Ռամլայի ճակատամարտ, ռազմական ընդհարում Երուսաղեմի թագավորությանխաչակիրների և Եգիպտոսում իշխող ֆաթիմյան դինաստիայի միջև 1105 թվականի օգոստոսի 27-ին։ Ռամլա քաղաքը գտնվում է ԵրուսաղեմիցԱսկալոն տանող ճանապարհին։ Ասկալոնը հետագայում դարձավ Պաղեստինում ամենամեծ Ֆաթիմյան ամրոցներից մեկը։ 1099-1107 թվականներին ֆաթիմյան վեզիր հայազգի ալ-Աֆդալը Ասկալոնից էր իրականացնում իր հարձակումները նորաստեղծ խաչակրաց թագավորության վրա։ Երկու զորքերը Ռամլայում հանդիպում են երեք անգամ՝ 1101, 1102 և 1105 թվականներին։ Այս հանդիպումներից վերջինը համարվում է ամենաարյունարբու հանդիպումը։
Այդ ժամանակ եգիպտական զորքը ապավինում էր արաբ և բերբեր հեծելազորի և սուդանցի նետաձիգերի վրա, և հենց այս փաստը առավելություն տվեց խաչակիրներին հաղթանակ տանելու այս ճակատամարտերում։ Վերջիններս մշակել էին հետապնդման և շրջափակման մարտավարություն, որի նպատակն էր նվազեցնել եգիպտական զորքերի ազդեցությունը։
Ինչպես նախորդ ճակատամարտերում, 1105 թվականին նույնպես խաչակիրների հեծելազորի և հետևակի հրամանատարն էր Բալդուին I-ը։ Այս ճակատամարտում եգիպտացիներին էին միացել Դամասկոսի սելջուկ թուրքերը, ովքեր ունեին հեծյալ նետաձիգեր, որն էլ մեծ սպառնալիք էր ներկայացնում խաչակիրների համար։ Այնուամենայնիվ, երկար դիմադրությունից հետո, խաչակիրներին հաջողվեց ներխուժել քաղաք և ճակատամարտ տանել ամբողջ օրը։ Բալդուինը կարողացավ կրկին հեռացնել թշնամուն ճակատամարտի դաշտից, բայց անկարող էր երկար հետապնդել։ Այս ճակատամարտում նույնպես խաչակիրները իրենց հաղթանակով պարտական էին Բալդուին I-ին։ Չնայած այս պարտությանը, եգիպտացիները շարունակում էին իրենց հարձակումները Երուսաղեմի թագավորության վրա։ Հաջորդ մեծ ընդհարումը ֆաթիմյանների և խաչակիրների միջև Յիբնեի ճակատամարտն էր 1123 թվականին։