Գորշասպիտակավուն և փափկաթավ երկամյա խոտաբույս է, որն ունի 30-60 սմ բարձրությամբ ցողուններ և նշտարաձև տերևներ։ Խիտ հասկանման ծաղկաբույլը կազմված է հնգանդամ ծաղիկներից։ Սկզբում կարմիր ձագարաձև լայն հետծալքով պսակը հետագայում դառնում է բաց կապույտ։ Եռանկյունաձև-ձվաձև, կողքերից ելուստներով պտուղները (էրեմները) գորշագույն են[1]։
Ամբողջ բույսը հարուստ է թունավոր ալկալոիդներով (ցինոգլուսին, կոնսոլիդին և այլ), որոնք ունեն հանգստացնող, թմրեցնող (նարկոտիկ) ազդեցություն, պարունակում է նաև C, E վիտամիններ, սապոնիններ, խոլին, կարոտին և այլն։ Սերմերում կուտակվում են բարձր որակի ճարպային յուղեր, որոնք օգտագործվում են ներկարարության մեջ[1]։