Jump to content

Իմրիխ Բուգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմրիխ Բուգար
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Imrich Bugár
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Չեխոսլովակիա և  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 14, 1955(1955-04-14)[1][2] (69 տարեկան)
Ծննդավայր՝Ohrady, Dunajská Streda District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա
Հասակ՝196 սանտիմետր[3]
Քաշ՝120 կիլոգրամ

Իմրիխ Բուգար (սլովակ.՝ Imrich Bugár, ապրիլի 14, 1955(1955-04-14)[1][2], Ohrady, Dunajská Streda District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա), հունգարացի սկավառականետորդ[4], ով 1970-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականների սկիզբը հանդես է եկել Չեխոսլովակիայի ու Չեխիայի Հանրապետության հավաքականներում։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1980 թ.), Եվրոպայի չեմպիոն (1982 թ.) և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր (1983 թ.)։ Նրա լավագույն նետումը եղել է 71,26 մետր, որով էլ նա գրավում է ութերորդ տեղը բոլոր ժամանակների մարզիկների շարքում։ Սկավառակի նետման Չեխիայի գործող ռեկորդակիր։

Իմրիխ Բուգարը ծնվել է 1955 թվականի ապրիլի 14-ին Չեխոսլովակիայի Տրնավայի երկրամասի Օխրադի գյուղում։ Ունի հունգարական արմատներ[4]։ Թեթև ատլետիկայով ակտիվորեն զբաղվել է վաղ տարիքում. նախ մարզվել է Բրատիսլավայի «Ինտեր» ակումբում, ապա Պրահայի «Դուկլա» ակումբում[5]։

Մեծահասակների միջազգային մրցություններում առաջին լուրջ հաջողությանը Իմրիխ Բուգարը հասել է 1978 թվականին, երբ Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Պրահայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը, որտեղ արժանացել է բրոնզե մեդալի՝ սկավառակի նետման ժամանակ զիջելով գերմանացի Վոլֆգանագ Շմիդտին ու Ֆինն Մարկու Տուոկոյին[6]։ Այդ մրցաշրջանում Իմրիխ Բուգարն առաջին անգամ հաղթել է Չեխոսլովակիայի առաջնությունում հետագա տարիներին պահպանելով այդ չեմպիոնական տիտղոսը. ընդհանուր առմամբ նա երկրի չեմպիոն է դարձել 13 անգամ ( 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1988, 1990, 1991 և 1992)[7], իսկ 1993 և 1994 թվականներին դարձել է Չեխիայի չեմպիոն[8]։ Մի շարք հաջող ելույթների շնորհիվ նա իրավունք է ստացել ներկայացնելու Չեխոսլովակիան 1980 թվականին Մոսկվայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերին։ Այդտեղ նա նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն ԽՍՀՄ ներկայացուցիչ Վիկտոր Ռաշչուպկինին[9]։

1982 թվականին Իմրիխ Բուգարը հաղթել է Աթենքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում և մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է երկրի լավագույն մարզիկ։ Մեկ տարի անց նա առաջին տեղն է գրավել Հելսինկիում անցկացվող աշխարհի առաջնությունում և արժանացել է ոսկե մեդալի։ Իմրիխ Բուգարը եղել է 1984 թվականին Լոս Անջելեսում անցկացվող օլիմպիական խաղերին մասնակցելու հիմնական թեկնածուներից մեկը, սակայն Չեխոսլովակիան սոցիալիստական մի շարք այլ երկրների հետ քաղաքական պատճառներով բոյկոտել է այդ մրցությունը։ 1985 թվականին Սան Խոսեում անցացվող առաջնության ժամանակ Իմրիխ Բուգարը սկավառակը նետել է 71,26 մետր՝ սահմանելով ազգային ռեկորդ, որը մնում է անգերազանցելի[10]։

1986 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Իմրիխ Բուգարը զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Մոսկվայում անցկացվող Բարի կամքի խաղերում եղել է 4-րդը[11][12]։ Հաջորդ մրցաշրջանում Հռոմում անցկացվող աշխարհի առաջնությունում եղել է 7-րդը։ Լինելով Չեխոսլովակիայի ազգային հավաքականի առաջատար մարզիկներից մեկը՝ հաջողությամբ անցել է 1988 թվականին Սեուլում անցկացվելիք Օլիմպիական խաղերի որակավորումը։ Խաղերի բացման արարողության ժամանակ նա եղել է Չեխոսլովակիայի հավաքականի դրոշակակիրը, սակայն սկավառակի նետման առաջնությունում գրավել է ընդամենը 12-րդ տեղը[13]։

Սեուլի օլիմպիական խաղերից հետո Իմրիխ Բուգարը մնացել է Չեխոսլովակիայի թեթև ատլետիկայի հավաքականի հիմնական կազմում և շարունակել է մասնակցել միջազգային խոշոր մրցություններին։ 1990 թվականին Հարավսլավիայի Սպիլիտ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ 1991 թվականին մասնակցել է Տոկիոյում անցկացվող աշխարհի առաջնությանը, սակայն չի կարողացել անցնել եզրափակիչ փուլ։ Ավելի ուշ տեղի է ունեցել 1992 թվականին Բարսելոնայում անցկացվելիք Օլիմպիական խաղերի ընտրությունը, սակայն Իմրիխ Բուգարը զբաղեցրել է 20-րդ տեղը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը։

Երբ Չեխոսլովակիան դադարել է գոյություն ունենալուց, Իմրիխ Բուգարը ստացել է Չեխիայի քաղաքացիություն և հետագա մի քանի տարիների ընթացքում միջազգային մրցությունների է մասնակցել Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Մասնավորապես նա հանդես է եկել 1993 թվականին Շտուտգարտում անցկացվող աշխարհի առաջնությանը և 1994 թվականին Հելսինկիում անցկացվող Եվրոպայի առաջնությանը սակայն առանձնակի հաջողությունների չի հասել։ Այդ մրցությունների ավարտից կարճ ժամանակ անց Իմրիխ Բուգարը որոշել է ավարտել իր մարզական կարիերան՝ Չեխիայի հավաքականում իր տեղը զիջելով երիտասարդ մարզիկներին[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Olympedia — 2006.
  4. 4,0 4,1 Nagy, Myrtil (2012). «Maďari». In Myrtil Nagy (ed.). Naše národnostné menšiny. Šamorín: Fórum inštitút pre výskum menšín. էջ 9. ISBN 978-80-89249-57-2.
  5. «Imrich Bugár». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  6. «European Championships (Men)». GBR Athletics. Athletics Weekly. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  7. 7,0 7,1 «Czechoslovakian Championships». GBR Athletics. Athletics Weekly. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  8. 8,0 8,1 «Czech Championships». GBR Athletics. Athletics Weekly. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  9. «IAAF World Cup in Athletics». GBR Athletics. Athletics Weekly. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  10. Կաղապար:Iaaf name
  11. «Men Discus Throw European Championships 1986 Stuttgart (GER)». Todor Krastev. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  12. «Men Athletics Goodwiil Games Moscva (URS) 1986». Todor Krastev. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  13. «Men Discus European Championships 1990 Split (YUG)». Todor Krastev. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրիխ Բուգար» հոդվածին։