Ուիլյամ Թրավիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Թրավիլա
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1920(1920-03-22)[1]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 2, 1990(1990-11-02)[1] (70 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունWoodbury University? և Chouinard Art Institute?
ԵրկերՄերիլին Մոնրոյի սպիտակ զգեստ
Մասնագիտությունհագուստ ձևագծող և նորաձևության դիզայներ
ԱմուսինDona Drake?
Պարգևներ և
մրցանակներ
Ակադեմիական մրցանակ լավագույն հագուստի դիզայնի, գույնի համար
Կայքwilliamtravilla.com
William Travilla Վիքիպահեստում

Ուիլյամ Թրավիլա (անգլ.՝ William Travilla, մարտի 22, 1920(1920-03-22)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - նոյեմբերի 2, 1990(1990-11-02)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի է Թրավիլա պրոֆեսիոնալ անվամբ, ամերիկացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության հագուստների դիզայներ[2]։ Համարվում է Մերիլին Մոնրոյի համար հագուստ ստեղծած ամենահայտնի մոդելավորողը։ Մոնրոն ութ ֆիլմերում հանդես է եկել նրա հագուստով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Թրավիլան ծնվել է 1920 թվականի մարտի 22-ին Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Ավարտել է Վուդբերի համալսարանը, իսկ 1941 թվականին սկսել է աշխատել Հոլիվուդում։ 1944 թվականի օգոստոսի 19-ին ամուսնացել է դերասանուհի Դոնա Դրեյքի հետ։

Մի քանի Բ-կարգի ֆիլմերի վրա աշխատելուց հետո Թրավիլայի կարիերան Հոլիվուդում վերելք է ապրել և 1949 թվականին «Դոն Ժուանի արկածները» ֆիլմում Էրոլ Ֆլինայի (դոն Ժուան) հագուստի համար արժանացել է «Օսկար»-ի։ 1951 թվականին նա հագուստներ է մշակել հետագայում դասական դարձած «Այն օրը, երբ երկիրը կանգ առավ» գիտաֆանտաստիկ այլաբանության համար։ Դրանից հետո նա հիմնականում աշխատել է 20th Century Fox կինոստուդիայում, որտեղ մասնակցել է «Վիվա, Սապատա» ֆիլմում Էլիա Կազանի կերպարի ստեղծմանը։

1951 թվականին ծնվել է Թրավիլայի դուստրը՝ Նիան։ 1952 թվականին նա դարձել է Մերիլին Մոնրոյի մտերիմ ընկերը և «Կարելի է մտնել առանց թակելու» (1952), «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (1953) ֆիլմերում ստեղծել է նրա հագուստները։ Հաջորդող տարիներին Մոնրոյի համար մշակել է ևս մի քանի հագուստ, իսկ 1955 թվականին «Յոթերորդ տարվա անհանգստությունը» ֆիլմի համար ստեղծել է իր ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ Մերիլին Մոնրոյի սպիտակ զգեստը։ Հենց դրանով է Մոնրոն կանգնել Նյու Յորքի մետրոյի օդափոխիչ ճաղաշարի վրա, երբ թունելով անցնող գնացքի քամին բարձրացրել է նրա կիսաշրջազգեստը։ Այս դրվագի լուսանկարները դարձել են Մոնրոյի հոմանիշը։ Հագուստը հետագայում ձեռք է բերել դերասանուհի Դեբի Ռեյնոլդսը, իսկ 2011 թվականին այն աճուրդում վաճառվել է 4 600 000 դոլլարով։ Մոնրոն մի անգամ գրել է Թրավիլային․ «Թանկագին Բիլլի, խնդրում եմ, միշտ հագցրու ինձ։ Ես սիրում եմ քեզ։ Մերիլին»։

Թրավիլան նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Ինչպես ամուսնանալ միլիոնատերի հետ» (1953), «Շոու բիզնեսից լավ բիզնես չկա» (անգլ.՝ There’s No Business Like Show Business, 1954) և «Ստրիպտիզուհի» (անգլ.՝ The Stripper, 1963) ֆիլմերի վրա աշխատելու համար։

1960 թվականի մարտի 24-ին Ուիլյամ Թրավիլան հայտնվել է Գրաուչո Մարքսի վարած You Bet Your Life շոու-վիկտորինայում[4]։

1970-ական թվականներին Թրավիլան հիմնականում աշխատել է հեռուստատեսությունում։ Նրա առավել հայտնի աշխատանքներից է դարձել 1983 թվականին նկարահանված «Մամխիում երգողները» մինի հեռուստասերիալը։ Թրավիլան յոթ անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի և 1985 թվականին Knots Landing հեռուստաշոուում աշխատանքի և «Հեռուստասերիալում աչքի ընկնող հագուստների մոդելավորման համար» շահել է այն[5]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Թրավիլան մահացել է 1990 թվականի նոյեմբերի 2-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում 70 տարեկան հասակում թոքերի քաղցկեղից։

Նրա անձնական հավաքածուն 2008 թվականին մեկնել է համաշխարհային շրջագայության։ Առաջին ցուցահանդեսը կայացել է Անգլիայում, ապա անցկացվել է Լոս Անջելեսում և 2009 թվականին՝ Կալիֆոռնիայում՝ Պալմ Սփրինգում։ Հավաքածուում ներկայացված են Մերիլին Մոնրոյի, Դայոն Ուորվիքի, Ուիթնի Հյուսթոնի, Ֆեյ Դանաուեյի, Ջուդի Գառլենդի, Շերոն Թեյթի, Ջեյն Ռասելի, Բեթի Գրեյբլի, Լանա Թըրների, Դայան Քերոլի, Սյուզն Հեյվորդի, Ջոան Վուդվարդի, Բարբարա Սթենվիկի և կինոյի և հեռուստատեսության շատ այլ դերասանուհիների զգեստները։ «Օսկար»-ի են ներկայացվել նաև Թրավիլայի մշակած նախշերը, կարի արհեստանոցի առարկաները և հագուստների բազմաթիվ օրգինալ էսքիզներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]