Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջան
Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջան (թուրքերեն՝ Osmanlı İmparatorluğu yükselme dönemi), կայսերական Թուրքիայի պատմության շրջափուլ, որն ընդգրկում է Կոստանդնուպոլսի անկումից մինչև 16-րդ դարի երկրորդ կեսն (Սուլեյման Մեծի կառավարումը) ընկած ժամանակահատվածը[1]։ Սուլեյման I-ի գահակալման տարիներին կայսրությունը հասնում է իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի որոշ շրջաններին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն։ 1453 թվականին օսմանյան բանակը՝ սուլթան Մեհմեդ II-ի գլխավորությամբ, ռազմակալում է Կոստանդնուպոլիսը՝ վերջ դնելով դարերի պատմություն ունեցող Արևմտյան Հռոմեական կայսրության (Բյուզանդական կայսրության) գոյությանը։ Տեսականորեն, Կոստանդնուպոլսի անկումը համարվում է Օսմանյան կայսրության պատմության դասական ժամանակաշրջանի սկիզբը, երբ երկիրը վերածվում է տարածաշրջանային գլխավոր ռազմական ուժի։ Կոստանդնուպոլսի անկումից հետո, թուրքերը գրավում են Պելոպոնեսյան թերակղզին, իսկ 1461 թվականին՝ Տրապիզոնի կայսրությունը։ Մեհամեդին հաջորդում է իր որդին՝ Բայազիդ II-ը, ում օրոք կենտրոնական կառավարությունը կտրուկ թուլանում է։ Այնուամենայնիվ, Բայազիդը կարողանում է ճնշել Պարսկաստանում բռնկված է Սեֆյանների ապստամբությունը, որից հետո էլ վերջինս գահընկեց է արվում[2]։
Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջանի զարթոնքն ու ավարտը կապված է Սելիմ I-ի (ստացել է «Ահեղ» մականունը) անվան հետ։ Ներքաղաքական արկածախնդիր ժամանակներից հետո գահ բարձրացած Սելիմը ձեռնամուխ է լինում ներքին կարգուկանոնի հաստատմանը, բանակի վերազինմանը և արտաքին սահմանների ամրապնդմանը։ Սելիմ Ահեղը գրավում և կայսրությանն է միացնում հարավարևելյան Անատոլիան, Արևմտյան Հայաստանը, Արաբական թերակղզին և Եգիպտոսը։ Կառավարման վերջում Սելիմը նպատակ ուներ օսմանահպատակ տիրույթ դարձնել նաև Ալժիրը, սակայն 1520 թվականին վերջինիս հանկարծահաս մահվան պատճառով այս ծրագիրն իրականացնում են վերջինիս հաջորդները։ Սելիմ Ահեղի մահվամբ ավարտվում է Թուրքիայի պատմության դասական ժամանակահատվածը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունը դառնում է աշխարհի կարևորագույն աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը՝ զբաղեցրած հսկայածավալ տարածքով, զարգացող տնտեսությամբ և մարտունակ բանակով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստանդնուպոլսի անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեհամեդ II-ը 1444 թվականին դառնում է Օսմանյան կայսրության սուլթան՝ պատասխանատվություն ստանձնելով իր նախնինների կողմից գրավված թուրքական աշխարհակալության համար։ Նույն տարում լեհերն ու սերբերը համատեղ ռազմական գործողություններ են սկսում Օսմանյան կայսրության դեմ, որը կարճ ժամանակահատվածում վերածվում է բաց պատերազմի։ Նոյեմբերի 10-ին ուժերը բախվում են Բուլղարիայում, որտեղ տեղի ունեցած Վառնայի ճակատամարտում թուրքական բանակը տանում է ընդգծված հաղթանակ։ 1446 թվականի գարնանը Մուրադ II-ը մի քանի հազար հոգանոց բանակի գլխավորությամբ անցնում է Ռումելիայի սահմանը և Ջանդարլը Հալիլ փաշայի օժանդակությամբ վերստին զբաղեցնում օսմանյան գահը։ Նույն տարում տեղի է ունենում նաև ենիչերների ապստամբությունը, որի մասնակիցները պահանջում էին զրկել երիտասարդ փադիշահին գահից։ Մեհմեդ II-ը ստիպված լքում է Էդիրնեն և իր համախոհների հետ միասին վերադառնում Մանիսա։ 1451 թվականին Մուհամմեդը վերստին հաստատվում է օսմանյան գահին։
1453 թվականին Մեհամեդի բանակը ուղղություն է բռնում դեպի Բյուզանդական կայսրության շքեղագույն մայրաքաղաք Կոստանդնուպոլիս։ Շուտով թուրք հրոսակներն անցնում են Ոսկեղջյուրը և ներխուժում քաղաք։ Հերոսական դիմադրությունից հետո քաղաքը անձնատուր է լինում և նույն օրն էլ փակվում է դարերի պատմություն ունեցող Բյուզանդական կայսրության պատմության վերջին էջը։ Մեհամեդ II-ը նվաճված Կոստանդնուպոլիսը դարձնում է Օսմանյան կայսրության մայրաքաղաք և հենց այս իրադարձությամբ էլ սկսված է դասական ժամանակաշրջանի թուրքական պատմությունը։ Կոստանդնուպոլսի անկումից հետո Մեհամեդ II-ը շարունակում է ամրապնդել կայսրության դիրքերը Բալկանյան թերակղզում և Անատոլիայում․ 1454-1455 թվականներին թուրքական խառնիճաղանջ բանակը նվաճում է Սերբիան, 1458-1459 թվականներին՝ Պելոպոնեսը, 1461-ին՝ Տրապիզոնը իսկ 1463 թվականին՝ Բոսնիան։ 1463 թվականին Հունաստանի որոշ տարածքների հավակնության հողի վրա պատերազմ է բռնկվում Օսմանյան կայսրության և Վենետիկի հանրապետության միջև, որն ավարտվում է թուրքերի հաղթանակով։ 1475 թվականին օսմանյան բանակը ռազմակալում է Ղրիմ կղզին՝ ստեղծելով Ղրիմի խանությունը։ 1480 թվականին Մեհամեդի զորքերը ասպատակում են Ապենինյան թերակղզին, սակայն սուլթանի մահվան պատճառով այս արշավանքը ձախողվում է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Şahin, Kaya (2013). Empire and Power in the reign of Süleyman: Narrating the Sixteenth-Century Ottoman World. Cambridge University Press. pp. 4–5. ISBN 978-1-107-03442-6.
- ↑ Heywood, Colin (2009). "Mehmed II". In Ágoston, Gábor; Bruce Masters. Encyclopedia of the Ottoman Empire. pp. 364–8.