Անապատային խածկտիկ
Անապատային խածկտիկ | |
Անապատային խածկտիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Սերինոսազգիներ (Fringillidae) |
Ցեղ | Անապատային խածկտիկ (Bucanetes) |
Տեսակ | Անապատային խածկտիկ (B. githagineus) |
Միջազգային անվանում | |
Bucanetes githagineus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Անապատային խածկտիկ (լատին․՝ Rhodopechys githaginea), սերինոսների ընտանիքին պատկանող բնադրող-չվող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Արուի կտուցը հաստ է, վարդագույն, գլուխը՝ մոխրագույն։ Էգի փետրածածկը մոխրագույն է, գլուխը, գոտկատեղը և պոչի հիմքը՝ վարդագույն երանգով։ Երիտասարդը դեղնամոխրագույն է՝ առանց վարդագույն երանգի։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարմարված է կիսաանապատային, ժայռաելուստներով անջրդի աղբյուրների հարևանությամբ, նոսր բուսականությամբ տարածքներին և ձեռք է բերել միջավայրի գույներին զարմանալի նմանություն, որի շնորհիվ անտեսանելի է գիշատիչների համար։ Առավոտյան և երեկոյան անապատային խածկտիկներն աղբյուրներ են այցելում զույգերով կամ սակավաթիվ խմբերով։
Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իսրայելից և Առաջավոր Ասիայից մինչև Պակիստան, Հյուսիսարևմտյան Հնդկաստան, Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա[1]։
Հայտնաբերված է Արարատի մարզի Վեդի քաղաքի շրջակայքի բնադրավայրում։ Առանձին առանձնյակներ նկատվել են Արարատի մարզի այլ մասերում և Կոտայքի մարզում[1]։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է սերմերով, հատապտուղներով, անողնաշարավորներով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրում է ժայռաճեղքերում կամ գետնին։ Խոտաբույսերից և ցողուններից պատրաստված բույնը գավաթաձև է։ Դնում է 10 մմ տրամագծով, բաց երկնագույն՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Աղբյուրներ այցելելիս անապատային խածկտիկները խառը երամներ են կազմում կարճամատ ճնճղուկի և մոնղոլական խածկտիկի հետ։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում խիստ սահմանափակ արեալով, հազվագյուտ և օջախային բնադրմամբ խիստ սակավաթիվ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։
Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը և տնտեսական գործունեության արդյունքում ապրելավայրերի փոփոխումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային խածկտիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային խածկտիկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |