Բռի Եղցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռի Եղցի
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՄարտունու շրջան և Նոր շեն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1]
ԹեմԱրցախի թեմ
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Bri eghtsi Վիքիպահեստում

Բռի Եկեղեցի կամ Բռի եղցի, եկեղեցի-հուշարձանախումբ, որը գտնվում է Արցախի Հանրապետության Հացի գյուղում։ Տեղակայված է գյուղի գետակի ձախ ափի բլրի գագաթին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտի ձորակի ձախ կողմում փռված է Բռի Եղցի (եկեղեցի) հուշարձանախումբը։ Ամայի՝ փուշ ու տատասկով, քար ու ավազով պատած տարածքում երևում է միջնադարյան խոշոր վանքային համալիրը։ Թեև համալիրի կանգուն, մասամբ նաև քանդված կառույցները, ըստ նրանց վրայի արձանագրությունների, հիմնականում վերաբերվում են 11-13-րդ դարերին, բայց այստեղ գտնված ավելի հին հուշարձանների բազմաթիվ բեկորները և ժողովրդի մեջ պահպանված ավանդությունները հաստատում են վանքի տեղում վաղ միջնադարյան, նույնիսկ մինչև հեթանոսական ժամանակները հասնող մշակույթի գոյությունը։

Հնագույն շենքերի բեկորները ձևավոր «քառակող կոթողների մասեր» են, 5-7-րդ դարերին բնորոշ զարդանախշերի բեկորներ, քիվեր, խոյակներ, խարիսխներ, հիմնապատեր, որոնք, սփռված են վանքային համալիրի տարածքով մեկ։ Ժամանակին այս խոյակները պսակել են մի նշանավոր տաճարի սյուները։ Իսկ տաճարը, Արցախում կառուցված այն եկեղեցիներից մեկն էր, որի հիմնադրումը կապված է Հայաղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի շինարարական գործունեության հետ։

Ահա այդ ժամանակներում կառուցված տաճարներից մեկն էլ համարվում է այս հուշարձանախմբի ամենահին եկեղեցին, որի հիմնապատերը պահպանվել են բլրի գագաթին, գավթին կից եկեղեցիների հյուսիսարևելյան մասում։ Պարզվում է, որ այն ավելի քան երկու հարյուր քառակուսի մետր մակերեսով եռանավ կառուցվածք է եղել և ստեղծվել է շատ ավելի հին, հեթանոսական շրջանի շինության, հավանաբար մեհյանի հիմքերի վրա։ Այս պարագան անվիճելիորեն վկայում է Բռի եղցի վանքի կառուցման տեղի ավելի հին պաշտամունքային նշանակության մասին։ Այստեղ գտվեցին չափազանց հետաքրքիր նյութեր, որոնցից արժե հիշատակել «մի կոթողի բուն, երկու խոյակ և երեք խարիսխներ այդ դարաշրջանին բնորոշ երկրաչափական և բուսական զարդաքանդակներով և հավասարաթև խաչերով»։

Բռի եղցու այժմյան համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից, խաչքարերի երեք որմնափակ պահոցներից, քանդված մատուռից, օժանդակ (ավերված) շենքերից և ընդարձակ գերեզմանատնից, որոնք հիմնականում կառուցվել են միջնադարում, և բնականաբար հետագա դարերում ենթարկվել են վերանորոգումների։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եկեղեցին, որը գտնվում է բլրի գագաթի հարավարևելյան կողմում, փոքր է, շարված (բացառությամբ արևմտյան արտաքին ճակատի) անտաշ սալաքարերով։ Գրեթե ամբողջական մնացած միանավ, թաղածածկ դահլիճի (5,85 X 3,60 մ) հորինվածքով եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է։ Ընդհանրապես եկեղեցու արևմտյան արտաքին ճակատը, մասնավորապես դռան երեսակալները գեղեցիկ հյուսվածքազարդերով են, քառակուսիներ, կենտրոնում զարդանախշ խաչեր։ Բարավորի քարը կիսաշրջանաձև է, շախմատաձև զարդանախշերով։

Երկրորդ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եկեղեցին գտնվում է առաջինի հյուսիսային պատին կից, դարձյալ փոքր շինություն է, իրականացված հողմնահարված սպիտակավուն թերթաքարերով։ Սա էլ, առաջին եկեղեցու նման, միանավ բազիլիկ է (3 X 5 մ) ուղղանկյուն հատակագծով։

Սվաղը թափված է, այդ իսկ պատճառով լավ երևում են սլաքաձև թաղի շարվածքի հորիզոնական, կանոնավոր ձևերը։ Եկեղեցու աբսիդի նիշը հավասար է դահլիճի մակարդակին։ Կողմերում չունի խորաններ, բայց բեմի անկյունամերձ հատվածներում, իրար դեմ դիմաց պտրհան-խորշեր կան։ Լուսամուտներից մեկը, դռան վերնամասինը, փակված է հետագայում կառուցված գավթի պրմնասյուները կապող կամարով։

Երկու եկեղեցիները ոճական առումով իրար շատ նման լինելով հանդերձ, ունեն նաև որոշ առանձնահատկություններ։

Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավիթը նշված եկեղեցիների համար ընդհանուր է, անմիջապես հարում է երկու տաճարների արևմտյան ճակատապատին։ Ճարտարապետական ուշագրավ կառուցվածք է, որը, իրավամբ, համարվում է երկրամասի համանման լավագույն գավիթներից մեկը։

Նրա խաչվող կամարներով հյուված թաղ-տանիքը հայկական ճարտարվեստի 11-13-րդ դարերի նվաճումն է։ Գավիթը կառուցված լինելով զույգ եկեղեցիների արևմտյան մասում, որոշ չափով ծածկելով զարդանախշերով, խաչքարերով ու բարձրաքանդակներով պատած ճակատապատը, միաժամանակ իր մոնումենտալությամբ հակադրվում է եկեղեցիների դեկորատիվությանը, ընդգծում նրանց շքամուտքերի հանդիսավորությունն ու արտահայտչականությունը։

Գավիթ-ժամատունը հատակագծում համարյա քառակուսի (7,5 X 7,8 մետր չափերի) հորինվածք ունի։ Ինչպես մյուս բոլոր գավիթները, սա նույնպես եղել է դամբարան, աշխարհիկ ու հոգևոր հավաքներ անցկացնելու տեղ։ Այս հանգամանքը՝ նրա ֆունկցիոնալ նշանակությունը, ինքնին որոշակի դեր է խաղացել գավթի զուսպ հարդարանքի ու ներքին հորինվածքի վրա։ Ավելի շատ ներքին տարածություն շահելու համար, ճարտարապետը համարձակորեն բարձրաթռիչք կամարները երկարաձգել, հասցրել է կողապատերի երեսով բարձրացող որմնամույթերին։ Զարդաքանդակները, ճարտարապետական մանր տարրերը՝ խաչքարերը, տապանաքարերը տեղաբաշխված են գավթի միայն արևելյան մեծ կամարախորշերում. այսինքն՝ եկեղեցիների ճակատային հադիսավոր մասերում։

Որմնամույթերի միջև կցված են կամարները, որոնցով գավիթը բաժանվում է ընդլայնական թաղով ծածկված ութ հատվածի։

Գավթի ներսում, արևելյան պատ-որմնախորշերում ագուցված են վեց գեղաքանդակ խաչքարեր, բազմաթիվ զարդանախշերով ու պատկերաքանդակներով սալաքարեր։ Հարավային եկեղեցու մուտքի անկյունում դրված է մի շքեղ տապանաքար, որի վրա քանդակված է. «Այս է տապան տր Յօհանիսի որդի Կարապետին թվ. ՌՄԽԷ (1798 թ.)» արձանագրությունը։ Խաչքարերից երկուսի վրա այդ դարաշրջանի տարազով մարդ է պատկերված։

Երրորդ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ եկեղեցին գտնվում է բլրի ամենաբարձր տեղում, գավթից չորս մետր արևմուտք։ Այն ունի բարձր, սլաքաձև թաղ, աբսիդ-բեմ, որի երկու հանդիպակաց կողմերում կան պտրահաններ։ Դռան երեսակալները, ամբողջ պատը զարդանախշված են զանազան մոտիվներով։ Բարավորի քարը կիսաշրջանաձև է, կենտրոնում քանդակված խաչ և շուրջը՝ ռոմբեր։ Մուտքի վերին երկու կողմերին թռչուններ են՝ գլուխները փշրված։ Արևմտյան ամբողջ պատի արտաքին երեսը պատված է խաչազարդ սալաքարերով, որոնցից մեկի վրա հետևյալ արձանացրությունն է փորագրված. «ԶԽաչենիկ վարդպետ սբ. եկեղեցոյ յաղաթ յիշեցեք ի Քտ»։ Բացի այդ, եկեղեցու ներսում մի քարի վրա եղել է. «թվին ՉԺԹ (1270) ... Ի տէրուլեան... տր. Ստեփանոսի, յեպիսկոպոսութեան տր Ներսիսի. ես Մխիթար որդի Խ... կանգնեցի զխաչս»։

Չորրորդ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռի եղցի հուշարձախմբի հարավային կողմում, բլրի ստորոտում՝ գյուղի շեմին գտնվում է չորրորդ եկեղեցին, որը համեմատաբար փոքր է ու շարված կոպտատաշ սալաքարերով։ Շինության ծածկը փլված է, արևմտյան ճակատը դրսից պատված է տարբեր մեծությամբ տասնյակ խաչքարերով։ Արևմտյան մասում բացվող միակ մուտքը զարդարված է քանդակներով։ Առանձնապես հետաքրքիր լուծում ունի կիսակամար ճակատաքարը։ Կենտրոնում խաչ է, շուրջը շախմատաձև զարդեր, իսկ երկու կողմում տեղադրված են մեկական սիրամարգի բարձրաքանդակներ։ Այդ նույն պատի արևմտյան վերնամասում փորագրված է հինգ տողանի արձանագրություն, որի տողերի սկզբի երկու քար չեն պահպանվել, իսկ մնացածներն էլ կիսաեղծ վիճակում վկայում են, որ եկեղեցին կառուցվել է Աղվանից Հովհաննես կաթողիկոսի և նրա կրտսեր եղբայր Ներսես կաթողիկոսի օրոք, 1235 թվականից առաջ։

Նույն արձանագրության կողքին պահպանվել է ճարտարապետի հիշատակագիր արձանագրությունը. «ԶՇահեն վարդապետ եկեղեցոյս յիշեցեք ի տր.»:

«Այսպիսով «Բռի եղցի» հուշարձանախմբի ստեղծման մեջ երկու ճարտարապետների անուններ են հանդես գալիս, որոնցից Խաչիկ Բ Անեցին կառուցել է մի եկեղեցի և մի որմնափակ խաչքար, իսկ Շահենը՝ մի եկեղեցի»։

Ինչը վերաբերվում է մյուս հուշարձաններին, որոնց Մակար վարդապետ Բարխուտուրյանցը բեմ է անվանում, դրանք պարզապես որմնափակ խաչքարեր են՝ երեք կողմից շրջափակված սովորական պատերով, իսկ արևմտյան որմնախորշի մեջ ագուցված են խաչքարեր։ 13-րդ դարում կառուցված այդպիսի որմնափակ խաչքարեր են պահպանվել Հադրութում, Դահրավում, Գտչավանքում և Վանքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.