Ֆուետե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուետե (ֆր.՝ fouetté, fouetter` խփել, մտրակել բառից), դասական վիրտուոզ պարի շարժման համընդհանուր կրճատ անվանում, որը կատարվում է կրկնվող պարաշրջանների հաջորդականությամբ, արագ տեմպով, մնալով նույն տեղում, որի կատարման ընթացքում աշխատող ոտքը յուրաքանչյուր 360° պտույտի ավարտին հստակ բացվում է կողքի` 45-90° բարձրության վրա (à la seconde, երկրորդ դիրքի ուղղությամբ)։ Կա նաև այլ արևմտյան կատարման եղանակ, որի ժամանակ աշխատող ոտքը կատարում է rond de jambe en l’air 45° կամ ավելի բարձրության վրա[1]։

Դասական ժառանգության ներկայացումներում ֆուետեն սովորաբար կատարում է պուանտներով բալետի պարուհին, Pa de deux կոդայում։ «Ծովահեն», «Պակիտա», «Դոն Կիխոտ» և «Կարապի լիճ» բալետներում գլխավոր դերակատարը կատարում է առանց ընդհատման 32 ֆուետե։ Բացառություն է «Բայադերկա» բալետը (խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպայի, Վախթանգ Ճաբուկիանիի և Վլ. Պոնոմարևի խմբագրությամբ), որտեղ երկրորդ գործողության Grand pas d’action-ում Համզեթի դերակատարն «իտալական» ֆուետեներից հետո կատարել է 20 ֆուետե։

Դասական պարի տերմինաբանության համաձայն ֆուետե պտույտը ճիշտ է անվանել պարաշրջան ֆուետե կամ ան տուռնան ֆուետե (Tours fouettés, Fouettés en tournant): Բեմում այս շարժումը միշտ կատարվում է en dehors ուղղությամբ։ Որպես ավելի բեմական տարբերակ կարող է օգտագործվել մեկ tour fouetté դեպի en dehors և մեկը դեպի en dedans: Մեկական ցանկացած ուղղությամբ պարաշրջանային ֆուետեները կարող են օգտագործվել ինչ-որ կեցվածքի անցման ժամանակ և կարող են օգտագործվել բազմաթիվ համակցություններում` կապված լինելով դասական պարի այլ շարժումների հետ։

Բալետային տերմինաբանության մեջ գոյություն ունեն մի խումբ շարժումներ, որոնց անվան մեջ կա «ֆուետե» բառը, դրանք հնարավոր բոլոր պտույտներ և բատմաններ պարունակող շարժումներն են, կեցվածքից կեցվածք grand fouetté-ն (որին վերաբերում է նաև իտալական ֆուետեն` կազմված բատմաններից, ecarté առաջ մեծ կեցվածքում և attitude croisé կեցվածքում հաջորդող պտույտից) կատարվում է աշխատող ոտքով, որի թաթը ձգված վիճակում գտնվում է հատակին կամ 45°-ից 170° բարձրության վրա և թռիչքով (fouetté sauté): Այս բոլոր շարժումները տարբերվում են իրենց կատարման եղանակով և չեն պատկանում պտույտների շարքին։

Հնարավոր է, որ հենց այդպիսի մի շարժում է նկարագրել Ա. Պուշկինը «Եվգենի Օնեգին» վեպում։

Լ. Բլոկը իր «Դասական պար։ Պատմություն և այժմեականություն» հիմնարար աշխատությունում Պուշկինի տողերի իմաստը բցաատրել է այսպես. «Իստոմինան կանգնած է. նա մեկ ոտքով դիպչելով հատակին, մյուսով դանդաղ պտտվում է...»[2], հնարավոր է, որ դա Grand fouetté de face է։ «Դիպչելով» ակնհայտորեն բարձր կիսամատների վրա, «դանդաղ պտտվում է», տեղափոխելով ոտքը առջևից դեպի հետ, լայն կիսաշրջանով հնարավորություն էր տալիս Իստոմինային կատարել գեղեցիկ ապլոմբ, որը մշակվել էր Դիդլոյի կողմից։

Կատարման նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժումը սկսվում է préparation-ից` IV դիրքով, որտեղից էլ սկսվում է մեկական կամ կրկնակի pirouette en dehors-ը, որի ավարտին աշխատող ոտքը չի իջնում հատակին` IV կամ V դիրքով, այլ կողքի է բացվում` à la seconde դրության 60-90° բարձրության վրա, միաժամանակ հաջորդող հրման ժամանակ կատարվում է ծնկածալում (plié) հենվող ոտքի վրա, որից հետո կատարվում է սեփական առանցքի շուրջը հաջորդ պտույտը։

Պտույտի սկզբում աշխատող ոտքը ծալվում է և մոտենում է հենվող ոտքին` ստանալով passé դրությունը հետևից (մի ոտքի թաթը դիպչում է մյուս ոտքի սրնքամսին կամ ծնկին` հետևից), միաժամանակ, հրող ոտքը, ձգվելով ծնկի մասում, բարձրանում է կիսամատների կամ մատների (պուանտների) վրա։ Պտույտի ժամանակ ոտնաթաթն արագ շարժումով կատարելով petit battement` տեղափոխվում է passé առջևի դրություն, petit battement-ը կատարվում է միայն ոտնաթաթի ներքևի հատվածով, ազդրը մնում է անշարժ։

Պտույտի ժամանակ ձեռքերն անընդհատ բացվելով կողքի և հավաքվելով առաջին դիրքում` օգնում են մարմնին թափ հավաքել։ Այն բալետի պարուհին, որը լավ տիրապետում է ֆուետեի կատարման եղանակին, կարող է այլաձևել շարժումը` բարձրացնելով մի ձեռքը երրորդ դիրք, բացելով և փակելով հովհարը (ինչպես դա անում է Կիտրին «Դոն Կիխոտ» բալետում), սպիտակ թափքը կատարվում է մեկ ձեռքով, իսկ մյուս ձեռքը գեղեցիկ բռնում է պարաշորը կամ ընդհանրապես չի օգնում իրեն ձեռքերով և երկու ձեռքերն էլ պահում է գոտկատեղին։

Շարժումը կարող է բարդանալ զանազան միջոցներով, համակցության սկզբում և վերջում ավելացնելով կրկնակի պարաշրջաններ` պտույտի ընթացքում անընդմեջ փոխելով հայացքի ֆիքսման կետը (առանձին պտույտները կատարվում են 1 և 1/4 պտույտով կամ 1 և 1/2 պտույտով), ավելացնելով պիրուետներ այլ կեցվածքներում (à la seconde, attitude առաջ), ավելացնելով pas de bourrée en tournant, en dehors և en dedans, ինչպես նաև` պտույտներից մեկը թռիչքով կատարելով կամ, ինչն ավելի հազվադեպ է հանդիպում, պուանտներից չիջնելով (այս հմուտ հնարքը կիրառել է բալետմաստեր Ջորջ Բալանչինն իր «Սիմֆոնիա դո մաժոր» բալետի վերջնախաղում)։

Տարբեր դպրոցներում կան ֆուետեի կատարման տարբեր ձևեր, մասնավորապես որոշ արևմտյան դպրոցներում աշխատող ոտքը կատարման ընթացքում բացվում է passé դրությունից ոչ թե հստակ կողք, այլ գործնականորեն առաջ, ինչը հնարավորություն է տալիս կատարել demi-rond de jambe, որն էլ հավելյալ թափ է տալիս պտույտին։ Կա նաև այլ կատարման ձև, երբ յուրաքանչյուր ֆուետե փաստացի սկսվում է à la seconde կեցվածքից։ Այս դեպքում աշխատող ոտքը պտույտի կատարման սկզբում միաժամանակ ծնկում չի ծալվում, այլ հետ է ընկնում և մոտենում է ծնկին արդեն պտույտի կատարման ժամանակ, երբ կատարողի մարմնի բոլոր դիրքերը պտույտի ընթացքում տեղափոխվել են շրջանի որևէ հատված։

Ժամանակակից բալետի պարուհիները զգալիորեն բարդացրել են ֆուետեն։ Օրինակ, «Դոն Կիխոտ» ներկայացումից տպավորված «Կոմերսանտ» թերթը Նատալի Օսիպովայի ֆուետեն նկարագրել է այսպես.

«Երրորդ ակտի համար չտեսնված մի բան էր պահել` ֆուետե։ Այդպիսի բան ոչ ոք և երբեք չէր արել. առաջին տասնհինգը բոլորը կրկնակի էր, տասվեցը` եռակի (այսինքն` պտույտը 1080 աստիճան), մնացած տասնվեցը` երկու մեկական ու մեկ կրկնակի պտույտներով։ Եվ այդ ամբողջը` խելահեղ ռիթմով, բարձր պահած «աշխատող» ոտքով, առավելագույնը կես մետր առաջ մղելով[3][4]։

Երկար ժամանակ ֆուետեն պարտադիր բալետային տարրերի շարքում չէր. բալետային յուրահատուկ հնարք լինելով` պարտադիր չէր բալետային ներկայացումների խորեոգրաֆիկ հենքում և օգտագործվում էր միայն պրիմա-բալերինաներին փայլ տալու համար։ Այդ պատճառով բալետմաստեր, բալետի բարեփոխիչ Միխայիլ Ֆոկինը և մեծ բալերինա Աննա Պավլովան ֆուետեն չէին սիրում։

Մեր օրերում ֆուետեն մտնում է խորեոգրաֆիկ ուսումնարանների պարտադիր ծրագրի մեջ, օգտագործվում է դասական պարի պետական քննությունների ժամանակ և բալետային դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ որոշ չափով տիրապետում է դրա կատարման եղանակին։

Շարժումների պատմությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ֆուետեն հայտնվել է իտալացի վիրտուոզ բալենինաների զինանոցում։

32 ֆուետե առաջին անգամ կատարել է իտալացի հրավիրված պրիմա-բալերինա Պերինա Լենյանին։ Դա տեղի է ունեցել «Մոխրոտ» բալետի պրեմիերայի ժամանակ, Մարիինյան թատրոնի բեմում, 1893 թվականի դեկտեմբերի 5-ին, երաժշտությունը` ըստ Բորիս Ֆիտինգով-Շելի (բալետմաստերներ` Էնրիկո Չեկետի, Մարիուս Պետիպա և Լև Իվանով)։ Հանրությունը այնպես է ծափահարել Լենյանիին, որ նա կրկնել է 28 ֆուետե ևս։

Բալերինան 32 ֆուետե կատարել է նաև 1895 թվականի հունվարի 15-ին, «Կարապի լիճ» բալետի պրեմիերայի ամբողջական տարբերակում։

Շարժման գաղտնիքը բացահայտել է բալետմաստեր և ականավոր մանկավարժ Էնրիկո Չեկետին։

Բալերինան սկսելով ֆուետե կատարել` պետք է ընտրի դիտման կետ և պահի հայացքը կետի վրա։ Պտույտի ժամանակ գլուխը հետ է մնում մարմնից, այնուհետև շրջվում է` «առաջ անցնելով»։ Հակառակ դեպքում կատարողի մոտ կսկսվի գլխապտույտ և նա կարող է կորցնել հավասարակշռությունը։

Ֆուետե տարրը մեծ դեր է խաղացել բալետային պարաշորի հայտնվելու գործում. կատարման համար պահանջվում էր օսլայած կարճ «տյունիկ», որը կանգնում էր հորիզոնական և չէր խանգարում ոտքերի շարժմանը։

20-րդ դարի սկզբին դասական բալետում 32 ֆուետե կատարելը դարձել է պարտադիր պայման։

Հետաքրքիր փաստեր և առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի առասպել այն մասին, որ որոշ բալերինաներ երբեք բեմում ֆուետե չեն կատարել։ Բորիս Էյֆմանը «Վեստնիկ» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պատմել է.

«Ուլյանովան և Պլիսեցկայան «Կարապի լիճ» բալետում երբեք 32 ֆուետե չեն կատարել, նույնիսկ մեկ ուղղությամբ։ Դա կատարում էին ավելի հնարամիտ պարողները»[5]։ Միաժամանակ բոլորին հայտնի է, որ Մայա Պլիսեցկայան այս շարժումը կատարել է այլ բալետում, սակայն «Կարապի լիճ» բալետում Օդիլիայի դերը կատարելու ժամանակ նախընտրել է կոդայում կատարել պա դե դե շրջան` կազմված տոր պիկեներից (tours piqué), որն ավելի է համապատասխանում հերոսուհու բնավորությանը։

Մեր օրերում առանձին վիրտուոզ մենակատարները ոչ միայն բեմում կարող են կատարել որոշ քանակությամբ փոքր ֆուետե պտույտներ կիսամատների վրա, այլ նաև` ամբողջական «32 ֆուետե»։

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուետեն գեղարվեստական մարմնամարզությունում տեխնիկական տարր է։ Վարժություններում մարմնամարզիկը կարող է կատարել 2 և ավելի ֆուետե միևնույն ձևով կամ մեկ անգամ` ֆուետեների տարբեր ձևերի համադրությամբ, որն էլ իր բարդությամբ գնահատվում է 0-10 բալ` յուրաքանչյուր պտույտի համար։ Տղաների ֆուետեն օգտագործում են նաև չինական ակրոբատիկ բալետի արտիստները, որոնք հաջող կատարում են այս համարն իրենց յուրօրինակ «Կարապի լիճ» բեմադրությունում[6][7]։

Ֆուետե է կոչվում նաև ֆրանսիական բռնցքամարտում «Սավատ» կողային հարվածը։ Այս հարվածը կիրառվում է ստորին, միջին և վերին մակարդակներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русский балет: Энциклопедия» - Fouetté. — М.: «Большая Российская энциклопедия; Согласие», 1997. — С. 549. — 632 с. — 10 000 экз. — ISBN 5-85370-099-1
  2. Л.Д. Блок «Классический танец. История и современность» / вступительное слово В.Гаевского. — Рецензент: Пётр Гусев, Ред.коллегия: В.М.Красовская, Е.А.Суриц. — М.: "Искусство", 17.08.1987. — 556 с. — (Иллюстративный материал подобран сотрудниками Ленинградского государственного театрального музея и Ленинградской государственной театральной библиотеки им.Луначарского). — 25 000 экз.
  3. Татьяна Кузнецова. «Проба пары. Наталья Осипова и Иван Васильев станцевали "Дон Кихот"». Коммерсантъ. № 186 (3517) от 05.10.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  4. «Наталья Осипова - Фуэте, финал "Дон Кихота"». YouTube, 11.11.2009. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  5. Балет Эйфманна в Нью-Йорке Արխիվացված 2009-05-31 Wayback Machine // автор Виктор Снитковский, «Вестник» № 5(212), 2 марта 1999
  6. «В Москве состоится премьера акробатического балета «Лебединое озеро»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  7. Китайцы привезли в Москву «Лебединое озеро» 30.06.2008 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]