Ալեքսանդր Նիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Նիլ
Ծնվել էհոկտեմբերի 17, 1883(1883-10-17)[1][2][3][…]
Forfar, Forfar, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 23, 1973(1973-09-23)[2][5][3][…] (89 տարեկան)
Օլդ բորո, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմանկավարժ, ոչ գեղարվեստական գրող, հոգեբան, լրագրող և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Սամերհիլ դպրոց
Պաշտոն(ներ)Դասղեկ
Ալմա մատերԷդինբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6]
Ամուսին(ներ)Ena May Neill?
Երեխա(ներ)Zoë Readhead?[7]
Կայքsummerhillschool.co.uk/pages/index.html
 A. S. Neill Վիքիպահեստում

Ալեքսանդր Նիլ (անգլ.՝ Alexander Sutherland Neill, հոկտեմբերի 17, 1883(1883-10-17)[1][2][3][…], Forfar, Forfar, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 23, 1973(1973-09-23)[2][5][3][…], Օլդ բորո, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի (շոտլանդացի) մանկավարժ, նորարար կրթության տեսաբան և գործիչ, երեխաների դաստիարակության մասին բազմաթիվ գրքերի հեղինակ։ 1921 թվականին հիմնադրել է անկախ (մասնավոր) «Սամերհիլ» (Summerhill) դպրոցը, որի գործունեության գլխավոր սկզբունքը հետևյալն է՝ դպրոցը պետք է հարմարվի երեխաներին, ոչ թե հակառակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆորֆարում[8], Շոտլանդիա[9], Ջորջ և Մերի Նիլերի ընտանիքում[10]։ Ընտանիքի տասներեք երեխաներից չորրորդն էր, ութ տղաներից մեկը։

Նիլը հանդարտ, հնազանդ երեխա է եղել, մյուս կողմից, թեև հայրը ևս ուսուցիչ է եղել (ինչպես և մայրը՝ նախքան ամուսնանալը[11]), առանձնապես լավ չի սովորել ու դպրոցական կրթությամբ հետաքրքրված չի եղել[10]։ Նրա հայրը ժամանակին ընդունված նորմերի համաձայն կարող էր մտրակով պատժել աշակերտներին, և Ալեքսանդրը մանկության տարիներին վախենում էր հորից։ Նրա կենսագիրների կարծիքով մանկության նման ընթացքը որոշակի հետք է թողել Ալեքսանդր Նիլի հետագա փիլիսոփայության ձևավորման վրա։ 15 տարեկանում ծնողների հորդորով դառնում է հոր կրտսեր օգնականը և սկսում է դասավանդել դպրոցում[8]․ անմիջապես սկում է վայելել աշակերտների սերը։ Մի քանի տեղի դպրոցներում որպես ուսուցիչ[12] աշխատելուց հետո՝ 25 տարեկանում, Նիլն ընդունվում է Էդինբուրգի համալսարան և 1912 թվականին ավարտում անգլիական գրականության մասնագետի որակավորմամբ[13]։ 1914 թվականին նշանակվում է գյուղական դպրոցի տնօրեն։ Կրթական գործունեությանը զուգահեռ մասնագիտական հոդվածներով հանդես է եկել մամուլում։

1921 թվականին, հիասթափված լինելով ավանդական կրթության մեթոդներից[14], Ալեքսանդր Նիլը հեռանում է Անգլիայից ու Դրեզդենի (Գերմանիա) մոտակայքում հիմնում է իր նոր՝ նորարար կրթության միջազգային մասնավոր դպրոցը[15], որն այնուհետև տեղափոխվում է Ավստրիա։ Սակայն Ավստրիայում տեղի կաթոլիկ համայնքի և իշխանությունների դժգոհության պատճառով դպրոցը փակվում է, իսկ մեկ տարի անց՝ 1924 թվականին վերաբացվում Անգլիայում ու ստանում «Սամերհիլ» անունը։ Ալեքսանդր Նիլի կրթական փիլիսոփայությանը հավատարիմ՝ դպրոցը շարունակում է գործել առայսօր։

Հիմնական ներդրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Նիլի մանկավարժական հայացքների վրա մեծ ազդեցություն են թողել Մարիա Մոնտեսսորիի, Զիգմունդ Ֆրոյդի և Վիլհելմ Ռայխի աշխատությունները։ Նա ևս, ինչպես Մարիա Մոնտեսսորին, հայտնի է որպես երեխաների անձնական ազատության կողմնակից։ Ըստ Նիլի՝ երեխան ներքուստ իմաստուն է և իրատես, իսկ մանկավարժների ճնշումը միայն խանգարում է երեխայի զարգացմանն ու կրթական հաջողություններին[16]։ Երեխային պետք չէ ճնշել՝ նա կզարգանա այնքանով, որքանով որ ընդունակ է։ Նիլի մանկավարժական տեսության հիմնական սկզբունքը հետևյալն էր՝ չկա ավելի կարևոր բան, քան երեխայի երջանկությունը, իսկ երջանկություն հնարավոր չէ առանց անձնական ազատության[17]։ Նիլը մտավոր զարգացումից առավել կարևորում էր երեխաների զգայական և գեղագիտական զարգացումը, քաղաքացիական դաստիարակությունը։ Իր դպրոցում նա ստեղծել էր ուրախ, հարմարավետ մթնոլորտ, որտեղ երեխաները սովորում էին ժողովրդավարություն և ինքնակառավարում, ինչպես նաև զբաղվում էին ակտիվ աշխատանքային գործունեությամբ։ Արդյունքում դաստիարակվում էին ինքնավստահ ու ազատ մտածող անհատներ։ «Սամերհիլի» փորձը ցույց էր տալիս, որ պարտադրողականության բացակայությունը աշակերտներին խթանում էր, անգործության չմատնվելով, մշակել ուսումնական առաջադիմության սեփական մոտիվացիան։

Սամերհիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամերհիլ, 1993

Նիլի համոզմամբ՝ արտաքին պարտադրված կարգապահությունը խանգարում է ներքին կարգապահության ձևավորմանը, և այդ պատճառով, ի տարբերություն ավանդական դպրոցների աշակերտների, «Սամերհիլի» երեխաները դպրոցն ավարտում էին քննադատական մտածողության ավելի լավ զարգացած հմտություններով և ներքին ավելի լավ ձևավորված կարգապահությամբ։ «Սամերհիլ» ընդունված աշակերտների մեծամասնությունը սոցիալապես անապահով ընտանիքներից էր, որտեղ երեխաներն ավելի շատ էին տարբեր ընտանեկան սոցիալական ու հոգեբանական ռիսկերի ենթարկվում։ Նիլը հասկանում էր, որ ծնողների կոնֆլիկտներն ու երեխայի շահերի անտեսումը, հաճախ նաև նրա ազատության սահմանափակումը վերջինիս ճնշված վիճակի էին հասցնում, հոգեբանական խնդիրներ ստեղծում, ինչն էլ իր հերթին ազդում էր նրա կրթական առաջադիմության ու համակողմանի զարգացման վրա։ Իսկ Նիլի դպրոցում ձևավորված մթնոլորտի կազդուրիչ, առողջարար ազդեցության մասին վկայում էր այն փաստը, որ շատ երեխաներ, դուրս մնալով ավանդական դպրոցներից, «ծաղկում էին» Սամերհիլլում։ Նիլի մոտեցումները՝ ուղղված երեխաների ինքնորոշմանը, քննադատական մտածողության խրախուսմանը և կույր հնազանդությունից հրաժարմանը, որոնք այդ տարիներին համարվում էին անընդունելի, լավագույն դեպքում՝ վիճելի մոտեցումներ, այսօր լայնորեն կիրառվում են, չնայած այն հանգամանքին, որ դեռևս կան պահպանողական մանկավարժներ, որոնք այդ գաղափարները հանիրավի համարում են հասարակության կարգապահությանը սպառնացող վտանգ։

Լավ ուսուցիչը ոչ թե ձգձգում, մի կերպ «յոլա է տանում» դասը, այլ բաշխում է՝ նա սեր է բաշխում։ Իսկ սեր ասելով՝ նկատի ունեմ բարեհաճություն, եթե կուզեք, սիրալիրություն, բարեսրտություն։ Լավ ուսուցիչը ոչ միայն հասկանում է երեխային, այլև հավանության է արժանացնում նրան։ Քաղաքականությունը, ինչպես և կրոնը, անձնական ընտրության բաներ են, և երեխան պետք է դրանց առնչվի միայն մեծանալուց հետո։
- Ալեքսանդր Նիլ

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Dominie’s Log (1916)
  • A Dominie Dismissed (1916)
  • Booming of Bunkie (1919)
  • Carroty Broon (1920)
  • A Dominie in Doubt (1920)
  • A Dominie Abroad (1922)
  • A Dominie’s Five (1924)
  • The Problem Child (1926)
  • The Problem Parent (1932)
  • Is Scotland Educated? (1936)
  • That Dreadful School (1937)
  • The Last Man Alive (1938)
  • The Problem Teacher (1939)
  • Hearts Not Heads in the School (1945)
  • The Problem Family (1949)
  • The Free Child (1953)
  • Summerhill: A Radical Approach to Child Rearing (Preface by Erich Fromm) (1960)
  • Freedom, Not License! (1966)
  • Talking of Summerhill (1967)
  • Children’s Rights: Toward the Liberation of the Child (with Leila Berg, Paul Adams, Nan Berger, Michael Duane, and Robert Ollendorff) (1971)
  • Neill, Neill, Orange Peel! (1972)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Record of a friendship: the correspondence between Wilhelm Reich and A. S. Neill, 1936—1957 (1982)
  • All the Best, Neill: Letters from Summerhill (1984)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Նիլ» հոդվածին։