Նելսոն Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նելսոն Ստեփանյան | |
---|---|
մարտի 15 (28), 1913[1] - դեկտեմբերի 14, 1944[2][1] (31 տարեկան) | |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահվան վայր | Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր |
Կոչում | փոխգնդապետ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Բաքվի Ս. Օրջոնիկիձեի անվ. ռազմա–հետևակային դպրոց (1930)[1] և Կրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1935)[1] |
Պարգևներ |
Նելսոն Գևորգի Ստեփանյան՝ (մարտի 15 (28), 1913[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 14, 1944[2][1], Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ օդաչու։ Խորհրդային Միության կրկնակի հերոս[3]։ Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է հակառակորդի 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 հակառակորդի հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։
Մինչև պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում։ Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ։ Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում։
1932 թվականին ավարտել է Սերգո Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը։ 1935 թվականին ավարտել է Բատայսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու։ 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում։
Արևելյան ռազմաճակատի (1941-1945) տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևծովյան նավատորմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) երկրորդ օրը զորակոչվել է ԽՍՀՄ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա։ 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է «Ил-2» գրոհիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին։ 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից։
Լենինգրադի պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը։ Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար։ Լենինգրադի մատույցներում իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր։
Ղրիմի օպերացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ (հետագայում «Թեոդոսիական») գրոհային ավիագնդի հրամանատար։ Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի օդային շրջանում։ Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին։ 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 «Ил-2» ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա։ Մայիսի 22-ին մասնակցում է հակառակորդի շարասյան կործանմանը։ Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում։
Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 հակառակորդի զինվոր և սպա։
Բալթյան ռազմաճակատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում «ցուցաբերած խիզախության համար»։
1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լիեպայայի նավահանգստի ռմբակոծմանը։ Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից։ Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի հակառակորդի նավը։
Հերոսի հիշատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նելոսն Ստեփանյանի հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լիեպայայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը հետագայում ավերվել է ադրբեջանական կողմից։ Լիեպայայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ։
1954 թվականից Երևանի թիվ 71 դպրոցը կրում է նրա անունը։
-
Նելսոն Ստեփանյանի կիսանդրին Ստեփանակերտում
-
Նելսոն Ստեփանյանի հուշատատախտակը Երևանի թիվ 71 դպրոցի պատին
-
Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը Երևանում
Փաստա-գեղարվեստական գրքեր Նելսոն Ստեփանյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զարյան Նաիրի «Ցասման զավակը», Երևան, 1942, 76 էջ։
- Զարյան Նաիրի «Սովետական Միության հերոս, կապիտան Նելսոն Ստեփանյան», Երևան, 1943, 48 էջ։
- Իսակով Իվան «ՍՍՀՄ ռազմածովային նավատորմը Հայրենական Մեծ պատերազմում», Երևան, 1946, 181 էջ։
- Պողոսյան Զավեն «Կապույտ անհունի բազեները», Երևան, 1967, 139 էջ։
- Վարդանյան Նիկոլայ «Այրվող հորիզոններ», Երևան, 1969, 148 էջ։
- Վարդանյան Նիկոլայ «Թռիչք դեպի անմահություն», Երևան, 1986, 244 էջ։
- Բալայան Զորի «Թևեր (վիպակ)», Երևան, 1988, 352 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Степанян Нельсон Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Газета «Бакинский рабочий» от 9 марта 1945 года
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մալխասյան Արմո «Սովետական բանակի հայ գործիչները», Երևան, 1965, էջ 613–623:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 11, Երևան, 1985, էջ 130։
- Հարությունյան Կլիմենտ «Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյան (Ծննդյան 100 ամյակի առթիվ)», «Պատմաբանասիրական հանդես», Երևան, ՀՀ ԳԱԱ, 2013, թիվ 1, էջ 44–53:
- Նելսոն Ստեփանյան (հոդվածների ժողովածու), Երևան, 2015, 164 էջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոց
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նելսոն Ստեփանյան
- Կլիմենտ Հարությունյան, Խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Գևորգի Ստեփանյան, - http://hpj.asj-oa.am/5830/1/2013-1%2844%29.pdf Արխիվացված 2018-04-17 Wayback Machine
- Նելսոն, փաստագրական ֆիլմ - https://www.youtube.com/watch?v=7DF6-7dbdRg
- Газета «Бакинский рабочий» от 9 марта 1945 года
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելսոն Ստեփանյան» հոդվածին։ |
|
- Մարտի 28 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Դեկտեմբերի 14 մահեր
- 1944 մահեր
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Հայ օդաչուներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ