանական կահույքին բնորոշ էին զանգվածեղ ձևերի լակոնիզմը, երկրաչափական, բուսական կամ ժապավենաձև քանդակազարդերը, ծավալների խուլ անմասնատվածությունը։ Գոթական շրջանում նորից հայտնագործված երկբռնակ սղոցի շնորհիվ (որ բարակ տախտակներ ստանալու հնարավորություն ստեղծեց) պատրաստվեց ավելի թեթև և ամուր կահույք։ Լարվածորեն վերձիգ՝ այն հորինվածքով մասնատվում էր համեմատաբար ինքնուրույն հարթությունների, որոնք հաճախ պատվում էին գոթական ճարտարապետության մոտիվներ հիշեցնող հարթաքանդակներով կամ ցանցկեն հատվածքներով (երկկենտրոն կամարներ, ջլաղեղներ), բուսական կամ երկրաչափական նախշերով, ֆիգուրային պատկերներով։ Միջնադարյան ռուսական կահույքի մասին կարելի է դատել հիմնականում մեզ հասած պատկերներով (որմնանկարներ, սրբապատկերներ, մանրանկարներ)։
Կահույքը միջնադարյան Ասիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասիայի շատ ժողովուրդների կենցաղում ավանդույթ է դարձել կահույքի փոխարեն գորգերի, որմնախորշերի, խսիրների օգտագործումը, սակայն կիրառվում են նաև եվրոպականին նման կահավորման իրեր։ Մերձավոր և Միջին Արևելքի երկըրներում 7–8-րդ դարերում ի հայտ է եկել մզկիթների և մեդրեսեների համար նախատեսված փայտե ու բրոնզե կահույք՝ Ղուրանի գրակալ, ութնիստ սեղանիկներ են, որոնցում օգտագործված են իսլամական ճարտարապետության ձևերը։
Կահույքը Վերածննդի շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերածննդի շրջանի Արևմտյան Եվրոպայում (XV - XVI դդ.) կենցաղի կատարելագործումն ու հարմարավետության ձգտումը պայմանավորել են կահույքի տիպերի հետագա զարգացումը։ Օգտագործվել են երկհարկ պահարաններ, փաստաթղթերի և թանկարժեք իրերի արկղիկներով սեղաններ, մահճակալների նոր տեսակներ, թիկնակով սնդուկներ («կասապանկա»), կաշվով կամ գործվածքով պատված բազկաթոռներ։ Ընկուզենուց պատրաստված կայույք (հիմնականում՝ Իտալիայում) աչքի էր ընկնում պլաստիկորեն ավարտուն հորինվածքների արխիտեկտոնիկ պարզությամբ, ճարտ. օրդերի տարրերի ներդաշնակ զուգորդմամբ և միջնատախտակների հարթությունը պատող կրոնական, դիցաբանական և այլ թեմաներով քանդակային կամ գեղանկարչական կոմպոզիցիաներով։
Բարոկկոյի, ռոկոկոյի և կլասիցիզմի կահույքը
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ դարում բարոկկոյի զարգացմանը զուգընթաց պալատական կայույքում օգտագործվել են ճարտարապետական մոտիվներ, նաև քանդակազարդում, խճանկար (Իտալիա, Հարավային Գերմանիա)։ 17–18-րդ դարերում Ֆրանսիայում ստեղծվել են պալատական կայույքի բազմազան տիպեր ու ձևեր։ 17-րդ դարի 2–րդ կեսին, կլասիցիզմի ժամանակաշրջանում, կահույքի խիստ, հանդիսավոր, ուղղանկյուն ձևերը զուգորդվել են բարոկահույք կոյական հյութեղ հարդարանքին։ Այդ ժամանակների խոշոր վարպետը Ա, Շ. Բուլն էր։ 18-րդ դարի կեսին, ոոկոկո ոճի ծաղկման հետ ստեղծվել են ավելի մտերմիկ միջավայր ստեղծող կոմոդներ, գրասեղաններ, սոֆաներ։ 18-րդ դարի 2-րդ կեսին կլասիցիզմի դարաշրջանի կայույքի փառաբանված վարպետներից էին Ժ. Ա. Ռիզեները, Ժ. Ժակոբը, Դ. Ռյոնտգենը։ 17–18-րդ դարերում Հոլանդիայում ստեղծվել է բյուրգերական կենցաղի համար նախատեսված պարզ ու գործնական կահույք։ Նմանօրինակ, սակայն առատորեն քանդակազարդ հարդարանքով կահույք տարածված էր Գերմանիայում, 17-րդ դարից։
Ընթերցե՛ք «կահույք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 190)։ |