Սուննի իսլամ
Սուննի իսլամ (ծագում է՝ արաբ․՝ أهل السنة Ահլ աս-Սուննա - «սուննայի մարդիկ»), հետևորդների թվաքանակով իսլամի ամենամեծ հոսքը։ Սուննի իսլամը իր հերթին բաժանվում է մի շարք այլ փոքր հոսքերի, որոնք տարբերվում են աղոթքի կատարման պրոցեսով, այլակրոն մարդկանց նկատմամբ վերաբերմունքով, տոներով և այլն։
Թվաքանակով սուննի մուսուլմաններն այժմ կազմում են մեկ միլիարդ մարդ[1] - բոլոր մուսուլմանների 90 %-ը[2]։
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուննի անվանումը ծագում է ահլ աս սուննա վալ ջամա‘ա ինքնանվանումից, որի առաջին մասը՝ ահլ աս սուննա, մատնանշում է Մուհամեդ մարգարեի և նրա հետնորդների ճանապարհի հետևում, քանի որ սուննա նշանակում է ճանապարհ: Սուննի իսլամականների համար Ղուրանը և Սուննան համարվում են իրենց կրոնի նախահիմքը, նրանք տարբեր խնդիրներ լուծում են Ղուրանի այաթների (Ղուրանի կառուցվածքային նվազագույն միավոր) և հադիսների միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սեփական վերլուծական մտքի միջոցով: Անվանման երկրորդ մասը՝ վալ ջամա‘ա, ենթադրում է համայնքի և հետևորդների կողմից մարգարեի առաքելության ճանաչումը և նրա մեթոդի հետևումը տարբեր հարցեր լուծելու ժամանակ: Առաջին անգամ ջամա‘ա եզրը հայտնի է դարձել Հասան իբն Ալիի կողմից Մուավիայի խալիֆայության տիրապետության շրջանում: Քաղաքացիական պատերազմի ավարտի տարին պատմության մեջ մտել է միասնության տարի (սանաթ ալ ջամա‘ա) անվանումով[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհամմադ մարգարեի և առաջին երեք ուղղահավատ խալիֆների կյանքի ժամանակաշրջանում մուսուլմանական համայնքը (ումմա) եղել է միասնական: 656 թվականին Ուսման խալիֆի սպանությունից հետո մուսուլմանական համայնքում տարաձայնություններ են առաջացել, որն ավելի է խորացել Ալի իբն Աբի Տալիբի և Մուավիայի հակամարտության ժամանակ: Խալիֆայության ընդարձակումից հետո որոշ ժողովուրդներ, որոնք ընդունել էին իսլամ, փորձել են իսլամական հավատի դոկտրինայի մեջ մտցնել իրենց նախկին հավատալիքների տարրեր: Դա նպաստել է կրոնի հետևորդների շրջանում աղանդավորության ու ծայրահեղությունների զարգացմանը, որն էլ իր հերթին հանգեցրել է հասարակության տարանջատվածությանը: Աղանդավորների ու ծայրահեղականների դեմ հանդես են եկել շատ հետևերդներ (թաբիիններ), որոնք կողմ են եղել հավասարակշռված ուղուն: Այս ուղղության հիմնադիրներ կարելի է համարել Իբն Ումարային, Իբրահիմ ան Նահաիին, Հասան ալ Բասրիին, Աբու Հանիֆային և արաբ այլ աստվածաբանների[3]:
Չափավորների համակարգման գործում մեծ դերակատարում է ունեցել երդվյալ սուննիական Հասան ալ Բասրին, որը ներկայացրել է քաղաքական հարցերի և աղանդավորության իր այդ տեսությունը: Նա քննադատության է ենթարկել Օմայանների արքայատոհմի կառավարումը: Հասան ալ Բասրին հայտնել է իշաանությունը պահպանելու արգելքի մասին, ինչը հակասում է Ղուրանի և սուննայի դրույթներին: Այս հայտարարությունը նա արել է՝ հիմնվելով Մարգարեի մասին հադիսին, որտեղ արգելվում է ենթարկվել այն մարդկանց իշխանությանը, որոնք մեղք են գործում Ալլահի նկատմամբ: Նա եղել է հանդուրժողականության և պասիվ դիմադրության կողմնակից՝ կոչ անելով հենվել Ալլահի օգնությանը, ոչ թե իշխողների նկատմամբ զինված դիմադրություն կազմակերպելուն: Ընդ որում, մուսուլմանները պետք է գործեն միայն իսլամի աստվածաբան Ֆակիհի գրությունների համապատասաան՝ խուսափելով ինքնագործունեությունից[3]:
Հասան ալ Բասրին նաև կոշտ դիրքորոշում է ունեցել մութազիլիականության հիմնադիր Վասիլ իբն Աթայի հանդեպ, որը ներկայացրել է մեծ մեղքեր գործած մարդկանց հանդեպ իր հայացքները: Ծայրահեղական շիաների և հարիջիթների աշխարհայացքը, որոնք մեղք գործած մարդկանց համարում էին իսլամի գրկից դուրս եկածներ, նա նույնպես մերժել է: «Հավասարակշռված» ուղղությունը և միասնական ու մաքուր հավատը մատնանշելու համար աղանդավորությունն ու քաղաքացիական դիմադրությունը Հասան ալ Բասրիի ժամանակաշրջանում կիրառել են ահլ ալ սուննա, ահլ ալ հակ, ահլ ալ ջամա‘ա, ահլ ալ հադիս եզրերը: Ահլ ալ սուննա եզրն առաջին անգամ կիրառել է Իբն Սիրինը (մահացել է 728 թվականին), որը սկսել են կիրառել մուսուլմանների ուղղահավատ մեծամասնությունը նշելու համար: Սուննի իսլամականների համար կիրառվել է նաև ահլ ալ հակ վա լ ջամա‘ա եզրը, որ ներմուծել է Աբու ալ Լեյս աս Սամարղանդին (մահացել է 898 թվականին): Սկսած երկրորդ դարից՝ հիջրան մատնանշելու համար սուննիականները կիրառել են նաև ահլ ալ հակ ալ իստիկամա, ահլ աս սուննա վա ն նակլ, ասհաբ ալ հադիս անվանումները: Ավելի ուշ Մուհամմադ մարգարեի ուղու հետևորդ մուսուլմանների մեծամասնությունը նշելու համար կիրառվել է ահլ աս սուննա վալ ջամա‘ա եզրը, որն առաջին անգամ հանդիպում է Աբու ալ Լեյս աս Սամարղանդիի «Աշ Շարհ ալ ֆիկհ ալ աքբար» աշխատությունում[3]:
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Փյու հետազոտական կենտրոնի (անգլ.՝ Pew Research Center) տվյալներով 2010 թվականին աշաարհում գոյություն է ունեցել 4.62 միլիարդ մուսուլման, որի 85-90 %-ը պատկանել է սուննի ուղղությանը[4][5]:
Սուննի իսլամի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուննի իսլամը շեշտադրում է կատարում Մուհամմադ մարգարեի սուննայի (այստեղ ներկայացված են նրա գործունեությունը, խոսքերը) հետևմանը, ավանդույթների պահպանմանը, համայնքի մասնակցությանը խալիֆի ընտրությանը: Սուննի իսլամին պատկանելու հիմնական բաղադրիչներն են.
- Հադիսի հիմնական վեց ժողովածուների (Ալ Կուտուբ աս Սիտա) գերակայության ընդունումը (դրանք կազմել են Ալ Բուաարին, Մուսլիմը, Ատ Տիրմիզին, Աբու Դաուդը, Ան Նասաին և Իբմն Մաջին)
- Իրավաբանական չորս դպրոցների ընդունումը՝ Մալիքիական մազհաբ, Շաֆիթական մազհաբ, Հանաֆիական մազհաբ, Հանբալյան մազհաբ
- Աքիդայի դպրոցի ընդունում՝ ասարիա, աշարիականություն, մատուրիդիզմ
- Ուղղահավատ խալիֆների կառավարման օրինականության ընդունում (իբադիտներն ընդունում են միայն Աբու Բաքրին և Ումարին, իսկ շիա իսլամականները՝ միայն Ալիին):
Հայտնի չէ, թե երբ է ձևավորվել սուննիզմ եզրը, սակայն շիայի համեմատությամբ սուննիզմն ունի ավելի հստակ բովանդակություն. այն հետևում է Մուհամմադ մարգարեի կյանքի ուղուն: Շիա իսլամը որպես մուսուլմանական համայնքի աշխարհիկ ղեկավար ընդունում է միայն Ալիի հետնորդների իրավունքը:
Հադիսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլամի տարածման առաջին դարերում հադիսների մեծ մասը, որոնցից բաղկացած է Սուննան, տարածվել են բանավոր եղանակով առաքյալների կողմից, որոնք վերապատմել են Մուհամմադ մարգարեի խոսքերն ու մեկնաբանել նրա գործերը, իսկ աշակերտներն իրենց հերթին մեկնել են խալիֆայության տարբեր անյուններ: Սակայն երբ իսլամի հետևորդները կրոնի տարածման հետ սկսել են ցրվել խալիֆայության տարբեր անկյուններ, և իրենց թիվն էլ զգալիորեն պակասել է, մեծ ուշադրություն է տրվել հադիսներին և նրանց գրավոր պահպանությանը: Հադիսների առաջին ժողովածուն, որտեղ դրանք դասակարգված են ֆիկհի (վարքի մուսուլմանական հայեցակարգ) տարբեր բաժիններում, եղել է իմամ Մալիկ ալ Մուվատի ժողովածուն, իսկ առաջինը, ով դասակարգել է հադիսներն անուններով, եղել է Աբու Դաուդը:
Մուհամմադ մարգարեի մահից մոտ 200 տարի անց գրվել են սուննիական հադիսների վեց ժողովածուները, որոնք կազմել են իսլամի աստվածաբանները: Այն անվանել են Կուտուբ աս Սիտա կամ Աս Սիհահ աս սիտա: Պաշտոնապես դրանք առաջին անգամ հավաքվել են 11-րդ դարում իսլամի աստվածաբան Իբն ալ Կայսարանիի կողմից[6][7]:
Կուտուբ աս Սիտան համընդհանուր ճանաչում ունի սուննի իսլամականների կողմից: Դրա կազմի մեջ մտնում են.
- Իմամ Ալ Բուաարիի «Ալ Ջամի աս Սահիհը»
- Իմամ Մուսլիմի «Ալ Ջամի աս Սահիհը»
- Իմամ Աբու Դաուդի «Սունանը»
- Իմամ Ատ Տիրմիզիի «Ջամին»
- Իմամ Աս Նասաիի «Աս Սունան ալ Սուհրան»
- Իմամ Իբն Մաջի «Սունանը»:
Ինչ վերաբերում է Կուտուբ աս Սիտայի արժանահավատությանը, սուննիականները նախապատվությունը տալիս են Ալ Բուհարիի և Մուսլիմի հադիսներին, իսկ այլ ժողովածուներում հիշատակված մի քանի այլ հադիսների կապակցությամբ կան տարաձայնություններ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Քանի մուսուլման կա աշխարհում (ռուս.)
- ↑ Իսլամի հիմնական հոսքերը(ռուս.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Али-заде, 2007
- ↑ «Region: Middle East-North Africa»։ The Future of the Global Muslim Population – Executive Summary։ Pew Research Center։ 2011-01-27։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-04-03
- ↑ «Quick guide: Sunnis and Shias»։ BBC News։ 2011-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-24-ին։ Վերցված է 2011-12-18
- ↑ Ignác Goldziher, Muslim Studies, vol. 2, pg. 240. Halle, 1889—1890. ISBN 0-202-30778-6
- ↑ Scott C. Lucas, Constructive Critics, Ḥadīth Literature, and the Articulation of Sunnī Islam, pg. 106. Leiden: Brill Publishers, 2004.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսլամագիտության բլոգ
- musulmanin.com (ռուս.)
- ksunne.ru (ռուս.)
- xadis.ru (ռուս.)