Ակրոբատիկա, մարմնամարզական վարժությունների տարատեսակ, ինքնուրույն մարզաձև։ Ակրոբատիկան զարգացնում է շարժումների համաձայնեցում, ճկունություն, ուժ, մշակում մարմնին տիրապետելու հմտություն, համարձակություն և վճռականություն։ Ակրոբատիկական վարժությունները նպաստում են ճիշտ կեցվածքի ձևավորմանը, անդաստակային ապարատի (հավասարակշռություն, տարածության մեջ կողմնորոշում) ֆունկցիաների կատարելագործմանը։
Օրգանիզմն ավելի լավ է հարմարվում արյան վերաբաշխմանը մարմնի տարբեր դիրքերի դեպքում։ Ակրոբատիկայի առանձին տարրեր կիրառվում են տիեզերագնացների, պարաշյուտիստների հատուկ ֆիզիկական պատրաստության, ինչպես նաև դպրոցներում երեխաների ֆիզիկական դաստիարակության և որպես օժանդակ միջոց՝ մարմնամարզիկների, ջրացատկորդների, ֆուտբոլիստների, հոկեյիստների մարզումների ժամանակ։
Երեխաներն ակրոբատիկայով կարող են մարզվել սկսած 8-10 տարեկանից՝ բժշկի թույլտվությամբ։ Մարզումների և մրցումների ժամանակ պահանջվում է կանոնավոր բժշկական հսկողություն։ Կարևոր է պահպանել ապահովության և ինքնաապահովման կանոնները, իսկ բարդ վարժություններ կատարելիս կրել հատուկ ապահովիչ գոտիներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 233)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։