Jump to content

Բիլլի Ջոել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլլի Ջոել
Բնօրինակ անունանգլ.՝ Billy Joel
Ի ծնե անունանգլ.՝ William Martin Joel
Ծնվել էմայիսի 9, 1949(1949-05-09)[1][2][3][…] (75 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ ռոք, ռոքնռոլ, սոֆթ ռոք և ժամանակակից դասական երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դաշնակահար, կոմպոզիտոր և երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներակորդեոն, դաշնամուր, կիթառ, երգեհոն, վոկալ, սինթեզատոր, ակորդեոն և ստեղնաշարային գործիքներ
ԼեյբլColumbia Records[5], Philips Records, Sony Music Entertainment և Sony Classical
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան և Hicksville High School?
ԱնդամակցությունBilly Joel Band?
ԱմուսինAlexis Roderick?
Պարգևներ
Կայքbillyjoel.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Billy Joel Վիքիպահեստում

Բիլլի Ջոել (անգլ.՝ Billy Joel, ամբողջական անունը` Ուիլյամ Մարտին Ջոել, անգլ.՝ William Martin Joel, մայիսի 9, 1949(1949-05-09)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դաշնակահար և երգերի հեղինակ-կատարող։ ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ առավել շատ վաճառվող վեց արտիստներից մեկն է[9]։ Արժանացել է վեց «Գրեմմի» մրցանակի, այդ թվում՝ «Տարվա ալբոմ» («52nd Street», 1979), «Տարվա ձայնագրություն» և «Տարվա երգ» («Just the Way You Are», 1978) անվանակարգերում[10][11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոելը ծնվել է հրեական աղքատ ընտանիքում։ Հայրը՝ Հովարդ Ջոելը, աշխատում էր էլեկտրական ընկերությունում, իսկ ազատ ժամանակ դաշնամուրով դասական երաժշտություն էր նվագում։ Ջոելը գերմանական մանածագործ մագնատի՝ Կարլ Ջոելի (1889-1982) թոռն է, դիրիժոր Ալեքսանդր Ջոելի (ծնվ.՝ 1971 թվականին) եղբայրը[12][13]։

Չորս տարեկանում Բիլլին սկսեց սովորել դաշնամուր նվագել։ Հոգնելով փողոցի մշտական կռիվներից՝ նա որոշեց դառնալ բռնցքամարտիկ և ռինգում անցկացրեց 22 հաջող մարտ, մինչև որ նրա քիթը ջարդեցին[14][15]։ 16-ամյա Ջոելին, որը կարողանում էր լավ դաշնամուր նվագել, հրավիրեցին «The Echoes» բակային խումբ՝ որպես ստեղնաշարային գործիքներ նվագող[16]։

Բիլլին դպրոցում վատ էր սովորում․ իր ամբողջ ժամանակը հատկացնելով երաժշտությանը՝ նա այդպես էլ չավարտեց դպրոցը։ 1967-1969 թվականներին նա նվագում էր «The Hassles» խմբում, որի հետ ձայնագրեց երկու ալբոմ, այնուհետև խմբի անդամներից մեկի հետ ձայնագրվեց «Attila» դուետի կազմում։ Նրանք նվագում էին տարօրինակ, փսիխոդելիկ հարդ ռոք առանց կիթառի․ Բիլլի Ջոելը՝ էլեկտրոնային գործիք և վոկալ, իսկ Ջոն Սմոլլը՝ հարվածային գործիքներ։ Նրանց միակ՝ «Attila» համանուն ալբոմը ձայնագրվեց «Universal» ընկերությունում, բայց հաջողություն չունեցավ՝ այդպես էլ չհայտնվելով խանութների վաճառասեղաններին։ Դուետը տրոհվեց։

1970-1974 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Ջոելը հրապուրեց «Attila» դուետի իր ընկերոջ՝ Ջոն Սմոլլի կնոջը, նրա երաժշտական կարիերան հայտնվեց փակուղում։ Երիտասարդ երաժիշտը ընկավ դեպրեսիայի մեջ և մեկ շիշ կահույքի լաք խմեց, որպեսզի վերջ տա իր կյանքին։ Հոգեբուժական հիվանդանոցում մեկ շաբաթ տևող բուժումից հետո՝ նա որոշեց միայնակ գործունեություն ծավալել և հապճեպորեն ստորագրեց 10 ալբոմի ցմահ պայմանագիր քիչ հայտնի լեյբլի՝ «Family Productions»-ի հետ[17]։ Հետագայում նա պետք է շատ ջանքեր գործադրեր՝ այս պայմանագրով ստանձնած պարտավորություններից ազատվելու համար («Family Productions»-ի ապրանքանիշը հայտնվեց Ջոելի՝ 1971-1987 թվականների բոլոր ալբոմների վրա, իսկ երգիչը ստիպված էր մինչև 1987 թվականը յուրաքանչյուր վաճառված ալբոմի համար կազմակերպությանը վճարել 1 դոլար)։ 1971 թվականի նոյեմբերին «Family Productions»-ի ներքո թողարկվեց առաջին սոլո ալբոմը՝ «Cold Spring Harbor»-ը, սակայն դրա երգերից մի քանիսը սխալմամբ ձայնագրվել էին արագացված ձևաչափով, ինչի պատճառով այն այդքան էլ հարմար չէր լսելու համար։ «Family Productions»-ը չէր շտապում տարածել ալբոմը, և այն այդպես էլ չհայտնվեց երաժշտական խանութներում[18]։ Այս ամենը զայրացրեց երաժշտին, և նա որոշեց խզել հարաբերությունները իր պրոդյուսեր Արթի Ռիփի (անգլ.՝ Artie Ripp) և «Family Productions»-ի սեփականատիրոջ հետ։ Խախտելով պայմանագրի կետերը՝ Ջոելը գաղտնի մեկնեց Լոս Անջելես[19] և սկսեց Բիլլ Մարտին (անգլ.՝ Bill Martin) կեղծանվամբ հանդես գալ տեղի «Executive Room» բարում՝ որպես դաշնակահար։ Այստեղ աշխատեց մոտավորապես կես տարի։ Հետագայում բարում կատարած աշխատանքը հիմք հանդիսացավ 1973 թվականին թողարկված հիթի՝ «Piano Man»-ի համար[20]։

1972 թվականին գրված «Captain Jack» երգի՝ հիթ դառնալուց հետո, «Columbia Records» լեյբլը Ջոելին համարեց խոստումնալից հեղինակ-կատարող, ով հետագայում կարող է մրցակցել Էլթոն Ջոնի հետ։

1973 թվականի վերջին «Columbia»-ն թողարկեց Ջոելի «Piano Man» ալբոմը, որի խորագրային ստեղծագործությունը հիմնված էր Լոս Անջելեսի բարում ունեցած ելույթի տպավորությունների վրա։ Տարիների ընթացքում այս երգը դարձավ նրա այցեքարտը և ընդգրկվեց բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում՝ ըստ «Rolling Stone» ամսագրի հարցման։

Հաջորդ՝ «Streetlife Serenade» ալբոմը (1974), այդքան էլ հաջող չէր, իսկ Ջոելի կարծիքով՝ այն ընդհանրապես չպիտի թողարկվեր։

1975-1979 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին՝ Լոս Անջելեսում երեք տարի անցկացնելուց հետո, Ջոելը վերադարձավ Նյու Յորք։ Այս իրադարձության ազդեցությամբ գրվեց դասական ոճի նրա հայտնի ստեղծագործություններից մեկը՝ «New York State of Mind»-ը (հայտնի է նաև Բարբարա Սթրեյզանդի կատարմամբ)։ Երգն ընդգրկվեց «Turnstiles» (1976) ալբոմում, որի պրոդյուսերը Ջոելն էր, իսկ ձայնագրությանը առաջին անգամ մասնակցել էին ոչ թե հրավիրված երաժիշտներ, այլ իր համերգային խմբի անդամները։ Ալբոմը ձախողվեց և «Billboard 200» շքերթում հասավ 122-րդ հորիզոնականին։ Ավելի ուշ «New York State of Mind» երգը գործնականում դարձավ Նյու Յորքի գաղտնի հիմնը։

1977 թվականի աշնանը Ջոելը վերջնականապես ապացուցեց իր՝ հիթմեյքերի տաղանդը՝ թողարկելով «The Stranger» ալբոմը, որը վաճառվեց 7 միլիոն օրինակով։ Դա նրա առաջին ալբոմն էր պրոդյուսեր Ֆիլ Ռամոնի (անգլ.՝ Phil Ramone) հետ համագործակցությամբ, ում հետ Ջոելը շարունակեց աշխատել մինչև 1987 թվականը։

Ջոելի հաջողությունը վերջնականապես հաստատեց հաջորդ ձայնասկավառակը՝ «52nd Street»-ը (1978), որն ութ շաբաթ շարունակ զբաղեցրեց «Billboard 200»-ի առաջին հորիզոնականը և միայն առաջին ամսում վաճառվեց երկու միլիոն օրինակով։ Թեև առաջատար երաժշտական քննադատները ձայնասկավառակը համարեցին չափից դուրս պաթոսային, սակայն Ջոելը զվարճացնում էր իր երկրպագուներին՝ այդպիսի գնահատականները համերգի ժամանակ պատռելով և դեն նետելով։

1980-1985 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Ջոելի «Glass Houses» ալբոմը վեց շաբաթ շարունակ առաջատար դիրք էր գրավում վաճառքի շքերթներում։ Ալբոմի ամենահայտնի երգում՝ «It’s Still Rock’n’Roll to Me»-ում, երգիչը հաստատեց իր նվիրվածությունը 1950-ական թվականների ռոքնռոլին։ Ստանալով հերթական «Գրեմմի»-ն լավագույն տղամարդկային ռոք-վոկալի համար՝ Ջոելը թողարկեց «Songs in the Attic» հավաքածուն՝ իր ոչ այնքան հայտնի ալբոմների երգերի ձայնագրությունները համերգային կատարումներից։ 1982 թվականի սկզբին մոտոցիկլետով վթարի ենթարկվելու արդյունքում Ջոելը ստացավ ձախ ձեռքի վնասվածք, նաև ամուսնալուծվեց առաջին կնոջից՝ Էլիզաբեթ Վեբերից (ով նաև նրա մենեջերն էր)։

1982 թվականի աշնանը թողարկվեց Ջոելի «The Nylon Curtain» կոնցեպտուալ ալբոմը, որն արժանացավ քննադատների դրական արձագանքին, իսկ երգերի լրջությամբ կարող էր մրցակցել Բրյուս Սպրինգստինի հետ, սակայն վաճառքի արդյունքներն ավելի համեստ էին։

1983 թվականին Ջոելը ձայնագրեց շատերի կարծիքով իր ամենաոճային ալբոմը՝ «An Innocent Man»-ը, որը մտածվել էր՝ որպես հիսունականների երաժշտության նկատմամբ հարգանքի և հիացմունքի նշան։ Այս սկավառակի «Tell Her About It» պարային սինգլը զբաղեցրեց «Billboard Hot 100» շքերթի առաջին հորիզոնականը, ալբոմի մեկ այլ երգ՝ «Uptown Girl»-ը, առաջատար էր Մեծ Բրիտանիայում։ Ալբոմի հաջողության համար առանցքային էր այն, որ հիմնական երգերի հիման վրա նկարահանվել էին տեսահոլովակներ, որոնք ցուցադրվում էին «MTV»-ով։ Ոգեշնչվելով այդ հաջողությամբ՝ Ջոելը թողարկեց լավագույն հիթերի կրկնակի ալբոմ, որը դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաշատ վաճառված կրկնակի ալբոմներից մեկը։

1986-1999 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին թողարկվեց «The Bridge» սկավառակը՝ «A Matter of Trust» շլյագերով։ Դա նրա վերջին ալբոմն էր, որը պարունակում էր «Family Productions»-ի ապրանքանիշը։ Ալբոմի ձայնագրությանը մասնակցել են Ռեյ Չարլզը, Սթիվ Ուինվուդը և Սինդի Լաուպերը։ Դա նաև պրոդյուսեր Ֆիլ Ռամոնի հետ ձայնագրած վերջին ալբոմն էր։

1987 թվականին Ջոելը զարմացրեց շատ երկրպագուների՝ «The Bridge» համաշխարհային շրջագայության շրջանակներում համերգներով մեկնելով ԽՍՀՄ[21]։ Երաժիշտը համերգներ տվեց Լենինգրադում, Թբիլիսիում և Մոսկվայում, ինչպես նաև հանդես եկավ «Երաժշտական ռինգ» հեռուստահաղորդման ժամանակ, որտեղ իր երգերը կատարելուց բացի՝ պատասխանեց հանդիսատեսի հարցերին[22][23]։

Համերգներից մեկի ժամանակ՝ «Sometimes a Fantasy» երգը կատարելիս, Ջոելը գոռացել է․ «Դադարե՛ք լուսավորել հանրությանը» (անգլ.՝ «Stop lighting the audience!»), շրջել է էլեկտրոնային դաշնամուրը և սկսել բարձրախոսով հարվածել դաշնամուրին՝ միաժամանակ շարունակելով կատարել երգը[24]։ Հետագայում Ջոելը պարզաբանել է, որ բոլոր համերգները ԽՍՀՄ-ում նկարահանվել են, և լուսարարները անտեսել են իր խնդրանքը՝ չլուսավորել հանդիսատեսի դեմքերը[22]։ Լենինգրադի կատարման կենդանի ձայնագրությունը հիմք հանդիսացավ «Համերգ» կրկնակի ալբոմի համար[25]։ Խորհրդային մարդկանց հետ շփման արդյունքում Ջոելը գրեց «Leningrad» երգը, որն ընդգրկվեց 1989 թվականի «Storm Front» ալբոմում։ 2014 թվականին Լենինգրադում տեղի ունեցած համերգների ձայնագրությունը լույս տեսավ DVD և Blu-ray սկավառակներով, նաև ԽՍՀՄ-ում երաժիշտի գտնվելու մասին նկարահանվեց ֆիլմ։ Ֆիլմը նվիրված է Վիկտոր Ռազինովին, ում հետ արտիստը ծանոթացել և մտերմացել էր, և բոլոր այն խորհրդային մարդկանց, ովքեր իրենց սիրտը բացել էին ռոքնռոլի առջև։

Խորհրդային հյուրախաղերի այդյունքում Ջոելը կորցրեց ավելի քան մեկ միլիոն դոլար, հեռացրեց իր իմպրեսարիոյին և խզեց կապերը պրոդյուսեր Ֆիլ Ռամոնի հետ[26]։

1989 թվականին Ջոելը վերադարձավ «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնական։ Նրա նոր սինգլը՝ «We Didn’t Start the Fire»-ը, հետպատերազմական շրջանի կարևոր անունների և իրադարձությունների ցանկ էր։ Երգն ընդգրկված էր չափավոր հաջող «Storm Front» ալբոմում, որի հնչեցումն ամենադժվարն էր արտիստի ողջ կարիերայում։ Ալբոմի պրոդյուսինգը կատարվել է Միք Ջոնսի (անգլ.՝ Mick Jones) հետ համատեղ։ Նրա հետ Ջոելը հետագայում այլևս չհամագործակցեց։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել է երաժիշտների ամբողջովին փոփոխված խումբը՝ բացառությամբ Լիբերտի Դե Վիտոյի (անգլ.՝ Liberty De-Vitto

«River of Dreams» ստուդիական ալբոմը թողարկվեց 1993 թվականի ամռանը, և նորից՝ երաժիշտների փոփոխված կազմով։ Հատուկ հաջողության արժանացավ գլխավոր երգը և դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Դրանից հետո Ջոելը հայտարարեց, որ մտադիր չէ ձայնագրել նոր ձայնասկավառակներ հանրաճանաչ մեղեդիներով և որոշել է նվիրվել դասական երաժշտություն գրելուն։ 1999 թվականին նրա անունը գրանցվեց Ռոքնռոլի փառքի սրահում, իսկ Բրոդվեյում ներկայացված է «Movin’ Out» մյուզիքլը։ Անվանումը վերցվել է 1977 թվականի «Stranger» ալբոմի նույնանուն ստեղծագործությունից։

2000-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոելի ելույթը Ֆլորիդայում, 2007

1999 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 2000 թվականի հունվարի 1-ի գիշերը «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում տեղի ունեցավ Ջոելի երեք ժամանոց համերգը, որի մի մասը հեռարձակվեց ամերիկյան հեռուստաընկերության ուղիղ եթերով։ Հետագայում այդ համերգը թողարկվեց որպես երկրորդական ալբոմ՝ «Night 2000 Millenium Concert»։ Երգչի երկրպագուները, համերգի սիրողական ձայնագրությունները համեմատելով թողարկված տարբերակի հետ, եկան այն եզրակացության, որ երգերի մեծ մասն էականորեն տարբերվում է համերգից, և զգալիորեն խմբագրված է։ Սակայն երգչի մամլո ծառայությունը հերքեց համերգի վերջնական տարբերակում որևէ փոփոխություն կատարելու մասին տեղեկությունները։

2001 թվականին թողարկվեց «Fantasies & Delusions» ստուդիական ալբոմը, որտեղ Ջոելը հանդես եկավ միայն կոմպոզիտորի դերում։ Ալբոմը բաղկացած էր բացառապես դասական ստեղծագործություններից, որոնք կատարում էր կորեական ծագում ունեցող դասական երաժիշտ Ռիչարդ Չուն (անգլ.՝ Richard Joo)։ Ըստ Ջոելի հայտարարության՝ դաշնամուր նվագելու իր «ռոքնռոլյան» ոճը բացարձակապես չի համապատասխանում դասական երաժշտության ճիշտ կատարմանը։ Բացի այդ, 1982 թվականի ավտովթարից հետո նրա ձախ ձեռքի կոտրված բութ մատն այդպես էլ չվերականգնվեց։ Այդ է պատճառը, որ ալբոմի ձայնագրության համար հրավիրվեց Ռիչարդ Չուն։

2006 թվականին՝ երկարատև ընդմիջումից հետո, Ջոելը համաշխարհային շրջագայություն իրականացրեց՝ ի աջակցություն «My Lives» բոքս սեթի։ Այն ներառում էր 4 սկավառակ՝ նախկինում չհրապարակված ստեղծագործություններով և դեմո ձայնագրություններով։ Այդ համերգային շրջագայության շրջանակներում միայն «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում Ջոելը տվեց 12 համերգ։ Դա ռեկորդային էր համալիրի համար և նշվեց 12 թվագրված հատուկ ցուցանակի վրա։ Այս իրադարձության պատվին նույն տարում թողարկվեց Ջոելի չորրորդ կրկնակի համերգային ալբոմը՝ «12 Gardens»-ը։ Համերգային շրջագայության ընթացքում հեռացվեց 1975 թվականից խմբի անփոփոխ թմբկահարը՝ Լիբերտի դե Վիտոն։ Նրան փոխարինեց Չակ Բյորջին (անգլ.՝ Chuck Burgi)։ Ջոելի և Դե Վիտոյի հարաբերություններն այնքան վատացան, որ 2009 թվականին վերջինս դատական գործ հարուցեց Ջոելի դեմ՝ պահանջելով հեղինակային հոնորարներ՝ 1975-1990 թվականներին թողարկված ալբոմների համար՝ պնդելով, որ ինքը շատ ստեղծագործությունների համահեղինակ է, թեև ալբոմներում դա նշված չէ։

2007 թողարկվեց հոբելյանական բոքս սեթը՝ նվիրված «Stranger» (1977) ալբոմի 30-ամյակին։ Բոքս-սեթում ընդգրկվեց երեք սկավառակ՝ «Stranger»-ը, 1977 թվականին «Քարնեգի հոլ»-ում տեղի ունեցած և չթողարկված համերգը և 1978 թվականի վիդեոհամերգի DVD-սկավառակը՝ գրված «BBC» հեռուստաալիքի «Old Grey Whistle Test» երեկոյան ծրագրի համար։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոելի դուստրը՝ Ալեքսա Ռեյ Ջոելը

1973 թվականին Ջոելն ամուսնացավ իր ընկեր Ջոն Սմոլլի նախկին կնոջ՝ Էլիզաբեթ Վեբերի հետ։ 1982 թվականին նրանք ամուսնալուծվեցին[27]։

Երկրորդ կինը սուպերմոդել Քրիսթի Բրինքլին էր, ում հետ ամուսնացավ 1985 թվականին[28]։ Նույն թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Ալեքսա Ռեյ Ջոելը, ով գնաց հոր հետքերով՝ դարձավ երգչուհի։ Ամուսնությունը տևեց 9 տարի․ 1994 թվականին զույգն ամուսնալուծվեց[29]։

2004 թվականին Ջոելն ամուսնացավ 24-ամյա Քեյթ Լիի հետ[30]։ Նրանց ամուսնությունը տևեց 5 տարի՝ մինչև 2009 թվականը[31]։

2015 թվականի հուլիսի 4-ին Ջոելն ամուսնացավ չորրորդ անգամ՝ Ալեքսիս Ռոդերիքի հետ[32]։ Նրանք միասին էին 2009 թվականից[33]։ 2015 թվականի օգոստոսի 12-ին ծնվեց նրանց դուստրը՝ Դելլա Ռոզ Ջոելը[34], իակ 2017 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երկրորդ դուստրը՝ Ռեմի Անին[35]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
  • 1971 - «Cold Spring Harbor»
  • 1973 - «Piano Man»
  • 1974 - «Streetlife Serenade»
  • 1976 - «Turnstiles»
  • 1977 - «The Stranger»
  • 1978 - «52nd Street»
  • 1980 - «Glass Houses»
  • 1981 - «Songs in the Attic»
  • 1982 - «The Nylon Curtain»
  • 1983 - «An Innocent Man»
  • 1986 - «The Bridge»
  • 1989 - «Storm Front»
  • 1993 - «River of Dreams»
  • 2001 - «Fantasies & Delusions»

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Air Berlin» գերմանական ավիաընկերության կողմից հեռավոր չվերթների ժամանակ առաջարկվող ռադիոհաղորդումների շարքում կա առանձին ալիք՝ «Billy Joel»[36]։
  • 1987 թվականին Բիլլի Ջոելը «Օլիվերը և խումբը» մուլտֆիլմում հնչյունավորել է Դոջերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118557653 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Discogs — 2000.
  6. https://news.syr.edu/blog/2006/04/17/syracuse-university-to-present-five-honorary-degrees-at-its-152nd-commencement/
  7. https://www.newswise.com/articles/stony-brook-university-celebrates-55th-commencement-ceremony-honoring-billy-joel-and-charles-b-wang-with-honorary-degrees
  8. https://www.ascapfoundation.org/programs/awards/award-recipients/champion
  9. Erlewine, Stephen Thomas (2006). "Billy Joel Biography. AllMusic. Retrieved on December 7, 2008.
  10. Gamboa, Glenn (2013 թ․ սեպտեմբերի 12). «Billy Joel named Kennedy Center honoree». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. Top Selling Artists. RIAA. Retrieved on June 8, 2012.
  12. Tallmer, Jerry (July 16–22, 2003). "Billy Joel grapples with the past", The Villager (Manhattan), 73 (11); retrieved December 7, 2008. Արխիվացված Հունիս 12, 2011 Wayback Machine
  13. Biography on Alexander Joel's homepage
  14. «Billy Joel: The Piano Man In A New York State Of Mind». KCBS-TV. 2013 թ․ դեկտեմբերի 17.
  15. «Billy Joel». classicbands.com. 2007. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. «Billy Joel Biography». Sing365.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. Goodman, Fred (March 1991). «An Innocent Man». Spy: 73. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  18. «Cold Spring Harbor – Billy Joel: Awards». AllMusic. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  19. Tallmer, Jerry (July 16–23, 2003). «Billy Joel grapples with the past». The Villager. New York City. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  20. «Major 7th chords – a talk with Billy Joel». The Actors Studio, USA. 1999.
  21. Sinagra, Laura (2006 թ․ հունվարի 24). «At Garden, Billy Joel Is Out to Prove He's in Control». The New York Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  22. 22,0 22,1 A Rocking Billy Joel Breaks Through Soviet Reserve // The New York Times
  23. Hewlett, Anderson. «Pete Hewlett». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  24. «Billy Joel Blows His Cool, Upsets Piano in Moscow». Los Angeles Times. Associated Press. 1987 թ․ հուլիսի 27. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  25. A Matter of Trust - The Bridge to Russia Արխիվացված 2014-03-11 Wayback Machine // BillyJoel.com
  26. Bordowitz, Hank (2006). Billy Joel: The Life and Times of an Angry Young Man. Billboard Books. p. 39. ISBN 978-0-8230-8248-3
  27. «Elizabeth A Weber – Biography and Filmography». hollywood.com. 2014 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  28. "Brinkley, Joel Parents of 'Uptown Girl'". Los Angeles Times, December 30, 1985. p. 2. "The 612-pound girl, as yet unnamed, was born in a Manhattan hospital at about 11:45 pm Sunday, said the spokeswoman, Geraldine McInerney." "They were married last March aboard a yacht in New York Harbor."
  29. «8 Billy Joel moments in August, from a birth to a divorce». newsday.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  30. «Age-Defying Duos». People. Vol. 62, no. 16. 2004 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  31. Rush, George (2009 թ․ հունիսի 17). «Billy Joel and wife Katie Lee split». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  32. «Billy Joel Becomes a Father Again — at 66». Celebrity Gossip & News – Yahoo Celebrity Canada. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  33. «Billy Joel Marries Alexis Roderick in Surprise Wedding at His Estate». People. 2015 թ․ հուլիսի 4. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  34. «Billy Joel Welcomes Daughter Della Rose». people.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  35. «Billy Joel Welcomes Third Daughter Remy Anne: See the First Photo!». people.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  36. «Air Berlin - Обслуживание на борту - Развлекательная программа на рейсах большой дальности» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Ջոել» հոդվածին։