Ռամլայի ճակատամարտ, ռազմական ընդհարում Երուսաղեմի թագավորությանխաչակիրների և Եգիպտոսում իշխող ֆաթիմյան դինաստիայի միջև 1101 սեպտեմբերի 7-ին։ Ռամլա քաղաքը գտնվում է ԵրուսաղեմիցԱսկալոն տանող ճանապարհին։ Ասկալոնը հետագայում դարձավ Պաղեստինում ամենամեծ Ֆաթիմյան ամրոցներից մեկը։ 1099-1107 թվականներին ֆաթիմյան վեզիր հայազգի ալ-Աֆդալը Ասկալոնից էր իրականացնում իր հարձակումները նորաստեղծ խաչակրաց թագավորության վրա։ Երկու զորքերը Ռամլայում հանդիպում են երեք անգամ՝ 1101, 1102 և 1105 թվականներին։
Ճակատամարտում եգիպտացիների հրամանատարն էր Սաադ Ալ-Դաուլան, իսկ խաչակիրներինը՝ Բալդուին I-ը, ում զորքը կազմված էր ընդամենը 260 հեծյալից և 900 հետևակից։ Նա իր զորքը բաժանեց 6 մասի և ուղղեց ընդդեմ եգիպտական տասը հազարանոց զորքին։ Հանկարծակի հարձակումից վախեցած, եգիպտական զորքը շատ արագ նահանջեց։ Խաչակիրները փախուստի դիմած ֆաթիմյաններին հետևեցին մինչև Ասկալոն, որից հետո Բալդուինը վերադարձավ Ռամլա՝ թալանելու եգիպտական ճամբարը։ Այս հաղթանակը ապահովեց Երուսաղեմի թագավորության խաղաղությունը ընթացիկ տարում։