Լատինաբան հայերեն
Լատինաբան հայերեն, լատիներենի հետևողությամբ վերափոխված հայերենը` գրաբարը, որը գործածության մեջ դրվեց XVI դարի վերջերից և գոյատևեց մինչև XVIII դարի կեսերը։ Վերափոխողները կաթոլիկ եկեղեցու ջատագովներն էին, որոնք ցանկանում էին Հայաստանում ծավալել, ընդլայնել կրոնական ազդեցության ոլորտը։ Լատինաբան ուղղության հայտնի ներկայացուցիչները Հռոմում ուսումնառություն ձեռք բերած հայ կաթոլիկ վարդապետներն էին։ Լատինաբանությունները բնորոշ արտահայտություն են ստացել Հովհաննես Հոլովի «Զտութիւն Հայկաբանութան» (Հռովմ, 1674) քերականության մեջ։ Դրանք դրսևորվեցին բառապաշարում, բառակազմության մեջ, քերականական համակարգում։ Այսպես՝
- Բացի սովորական կաղապարից՝ ներգոյականում գործածություն է ստանում նաև նը նախահար մասնիկը (ձայնավորից առաջ՝ ն-). եզակիում այն ավելանում է -ում, -ոջ, -եր, -եղ վերջացող սեռական-տրականի վրա (օրինակ՝ ըն բանում, նարեան, նաղբեր, նաստեղ, ըն կնոջ), հոգնակիում` հին հայցականի վրա (օրինակ` ըն բանս, նոսկիս)։ Այս կաղապարներին է հետևում նաև որոշ դերանունների, դերբայների ու այլ բառերի ներգոյականը։
- Բաղաձայն + (ը)ր հանգող բառերն առհասարակ հետևում են ե ներքին հոլովման. ծաղր>ծաղեր, մեղր>մեղեր և այլն։
- Անեզականներից ք-ի հապավումով ստեղծվեցին եզակի ձևեր. կեան (<կեանք), միտ (<միտք) և այլն։
- Բաղդատականի մասնիկ է ճանաչվում -գոյն-ը, իսկ գերադրականի համար՝ -գունեղ, օրինակ՝ խոնարհ//խոնարհագոյն//խոնարհագեղ։
- Ածականը (որոշիչը) գոյականի (որոշյալ) հետ համաձայնում է բոլոր դեպքերում (և՛ նախադաս, և՛ ետադաս գործածվելիս)։
- Բայական համակարգ են մուծվում արհեստական, գրաբարին խորթ կաղապարներ. ճանաչվեցին երեք` ա, ե, ու լծորդություններ, ի-ն հատկացվեց հիմնականում կրավորական խոնարհմանը։
- Լատիներենից կատարված փոխառություններին, բառապատճենումներին զուգահեռ՝ ընդունելություն գտան հունաբան հայերենից եկող նախածանցները։
Բացի Հովհաննես Կոստանդնուպոլսեցուց (Հովհաննես Հոլով)՝ հայտնի լատինաբաններից էին նաև Ֆ. Ռիվոլան, Ոսկան Երևանցին, Կղեմես Գալանոսը, Սիմոն Ջուղայեցին, մասամբ և Մխիթար Սեբաստացին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մ. 2, Երևան, 1951։
- Գ. Ջահուկյան, Գրաբարի քերականության պատմություն, Երևան, 1974։
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 494)։ |