Jump to content

Թոռնիկյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թոռնիկյաններ, Մամիկոնյան տոհմից սերված իշխանական տների ընդհանուր անվանումը։ Ձևավորվել են VII դարի վերջին և հարատևել մինչև XII դարի վերջը։ Տարածված էին Հայաստանի տարբեր գավառներում, Կիլիկիայում և Բալկաններում։ Սկզբնավորվել են Սասունում և Տայքի Ասյաց փոր գավառում։ Տայքի Մամիկոնյաններից ճյուղավորված Թոռնիկյանների կենտրոնն էր Բերդագրակ ամրոցը, իսկ նրա մոտ գտնվող Չորդվանքը (չորս եկեղեցի)՝ հոգևոր կենտրոնը։ IX դարից Տայքի Թոռնիկյանները դարձել են քաղկեդոնական, որոնց եպիսկոպոսը կրում էր «Չորդվանելի» (չորդվանեցի) տիտղոսը և ենթարկվում վրաց կաթողիկոսին։ Թեմակալությունը ժառանգական դարձնելու նպատակով, ժամանակի ընթացքում այդ պատվանուն-տիտղոսը դարձել է «Չորտվանել» անձնանուն՝ գործածվելով նաև հոգևորական պաշտոնից անկախ։ Ի տարբերություն Տայքի Թոռնիկյանների, Տարոն-Սասունի Թոռնիկյանները հայադավան էին։ Սակայն X-XI դարերին այդ մարզերը Բյուզանդական կայսրությանը կցվելուց հետո, որպես կայսերական պաշտոնյաներ թափանցեցին Տայքի քաղկեդոնական Թոռնիկյանները, տեղի ունեցավ տեղի և եկվորների միախառնում, որից կազմավորվեցին և XI-XII դարերի ընթացքում գոյատևեցին Սասունի Մամիկոնյան Թոռնիկյանների և Ամյուկի (Վասպուրական) Մամիկոնյան-Արծրունի Թոռնիկյանների իշխանական տները։ Այնուհետև քաղաքական ասպարեզ մտած Թոռնիկյանները Բյուզանդիայում և մասամբ Հայաստանի հարավում հանդես են գալիս որպես հունադավան՝ համարվելով «հոռոմ», իսկ Տայքում ու Վրաստանում՝ իբրև քաղկեդոնական՝ «վրացի»։ Բյուզանդիայում հասնելով մեծ պաշտոնների՝ Թոռնիկյանները հիմնականում գտնվում էին Փոքր Ասիայում ու Բալկաններում, հատկապես՝ Բուլղարիայում։ Ժամանակի ընթացքում Թոռնիկյանները Տայքում ձուլվեցին վրացիների, Բյուզանդիայում՝ հույների հետ։ XII դարի վերջում Սասուն-Տարոնի Թոռնիկյանները սելջուկների հարվածներից ստիպված եղան թողնել մինչև Ծոփքի Դեգիք գավառը ձգվող իրենց կալվածները և հեռանալ Կիլիկիա։ Այդ տան մնացորդները քաշվեցին Սասունի լեռները։ Թուրք-սելջուկների գերիշխանության ամրապնդումից հետո նույնը կատարվեց և Ամյուկի Թոռնիկյանների հետ, որոնց մի մասը հոգևոր սքեմ հագնելով մնաց ու պահպանվեց Վասպուրականում՝ հիմնադրելով Աղթամարի կաթողիկոսությունը (1113 թվական), իսկ մյուսները XII դարի 1-ին քառորդին հեռացան Հյուսիսային Հայաստան, ուր Կյուրիկյանների թագավորության սահմաններում ասպարեզ եկան Դսեղի Մամիկոնյանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 200