Օռլանդո Գիբոնս
| Օռլանդո Գիբոնս | |
|---|---|
| Բնօրինակ անուն | անգլ.՝ Orlando Gibbons |
| Ծնվել է | դեկտեմբերի 25, 1583[1] Օքսֆորդ, Անգլիա[2] |
| Երկիր | |
| Մահացել է | հունիսի 5, 1625[3][4][1] (41 տարեկան) Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա[2] |
| Գերեզման | Քենթերբերիի տաճար |
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, երգեհոնահար և կոմպոզիտոր |
| Գործիքներ | երգեհոն |
| Կրթություն | Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և King's College School? |
| Ստորագրություն | |
Օռլանդո Գիբոնս (անգլ.՝ Orlando Gibbons, դեկտեմբերի 25, 1583[1], Օքսֆորդ, Անգլիա[2] - հունիսի 5, 1625[3][4][1], Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա[2]), անգլիացի երգահան, երգեհոնահար և կլավեսինահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1583 թվականի դեկտեմբերի 25-ին Օքսֆորդում՝ երաժիշտների ընտանիքում։ 16-17-րդ դարերի ընթացքում նրա ընտանիքը տվել է երաժիշտների մի քանի սերունդ։ Սովորել է եղբոր՝ Էդուարդ Գիբոնսի մոտ՝ Քեմբրիջի Արքայական քոլեջում, որի երգչախմբում էլ երգել է 1596-1598 թվականներին։ 1605-1625 թվականներին եղել է Լոնդոնի Արքայական կապելլայի երգեհոնահարը։
Նա առաջին անգլիացի երաժիշտն էր, որ 1606 թվականին Քեմբրիջի համալսարանում ստացել է գիտական աստիճան։ 1622 թվականին Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է երաժշտության դոկտորի կոչում։
1619 թվականից եղել է թագավորական կամերային երաժիշտ- վյորջինալահար: 1623 թվականից դարձել է Վեսթմինսթերյան աբբայության երգեհոնահարը։ Վախճանվել է Քենթերբերիում 1625 թվականի հոկտեմբերի 5-ին:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիբոնսը հիմնականում հորինել է եկեղեցական երաժշտություն՝ 40 անտեմներ (որոշները հատվածաբար են պահպանվել), սաղմոսներ, հիմներ (այդ թվում՝ Te Deum) և այլ պիեսաներ՝ անգլիկան եկեղեցու ժամերգության համար (հատկապես այպես կոչված «կրճատված» անգլ.՝ Short Service) ինչպես ակապելլա, այնպես էլ նվագարանների՝ երգեհոնի և կոնսորտի ուղեկցությամբ։ Դրանցում Գիբոնսը զարգացրել է Ջ. Թավերների, Թոմաս Թալլիսի և Ուիլյամ Բյորդի բազմաձայն ոճը։ Գիբոնսի երաժշտությանը հատուկ էին դեմոկրատիկությունը և պատկերների ճկուն մարմնացումը։ Գիբոնսը եղել է Հենրի Պյորսելի ամենանշանակալի նախորդներից։ Գիբոնսի մի շարք ստեղծագործություններ չեն հրատարակվել (պահպանվել են ձեռագիր)։
Թեև կենդանության օրոք Գիբոնսը համարվել է եկեղեցական երաժիշտ, բայց այժմ ավելի հաճախ են կատարում նրա աշխարհիկ երաժշտությունը։ Գործիքային երաժշտության ոլորտում նա թողել է ստեղծագործություններ (ֆանտազիաներ, պարային պիեսաներ,վարիացիաներ) անգլիական տարատեսակ սպինետի՝ այսպես կոչված վյորջինալի և բազմատեսակ լարային գործիքների նվագախմբի համար։ Վոկալ երաժշտության մեջ նա աշխատել է մոտետի և մադրիգալի ժանրերում։ Գիբոնսյան մադրիգալի ոճում նկատելի են անգլիական, շոտլանդական և իռլանդական ազգային երաժշտության տարրեր, ինչպես նաև իտալական մադրիգալի ազդեցությունը։
Գիբոնսի հրատարակված ստեղծագործությունների շարքում են վեց պիեսաներ վյորջինալի համար, որոնք ընդգրկվել են «Պարֆանիա» ժողովածուներում ( (անգլ.՝ Parthenia, 1611 թվական, վերահրատարակված 1843-1844 թվականներին), հնգաձայն մադրիգալների, ձայնի և ջութակի համար մոտետների հավաքածուն (1612 թվական), 2 անտեմներ, որոնք ընդգրկվել են Լեյտոնի «Արցունքներ կամ Գանգատներ» ժողովածուի մեջ(1614 թվական), 9 եռաձայն ֆանտազիաներ՝ հրատարակված 1610 և 1625 թվականներին, 5 անտեմներ, 2 ժամերգություն և աղոթք՝ Սուրբ Երրորդության օրվան նվիրված։ Սուրբ Երրորդության օրվան նվիրված աղոթքը ընդգրկվել է Բերնարդի «Ընտրագույն եկեղեցական երաժշտություն» (անգլ.՝ Selected church music, 1641 թվական) ժողովածուի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118717294 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օռլանդո Գիբոնս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1583 ծնունդներ
- Հունիսի 5 մահեր
- 1625 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Անգլիացի երաժիշտներ
- Անգլիացի երգեհոնահարներ
- Անգլիացի կոմպոզիտորներ
- Բրիտանացի երգահաններ
- Բրիտանացի երգեհոնահարներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Վերածննդի կոմպոզիտորներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ