Մադրիգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մադրիգալ (այլ կիրառումներ)

Մադրիգալ (ֆրանսերեն madrigal - երգ մայրենի լեզվով՝ ի տարբերություն լատինական օրհներգությունների), Վերածննդի դարաշրջանի աշխարհիկ երաժշտական-բանաստեղծական ժանր։ Սկզբնավորվել է ժողովրդական բանաստեղծությունից, իտալական հին հովվական երգերից։ 14-րդ դարում մադրիգալը ի հայտ է եկել իտալական պրոֆեսիոնալ պոեզիայում որպես հովվերգական բնույթի (տես Հովվերգություն) երգվող բանաստեղծություն։ Վաղ շրջանի մադրիգալը պոլիֆոնիկ 2-3-ձայնանի քառյակային կառուցվածքի վոկալ-գործիքային ստեղծագործություն էր (կրկներգով), գլխավորապես՝ սիրային-քնարական, նաև կենցաղային, դիցաբանական և այլ բովանդակությամբ, 16-րդ դարի 4-5-ձայնանի վոկալ պոեմ՝ առանց գործիքային նվագակցության։ Մադրիգալի վարպետներ էին բանաստեղծներ Ֆ.Պետրարկան, Զ.Բոկաչչոն, Տ.Տասսոն, կոմպոզիտորներ Ֆ.Լանդինոն, Օ.Լասսոն, Ջ.Պալեստրինան, Կ.Մոնտեվերդին։ 17-18-րդ դարերում մադրիգալը հաճոյախոսական-սիրային բանաստեղծություն էր, 18-րդ դարում և 19-րդ դարի սկզբին՝ սալոնային-ալբոմային ոտանավոր։ Հայ իրականության մեջ բովանդակության նմանությամբ մադրիգալ կարելի է համարել Վահան Տերյանի «Կատվի դրախտ», Եղիշե Չարենցի «էմալե պրոֆիլը Ձեր» շարքերը։ 19-րդ դարում մադրիգալը նորից ներգրավվել է կոմպոզիտորական (Պ.Հինդեմիթ, Ի.Ստրավինսկի, Բ.Մարտինու) և համերգային-կատարողական պրակտիկայի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 129 CC-BY-SA-icon-80x15.png