Սալվատորե Ֆերրագամո
Սալվատորե Ֆերրագամո | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1898[1][2][3] |
Ծննդավայր | Բոնիտո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա[4] |
Մահացել է | օգոստոսի 7, 1960[1][2][5][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Մասնագիտություն | դիզայներ, նորաձևության դիզայներ և գործարար |
Ամուսին | Wanda Ferragamo?[6] |
Երեխաներ | Fiamma Ferragamo?[7] |
Կայք | ferragamo.com |
Salvatore Ferragamo Վիքիպահեստում |
Սալվատորե Ֆերրագամո (իտալ.՝ Salvatore Ferragamo, հունիսի 5, 1898[1][2][3], Բոնիտո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա[4] - օգոստոսի 7, 1960[1][2][5][…], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի կոշկագործ, որը հայտնի է իր՝ ձեռքով կարված կոշիկներով։ 20-ական թվականներին աշխատել է Հոլիվուդում, վերադարձել է Իտալիա և Ֆլորենցիայում հիմնադրել է «Salvatore Ferragamo» անվանումով սեփական ընկերությունը։ Կոշիկի նկատմամբ նրա յուրահատուկ մոտեցումը հանգեցրել է այնպիսի նորամուծությունների, ինչպիսիք են սեպաձև և քառակուսի կրունկը․ վերջինս համարվում է վարպետի առավել հայտնի հայտնագործություններից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալվատորե Ֆերրագամոն ծնվել է 1898 թվականի հունիսի 5-ին՝ Բոնիտոյում՝ Ավելինոյի մոտ, ընտանիքի տասնչորս երեխաներից տասնմեկերորդն է եղել։ Այն բանից հետո, երբ նա ինը տարեկանում իր առաջին կոշիկն է պատրաստել քրոջ համար, որն այն կրել է օծման ժամանակ, հասկացել է, որ գտել է իր մասնագիտությունը։ Մեկ տարի անց Նեապոլում կոշկագործություն սովորելուց հետո փոքրիկ արհեստանոց է բացել իր ծնողների տանը։ 1914 թվականին նա մեկնել է ԱՄՆ, որտեղ նրա եղբայրներից մեկը Բոստոնում աշխատում էր կովբոյական երկարաճիտք կոշիկի գործարանում։
Որոշ ժամանակ անց Ֆերրագամոն համոզել է եղբայրներին՝ վերադառնալ Կալիֆորնիա, սկզբում՝ Սանտա Բարբարա, հետո՝ Հոլիվուդ։ Այստեղ բացել է կոշիկի նորոգման և անհատական պատվերներով կոշիկ պատրաստելու կրպակ, հասել է հաջողության․ նրա պատրաստած կոշիկները հայտնի էին հեղինակավոր անձանց շրջանում, որի շնորհիվ Ֆերրագամոն սկսել է կոշիկներ ստեղծել ֆիլմերի դերասանների համար։ Սակայն, «կոշկակար՝ աստղերի համար» մասնագիտությունը միայն մասնակի էր բավարարում նրան։ Հասկանալու համար, թե ինչու են իր պատրաստած կոշիկները աչք շոյում, բայց ոտքերին կոշտուկներ առաջացնում, նա Հարավային Կալիֆորնիայի համալսարանում սկսել է ուսումնասիրել մարդու կազմությունը։
ԱՄՆ-ում անցկացնելով տասներեք տարի, 1927 թվականին Ֆերրագամոն վերադարձել է Իտալիա՝ հաստատվել Ֆլորենցիայում։ Նա Վիա Մանելիում արհեստանոց է բացել։ Կոշիկների նմուշների վրա ոճային փորձարկումներ անելով՝ նա հարցադրումների շնորհիվ նորարարություններ է արել։ 1933 թվականին հայտնել է սնանկության մասին՝ վատ կառավարման և տնտեսական իրավիճակի պատճառով։ Բայց և այնպես ընկերությունը գոյատևել է, 1950-ականներին այնտեղ աշխատել են մոտ 700 վարպետներ, որոնք օրական արտադրել են 350 զույգ ձեռքով կարված կոշիկ։ Ֆերրագամոյի գնորդներից էին Ինդիրա Դևին , Էվա Պերոնը, Ավա Գարդները, Օդրի Հեփբերնը, Մերիլին Մոնրոն։
Սալվատորե Ֆերրագամոն մահացել է 1960 թվականի օգոստոսի 7-ին՝ 62 տարեկանում։ Նրա մահից հետո ընկերությունը ղեկավարել են կինը՝ Վանդան, ավելի ուշ՝ նրանց երեխաները։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալվատորե Ֆերրագամոն ամուսնացած է եղել Վանդա Ֆերրագամո Միլետիի հետ։ 1960 թվականին ամուսնու մահից հետո, նա ղեկավարել է ընկերությունը։ Ավելի մեծ տարիքում դարձել է պատվավոր նախագահը։ Ամուսիններն ունեցել են վեց երեխաներ՝ Ֆիամման, Ջովաննան, Ֆալվիան, Ֆերուչչոն, Մասսիմոն և Լեոնարդոն։
- Ֆիամմա Ֆերրագամո դի Սան- Ջուլիանո (մահացել է 1998) տաղանդավոր կոշկագործ է եղել։ Նա ստեղծել է ընկերության շատ հայտնի նմուշներ, այդ թվում՝ «նավկոշիկները» (1978) և Gancino.
- Ջովաննա Ջենտիլե-Ֆերրագամո, ընկերության փոխնախագահ։
- Ֆալվիա Վիսկոնտի-Ֆերրագամո, ընկերության փոխնախագահ։ 1970-ական թվականներից սկսած ղեկավարել է մետաքսե իրերի ստորաբաժանումը։
- Ֆերրուչչո Ֆերրագամո, ընկերության նախագահ։
- Մասսիմո Ֆերրագամո, 1970-ական թվականներից սկսած զբաղվել է Հյուսիսային Ամերիկայում ապրանքների իրացմամբ։
- Լեոնարդո Ֆերրագամո, 2000 թվականից սկսած Palazzo Feroni Finanziaria ընկերության նախագահ։
Ընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերրագամոյի մահից հետո նրա հիմնադրած ըկերությունը աստիճանաբար ընդլայնել է արտադրությունը, սկսել է Salvatore Ferragamo ապրանքանիշով նաև պայուսակներ, արևապաշտպան ակնոցներ, մետաքսե թաշկինակներ, ժամացույցներ, օծանելիքներ և հագուստ արտադրել։
Ընկերությունը պատկանում է Ֆերրագամո ընտանիքին, որն իր մեջ ներառում է (2006 թվականի նոյեմբեր ամսից սկսած) Սալվատորեի այրի Վանդային, նրանց հինգ երեխաներին, 23 թոռներին և այլ բարեկամների։ Ընկերությունում գործում է մի կանոն, որ միայն ընտանիքի 3 անդանմերը կարող են միաժամանակ աշխատել ընկերությունում, ինչը կոշտ մրցակցություն է առաջ բերում։ Որպեսզի լարված հարաբերությունները թուլանան, 2006 թվականի սեպտեմբերին ընտանիքը հայտնել է իր մտադրության մասին՝ արժեթղթերի 48 %-ը արժեթղթերի շուկա հանելու վերաբերյալ։ 2006 թվականի հոկտեմբերից կառավարիչ ու գլխավոր տնօրեն է դարձել Միկելե Նորսան։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Ֆլորենցիայում՝ Պալացցո Սպինի-Ֆերոնիում Palazzo Spini Feroni, որը Ֆերրագամոյի կողմից գնվել էր 1930-ական թվականներին, բացվել է Սալվատորե Ֆերրագամեյի թանգարանը Salvatore Ferragamo Museum, որը նվիրված էր ընկերության պատմությանը և նրա հիմնադրին։ Հավաքածուն իր մեջ ներառում է տասը հազարից ավելի կոշիկի նմուշներ, որոնք ստեղծվել են Ֆերրագամոյի կողմից 1920-ական թվականներին, հագուստներ և աքսեսուարներ՝ սկսած 1950-ական թվականներից, փաստաթղթերի արխիվ, որոնք կապված են ընկերության գործունեության հետ, ինչպես նաև XVIII և XIX դարերի կոշիկներ։ 2006 թվականի դեկտեմբերին թանգարանը վերակառուցումից հետո նորից բացվել է։
Ընկերության ութսունամյա հոբելյանին Շանհայում բացվել է ցուցահանդես։
Հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մարտին Սալվատորե Ֆերրագամո ընկերությունը Salvatore Ferragamo Ֆլորենցիայում հիմնել է Ֆերրագամո բարեգործական հիմնադրամը։ Հիմնադրամը նյութական օժանդակություն է ցուցաբերում երիտասարդ տաղանդավոր մոդելագործներին, որոնք զարգացնում են Սալվատորե Ֆերրագամոյի ստեղծագործական գաղափարները[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.ilsole24ore.com/art/lutto-la-maison-ferragamo-muore-wanda-moglie-fondatore-AEGASXSG
- ↑ Fiamma Ferragamo, 57, Dies; Shoe Designer for the Elegant
- ↑ Kilcooley-O'Halloran, Scarlett (2013 թ․ մարտի 27). «Salvatore Ferragamo Launches Fashion Foundation». Vogue.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սալվատորե Ֆերրագամոյի պաշտոնական կայքը (անգլ.)
- Սալվատորե Ֆերրագամո թանգարանի պաշտոնական կայքը Արխիվացված 2011-10-28 Wayback Machine (իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվատորե Ֆերրագամո» հոդվածին։ |
|