Անեզական գոյականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անեզական գոյականներ (լատ.՝ pluralia tantum), մի շարք առարկայանիշ բառեր, որոնք պակասավոր են եզակի թվով արտահայտվելու հնարավորությունից[1]։ Սրանք համապատասխան եզակի ձևեր չունեն (կամ գրեթե չունեն), իսկ եթե ունեն էլ, ապա իմաստով հոգնակին համարժեք չէ եզակիին[2]։

Անեզականությունը պայմանավորող իմաստաբանական գործոններից են հետևյալները.

  1. անհամարժեքություն եզակիի հետ, որ լինում է նշված դեպքերում՝
    1. -անք, -ենք, -ոնք, -ունք ձևույթներով կազմված գոյականները, օրինակ՝ Անդրեասենք, պչրանք, պճնանք, Սուքիասենք, ծաղրանք, պապոնք.
    2. ազգերի, ցեղերի, ժողովուրդների անունները՝ կասպեր, հոներ, խուռիներ, խեթեր, աղվաններ, սլավոններ.
    3. բժշկական, դիցաբանական, լեզվաբանական, կրոնական և այլ կարգի անուններ՝ ալկալիներ, խեցեմորթեր, պավլիկյաններ, Հորաներ.
    4. բույսերի ու կենդանիների դասեր, ընտանիքներ, կարգեր անվանող գոյականներ՝ անողնաշարավորներ, վարդազգիներ, կատվազգիներ.
    5. հատուկ և հասարակ այլ գոյականներ՝ ամպեր, նոթեր և այլն։
  2. առարկայի՝ բարդ կամ երկկազմ, բազմակազմ լինելու դեպքում՝
    1. գրաբարում (ունեին գրաբարյան ք հոգնակերտ մասնիկ)՝ աչք, խելք, հոնք, կառք, մեղադրանք, Ռշտունիք և այլն։ Արդի հայերենում դրանք ըմբռնվում են որպես եզակի։
    2. աշխարհագրական անուններ, որոնք համապատասխանում են օտար լեզուների անեզական աշխարհագրական անուններին՝ Ալպեր, Ապալաչներ, Անդեր, Պամպասներ, Նիդեռլանդներ, Կարպատներ։

Ժամանակակից հայերենին անեզակիության կարգը հատուկ չէ, կամ էլ նրան կառուցվածքային (կաղապարման) նոր ձևեր է տվել։

Անեզական բառեր են օրինակ՝ գրաբարում՝ միտք, կամք, Գուգարք, ռուսերենում՝ ножницы, щипцы, լատիներենում՝ castra, arma և այլն:

Հայ քերականության մեջ ոմանք տարբերակում էին՝ անեզական կամ անեզակի անուն, նաև՝ անեզական գոյական, անեզական դերանուն, անեզական բայ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 28:
  2. Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 227։
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 13։