Վիլեն Ազատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլեն Ազատյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1931 (93 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Institute of Structural Macrokinetics and Materials Science? |
Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Հայր | Վաղարշ Ազատյան |
Վիլեն Վաղարշի Ազատյան (մարտի 24, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ֆիզքիմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութաբանության ինստիտուտի շղթայական հետերաֆազ պրոցեսների լաբորատորիայի վարիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլեն Վաղարշի Ազատյանը ծնվել է 1931 թվականի մարտի 25-ին Երևանում։ Հայրը՝ Վաղարշ Ազատյանը, եղել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետի դեկանը։ Մայրն աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին ավարտել է Երևանի № 29 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսանելու է մեկնել Մոսկվա և 1954 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։
1959 թվականին ավարտելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան՝ նա աշխատանքի է անցել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտում՝ անմիջականորեն աշակերտելով ակադեմիկոսներ Վ. Վ. Վոևոդսկուն և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ն. Ն. Սեմյոնովին։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է կրտսեր գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող և լաբորատորիայի վարիչ։ Վիլեն Ազատյանը Ն. Ն. Սեմյոնովի լաբորատորիայում կատարել է մեծանուն գիտնականի տեղակալի պարտականությունները։ Իսկ 1988 թվականից Ազատյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութաբանության ինստիտուտի շղթայական հետերաֆազ պրոցեսների լաբորատորիայի վարիչն է։
Վիլեն Ազատյանը գիտությունների թեկնածուի աստիճանը ստացել է 1963 թվականին իսկ դոկտորի գիտական աստիճանը՝ 1978 թվականին։ 1985 թվականին նա ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 2000 թվականին Վիլեն Ազատյանն ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
Ստեղած մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1970-ական թվականները Վ. Ազատյանի գիտական աշխատանքները նվիրված էին ճյուղավորված շղթայական ռեակցիաների տեսությանը, ակտիվ միջանկյալ մասնիկների հայտնաբերմանը և դրանց ռեակցիաների ուսումնասիրմանը։ Միաժամանակ նա զբաղվում էր շղթայական ռեակցիաների օգտագործմամբ կիսահաղորդչային և դիէլեկտրիկ թաղանթներ ստանալու մեթոդների ստեղծմամբ։
Բարձր որակի թաղանթներ ստանալու մեթոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ընթացքում է ստեղծվել ցածր ջերմաստիճաններում դիէլեկտրիկ և կիսահաղորդչային բարձր որակի թաղանթներ ստանալու մեթոդը, որը թույլ տվեց 3600-ով իջեցնել տեխնոլոգիական ջերմաստիճանը։ Մեթոդը թույլ է տալիս բարձր ջերմաստիճաններում թաղանթներ ստանալ անկայուն նյութերի վրա։
Ոչ իզոթերմիկ ռեակցիաների տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականներից սկսած՝ Վիլեն Ազատյանը մշակում է ոչ իզոթերմիկ ռեակցիաների տեսությունը։ Այդ աշխատանքներում բացահայտված են գազերի այրման և պայթյունների հիմնական գործոնները։ Ցույց է տրված, որ, ի հակադրություն նախկինում ընդունված պատկերացումների, ճյուղավորված ռեակցիայի շղթայական մեխանիզմը որոշիչ ֆակտոր է գազերի այրման պրոցեսներում։ Եվ ոչ միայն այն ճնշումներում, որոնք մթնոլորտային ճնշումից հարյուրավոր անգամներ ցածր են, այլև ավելի բարձր ճնշումներում, որը կարևոր է տեխնիկայում։ Դրա հիման վրա գիտնականը ստեղծեց այրումը, պայթյունը և դետոնացիան կառավարելու մեթոդները։ Դրանց էությունը հատուկ փոքր խառնուրդների օգնությամբ ռեակցիոն շղթաների խզումն արագացնելն էր։
Առաջարկված մեթոդները փորձարկվել են ջրածնի, մեթանի և սինթեզ գազի այրման և դետոնացիայի օրինակներով։ Համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովներն իրենց հավանությունն են տվել առաջարկվող մեթոդներին և դիմել կառավարությանը, որպեսզի այդ մեթոդները կիրառվեն ածխահանքերում և ատոմակայաններում՝ հնարավոր պայթյունները կանխելու համար։
Կեմերովոյում կատարված փորձարկումներից հետո առաջարկված մեթոդն արժանացել է մարզի ղեկավարության բարձր գնահատականին։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլեն Ազատյանը մոտ 500 տպագրված գիտական աշխատանքների և ավելի քան 30 հայտնագործությունների հեղինակ է, երկու մենագրություն է լույս ընծայել պրոֆեսոր Ե. Տ. Դենիսովի հետ, որոնցից մեկը տպագրվել է Լոնդոնում։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 25 թեկնածուական ատենախոսություն, իր աշակերտների պաշտպանած 6 դոկտորական ատենախոսությունների խորհրդատուն է։
Վ. Ազատյանի աշխատանքներին ակտիվ կերպով մասնակցում են մի շարք ինստիտուտներ և ձեռնարկություններ, այդ թվում՝ ավիացիոն շարժիչների կենտրոնական ինստիտուտը, որի հետ համատեղ աշխատանքների արդյունքները զեկուցվել են Տոկիոյում, Բուենոս Այրեսում, Հակահրդեհային պաշտպանության ինստիտուտը (միջազգային մրցանակ Անգլիայում), Ռուսաստանի Դաշնության միջուկային կենտրոնը, Մ. Պլանկի անվան ինստիտուտը (Գերմանիա) և այլն։
Վ. Ազատյանն անդամ է միջազգային այրման ինստիտուտի (ԱՄՆ), Ռուսաստանի ԳԱ նախագահությանը կից այրման և պայթյունների գիտական խորհրդի բյուրոյի “Кинетика и катализ”, «Журнал физической химии РАН» ամսագրերի և «Self-Propagating High-Temperature Synthesis» միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիաների, տեսական և կիրառական քիմիայի միջազգային կազմակերպության (IUPAC)։ Վիլեն Ազատյանի աշխատանքներն արժանացել են Ռուսաստանի Դաշնության կառավարական պարգևների։
Վ. Ազատյանի ղեկավարությամբ կատարված և պաշտպանված ատենախոսություններից երեքի հեղինակները ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ են։ Համագործակցությունն այդ ինստիտուտի հետ շարունակվում է։ Անվանի գիտնականը համագործակցում է նաև ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի հետ[1][2]։
Պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվի առնելով Վիլեն Վաղարշի Ազատյան գիտնականի համաշխարհային ճանաչումը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնարար և կիրառական քիմիայի միջազգային միության, Այրման միջազգ. ինստ-ի, ՌԳԱ նախագահության այրման և պայթյունի գիտական խորհրդի բյուրոյի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 24 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայ պրոֆեսորներ
- Խորհրդային քիմիկոսներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Հայ ֆիզքիմիկոսներ