Քննադատները «Give in to Me» երգը վերագրել են հարդ ռոք և հևի մետալ ժանրերին։ Կոմպոզիցիան գլխավորել է Նոր Զելանդիայի հիթ-շքերթը և Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում զբաղեցրել է հիթ-շքերթների երկրորդ հորիզոնականը։ Երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Էնդի Մորահան։ Հոլովակի պրեմիերան կայացել է 1993 թվականի փետրվարի 10-ին՝ Մայքլ Ջեքսոնի և Օփրա Ուինֆրիի հարցազրույցի հաղորդման ժամանակ։
Երգը գրել են Մայքլ Ջեքսոնն ու Բիլլ Բոթրելը Dangerous ալբոմի պատրաստման ընթացքում։ Կիթառային ռիֆն ու մեներգը կատարել է «Guns N’ Roses» խմբի կիթառահար Սլեշը։ Ջեքսոնը նրան է ուղարկել փորձնական տարբերակը, երաժիշտները հեռախոսազանգով կապվել են և պայմանավորվել ձայնագրության մասին։ Արտիստների ժամանակացույցերը չեն համընկել, քանի որ կիթառահարը հյուրախաղեր է ունեցել և պարտիան ձայնագրվել է միայն նրա վերադարձից հետո՝ 2013 թվականին։ Սլեշը հիշում էր․ «Մայքլն ուզում էր, որ ես պարզապես մի բան նվագեմ իմ ոճով, ոչ մի ճնշում։ Ես ներս մտա ստուդիա և սկսեցի նվագել՝ ահա և վերջ։ Մենք մի ալիքի վրա էինք գտնվում»։
«Give in to Me» երգը չափավոր դանդաղ տեմպ ունեցող երգ է, որը գրված է սոլ մաժորում[4]։ Երգի տներում երգիչը պատմում է իր նախկին սիրեցյալի դավաճանության մասին, այն ցավի, որը դրա հետ կապված նա զգում է։ Կրկներգում պատմության հերոսը պահանջում է․ «Սերը զգացմունք է, նվիրիր այն ինձ, երբ կցանկանամ։ Հագեցրու իմ ցանկությունները, որովհետև ես կրակի մեջ եմ» («Love is a feeling/Give it when I want it/'Cause I’m on fire/Quench my desire»): Քննադատները «Give in to Me» երգը վերագրում են հարդ ռոք և հևի մետալ ժանրերին[1][2]։
«Give in to Me» երգը 1993 թվականի փետրվարին թողարկվել է որպես Մայքլ Ջեքսոնի Dangerous ալբոմի յոթերորդ սինգլ։ Երգը վաճառքի է դրվել վինիլային սկավառակներով և CD-ով[5]։ ԱՄՆ-ում և Կանադայում սինգլը չի թողարկվել։ Երգը գլխավորել է Նոր Զելանդիայի հիթ-շքերթը և զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի հիթ-շքերթների երկրորդ հորիզոնականը[6][7][8]։
Rolling Stone-ի լրագրողը «Give in to Me» երգն անվանել է Ջեքսոնի ամենամռայլ երգերից մեկը․ «Այս չարագուշակ ստեղծագործությունը կարծես ստեղծված է սառույցից և ստվերներից։ Երաժշտի ձայնը կրկներգում խելահեղ է հնչում, Սլեշի արպեջոն խճճում է երգն այնպես, ինչպես սարդոստայնը»[9]։ «Փշաքաղեցնող» ստեղծագործությունը Entertainment Weekly պարբերականի կարծիքով Ջեքոսոնի կարիերայում հարդ ռոքի լավագույն կատարումն է[1]։
Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Էնդի Մորահանը։ Երկժամյա նկարահանումներն անցկացվել են գերմանական գիշերային ակումբներից մեկում։ Տեսանյութը ներկայացնում է Ջեքսոնի համերգային ելույթը հանդիսատեսի առաջ։ Հոլովակի պրեմիերան կայացել է 1993 թվականի փետրվարի 10-ին Մայքլ Ջեքսոնի և Օփրա Ուինֆրիի հարցազրույցի հաղորդման ժամանակ։