Խայտաբղետ քարակեռնեխ
Խայտաբղետ քարակեռնեխ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Monticola saxatilis (Linnaeus, 1766) |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Խայտաբղետ քարակեռնեխ (լատին․՝ Monticola saxatilis), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, քիչ տարածված։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 18,5 սմ է, թևերի բացվածքը՝ 33-37 սմ, կենդանի զանգվածը՝ 44-56 գ։ Փետրածածկը վառ գունազարդ է, պոչը՝ կարճ, դարչնագույն-նարնջագույն։ Բնադրման շրջանում հասուն արուի գլուխը, մարմինը վերևից բաց մոխրագույն-կապույտ են, մեջքին կա սպիտակ հատված, թևերը սևավուն-դարչնագույն են, մարմինը (ներքևից) և գոտկատեղը՝ նարնջագույն։ Էգի մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է՝ բաց գույնի պտերով ու մուգ զոլերով, ներքևից՝ բաց նարնջագույն՝ բազմաթիվ մուգ զոլերով։ Հետբնադրման շրջանում պահպանվում է բնադրման շրջանի գունավորումը, սակայն արուի ամբողջ փետրածածկի նախշերը մասնատված են մուգ ու բաց զոլերով։ Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն ավելի խամրած է, ավելի պտավոր ու զոլավոր։ Զգույշ թռչուն է, հաճախ՝ դժվարամատչելի։ Բնակվում է քարքարոտ լեռներում, թփուտային գետաձորերում։
Կենսակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտի վերջին, ապրիլի սկզբին։ Այդ ընթացքում հանդիպում է նաև Երևանի շրջակայքում, Հրազդանի կիրճում։ Սովորաբար բնակություն է հաստատում լեռնատափաստանային գոտում, կարճ թփուտներ ու քարքարոտ լանջեր ունեցող վայրերում, քարակույտերում։ Չափավոր թվաքանակով հանդիպում է Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Բարգուշատի, Փամբակի, Զանգեզուրի և այլ լեռների տափաստաններում։ Երգը բարձր է ու հնչեղ։ Կրկնօրինակում է հարևանությամբ ապրող թռչունների ձայները։ Բնադրվում է մայիս-հունիս ամիսներին, բույնը սարքում է չոր խոտերից և տեղադրում քարերի արանքներում, ժայռերի ճեղքերում, փորվածքների մեջ ու քիվերի վրա։ Դնում է 4-6 երկնագույն ձվեր։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է միջատներով և հատապտուղներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արևմտյան Ուկրաինայում, Ղրիմում, Կովկասում, Միջին Ասիայի լեռներում, Ալթայում, հյուսիսարևմտյան Բայկալում, Մարոկկոյում, միջին և հարավային Եվրոպայի լեռներում, դեպի արևելք՝ մինչև Դեղին ծովը[1]։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 48.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ քարակեռնեխ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ քարակեռնեխ» հոդվածին։ |
|