Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց
Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1934 |
Անվանված է | Անդրանիկ Մարգարյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Կենտրոն, Սարյան փողոց, 23 շենք |
Կայք | school-29.weebly.com |
Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց, 1934 թվականին հիմնադրվել է որպես Մովսես Արազու անվան դպրոց։ 1939 թվականին շենքի երրորդ հարկը զբաղեցրել է Չկալովի անվան թիվ 30 դպրոցը, որի համար 1974 թվականին 29 դպրոցին կից կառուցվեց նոր մասնաշենք։ 2005 թվականին երկու դպրոցները միավորվեցին, 2010 թվականին դպրոցը կոչվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցի առաջին հարկը ծառայել է որպես հոսպիտալ, իսկ ուսուցիչներն ու աշակերտները խնամել և օգնել են հիվանդներին, շրջանավարտներից շատերը կամավոր մեկնել են ռազմաճակատ։ Պատերազմի առաջին իսկ օրերին ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Գրիգոր Սամվելյանը 9-10-րդ դասարանների աշակերտների հետ մեկնել է ռազմաճակատ։ Նա հասել է մինչև Բեռլին, և Ռեյխստագի պատերի տակ պարել հայկական նշանավոր «Քոչարին»։ 1950 թվականին տասներորդ դասարանի 24 աշակերտներից 12-ը մեդալակիրներ էին։
Երկու դպրոցների աշակերտներն ակտիվորեն մասնակցել են քաղաքային շաբաթօրյակներին, բազմաթիվ ծառեր տնկել Երևանի «Հաղթանակ» զբոսայգում։ 1960-ական թվականներին Չկալովի անվան դպրոցը տվել է 12 ակադեմիկոսներ՝ գերակշռող մասը ֆիզիկոսներ։ Դպրոցը տվել է նաև նշանավոր արվեստագետներ, որոնցից են Արմեն Ջիգարխանյանը և Էդմոնդ Քեոսայանը։
1991 թվականին թիվ 29 դպրոցում բացվեցել են ռուսաց լեզվի ուսուցմամբ դասարաններ, որոնցից ութում սովորել է հիսուն աշակերտ։ 2012- 2013 թթ. ուս-տարում նույն դպրոցն արդեն ավարտեցին տասնհինգ դասարանների աշակերտներ (8 դասարաններ՝ ռուսաց լեզվի ուսուցմամբ)։
2011 թվականին սկսվեց դպրոցի հիմնանորոգումը։ Երկու տարով ուսուցիչներն ու աշակերտները տեղափոխվեցին Ստեփան Շահումյանի անվան դպրոց։ Դպրոցը տվել է հազարավոր շրջանավարտներ, որոնց մեջ առկա են ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, ձեռնարկության ղեկավարներ, բժիշկներ, ուսուցիչներ, զինվորականներ, գիտության և մշակույթի գործիչներ, որակյալ բանվորներ[1]։
2013 թվականին դպրոցի առջև տեղադրվել է Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին[2]։