Անապատային խածկտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անապատային խածկտիկ
Անապատային խածկտիկ
Անապատային խածկտիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Սերինոսազգիներ (Fringillidae)
Ցեղ Անապատային խածկտիկ (Bucanetes)
Տեսակ Անապատային խածկտիկ (B. githagineus)
Միջազգային անվանում
Bucanetes githagineus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Անապատային խածկտիկ (լատին․՝ Rhodopechys githaginea), սերինոսների ընտանիքին պատկանող բնադրող-չվող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Արուի կտուցը հաստ է, վարդագույն, գլուխը՝ մոխրագույն։ Էգի փետրածածկը մոխրագույն է, գլուխը, գոտկատեղը և պոչի հիմքը՝ վարդագույն երանգով։ Երիտասարդը դեղնամոխրագույն է՝ առանց վարդագույն երանգի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարմարված է կիսաանապատային, ժայռաելուստներով անջրդի աղբյուրների հարևանությամբ, նոսր բուսականությամբ տարածքներին և ձեռք է բերել միջավայրի գույներին զարմանալի նմանություն, որի շնորհիվ անտեսանելի է գիշատիչների համար։ Առավոտյան և երեկոյան անապատային խածկտիկներն աղբյուրներ են այցելում զույգերով կամ սակավաթիվ խմբերով։

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իսրայելից և Առաջավոր Ասիայից մինչև Պակիստան, Հյուսիսարևմտյան Հնդկաստան, Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա[1]։

Հայտնաբերված է Արարատի մարզի Վեդի քաղաքի շրջակայքի բնադրավայրում։ Առանձին առանձնյակներ նկատվել են Արարատի մարզի այլ մասերում և Կոտայքի մարզում[1]։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է սերմերով, հատապտուղներով, անողնաշարավորներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է ժայռաճեղքերում կամ գետնին։ Խոտաբույսերից և ցողուններից պատրաստված բույնը գավաթաձև է։ Դնում է 10 մմ տրամագծով, բաց երկնագույն՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Աղբյուրներ այցելելիս անապատային խածկտիկները խառը երամներ են կազմում կարճամատ ճնճղուկի և մոնղոլական խածկտիկի հետ։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խիստ սահմանափակ արեալով, հազվագյուտ և օջախային բնադրմամբ խիստ սակավաթիվ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը և տնտեսական գործունեության արդյունքում ապրելավայրերի փոփոխումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային խածկտիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային խածկտիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։