Jump to content

Սեյրան Զաքարյան (Սերէոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեյրան Զաքարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեյրան Զաքարյան
Ծնվել էհունիսի 21, 1954(1954-06-21) (70 տարեկան)
ԾննդավայրԿիրանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, կոմպոզիտոր և աստվածաբան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան և  ԱՄՆ

Սեյրան Սերգեյի Զաքարյան (Սերէոն, հունիսի 21, 1954(1954-06-21), Կիրանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, հրապարակախոս, կոմպոզիտոր, բիոէներգոթերապևտ, Աստվածաբան, հոգևոր ճանաչողության գիտակ։

«Սերէոն» անունը Սեյրան Զաքարյանի երկնային (հոգևոր) անունն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրան Սերգեյի Զաքարյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 21-ին Դաշքեսանի շրջանի (պատմական Գարդման) Կիրանց գյուղում, Հայկական ԽՍՀ։

Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ֆիզիկա է դասավանդել Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղի դպրոցում։ Աշխատել է արտադրական տարբեր ձեռնարկություններում, այդ թվում՝

  • «Նիի էլեկտրոմաշ»՝ որպես առաջատար ինժեներ - կոնստրուկտոր,
  • «Հրազդան-մաշ»՝ որպես կոնստրուկտորական բյուրոյի պետ,
  • Հրազդանի «Ցեմենտի գործարան»՝ որպես գլխավոր կոնստրուկտոր,
  • Երևանի «Դիսայն» կոմբինատում՝ որպես փոխտնօրեն։

Դասախոսել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ միջազգային գիտակրթահամալիրի մագիստրատուրայում («Բանագիտություն» առարկա), Էկոլոգիայի և իրավունքի ինստիտուտում, Երևանի գեղարվեստի ակադեմիայում («Արվեստի հոգեբանություն» առարկա), «Գրիգոր Նարեկացի» համալսարանում («Աստվածաբանություն» և «Մշակույթի հոգեբանություն» առարկաները)։

«Երևան» հեռուստաընկերության «Գենէս» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է (2002 թվական), «Ավետյաց երկիր» գիտա-հոգևոր մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիրն ու նախագահը (1993 թվական)։

2007 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրում է մինչև օրս։

Կյանքի հոգևոր վերափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստծուն հավատալը և Աստծուն ճանաչելը նախասահմանված է Երկնքից։ Եվ որպեսզի հասկանանք Աստծո կամքը, պետք է կարողանալ ճանաչել Աստծուն և Նրա կամքը որոնել քո կյանքում։ Աստծո Խոսքը ճանաչելու գործընթացը Աստծուն ճանաչելու գործընթաց է, և դա նաև Աստծո գործը ճանաչելու գործընթաց է։

Սեյրան Զաքարյանի Աստվածաճանաչողության ճանապարհը ևս դժվարին է եղել։ Հետազոտելով աշխարհաճանաչողության տարբեր մոտեցումներ և ուսմունքներ, ընթերցելով բազմաթիվ փիլիսոփաների աշխատությունները՝ Սեյրան Զաքարյանը վճռական է մնացել իր որոնումներում։ Որոնումներ, որոնք շարունակվել են տարիներ… մինչ. անմոռանալի և գերիրական մի մեծ տեսիլքը։ Տեսիլք, որ տեղի է ունեցել Սեյրան Զաքարյանի հետ Երևանի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում պատարագի ժամանակ 1980 թվականին և հիմնովին փոխել է նրա կյանքը։

Հետայսու նրա կյանքում սկսվում է բոլորովին մի նոր փուլ։ Սերէոնը անցել է վերափոխության երկար ճանապարհ։ Նրա Աստվածաճանաչողության ուղին լի է եղել բազմաթիվ հրաշքներով, տեսիլքներով, վերմարդկային ապրումներով։ Բոլոր այն տառապանքները, որոնք Սերէոնը կրել է, բոլոր վերափոխությունները, որոնց միջով նա անցել է, ուղղումները, որը ստացել է, լուսավորությունը, որը նա ապրել է, այս ամենը ձեռք է բերվել Աստծո կողմից Սուրբ Հոգով իր իսկ կողմից ասված խոսքերի (ուսուցումներ) միջոցով։

Նրա աղոթքները Հոգու Զորությամբ բժշկում են մարդկանց, օգնում ազատվելու բազմաթիվ արատներից, շատերն են բժշկվել ամենատարբեր անբուժելի համարվող հիվանդություններից։ Բազմաթիվ հրաշքներ են կատարվել բազմությունների ներկայությամբ։

1996 թվականին Ղրիմի հայկական համայնքի կողմից հրավեր ստանալով տեղափոխվել է Ղրիմ (Սիմֆերոպոլ)՝ ծավալելով իր գործունեությունը տեղի հայկական համայնքում, բազմաթիվ հրաշքների և բժշկությունների ականատեսը դարձնելով նաև նրանց։ Բացի բժշկությունից հոգևոր զրույցներ է ունեցել նաև բազմաթիվ մարդկանց հետ, որոնք վկայություններով փաստում էին իրենց մեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին։

Ղրիմի թերթերից մեկում հրատարակվել են նաև Սերէոնի գրերից մի քանիսը ռուսերեն թարգմանությամբ։ Ղրիմում այնքան է տարածվում Սերէոնի աղոթքի միջոցով բժշկության հրաշքների մասին լուրերը, որ վերջինիս սկսում են դիմել նաև օտարազգիները՝ ռուսներ, ուկրաինացիներ։

Հրավիրվել է նաև Ղրիմի հեռուստատեսության «Հայկական ժամ» հաղորդմանը խոսելու իր գործունեության մասին։

1996 թվականին ընդունվել է Կիևի բժշկական ինստիտուտի ժողովրդական բժշկության ֆակուլտետի բիոէներգոթերապիայի բաժինը (Ղրիմի մասնաճյուղ)՝  ավարտելուց հետո հրավիրվել է նույն ֆակուլտետ որպես բիոէներգոթերապևտ։ Ուկրաինայի «Ժողովրդական բժշկության ասոցիացիա» - ի հրավերով իրականացրել է բիոէներգետիկ - տեղեկատվական և հոգեբանական առողջության կանխարգելման և վերականգնողական աշխատանքներ։

Սեյրան Զաքարյանը այսօր էլ շարունակում է հոգեկրթել իր հետևորդներին:

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հոգու վերադարձ» բանաստեղծությունների ժողովածուն[1]
  2. «Նոր երկինք նոր երկիր»[2]
  3. «Հին աշխարհի վերջը»

ՍերԷոնի առաջին գիրքը՝ «Հոգու վերադարձ» բանաստեղծությունների ժողովածուն, լույս է տեսել 2002 թվականին։ Գիրքը մեծ ընդունելության է արժանացել նրա հոտևորդների կողմից։

«Նոր երկինք նոր երկիր» -ը հեղինակի երկրորդ գիրքն է, որում զետեղված արձակ և չափածո ստեղծագործություններն արծարծում են հոգու ճանաչողության և ինքնաճանաչման խնդիրներ[3]։ Հեղինակը, ըստ գրքի ծանոթագրության, բացահայտում է տիեզերական Վարդապետության ներքին մտածողությունը։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը 2005 թվականի նոյեմբերի 23-ին Youtube։

Օրվա գլխավոր բանախոսը՝ Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրության դոկտոր Շավիղ Գրիգորյանն էր, որի խոսքերով, «հեղինակը շարադրել է իր երկարամյա գիտամշակութային հետազոտության արգասիքը, ցավոք, ընդամենը 200 էջի մեջ»։ Ըստ նրա, գիրքը ներկայացված է մի այնպիսի բառուբանով, որ ոչ միայն բացառիկ է, այլև այնքան արժեքավոր և ուսանելի, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնելու ընթերցողի շրջանում։

Գրքի լույս ընծայմանը իր օգնությունն է ցուցաբերել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով ևս ներկա էր շնորհանդեսին։ Շնորհադեսին ներկա էին նաև Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը և ուրիշներ, ովքեր հատվածներ էին կարդում գրքից։

Շնորհանդեսի երաժշտական մասը ևս առանձնացավ Սերէոնի հեղինակած երաժշտությամբ։ Ճանաչված երաժիշտների կատարմամբ հնչեցին հեղինակի մի քանի ստեղծագործությունները։

«Հին աշխարհի վերջը» – հեղինակի երրորդ գիրքն է, որ լույս է տեսել 2023 թվականին։ Գիրքը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին։

Այժմ էլ Սեյրան Զաքարյանը շարունակում է իր հոգևոր ընթացքը, շուտով լույս կտեսնի հեղինակի թվով երրորդ ժողովածուն։

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում հեղինակի բազմաթիվ այլ անտպագիր գրերի տպագրության կազմակերպման ուղղությամբ։

Կոմպոզիտորական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չունենալով երաժշտական կրթություն՝ 2003 թվականին Սեյրան Զաքարյանը սկսել է նաև իր երաժշտական գործունեությունը։ Մեղեդիները, որոնք ծնվում էին նրա ներաշխարհից Հոգու Զորությամբ, Նա գրանցել է ձայնագրիչ սարքի օգնությամբ, որոնք հետագայում նոտայագրվել են։

Սեյրան Զաքարյանի կոմպոզիտորական տաղանդը բարձր է գնահատել նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։ Վերջինիս տիկնոջ՝ Արաքսյա Սարյանի ջանքերով Սեյրան Զաքարյանի ստեղծագործությունները ներկայացվել են նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմի կողմից ևս բարձր գնահատանքի արժանացել։

ՍերԷոնի հեղինակած ստեղծագործություններից են՝

  1. «Տիրամայր» կամերային ստեղծագործություն, գործիքավորումը՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյան; Youtube
  2. «Տաղ բազմաց» սիմֆոնիկ ստեղծագործություն, գործիքավորումը՝ կոմպոզիտոր Լևոն Աստվածատրյանի։
  3. Սիմֆոնիկ ստեղծագործություն թավջութակի համար, փոխարկումը՝ թավջութակահար Արամ Թալալյանի։
  4. «Արևատաղ» և «Տաղ երկունքի», գործիքավորումը՝ կոմպոզիտոր Ավետիք Պիվազյանի։

Մամուլ և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեյրան Զաքարյան և Պերճ Զեյթունցյան,
Հարցազրույց «Նոյյան Տապան» թերթին, Մոսկվա, 2006 թվական

2002 թվականին Սեյրան Զաքարյանը հիմնել և վարել է «Երևան» հեռուստաընկերության «Գենէս» հաղորդաշարը։ Հաղորդաշարը գիտա-հոգևոր-մշակութային բնույթ ուներ, որի շրջանակներում հյուրընկալել է Հայաստանի հայտնի մտավորականների և քաղաքական գործիչների։

Սեյրան Զաքարյանը նկարահանել է հայկական եկեղեցիներին և պատմական կառույցներին նվիրված բազմաթիվ ֆիլմեր, այդ թվում՝ Գառնի, Գեղարդ, Սաղմոսավանք, Ամբերդ և այլն։

2008 թվականին ԱՄՆ–ում հիմնել է «Գենէս» մշակութային հասարակական կազմակերպությունը, ապա նաև հայկական հեռուստաընկերությունում սկսել է վարել «Գենէս» (“Genes”) հեռուսահաղորդումը։ Սեյրան Զաքարյանի ստեղծագործական ակտիվության հիմնական նպատակն է եղել ԱՄՆ հայկական համայնքում ստեղծել ազգային մշակութային մթնոլորտ, որին միտված քայլերից են եղել նաև ԱՄՆ–ի տարբեր հայկական համայքներում նկարիչների մասնակցությամբ ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը, ժողովրդական գործիքների անսամբլների համերգային ակտիվության խթանումը և այլ մշակութային միջոցառումների անցկացումը։ Նախապատրաստական հանդիպումները, ժողովները և քննարկումները, ցավոք, ֆինանսական խնդիրներով պայմանավորված գործնական ակտիվ դրսևորում չունեցան։

Ունենալով նախնական պայմանագրեր տարբեր ծառայությունների հետ՝ հրավեր է ստացել մի քանի կինոստուդիաներից և նկարահանվել է մի քանի ամերիկյան ֆիլմերում։

2018-2019 թթ. հիմնելով սեփական ձայնագրության ստուդիան («Ձայն կադրից դուրս» / “Voice over”)` Սեյրան Զաքարյանը աշխատել է ամերիկյան տարբեր կազմակերպությունների և կինոստուդիաների հետ։

Տարբեր պարբերականներում և ամսագրերում հրապարակվել են Սեյրան Զաքարյանի հարցազրույցները և հոդվածները, այդ թվում՝

  1. «Հոգու վերադարձի վկայություն», Մանասեի զրույցը Սեյրան Զաքարյանի հետ, թերթ «Հորիզոն», Մշակույթ, հոկտեմբերի 3, 2003 թ., Nº 32 (74), էջ – 4։
  2. «Վերադարձ», Սեյրան Զաքարյան, «Քրիստոնյա դեմոկրատական» կուսակցության թերթ, 3 հունիսի, 1994 թ.։
  3. Ипостаси Сейрана Закаряна, Ида Карапетян, Газета «Ноев Ковчег», N 14 (109) Октябрь 2006 года, стр. 8[4]։
  4. Սեյրան Զաքարյանի հոգու ճանապարհը, Գուրգեն Կարապետյան, Գրախոսականի փոխարեն «Հոգու վերադարձ» մենագրության, թերթ «Գարդմանի կանչ» #17-18, էջ 8։
  5. Ողջույն «Ասպարէզ»ին, Սեյրան Զաքարյան («Սերէոն»), «Ասպարեզ», ԱՄՆ, հինգշաբթի, 14 օգոստոս, 2008 թ., էջ 13 (Ասպարեզ թերթի 80-ամյակին նվիրված հոդված)։
  6. «Վերածնունդ», Վանաձոր, Վ. Թորոսյանի հարցազրույցը Սեյրան Զաքարյանի հետ, 2006 թվական։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Զաքարյան, Սեյրան (2002). «Հոգու վերադարձ» բանաստեղծությունների ժողովածուն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Զաքարյան, Սեյրան (2005). «Նոր երկինք նոր երկիր». Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Ներկայացվեց Սերէոնի «Նոր երկինք նոր երկիրե գիրքը». Արմենպրես. 2005 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 17.05.2023-ին.
  4. «ИПОСТАСИ СЕЙРАНА ЗАКАРЯНА». Ноев Ковчег. N 14 (109) Октябрь 2006 года. Վերցված է 17.05.2023թ․-ին.