Salvatore Ferragamo (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Salvatore Ferragamo
20070509 Salvatore Ferragamo.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1927
ՀիմնադիրՍալվատորե Ֆերրագամո
ՎայրՖլորենցիա
ԵրկիրFlag of Italy (1861–1946).svg Իտալիա
Կայքferragamo.com
Salvatore Ferragamo S.p.A. Վիքիպահեստում
Ferragamo կոշիկի անիմացիա

Salvatore Ferragamo S.p.A., հագուստի, կոշիկի և «լյուքս» դասի այլ իրերի իտալական բրենդ: Ընկերության շտաբակայանը գտնվում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում: Բրենդը մասնագիտանում է կոշիկների[1], կաշվե իրերի, Շվեյցարիայում արտադրվող ժամացույցների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց հագուստի ստեղծման գործում: Ընկերությունն ունի արտոնագրեր ակնոցների և ժամացույցների որոշ մոդելների համար:

Բրենդի սեփականությունն է համարվում «Ferragamo Group» դուստր ձեռնարկությունը, որի 685 մոնոբրենդային խանութների ցանցում աշխատում է ավելի քան չորս հազար աշխատակից ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության ապագա հիմնադիր Սալվատորե Ֆերրագամոն 1914 թվականին հարավային Իտալիայից ներգաղթեց ԱՄՆ՝ սկզբում բնակություն հաստատելով Բոստոնում, ապա Կալիֆորնիայում: 1923 թվականին նա Հոլիվուդում բացեց կոշիկի խանութ և սկսեց կոշիկ արտադրել[1] հայտնի մարդկանց (Ջոան Քրոուֆորդ և Գլորիա Սվենսոն), ինչպես նաև ֆիլմերի համար (Սեսիլ Բլաունտ դե Միլլի «10 պատվիրաններ» ֆիլմը)[2]: 1927 թվականին վերադառնալով Իտալիա՝ այնտեղ բացեց կոշիկի խանութ[3]: Ժամանակակից կոշիկի ընկերությունն իր հիմնադրման տարին համարում է 1928 թվականը, ուստի 2008 թվականին այն նշեց իր 80-ամյակը[2]:

Ընկերության շտաբակայանը, Palazzo Spini Feroni

1933 թվականին՝ պայմանավորված Մեծ ճգնաժամով, «Salvatore Ferragamo»-ն դիմում ներկայացրեց սնանկության մասին, բայց արդեն 1938 թվականին ընկերությունը կարողացավ ձեռք բերել Ֆլորենցիայի լավագույն պալատներից մեկը՝ Palazzo Spini Feroni-ն[2]: Այս պալատում ներկայումս գտնվում է բրենդի ֆլագմանի խանութը և թանգարանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը թևակոխեց իր ծաղկման փուլ՝ ընդլայնելով աշխատողների թվաքանակը և հասցնելով մինչև 700-ի, օրական ձեռքով արտադրելով 350 զույգ կոշիկ: 1960 թվականին Սալվատորե Ֆերրագամոյի մահից հետո նրա այրին՝ Վանդա Ֆերրագամոն, ձեռնամուխ եղավ ընկերության ղեկավարմանը՝ կոշիկի արտադրությանը զուգահեռ սկսելով ակնոցների, օծանելիքի, գոտիների, շարֆերի[3], պայուսակների և հագուստի արտադրություն:

Ընկերության գլխավոր սեփականատերը մնում է Ֆերրագամո ընտանիքը, որը 2008 թվականի նոյեմբերի դրությամբ բաղկացած էր այրի Վանդա Ֆերրագամոյից, նրանց հինգ երեխաներից, 23 թոռներից և այլ ազգականներից[4]: Գաղտնի կանոնի համաձայն՝ ընտանիքի անդամներից միայն երեքը կարող է աշխատել ընկերությունում[4]: 2006 թվականի սեպտեմբերին ընտանիքը հայտարարեց ընկերության բաժնետոմսերի 48 տոկոսի վաճառքի մասին։ Նույն տարվա հոկտեմբերին Միշել Նորսան ընտրվեց նոր գլխավոր տնօրեն[3]: 2008 թվականի հունվարին ֆինանսական ճգնաժամի պատճառով բաժնետոմսերի վաճառքի նախագիծը դադարեցվեց[5]: Եթե բաժնետոմսերի վաճառքը վերսկսվի, ապա այն, առաջին հերթին, ուղղվելու է Չինաստանում ընկերության դիրքերի ամրապնդմանը[6]: Իբրև այդ ռազմավարության շարունակություն՝ ընկերությունն իր 80-ամյա հոբելյանը նշեց Շանհայում[2]:

Salvatore Ferragamo կոշիկները ընկերության թանգարանում

2011 թվականին ընկերությունն իր բաժնետոմսերը տեղադրեց բորսայում[7]:

2016 թվականի հաշվետու տարվա համար «Salvatore Ferragamo»-ն հաղորդեց 1.438 մլն եվրո եկամտի մասին: 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բրենդի մանրածախ ցանցը ներառում էր 402 անմիջականորեն և 281 միջնորդավորված ղեկավարվող խանութ։ Արտադրանքը ներկայացված է նաև տարբեր հանրախանութներում և բազմաբրենդային խանութներում[8]։

2016 թվականի օգոստոսի 2-ին Էրալդո Պոլետտոն նշանակվեց ընկերության գլխավոր գործադիր տնօրեն: 2017 թվականի մարտի 8-ին Պոլետտոն լքեց պաշտոնը, և ընկերության ղեկավար դարձավ Ֆերրուչչո Ֆերրագամոն:

Նորարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ողջ պատմության ընթացքում «Salvatore Ferragamo»-ն աչքի է ընկել դիզայնի և նյութերի օգտագործման անսովոր մոտեցմամբ: Այս հնարամտությունը արմատներով գնում է դեպի 20-րդ դարի սկզբին Կալիֆորնիայում Ֆերրագամոյի կատարած փորձարկումները, երբ նա ուսումնասիրում էր անատոմիա կոշիկն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով: Նորարարությունների շարքում հանդիպում են բարձրակրունկի հատուկ ձև, մետաքսյա կոշկատակ, մետաղյա կրունկներ, կոշիկի ստեղծման գործում իրական ոսկու օգտագործում[2]: Այդ շրջանի հաճախորդների թվում էր, մասնավորապես, Մերիլին Մոնրոն[3][2]: Ընկերությունը նաև արտադրում է ժամացույցներ՝ համագործակցելով «Marchon» և «Timex Group» ընկերությունների հետ:

Հաճախորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլիվուդ տեղափոխվելուց հետո Ֆերրագամոն սկսեց աշխատել կինոաստղերի և այլ հայտնի մարդկանց հետ: Նրա պատվիրատուներից էին Օդրի Հեփբերնը, Սոֆի Լորենը, Գրետա Գարբոն, Էնդի Ուորհոլը, Գրեյս Մուգաբեն և Արքայադուստր Դիանան[2]: Ընկերությունը արտադրել է պայուսակներ Մարգարետ Թետչերի համար[6], ինչպես նաև հագուստ Բութանի հինգերորդ թագավոր Ջիգմե Կհեսար Նամգյալ Վանգչուկի թագադրման համար (թագադրությունը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 6-ին Թհիմփհուում):

Տնօրեն և կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերրուչչո Ֆերրագամոն 1992 թվականին
  • Վանդա Ֆերրագամո Միլետտի՝ ղեկավարել է ընկերությունը 1960 թվականից՝ ամուսնու մահից հետո: Այժմ կրում է պատվավոր նախագահի կոչումը:
  • Ֆերրուչչո Ֆերրագամո՝ ընկերության գործող տնօրենը:
  • Էրալդո Պոլետտո՝ «Salvatore Ferragamo S.p.A»-ի նախկին գործադիր տնօրենը:
  • Ջովաննա Ջենտիլե Ֆերրագամո՝ «Salvatore Ferragamo S.p.A»-ի փոխնախագահը:
  • Լեոնարդո Ֆերրագամո՝ 2000 թվականից եղել է ընտանեկան ընկերության՝ «Palazzo Feroni Finanziaria S.p.A»-ի գործադիր տնօրենը: Ներկայումս «Fondazione Ferragamo»-ի փոխնախագահն է:
  • Մասսիմո Ֆերրագամո՝ «Ferragamo USA»-ի նախագահն է, այս ընկերությունը 1950-ական թվականներից զբաղվում է բրենդի ապրանքները Հյուսիսային Ամերիկա մատակարարելով։
  • Ֆուլվիա Վիսկոնտի Ֆերրագամո՝ 1970-ականներից վերահսկել է մետաքսյա ապրանքների արտադրությունը: Ներկայումս «Ferragamo Finanziaria S.p.A.»-ի նախագահի տեղակալն է:
  • Ջեյմս Ֆերրագամո՝ կոշիկի և կաշվե իրերի բաժնի կառավարիչն է:
  • Անժելիկա Վիսկոնտի՝ հարավեվրոպական ուղղության տնօրենն է:
  • Դիեգո դի Սան Ջուլիանո՝ համակարգում է բրենդի թվային գործունեությունը:
  • 2016 թվականի նոյեմբերին Փոլ Էնդրյուն նշանակվեց կանացի կոշիկների նոր բաժնի դիզայնի տնօրեն, Ֆուլվիո Ռիգոնին՝ կանացի հագուստի դիզայնի տնօրեն, իսկ Գիյ Մեյլենդը՝ տղամարդկանց հագուստի դիզայնի տնօրեն:
  • 2017 թվականի հոկտեմբերին՝ Ֆուլվիո Ռիգոնիի հեռանալուց հետո, Փոլ Էնդրյուն նշանակվեց կանանց հագուստի կրեատիվ տնօրեն:
  • 2018 թվականի մարտի 8-ին՝ ընկերությունից Էրալդո Պոլետտոյի հեռանալուց հետո, տնօրենի լիազորությունները ժամանակավորապես անցան Ֆերրուչչո Ֆերրագամոյին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Chevalier Michel, Mazzalovo Gerald (2012)։ «3»։ Luxury Brand Management (2nd ed.)։ Singapore: John Wiley & Sons։ էջ 53։ ISBN 978-1-118-17176-9։ OCLC 909366849 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Salvatore Ferragamo celebrates its 80th Anniversary in Shanghai» (PDF)։ Salvatore Ferragamo Italia SpA։ Վերցված է 2008-04-20 (չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Webb Tim (2007)։ «Leonardo Ferragamo: Angels want to wear his red shoes»։ The Independent (London, published 2007-02-04)։ Վերցված է 2008-04-20 
  4. 4,0 4,1 Sherman Lauren (2006)։ «When Fashion Goes Public»։ Forbes (2006-11-16)։ Վերցված է 2008-04-20 
  5. Finch Julia (2008-01-25)։ «Tommy Hilfiger halts flotation»։ The Guardian (London)։ Վերցված է 2008-04-20 
  6. 6,0 6,1 Cartner-Morley Jess (2008-03-29)։ «From Florence to Shanghai, Ferragamo eyes a makeover»։ The Guardian (London)։ Վերցված է 2008-04-20 
  7. «Salvatore Ferragamo - United States - Official Store»։ ferragamo.com։ Վերցված է 2017-01-17 
  8. Singh Prachi (January 30, 2015)։ «Salvatore Ferragamo revenues rise of 5.9 percent in FY14»։ FashionUnited։ Վերցված է June 18, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

{{{1}}} Salvatore Ferragamo (ընկերություն) պաշտոնական կայք