Ուայթհորս
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
---|---|---|---|
Համայնք | Յուկոն | ||
Հիմնադրված է | 1898 թ. | ||
Մակերես | 416,54 կմ² | ||
ԲԾՄ | 670 մետր, 1700 մետր | ||
Բնակչություն | ▲28 201 մարդ (2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 867 | ||
Պաշտոնական կայք | whitehorse.ca(անգլ.) | ||
| |||
Ուայթհորս (անգլ.՝ Whitehorse [ˈwaɪt.hɔrs] — «սպիտակ ձի»), Կանադայի Յուկոն տարածքի մայրաքաղաքն ու ամենամեծ բնակավայրը։ Քաղաքի բնակչության թիվը 23 276 է (2011 թվական), ինչը կազմում է ամբողջ տարածքի բնակչության մոտ երկու երրորդը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հնագիտական պեղումների՝ ներկայիս Ուայթհորսի տարածքը մինչև սպիտակամորթների ժամանումը մշտական բնակչություն չի ունեցել, բացառությամբ տարվա տաք ամիսներին որսորդության և ձկնորսության նպատակով այստեղ եկող հնդիկներին։ Ուայթհորսի զարգացման պատմությունը, ինչպես և ամբողջ Յուկոնինը, սերտորեն կապված է «Ալյասկայի ոսկու տենդի» հետ։ Բնակավայրը հիմնադրվել է 1898 թվականին։ 1900 թվականին ավարտվել է White Pass and Yukon Railway երկաթուղու շինարարությունը, որը կապում է Ուայթհորսը Սկեգուեյ (Ալյասկա) նավահանգստի հետ։ Քաղաքի անվանումը գալիս է Յուկոն գետի ափին գտնվող քարվաստների անունից։ Ջեկ Լոնդոնն այսպես է նկարագրում այդ քարվաստները[2]։
Ոսկի որոնողները, որոնք ուսումնասիրել են տեղանքը՝ ոսկի գտնելու համար, քաղաքի մոտակայքում գտել են պղնձի հանքավայրեր, որոնք այժմ էլ մշակվում են։ 1942 թվականին՝ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից կառուցվել է Ուայթհորսով անցնող Ալյասկինյան մայրուղին՝ Ալյասկայի մատակարարումը Ճապոնիայի սպառնալիքից պաշտպանելու համար։ 1950 թվականին հաստատվել է քաղաքի կանոնադրությունը։ 1953 թվականի օգոստոսի 1-ին Յուկոնի մայրաքաղաքը Դոուսոնից տեղափոխվել է Ուայթհորս։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուայթհորսը գտնվում է Յուկոնի տարածքի հարավային մասում՝ Յուկոն գետի և Ալյասկայի մայրուղու խաչմերուկում։ Քաղաքի տարբեր մասերում ծովի մակարդակից բարձրությունը խիստ տարբերվում է` 670 մետրից (գետի մակարդակից) մինչև 1702 մետր (քաղաքում գտնվող լեռների գագաթները)։ Ժամանակին քաղաքի անունը տվող Յուկոնի սահանքները, այժմ հեղեղված են հիդրոէլեկտրակայանների ջրամբարով։
Քաղաքը գտնվում է մերձարկտիկական կլիմայական գոտում, սակայն Կորդիլերներից եկող «անձրևային ստվերը» կլիման դարձնում է չոր և բավականին բարենպաստ։
Ուայթհորսի կլիմա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 9 | 11.7 | 11,7 | 20.6 | 34.1 | 34.4 | 32.8 | 31.6 | 26,7 | 18.9 | 11.7 | 9.5 | 34.4 |
միջին առավելագույնը (°C) | -13.3 | -8.6 | −0,8 | 6.4 | 13.1 | 18.5 | 20.5 | 18.5 | 12,2 | 4.3 | -5.8 | -10.6 | 4.5 |
միջին ջերմաստիճանը (°C) | -17.7 | -13.7 | −6,6 | 0.9 | 6.9 | 11.8 | 14.1 | 12.5 | 7.1 | 0.6 | -9.4 | -14.9 | -0.7 |
միջին նվազագույնը (°C) | -22 | -18.7 | -12.3 | -4.6 | 0.7 | 5.1 | 7.7 | 6.3 | 2 | -3.1 | -13 | -19.1 | -5.9 |
բացարձակ նվազագույնը (°C) | -52.2 | -51.2 | -40.6 | -29.4 | -11.7 | -2.8 | -0.5 | -4.4 | -19.4 | -31.1 | -40.6 | -47.8 | -52.2 |
տեղումների քանակը (մմ) | 16.7 | 11.4 | 10.4 | 7 | 15.2 | 30.3 | 41.4 | 39.4 | 34.1 | 23.8 | 19.2 | 18.5 | 267.4 |
Աղբյուր՝ Environment Canada |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի համաձայն՝ Ուայթհորսում բնակվում էր 23 276 մարդ՝ միջին տարիքը 37.1 տարեկան[3]։ Քաղաքաբնակներից մոտ 20 հազարը տանը հաղորդակցվում է անգլերենով, հազարից մի փոքր ավելին՝ ֆրանսերենով, 300-ից ավելին՝ գերմաներենով։ Բնակիչների ավելի քան 90%-ը Եվրոպայից ներգաղթյալների ժառանգներն են։ Քաղաքն ունի ֆիլիպինյան (մոտ 400 մարդ) և չինական (մոտ 200 մարդ) համայնքներ, քաղաքում ապրում է նաև մոտ 40 ռուս։ Հանցագործության մակարդակը Ուայթհորսում շատ բարձր է՝ 3 անգամ ավելի, քան երկրի միջին ցուցանիշը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուայթհորսն իր ծնունդով պարտական է ոսկու տենդին։ Այնուհետև քաղաքի տնտեսական աճին նպաստել է նրա մերձակայքում գտնվող պղնձի հանքավայրերի մշակումը։ Այսօր այդ ռեսուրսները գործնականում սպառվել են, և քաղաքացիների մեծ մասն աշխատում է պետական ապարատում (դաշնային, տարածքային և քաղաքային մակարդակներում)։ Հետագայում քաղաքի տնտեսական զարգացումը կապվում է ծառայությունների ոլորտի, զբոսաշրջության, առևտրի և տրանսպորտային ծառայությունների (Ալյասկայի մայրուղու) զարգացման հետ։ Ուայթհորսը ասբեստի և բազմամետաղական հանքաքարերի մատակարարման կենտրոն է, որոնց հանքավայրերը գտնվում են նրանից հյուսիս և արևմուտք ընկած տարածքում։ Քաղաքից ոչ հեռու կանադական բանակի մարզական կենտրոնն է։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը սպասարկվում է Էրիկ Նիսլենի անվան միջազգային օդանավակայանի կողմից՝ (IATA: YXY, ICAOICAO: CYXY) տարեկան 230 հազար մարդ ուղևորաշրջանառությամբ (2009 թվական)։ Կանոնավոր չվերթներ կան դեպի Վանկուվեր, Էդմոնտոն և Կալգարի, սեզոնային թռիչքներ՝ դեպի Մայնի Ֆրանկֆուրտ, իսկ տեղական չվերթներ՝ դեպի Կանադայի հյուսիս և Ալյասկա։ Ուայթհորսով անցնող մայրուղին Ալյասկան կապում է Կանադայի և ԱՄՆ-ի ճանապարհային ցանցի հետ։ Մայրուղին հատում է Յուկոնը Ռոբերտ Քեմփբելի կամրջի վրայով (Robert Campbell Bridge):

1900-1982 թվականներին քաղաքը WP&YR երկաթուղով կապվում էր Ալյասկայի Սկեգուեյ նավահանգստի հետ, բայց հանքավայրերի ոչնչացումից հետո այն լքվել է։ Ներկայումս քննարկվում է ճանապարհի վերականգնման և զբոսաշրջային գնացքները շարժման մեջ դնելու հարցը։ Հասարակական տրանսպորտը ներկայացված է 6 ավտոբուսային երթուղով, որոնք գործում են Whitehorse Transit ընկերության ղեկավարության տակ (երկուշաբթի-շաբաթ)։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կանադայի մարդահամար (2021)
- ↑ Джек Лондон. Смок Белью.
- ↑ «Whitehorse». Statistics Canada 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայթհորս» հոդվածին։ |
|