Տրիասի ժամանակաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տրիասից)
Jump to navigation Jump to search

Տրիասի ժամանակաշրջան (սիստեմ), տրիաս, մեզոզոյան խմբի առաջին (ստորին) սիստեմը, որը համապատասխանում է Երկրի երկրաբանական պատմության մեզոզոյան, դարաշրջանի առաջին ժամանակաշրջանին։ Հաջորդում է պերմի ժամանակաշրջանին և նախորդում յուրայի ժամանակաշրջանին։ Տրիասի ժամանակաշրջանը ըստ ռադիոլոգիական տվյալների, սկսվել է 230 մլն տարի առաջ և տևել մոտ 35 մլն տարի։ Անվանումը ծագել է հունարեն՝ ίριας բառից՝ երեք, եռյակ, քանի որ այն միավորում է Կենտրոնական Եվրոպայի նստվածքների երեք համալիր՝ խայտաբղետ ավագաքար, խեցային կրաքար և խայտաբղետ մերգել (կեյպեր), որոնք դարձել են ստորին, միջին և վերին բաժինների հոմանիշներ։ Տրիասի սկզբին Արևմտյան Եվրոպայի, Ասիայի (Ուրալ-Տյանշանյան և Մոնղոլա-Օխոտյան գոտիներ), Հյուսիսային Ամերիկայի և Արևելյան Ավստրալիայի հերցինյան գեոսինկլինալային կառուցվածքները վերածվել են երիտասարդ պլատֆորմների․ նրանք Հյուսիսային կիսագնդում Լավրասիան միավորել են մի ամբողշության մեջ, իսկ Հարավային կիսագնդում միացել Գոնդվանային։ Խիստ նեղացած Միջերկրածովյան գեոսինկլինալային գոտին բաժանել է այդ երկու պլատֆորմները, իսկ Կորդիլիերաները և Արևելա-Ասիական գեոսինկլինալ մարզերը շրջափակել են նրանց արևմուտքից և արևելքից։ Տրիասում պլատֆորմներին մոտավորապես համընկնող ցամաքները գերակշռում էին ծովային ավազաններին, որոնք չնչին բացառությամբ համապատասխանում էին գեոսինկլինալներին։ Տեկտոնական շարժումները թույլ են դրսևորվել և ունեցել են միայն տեղական նշանակություն։ Պերմի երկրորդ կեսում սկսել են անհետանալ բույսերի և կենդանիների պալեոզոյան խմբերը։ Պերմի վերջում և հատկապես Տրիասի ժամանակաշրջանի սկզբում հանդես են եկել բույսերի և կենդանիների նոր (մեզոզոյան) տեսակներ, որոնք Տրիասի ժամանակաշրջանի ընթացքում գոյակցում էին հին ձևերի հետ և միայն Տրիասի ժամանակաշրջանի վերջից կամ յուրայի սկզբից դարձել են տիրապետող։ Տրիասի ժամանակաշրջանի առաջին կեսում ցամաքի բուսական աշխարհը շատ բանով մոտ էր վերին պերմին՝ անհետացել էին պալեոզոյում գերակշռող փայտանման գետնամամռակերպերը, կալամիաները, ձարխոտերը, հին փշատերևների մեծ մասը և այլն։ Դրա հետ կապված արմատապես փոխվել էր բուսականության տեսքը, չնայած բույսերի նոր խմբեր դեռ չէին հայտնվել։ Բույսերի հիմնական մեզոֆիտային խմբերը (ձարխոտեր, սագոյենիներ, բենետիրներ, գինկգոներ, մեզոֆիտային փշատերևներ) զգալի քանակություններով հայտնվում են Տրիասի ժամանակաշրջանի երկրորդ կեսում, սակայն մինչև Տրիասի ժամանակաշրջանի վերջը դեռ մեծ է եղել հին խմբերի դերը։ Ծովերում կարևոր նշանակություն են ունեցել խութ առաջացնող ջրիմուռները։ Կենդանական աշխարհին բնորոշ է սողունների բազմացումը, որոնք հարմարվել էին ցամաքային և ծովային կյանքին։ Հայտնվում են մեզոզոյին բնորոշ արխեոզավրերը, իխտիոզավրերը, սինենդոզավրերը, լեպիդոզավրերը, կրիաները։ Տրիասի ժամանակաշրջանի վերջում հանդես են եկել իսկական ոսկրավոր ձկները և առաջին կաթնասունները։ Քաղցրահամ ջրավազանները բնակեցված էին մանր խեցգետնակերպերով՝ խեցավորներով, ֆիլոպոդներով։ ԽՍՀՄ–ում Տրիասի ժամանակաշրջանի նստվածքներ հայտնի են հարավում և Արևելքում, ինչպես նաև Հյուսիս-արևելքում։ Կարպատներում զարգացած են կրաքարեր և մերգելներ, Ղրիմում՝ ավազաթերթաքարային նստվածքներ, Անդրկովկասում՝ առավելապես կարբոնատային հաստվածքներ, Մանգշլակում՝ տերիգեն նստվածքներ և այլն։ Տրիասի ժամանակաշրջանի հետ ԽՍՀՄ–ում կապված են քարածխի և գորշ ածխի, նավթի ու գազի, կապարացինկային և այլ հանքավայրեր։ Տրիասի նստվածքները ՀԽՍՀ-ում ունեն սահմանափակ տարածում, հայտնի են միայն Վայոց ձորում և ներկայացված են կրաքարերով, ածխային թերթաքարերով ու ավազաքարերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png