Jump to content

Էռնեստ Հեմինգուեյի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստ Հեմինգուեյի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Կուբա
ՏեղագրությունՀավանա
ՀասցեCalle Vigia y Stheinhard, San Francisco de Paula
Հիմնադրվել է2007
Քարտեզ
Քարտեզ

Էռնեստ Հեմինգուեյի տուն-թանգարան, ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի տուն-թանգարանը Հավանայի Սան Ֆրանցիսկո դե Պաուլա (իսպ.՝ San Francisco de Paula) արվարձանի «Ֆինկա Վիխիա» (իսպ.՝ Finca Vigía) կալվածքում։ Միակ տունը, որը պատկանել է հեղինակին ԱՄՆ-ի սահմաններից դուրս և որտեղ նա ապրել է ավելի քան 20 տարի։ Այստեղ է նա գրել իր «Ո՞ւմ մահն է գուժում զանգը» ու «Ծերունին և ծովը» ստեղծագործությունները։

Առաջին անգամ Հեմինգուեյը Կուբան տեսավ 1928 թվականին, երբ Ֆրանսիայից ուղևորվում էր դեպի ԱՄՆ։ Միայն տասը տարի անց, կարճատև այցելություններից հետո, գրողը որոշեց հիմնավորվել իրեն դուր եկած կղզում։ Սկզբում նա ապրեց Հավանայի «Ամբոս մունդոս» (իսպ.՝ Ambos Mundos) հյուրանոցի համարներից մեկում։ Կնոջ՝ Մարտա Գելհորնի նախաձեռնությամբ, 1939 թվականի գարնանը Հեմինգուեյը Հավանայի արվարձաններից մեկում վարձակալեց Ֆինկա Վիխիա կալվածքը։ Տունը գտնվում է 119 մետր բարձրությամբ անտառապատ բլրի վրա։ Տանից բացվում է հիանալի տեսարան դեպի օվկիանոսը և այդ տեսարանի պատճառով էլ տունը կոչվում է vigílar (տեսնել, հետևել)։ Շրջակայքում փարթամ թագավորական արմավենիներ, ակացիաներ, գլեդիչիաներ, դելոնիկսներ, կաղնիներ, սոսիներ ու սոճիներ են աճում։

Առանձնատունը կառուցվել է 1880-ական թվականների վերջին կատալոնացի ճարտարապետ Միգել Պասկուալե Բագուերի (իսպ.՝ Miguel Pascual y Baguer) կողմից։ Առանձնատան գտնվելու վայրը, անդորրը, շրջապատող արևադարձային անտառակը, ծովափի մոտիկությունը և հիանալի տեսարանները տպավորեցին Հեմինգուեյին և 1940 թվականի դեկտեմբերին նա որոշեց գնել այն 18 500 դոլարով[1]։

1941 թվականին այգում կառուցեցին չորսսենյականոց տուն բազմաթիվ հյուրերի համար. այդ հյուրերի ցանկում էին նաև Գերի Կուպերը, Մառլեն Դիտրիխը, Ինգրիդ Բերգմանը և այլ հայտնի մարդիկ։

Տեռասին կիպ կառուցվեց նաև տասներկումետրանոց աշտարակ, որի երկրորդ հարկում Էռնեստի մյուս կինը՝ Մէրի Ուելշը, գրողի համար ստեղծեց հատուկ պայմաններ, որպեսզի ավելի մեկուսացած ու լուռ պայմաններում ստեղծագործի։ Սակայն գրողը չուղեց այդտեղ ստեղծագործել և, երբ բոլորը քծած էին, ճաշասենյակի կողքի սենյակում, առավոտյան, նա սկսում էր աշխատել։

Էռնեստ Հեմինգուեյը իր տանը (1953)

Ֆինկա Վիխիայում նա աշխատեց իր ամենահայտնի գրքերի վրա՝ «Ո՞ւմ մահն է գուժում զանգը», «Տոն, որը միշտ քեզ հետ է», «Կղզիներ օվկիանոսում»։ 1954 թվականին «Ծերունին և ծովը» գրքի համար, որն ի դեպ գրվել է այս տանը, հեղինակն արժանանում է Նոբելյան մրցանակի։

Մրցանակի պաշտոնական արարողությանը Հեմինգուեյը չկարողացավ մասնակից գտնվել, քանի որ ուներ առողջական լուրջ խնդիրներ. նա տուժել էր Աֆրիկայում տեղի ունեցած ավիապատահարի արդյունքում։ Հեմինգուեյի խնդրանքով Շվեդիայում ԱՄՆ դեսպանը հանդես եկավ հետևյալ ելույթով. «Գրողի կյանքը, երբ նա բարձրության վրա է, ընթանում է մենության մեջ... Քանի որ ստեղծագործում է մենակ, ու թե նա բավականին լավ գրող է, ապա նրա գործն է տեսնել առջևում հավերժականը կամ դրա բացակայությունը»[2]։

Իր մահվանից մեկ տարի առաջ, 1960 թվականի փետրվարին, նա հանդիպեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյանի հետ, որը Կուբայում էր գտնվում պաշտոնական այցով։ Միկոյանին ուղեկցող լրագրող Գենրիխ Բորովիկը հիշում է, որ Հեմինգուեյը ասել է.

Տղամարդն իրավունք չունի մահանալ անկողնում. կա՛մ կռվի ժամանակ, կա՛մ փամփուշտը ճակատին
- Հեմինգուեյ

[3]:

Նա ավելի քան 20 տարի ապրեց այս տանը, որից հետո, 1960 թվականի աշնանը հեռացավ Կուբայից։

Տուն-թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին, գրողի մահվանից մեկ տարի անց, նրա այրին՝ Մերի Ուելշը տունը նվիրեց Կուբայի կառավարությանը։ 1962 թվականի հուլիսի 21-ին բացվեց աշխարհահռչակ հեղինակի թանգարանը։

Տանը նույնությամբ պահպանվում են տերերի կողմից արված դասավորությունը։ Տան սենյակներից են՝ ընդարձակ հյուրասենյակը, որը կամարով միանում է իսպանական ոճով կառուցված ճաշասենյակին իսկ վերջինս էլ կրկին կամարով միանում է բաց պատշգամ-տեռասին։ Հյուրասենյակի կողքին են գրադարանը և Հեմինգուեյի աշխատասենյակը։

Թանգարանի հիմնադիրները փորձել են ոչինչ չփոխել տան մեջ։ Այսօր թանգարանում պահպանվում են գրողի անձնական իրերը, որսորդական զենքերի հավաքածուն, նկարներ և լուսանկարներ, շուրջ 9000 գրքեր աշխարհի 33 լեզուներով, արխիվային փաստաթղթեր և ձեռագրեր։

Տան ինտերիերից դատելով, երևում է հեղինակի մեծ սերը դեպի որսորդությունն ու ձկնորսությունը, ճանապարհորդությունը։

Լողավազանից ոչ հեռու, այգում պահպանվել են քարե չորս պատվանդաններ, որոնց տակ թաղված են Հեմինգուեյի որսորդական շները։

Առանձին սրահում ցուցադրվում է Հեմինգուեյի «Պիլար» անվանումով նավակը։

Պիլար նավակը

Էռնեստ Հեմինգուեյը 1934 թվականին Բրուքլինի նավաշինարանում պատվիրեց 38 ֆուտ տարողունակությամբ նավակ՝ որսորդական ձկնորսության նպատակով։ Պիլարը պատրաստված էր ամերիկյան սև կաղնու փայտից։ Լրացուցիչ շարժիչը արագացնում էր Պիլարի արագությունը։

Ձկնորսության հանդեպ տածած սերը առիթ հանդիսացավ, որ հեղինակը ծանոթանա կոմանդանտե Ֆիդել Կաստրոյի հետ։ Վերջինս 1960 թվականի մայիսի 15-ին գրողին շնորհեց ձկնորսական մրցույթի հաղթողի կոչումը։

Հեմինգուեյը Պիլարն օգտագործում էր ոչ միայն զուտ ձկնորսության նպատակով, այլև, երբեմն, նրա մեջ ստեղծագործում էր, աշխատում։

1942—1943 թվականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր նավակով Հեմինգուեյը հաճախակի պարեկություն էր անում Կուբայի հյուսիսային ջրերում։

Ֆոնդի պահպանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին ԱՄՆ գիտնականների կողմից բացվեցին թանգարանի ֆոնդերը[4]։ Գիտնականները աշխատեցին թվայնացնել բոլոր փաստաթղթերը։ Արդյունքում ֆոնդի կրկնօրինակները տեղափոխվեցին Բոստոնի Ջոն Ֆ. Քենեդու նախագահական գրադարան-թանգարան։

2005-ից մինչև 2007 թվականները թանգարանը փակվեց ռեստավրացիայի նպատակով։

2015 թվականին, ԱՄՆի կողմից էմբարգոյի վերացումից հետո, համատեղ Կուբայի կառավարության հետ, որոշվեց վերակառուցել թանգարանը[5]։ Ռեստավրացիոն աշխատանքներին կմասնակցեն ամերիկյան և կուբայական կողմերը միասին[6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Куба. Путеводитель — /перевод с англ. — М.: Астрель, АСТ, 2004, 328 с., — сс. 114—115 ISBN 5-17-027218-9 ISBN 5-271-10245-9
  • Папоров Ю. Н. Хемингуэй на Кубе — М.: Сов. писатель, 1982, 576 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Norberto Fuentes. Hemingway en Cuba — Habana: Editorial Letras Cubanas, 1984, 714 p., — pp. 33-36
  2. Эрнест Хемингуэй. Нобелевская речь
  3. «Почему Хемингуэй не любил журналистов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  4. «Фидель Кастро допустил американцев к архиву Хемингуэя». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  5. США выделят $860 тысяч на реставрацию дома Хемингуэя на Кубе
  6. «Saving Ernest Hemingway's Cuban Legacy: Preserving Finca Vigía». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Հեմինգուեյի տուն-թանգարան» հոդվածին։