Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում (2017)
Թուրքիա
Ապրիլի 16, 2017
Ընտրողների ներկայացում 58427207
Turkish constitutional referendum 2017.png
Թեկնածու «Այո» «Ոչ»
Կուսակցություն ԱԶԿ
ԱՇԿ
ԱՀԿ
ԱԴԿ
Ընտրաձայների քանակ: 24811383 (51,34 %) 23518232 (48,66 %)

Տեսակ Հանրաքվե

Թեկնածուներ yes[1] և no[1]

Հաղթող yes[1]

Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում 2017(թուրք.՝ 2017 Türkiye anayasa değişikliği referandumu), սահմանադրական հանրաքվե Թուրքիայում, որը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 16-ին[2]: Հանրաքվեին փոփոխության են դրվել Թուրքիայի սահմանադրության 18 հոդվածներ, որոնցով նախատեսվում է խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել դեպի նախագահական կառավարման ձև: Բացի այդ նախատեսվում է նաև վարչապետի պաշտոնի վերացում, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատամավորների թվի ավելացում և բարեփոխում[3][4]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահական կառավարման ձևին անցում կատարելու մասին գաղափարը առաջարկել է Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը դեռևս 2005 թվականին: Այն ժամանակ գաղափարը խրախուսվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից[5]: Այդ ժամանակվանից սկսած Արդարություն և զարգացում կուսակցության պարագլուխները բացահայտորեն պաշտպանում են գաղափարը[6]: Սահմանադրության փոփոխության առաջարկությունը մտցվել է մեջլիսի քննարկմանը Արդարություն և զարգացում կուսակցության կողմից՝ 2011 թվականի ընտրություններից անմիջապես հետո: Սահմանադրական բարեփոխման նախագծի ձևավորման համար ստեղծվել է միջկուսակցական կոմիտե, որտեղ ներկայացված էին խորհրդարանական բոլոր ֆրակցիաները: Բարեփոխման ծրագրի հաստատման համար անհրաժեշտ էր կոմիտեի բոլոր անդամների միաձայն համաձայնությունը[7]: Կոմիտեն, ավելի քան 2 տարվա աշխատանքի ընթացքում, կարողացել է կազմել նոր սահմանադրության 60 հոդվածներ, սակայն անդամների միջև առկա են եղել տարաձայնություններ իշխանության ճյուղերի բաժանման, նախագահի լիազորությունների, ապակենտրոնացման, մայրենի լեզվով կրթության, ինչպես նաև գործող սահմանադրության առաջին 4 հոդվածների վերաբերյալ, որոնք բնութագրում են պետության բնույթը: Արդյունքում իշխող կուսակցությունը դուրս է եկել կոմիտեից, որի արդյունքում 2013 թվականի դեկտեմբերին կոմիտեն կազմալուծվել է[8][9]:

Նախագահական կառավարման ձևին անցնելու գործընթացը ավելի ուժեղացավ, երբ 2015 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը ստացավ 317 պատգամավորական մանդատ: Հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդը (330 պատգամավոր):

2016 թվականի վերջին Ազգայնական շարժման կուսակցությունը, ով նախկինում հավանություն չէր տալիս նախագծին, համաձայնվեց համագործակցել կառավարության հետ՝ սահմանադրական բարեփոխումների հարցով[10][11]: Դեկտեմբերի 10-ին ԱՇԿ-ի և ԱԶԿ-ի միջև համաձայնության արդյունքում, սահմանադրական բարեփոխումների նախագիծը մտավ խորհրդարան[12]: Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական օրենսդրության կոմիտեն 2016 թվականի դեկտեմբերի 30-ին վերջնական հավանություն տվեց նախագծին[13]: 2017 թվականի հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը պառլամենտի պատգամավորները հաստատեցին 18 փաթեթից բաղկացած սահմանադրական բարեփոխումների նախագիծը: «Կողմ» քվեարկեց 339 պատգամավոր, իսկ «դեմ»` 142 պատգամավոր, հիմնականում Ազգային հանրապետական կուսակցության կամ անկախ պատգամավորներ: Հինգ պատգամավոր դատարկ քվեաթերթիկ է հանձնել, իսկ երկու ձայն ճանաչվել է անվավեր: Մնացած պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը, այդ թվում նաև Ազգերի դեմոկրատական կուսակցությունը: Նրանք բոյկոտել են քվեարկությունը[3][14][15]:

Փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի սահմանադրության փոփոխությունների նկարագրությունը[16]
Համար Հոդված Փոփոխությունների նկարագրությունը
1 9 Դատական համակարգի անաչառության և անկողմնակալության պարտավորություն:
2 75 Պատգամավորների թվի ավելացում 550-ից մինչև 600:
3 76 Ընտրությունների ժամանակ որպես թեկնածու մասնակցելու տարիքային ցենզի նվազեցում՝ 25-ից 18 տարեկան, չեղարկվել է պարտադիր զինվորական ծառայության անցած լինելու հանգամանքը: Անձինք, ովքեր կապ են ունեցել զինված ուժերի հետ, չեն կարող առաջադրվել որպես թեկնածու:
4 77 Խորհրդարանի իրավասությունների ժամկետի երկարաձգում 4-ից 5 տարի: Խորհրդարանական և նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն հինգ տարին մեկ անգամ՝ միևնույն օրը:
5 84 Խորհրդարանը իրավունք չունի հարցաքննել նախարարներին, կանչել կառավարությանը պատասխանի, ինչպես նաև պարտադրել նախարարին որոշակի ժամկետներում ընդունել այս կամ այն որոշումը:
6 98 Չեղարկվել է նախարարների պարտականությունը բանավոր պատասխանելու պատգամավորների հարցերին:
7 101 Թեկնածությունը առաջադրելու համար, թեկնածուն պետք է ունենա առնվազն մեկ կուսակցության օժանդակություն, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել է ձայների ավելի քան 5%-ը: Նախագահը, ստանձնելով պաշտոնը, կարող է չհրաժարվել կուսակցական պատկանելիությունից:
8 104 Նախագահը համարվում է պետության և կառավարության ղեկավարը, ով իրավունք ունի նշանակելու և ազատելու նախարարներին և փոխնախագահներին: Նախագահը իրավունք ունի նշանակելու հանրաքվեներ:
9 105 Խորհրդարանը իրավունք ունի սկսել հետաքննություն, եթե կարծում է, որ նախագահը իրականացրել է քրեական հանցագործություն: Հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը: Ստացված արդյունքները նա կարող է ներկայացնել Բարձրագույն դատարանին, եթե կողմ է որոշմանը պատգամավորների 3/5-ը:
10 106 Նախագահը կարող է նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահներ:
11 116 Նախագահական և խորհրդարանական ընտրությունների միաժամանակյա անցկացում:
12 119 Նախագահին է պատկանում արտակարգ իրավիճակ հայտարարելու իրավունքը, սակայն անհրաժեշտ է խորհրդարանի հավանությունը:
13 142 Վերացվել են ռազմական դատարանները:
14 159 Դատավորների և դատախազների խորհրդի բարեփոխումներ: Խորհրդի նախագահ կդառնա երկրի արդարադատության նախարարը:
15 161 Պետական մարմինների ծախսերը իրականացվելու են պետական բյուջեի համաձայն, որը ներկայացվելու նախագահին՝ ֆիսկալ տարվա սկզբից առնվազն 75 օր առաջ:
16 մի քանի հոդվածներ Անցումային ժամանակաշրջանից անցում դեպի նոր կառավարման ձևի:
17 Կարգավորում է նախագահական և խորհրդարանական ընտրությունները:
18 Նախագահը չի դադարեցնում իր անդամակցությունը որևէ կուսակցությանը՝ ընտրվելուց անիջապես հետո:

Հանրաքվեի ընթացքը և արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 15-ին թուրքական TRT 1 պետական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նախագահ Էրդողանը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին մասնակցել սահմանադրական հանրաքվեին: Էրդողանը նշել է, որ հարգում է սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասող քաղաքացիների կարծիքը, սակայն չի կարող հավասարության նշան դնել «այո» և «ոչ» տարբերակների միջև: Նա հավելել է, որ դեմ արտահայտվողները որևէ այլընտրանք չունեն: Էրդողանը նաև նշել է, որ հանրաքվեի դրական արդյունքները «խելագարության» կհասցնեն Արևմուտքին և ահաբեկիչներին: Էրդողանի կարծիքով հանրաքվեի դրական արդյունքները «լավ դաս կտան» Արևմուտքին[17]:

Առաջին ընտրատեղամասերը 32 արևելյան նահանգներում բացվել են առավոտյան ժամը 07:00-ին, իսկ ժամը 08:00-ին բացվել են կենտրոնական և արևմտյան 49 նահանգների ընտրատեղամասերը: Թուրքիայում բացված 167140 ընտրատեղամասերում կքվեարկի 55,3 միլիոն քաղաքացի: Բացի այդ 461 ընտրատեղամասեր էլ կբացվեն կալանավայրերում: Երկրից դուրս բնակվող քաղաքացիները քվեարկել էին ապրիլի 12-ին[18]:

Դիարբեքիրի նահանգի Յաբանարդը գյուղում երկու խմբերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 2 մարդ: Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, կրակոցների հավանական պատճառը եղել է խմբերի ունեցած քաղաքական դիրքորոշումները: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել գյուղի դպրոցի մոտ, որտեղ տեղակայված է եղել ընտրատեղամասը: Տարածված տեղեկությունների համաձայն բախումները տեղի են ունեցել ԱԶԿ-ի և քրդամետ Ազգերի դեմոկրատական կուսակցության կողմնակիցների միջև[19]:

«Ջումհուրիյեթ» թերթի փոխանցմամբ հանրաքվեն ընթանում է լուրջ ընտրախախտումներով: Մասնավորապես, իշխող կուսակցության ամենատարածված խախտումներից մեկն այն է, որ նախագահ Էրդողանի օգտին քարոզչական պաստառները չեն հանվել ընտրատեղամասերից: Մայրաքաղաք Անկարայի ընտրատեղամասերից մեկում քվեարկություն է իրականացվել առանց կնիք քվեաթերթիկներով: Ազգայնական շարժման կուսակցության Մարաշի գրասենյակի պատասխանատու Էրսալ Քոչը հանձնաժողովի անդամների մոտ բաց է քվեարկել և լուսանկարահանել քվեարկության գործընթացը: Արևելյան մի շարք նահանգներում էլ ոստիկանները բռնություններ են կիրառել քուրդ ընտրողների վրա, հատկապես քրդամետ «Ազգերի դեմոկրատական կուսակցության» համակիրների նկատմամբ[20]:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում մասնակցել է քվեարկությանը՝ կնոջ Էմինե Էրդողանի և թոռների հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիայի քաղաքացին կքվեարկի ավելի արագ բարեփոխումների և փոփոխությունների օգտին: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր քաղաքացիական պարտքը կատարել է Իզմիրի ընտրատեղամասերից մեկում: Վարչապետը հայտարարել է, որ իրենք հարգանքով կվերաբերեն ժողովրդի ցանկացած որոշման, քանի որ ժողովրդի որոշումը լավագույնն է[21]:

Ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության պատգամավոր հայազգի Սելին Դողանը իր քաղաքացիական պարտքը կատարել է Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում: Հայազգի պատգամավորը «ոչ» է քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Նա կոչ է արել բոլոր քաղաքացիներին դեմ քվեարկել նախագահի լիազորությունները մեծացնող փոփոխությունների փաթեթին[22]:

Ժամը 18:00-ին երկրում փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Բոլոր ընտրատեղամասերում սկսվել են արդյունքների հաշվարկումը: Սպասվում է, որ առաջինը հայտնի կդառնան արևելյան նահանգների արդյունքները: Թուրքիայում թե ընտրությունների, և թե հանրաքվեների ժամանակ արգելված են էքզիթ փոլերը[23]:

Ստամբուլում դադարեցվել է Թաքսիմ հրապարակի երթևեկությունը: Ստամբուլում հաշվարկվել է քվեաթերթիկների հաշվարկումը: Ըստ նախնական տվյալների, երկրի խոշորագույն քաղաքում հաղթանակ է տարել «ոչ»-ի թևը[24]:

Քվեաթերթիկների 98%-ի հաշվարկի արդյունքում 51,45 %-ով հաղթանակ է տարել «այո»-ի թևը: Ինչպես փոխանցում է Անադոլու գործակալությունը, Թուրքիայի 81 նահանգներից 48-ում հաղթանակ է տարել «այո»-ի թևը: «Ոչ»-ը հաղթանակ է տարել Դիարբեքիրի, Վանի, Աղրըի, Մարդինի և արևելյան այլ նահանգներում: «Ոչ»-ը հաղթանակ է տարել նաև մերձծովյան նահանգներում՝ հատկապես Անթալիայի, Մերսինի, Մուղլայի և Իզմիրի նահանգներում: Ըստ նախնական տվյալների, Անկարայում և Ստամբուլում, աննշան տարբերությամբ, նույնպես հաղթել է «ոչ»-ի թևը[25]:

Ադրբեջանի տարածքում քվեարկած Թուրքիայի քաղաքացիների 60,97 %-ը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների փաթեթին: Քվեարկությունը իրականացվել է Բաքվում տեղակայված դեսպանատան և Գյանջայում և Նախիջևանում տեղակայված գլխավոր հյուպատոսություններում բացված ընտրատեղամասերում[26]:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մեղադրել են իշխող կուսակցությանը՝ ընտրությունների արդյունքները մանիպուլյացիայի ենթարկելու համար: Ազգայնական հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էրդալ Աքսյունգերը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի բոլոր նահանգներից ստանում են տեղեկություններ, համաձայն որի հանրաքվեի արդյունքում հաղթանակ է տանում «ոչ»-ի թևը, սակայն իշխանության կողմնակիցները մանիպուլյացիայի են ենթարկում արդյունքները[27]:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմ և ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելիին, ովքեր սատարել են «այո»-ի թևին՝ շնորհավորելու հանրաքվեի արդյունքները: Նախագահը նշել է, որ արդեն պարզ են հանրաքվեի արդյունքները: Ըստ նրա, 51,3 %-ով հաղթանակ է տոնել «այո»-ի թևը: Ընդդիմադիր առաջնորդներն էլ հայտարարել են, որ իրենք կկազմակերպեն լայնամասշտաբ ցույցեր՝ ընդդեմ «կեղծված» ընտրությունների[28]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Türkiye Geneli Canlı Referandum Sonuçları - İllere Göre Evet Hayır Oy Oranları Ստուգված է ապրիլի 18-ին 2017:
  2. «Референдум по конституционным поправкам проведут в Турции 16 апреля.»։ РБК։ 2017-02-11։ Վերցված է 2017-02-11 
  3. 3,0 3,1 Suzan Fraser (2017-01-21)։ «Turkish assembly passes polemic bill to boost Erdogan powers»։ Associated Press։ Վերցված է 2017-01-21 
  4. «Новая турецкая республика: мечты и действия Реджепа Эрдогана»։ Европейская правда։ Վերցված է 2017-04-16 
  5. «Gündem başkanlık tartışması» (թուրքերեն)։ NTV։ 3 January 2005։ Վերցված է 29 October 2016 
  6. «AKP'den başkanlık açıklaması: Nisan ayında referanduma gidilebilir» (թուրքերեն)։ BirGün։ Վերցված է 29 October 2016 
  7. COMMISSION STAFF WORKING DOCUMENT TURKEY 2012 PROGRESS REPORT. Constitution
  8. 2014 Progress Report on Turkey. Constitution
  9. «Turkey’s draft constitution appears dead»։ Al-Monitor (en-us)։ 2013-11-21։ Վերցված է 2017-04-16 
  10. Sputnik։ «Turkish Ruling Party, Nationalists to Jointly Introduce Draft Constitution»։ sputniknews.com (անգլերեն)։ Վերցված է 2017-04-16 
  11. «AK Party, MHP reach agreement on presidential system, CHP uncooperative»։ DailySabah։ Վերցված է 2017-04-16 
  12. «Constitutional reform to step up Turkey’s democratization process»։ DailySabah։ Վերցված է 2017-04-16 
  13. «Parliamentary constitutional committee passes draft law on constitutional amendments»։ DailySabah։ Վերցված է 2017-04-16 
  14. Nordland Rod (2017-01-20)։ «Amid Fistfights, Turkey’s Parliament Backs a New Constitution»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-04-16 
  15. «Парламент Турции одобрил законопроект о внесении поправок в Конституцию»։ Interfax.ru (ru-RU)։ 2017-01-21։ Վերցված է 2017-04-16 
  16. «Parliament adopts 18 articles of constitutional amendment package»։ DailySabah։ Վերցված է 2017-04-16 
  17. «Հանրաքվեի դրական արդյունքը խելագարության կհասցնի ողջ Արևմուտքին և ահաբեկիչներին. Էրդողան»։ www.tert.am (Հայերեն)։ Վերցված է 2017-04-16 
  18. «Թուրքիայի 167140 ընտրատեղամասերում Հանրաքվեին կքվեարկի 55,3 միլիոն քաղաքացի»։ www.tert.am (Հայերեն)։ Վերցված է 2017-04-16 
  19. «Դիարբեքիրում փոխհրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել»։ news.am (Հայերեն)։ Վերցված է 2017-04-16 
  20. «Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին խախտումներ են գրանցվում»։ news.am (Հայերեն)։ Վերցված է 2017-04-16 
  21. «Թուրքիայի ղեկավարները քվեարկել են սահմանադրական հանրաքվեի ընթացքում»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-04-16 
  22. «Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը «Ոչ» է քվեարկել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը»։ www.tert.am (Հայերեն)։ Վերցված է 2017-04-16 
  23. «В Турции закрылись участки для голосования на референдуме»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-04-16 
  24. «В Стамбуле перекрыли площадь Таксим — Meduza»։ Meduza (ru-RU)։ Վերցված է 2017-04-16 
  25. «Сторонники конституционных изменений набирают 51,3% на референдуме в Турции»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-04-16 
  26. «Турки в Азербайджане проголосовали против Эрдогана»։ Վերցված է 2017-04-16 
  27. «Оппозиция Турции обвинила власти в манипуляциях на референдуме»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-04-16 
  28. «Erdoğan'dan referandum açıklaması»։ NTV։ 2017-04-16։ Վերցված է 2017-04-16