Նատալյա Զախարինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Զախարինա
ռուս.՝ Наталья Александровна Герцен և ռուս.՝ Наталья Александровна Захарьина
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1817
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 2 (14), 1852 (34 տարեկան)
Մահվան վայրՆիս, Սարդինիայի թագավորություն, Իտալիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինԱլեքսանդր Գերցեն
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Յակովլև
ԵրեխաներԱլեքսանդր Գերցեն և Natalie Herzen?
 Natalia Herzen Վիքիպահեստում

Նատալյա Ալեքսանդրովնա Զախարինա (ռուս.՝ Наталья Александровна Захарьина), ամուսնական ազգանունը՝ Գերցեն (ռուս.՝ Герцен , հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1817, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 2 (14), 1852, Նիս, Սարդինիայի թագավորություն, Իտալիա), Ալեքսանդր Իվանովիչ Գերցենի զարմուհին և կինը (1838 թվականից), նրա երեխաների մայրը։ Գերցենի հուշագրական «Եղելություն և խոհեր» ստեղծագործության կենտրոնական կերպարներից մեկն է։ Թողել է բավականին հարուստ էպիստոլար ժառանգություն, օրագրեր և ինքնակենսագրության պլան։

Ծագում, դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Զախարովայի հայրը՝ Ա. Ա. Յակովլևը

Նատալյա Ալեքսանդրովնան եղել է Սրբազան սինոդի օբեր-պրոկուրոր (նախահեղափոխական Ռուսաստանում սինոդի կամ սենատի բարձրագույն պաշտոնյա) Ալեքսանդր Ալեքսեևիչ Յակովլևի ապօրինի դուստրը։ Չափաբերական մատյանում պահպանվել է հետևյալ գրությունը. «1817 թվականի հոկտեմբերի 22-ին գեներալ Ալեքսանդր Ալեքսեևիչ Յակովլևի տանը եկվոր օտարերկրացի Քսենյան ունեցել է Նատալյա դստերը Ալեքսանդրովա Զախարինան՝ կնքված հոկտեմբերի 24-ին»։ «Զախարինա» ազգանունը ստացել է ի հիշատակ Յակովլևների և Ռոմանովների ընդհանուր նախնիների։ Տվերի բուլվարի 25-ում գտնվող նույն տանը (որը հայտնի է որպես Գերցենի տուն և հանդես է գալիս Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպում Գրիբոյեդովի տուն անունով) դրանից հինգ տարի առաջ լույս աշխարհ էր եկել Զախարինայի ազգակից եղբայրը՝ Ալեքսանդր Գերցենը[1]։

Գերցենների կենսագիր Եկատերինա Նեկրասովայի տվյալներով՝ օբեր-պրոկուրորն ուներ մի քանի զավակ, որոնք ծնվել էին արտամուսնական կապերից, և նա «բոլորին պահում էր իրեն մոտիկ՝ բոլորին տալով կրթության»։ Նատալյան յոթ տարեկան էր, երբ Յակովլևը մահացավ։ Աղջկա դաստիարակությունն իր վրա հանձն առավ հարազատ հորաքույրը՝ իշխանուհի Մարիա Ալեքսեևնա Խովանսկայան։ Իշխանուհին, որն այդ ժամանակ արդեն հատում էր յոթանասունի սահմանը, «քմահաճ էր, իրասածի և եսասեր»[2]։ Տան տնտեսության կառավարումը նա վստահում էր իր ընկերակցուհի Մարիա Մակաշինային։ Հետագայում վերհիշելով պատանեկան և երիտասարդական տարիների մասին, որոնք անցել էին Խովանսկայայի տանը, Զախարինան գրել է. «Ինձ թվում էր, որ ես սխալ կյանք եմ ընկել և շուտով վերադառնալու եմ իմ տուն. սակայն որտե՞ղ էր իմ տունը... Ուրիշ աշխարհ գնալու ձգտումը դառնում էր ավելի ուժգին, իսկ դրան զուգահեռ աճում էր արհամարհանքը իմ զնդանի և նրա դաժան պահապանների հանդեպ»[3]։

Իր զարմիկ Ալեքսանդր Գերցենի հետ (նրա հայրը Ալեքսանդր Յակովլևի հարազատ եղբայրն էր) Նատալյան ծանթացել էր դեռևս վաղ մանկության շրջանում, սակայն նրանց շփումը մակերեսային էր։ Նշանակալի ամսաթիվը, որը փոխել էր նրանց հարաբերությունները, նրանք համարում էին 1835 թվականի ապրիլի 9-ը, երբ Ալեքսանդր Իվանովիչը, որը դատվել էր «անարգական ոտանավորների» համար, ուղարկվել էր Պերմ։ Հրաժեշտի հանդիպմանը նրա մայրն իր հետ տարել էր տասնյոթամյա Նատալյային[4]։

Տվերի բուլվար 25՝ «Գերցենի տուն», այժմ՝ Գրականության ինստիտուտի շենք

Արդյունքում կարճ հանդիպումը վերածվեց Գերցենի և Նատալյայի երկարատև նամակագրությանը։ Գերցենը նրան նամակներ էր ուղարկում Պերմից, Վյատկայից, Վլադիմիրից, Նատալյան ի պատասխան նրան պատմում էր իր կյանքի, հսկողության տակ ապրելու բազում դժվարությունների մասին[2]. «Ամեն ինչ գրել չեմ կարող, քանի որ գիտեմ, որ իմ նամակները երբեմն ընթերցվում են... Ամենակարևորը անպաշտպանությունն է, յուրաքանչյուրն իրավունք ունի վիրավորել»[5]։ Զախարինայի կարգավիճակը Խովանսկայայի տանը բավականին նմանություն ուներ զարմիկի վիճակի հետ։ Տարիներ անց, գրող Տատյանա Աստրակովային պատմելով իր պատանեկան հույսերի մասին, Նատալյա Ալեքսանդրովնան խոստովանել է.

Դու գիտես իմ էությունը, գիտես իմ մանկությունը, պատանեկությունը... Վաղ տարիներից ինձ պետք էր ճանաչել և սիրել անսահման, իսկ շրջապատս ինձ ներս էր գցում, սեղմում ինքս իմ մեջ... Ներաշխարհս դառնում էր ավելի ու ավելի ընդարձակ, իսկ պատերը դառնում էին բարակ։ Եթե չլիներ Ալեքսանդրը, ես կմեռնեի, լրիվ կմեռնեի[6]...

Ամուսնական կյանքի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1837 թվականին Նատալյա Ալեքսանդրովնան հաղորդեց Վյատկայում գտնվող Գերցենին, որ Խովանսկայան որոշել է իրեն ամուսնացնել ոմն Սնակսարյովի հետ և նույնիսկ որպես օժիտ հատկացրել է 100 000 ռուբլի և մի փոքրիկ գյուղ Մոսկվայի շրջակայքում։ Արդեն սկսել էին հարսանիքի պատրաստությունները, սակայն ամուսնական արարողությունն ինչ-որ պատճառներով չկայացավ[7]։ Զախարինային իշխանուհու տնից տանելու անհրաժեշտության մասին մտքերը ստիպեցին Ալեքսանդր Իվանովիչին դիմել արձակուրդի համար։ Նրա հայցը բավարարվեց միայն ամիսներ անց, երբ Գերցենը գտնվում էր Վլադիմիրում։ 1838 թվականի ապրիլին Ալեքսանդր Իվանովիչը հասավ Մոսկվա և հանդիպեց հորեղբոր աղջկան[8]։ Այստեղ կայացավ Նատալյա Ալեքսանդրովնային տանելու նրա առաջին փորձը, սակայն պլանը, որի կատարմանը մասնակցում էին նաև Տատյանա Աստրակովան և նրա ամուսինը՝ մաթեմատիկական գիտությունների մագիստրոսը, անհաջող ստացվեց։ Գերցենը, վերադառնալով Վլադիմիր, սկսեց հարսանիքի նախապատրաստությունները և կրկին «հարսնացուին փախցնելուն»[9]։

Դա տեղի ունեցավ երեք շաբաթ անց՝ մայիսի սկզբին, հետագայում նկարագրվել է «Եղելություն և խոհեր» գրքում և Աստրակովայի հուշերում։ Նատալյա Ալեքսանդրովնան, օգտվելով Խովանսկայայի ու ընկերակցուհու կարճատև բացակայությունից, կարողացել էր դուրս գալ տնից և Գերցենի ընկեր Նիկոլայ Կետչերի հետ մեկնել էր Պերովի պանդոկ՝ ճանապարհին ստիպված լինելով մի քանի անգամ փոխել կառքը։ Աստրակովը, որը փողոցում էր հետևում Զախարինայի փախուստին՝ համոզված լինելու, որ ոստիկաններ չկան, շտապել էր իր տուն, որտեղ նրան սպասում էր Ալեքսանդր Իվանովիչը։ Գերցենի և Զախարինայի հանդիպումը տեղի էր ունեցել Ռոգոժի ուղեկալում գտնվող պանդոկում։ Նշելով «գերուհու ազատագրումը» շամպայնով՝ Ալեքսանդր Իվանովիչը և Նատալյա Ալեքսանդրովնան մեկնեցին Վլադիմիր, որտեղ 1838 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցավ նրանց պսակադրությունը։ Ամուսնական կյանքի սկիզբը Գերցենը իր օրագրում արձանագրել է հետևյալ բառերով. «Նամակագրության ավարտը»[10]։

Ալեքսանդր Գերցենը որդու՝ Ալեքսանդրի հետ, 1840 թվական

Վլադիմիրում ամուսիններն ապրում էին առանձնացած. Գերցենն զբաղվում էր գրական գործունեությամբ, աշխատում էր «Իմ մասին» վիպակի վրա, Նատալյա Ալեքսանդրովնան շատ էր կարդում։ Ընկերուհուն ուղղված մի նամակում նա հիշատակում է, որ իրենց հաջողվել է վարձել հարմարավետ տուն քաղաքի մերձակայքում. «Նստում ենք բուխարու մոտ, հիշում ենք ընկերներին և վայելում ենք ներկան»[11]։ 1839 թվականի հունիսին ընտանիքում հայտնվեց առաջնեկը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը։ Մեկուկես ամսից պարզ դարձավ, որ ոստիկանական հսկողությունը հանվել է Գերցենի վրայից։ Նույն ամռանը հենց ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա[12]։ Հետագայում, պատմելով Օգարյովին այս մասին, թե ինչ էր նշանակում իր համար Նատալյա Ալեքսանդրովնան, Գերցենը գրել է. «Իրական կյանքում իրական փրկությունն ամուսնությունն էր»[13]։

Գերցենի ընկերները և մտերիմներն ընդհանուր առմամբ ջերմ էին վերաբերվում նրա կնոջը։ Այսպես, Նիկոլայ Օգարյովը նրա մասին արտահայտվել է որպես «իր ճանաչած կանանցից ամենանրբագեղը»։ Վիսարիոն Բելինսկուն ամենաշատը տպավորել էին Գերցենների տան ազատ կացութաձևը և Նատալյա Ալեքսանդրովնայի բնական պահվածքը. «Այդ ինչպիսի՜ կանացի, վեհանձն էակ էր՝ լի սիրով, հեզությամբ, նրբությամբ և մեղմ նազանիությամբ»։ Երբ Գերցենները տեղափոխվեցին մայրաքաղաք, նրանց հետ շփված Միխայիլ Բակունինը պատմել է, որ Ալեքսանդր Իվանովիչը և Նատալյա Ալեքսանդրովնան եղել են իր համար «Պետերբուրգյան ուրախությունը. նա հիանալի, խելացի, ազնվաբարո մարդ էր, իսկ նա՝ սրբապաշտ, սիրող, իրոք կանացի մի էակ»։ Այդ նույն ժամանակ Ավդոտյա Պանաևան կարծում էր, որ Գերցենի կինն առանձնանում էր «չափից դուրս ակնառու մեծամտությամբ»[14]։

Կյանք Եվրոպայում։ Կապ Գեորգ Հերվեգի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1847 թվականից Գերցենների կյանքն անցել է Ռուսաստանի սահմաններից դուրս։ Եվրոպա մեկնելու ձևական պատճառը Նատալյա Ալեքսանդրովնայի բուժումն էր. տասնմեկամյա դուստր Լիզայի մահից հետո (1845—1846)[15] Զախարինան գտնվում էր ընկճված վիճակում[16]։ Նաև նրան անհանգստացնում էր ամուսնու և նրա ընկերների հետ հարաբերությունների սառեցումը։ Տատյանա Աստրակովային ուղղված նամակներում նա խնդրում էր. «Ինձ մանրամասն գրիր Կետչերի մասին. չնայած ամեն ինչին՝ սիրում եմ այդ մարդուն և ցանկանում, որ վերածնվի նրա հավատը մեր ընկերության հանդեպ»։ Փարիզի հեղափոխական իրադարձությունների ականատեսը լինելով՝ Նատալյա Ալեքսանդրովնան հաղորդում էր իր մոսկովյան ընկերներին, որ «ոգու բացակայությունը թույլ չի տալիս նկարագրել... Թե ոնց ենք մենք ապրում, զարմանում եմ, սակայն ապրում ենք զուտ ֆիզիկապես»[17]։

Գերցենների կյանքի այդ շրջանում հայտնվեցին նոր ընկերներ՝ գերմանացի բանաստեղծ Գեորգ Հերվեգը և նրա կին Էմման։ Հերվեգը և Ալեքսանդր Իվանովիչը հոգևոր ուժեղ հարազատություն էին զգում, նրանց հետաքրքրությունները, ճաշակները, հակումները չափազանց նման էին, և ինչ-որ ժամանակից սկսած Զախարինան սկսեց նրանց կոչել «երկվորյակներ»[18]. այդ կերպ, ինչպես նշել է գրականագետ Իրինա Պապերնոն, ակնհայտ հղում կար Ժորժ Սանդի «Փոքրիկ Ֆադետան» վիպակին[19]։

Գեորգ Հերվեգ

«Ներդաշնակության կղզում» ապրելու ցանկությունը Գերցենին և Հերվեգին մղեց դեպի իր տեսակի մեջ ինքնատիպ «ուտոպիստական համայնքի» ստեղծմանը, որի բնակիչները, ինչպես ենթադրվում էր, կարող էին հաղթահարել «սեփականության զգացումը» և «մնացուկային եսասիրությունը»։ Երբ Ալեքսանդր Իվանովիչը և Նատալյա Ալեքսանդրովնան տեղափոխվեցին Ժնև, այնտեղ նրանց հետ մեկնեց նաև Հերվեգը՝ դառնալով Գերցենի երեխաների ուսուցիչը[19]։ Այն մասին, որ իր կնոջը և Հերվեգին կապում է ոչ միայն ընկերությունը, Գերցենն սկսել էր կասկածել 1849 թվականին։ Նատալյա Ալեքսանդրովնան, բացատրելով բանաստեղծով իր տարվածության պատճառները, ասաց ամուսնուն. «Նա մեծ երեխա է, իսկ դու՝ չափահաս... Նա կմեռնի սառը խոսքից, նրան պետք է զգույշ վերաբերվել»[17]։

1850 թվականի ամռանը Հերվեգը և Գերցենն ապրում էին միասին Նիցցայում։ Նոյեմբերին Նատալյա Ալեքսանդրովնան դուստր ունեցավ՝ անվանելով նրան Օլգա (ինչպես ճշտում է Իրինա Պապերնոն, «գերցենագետները նախընտրում էին հավատալ, որ նա Գերցենի երեխան էր»)։ Շուտով հասկանալով, որ համատեղ գոյությունը վերածվել է մեծ խնդրի՝ Ալեքսանդր Իվանովիչը առաջարկեց Գեորգին և նրա կնոջը թողնել տունը։ Հերվեգները հեռացան Ջենովա, սակայն դրամատիկ իրադարձությունները շարունակվեցին. Գեորգը հրապարակեց համայնքի կյանքի մասին մանրամասներ, իսկ հետո Գերցենի հետ փոխանակվեց վիրավորական նամակներով[19]։ Մասնավորապես դրանցից մեկում Հերվեգը գրել է. «... Սիրո պոռթկման մեջ նա ինձնից երեխա է ունեցել Ժնևում, և ես երբեք չեմ հավատա, որ դուք այն ժամանակ չէիք կասկածում, ինչպես և մյուսները, որ այդքան խաբված չեք, որքան ուզում եք ներկայացնել»[20]։ Գործը հազիվ չհասավ մենամարտի, որը Գերցենը հեռու վանեց՝ համարելով, որ «նոր մարդու» բարոյական վարքագիրը խախտող» Հերվեգի դատավճիռը պետք է տար «պատվի դատարանը»։ Փորձելով վերջակետ դնել այդ պատմությանը՝ Նատալյա Ալեքսանդրովնան ընկերներին է տվել նամակներ, որոնք ուղղված էին բանաստեղծին։ Այնտեղ նա խոստովանել է, որ իր հափշտակվածությունը Գեորգով եղել է բավականին ուժեղ, սակայն ինքն արել է իր ընտրությունը. «Ես մնում եմ իմ ընտանիքի հետ, իմ ընտանիքը՝ Ալեքս[անդր]ը և իմ երեխաներն են... Իմ և Ձեր միջև տեղ չկա»[21]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1851 թվականին Գերցենների ընտանիքում ողբերգություն տեղի ունեցավ. Մարսելից Նիցցա գնացող նավի խորտակման ժամանակ մահացան նրանց որդին՝ ութամյա Նիկոլայը, որն ի ծնե խուլուհամր էր, Ալեքսանդր Իվանովիչի մայրը և տղայի դաստիարակը։ Այդ պահից Զախարինայի առողջական վիճակն սկսեց շեշտակի վատթարանալ։ Ապրիլի 30-ին նրա մոտ սկսվեցին վաղաժամ ծննդաբերական ցավեր։ Լույս աշխարհ եկավ որդին, որին կոչեցին Վլադիմիր։ Երեխան մահացավ մայիսի 2-ին, նրա հետ կյանքից հեռացավ նաև 34-ամյա Նատալյա Ալեքսանդրովնան[22]։ Տարիներ անց Գերցենը, հիշելով կնոջը, գրել է իր որդի Ալեքսանդրին.

Ահա ես ապրում եմ հինգերորդ տասնամյակը, սակայն, կհավատաս դու ինձ, որ այդպիսի հզոր կնոջ ես չեմ տեսել։ Նա խելք և սիրտ ուներ, ձևերի նրբագեղությունը և հոգու վեհանձնությունը անքակտելի էին։ Իսկ այդ անսահման սերը ձեր հանդեպ... Այո, դա կնոջ բարձրագույն իդեալն էր[23]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ որդի Ալեքսանդր Ալեքսանդրովիչը

Բացի Վլադիմիրից, որը լույս աշխարհ էր եկել 1852 թվականին և ապրել ընդամենը մի քանի օր[22], Նատալյա Ալեքսանդրովնան ծնել է ևս ինը երեխա։ Նրա առաջնեկը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը (1839—1906), զբաղվել է ֆիզիոլոգիայով, եղել է Լոզանի համալսարանի պրոֆեսոր։ Կնոջ՝ իտալուհի Թերեզինայի հետ նա մեծացրել է յոթ որդիներին և երեք դուստրերին[24]։ 1841 թվականի փետրվարին Գերցենների ընտանիքում ծնվել է Իվան որդին, որը մահացել է ծնվելուց գրեթե անմիջապես հետո։ Նույն տարվա դեկտեմբերին Զախարինան ծնել է Նատալյա դստերը, որը մահացել է երկու օր անց։ Շաբաթից պակաս է ապրել նաև ևս մեկ որդի՝ Իվանը (1842 թվականի նոյեմբերի 30-1842 թվականի դեկտեմբերի 5)[25]։ Ուղիղ մեկ տարի անց՝ 1843 թվականի նոյեմբերին ծնվել է Նիկոլայը, որն ըստ Գերցենի ծոռնորդու թոռան՝ Նատաշա Ուզեր-Գերցենի եղել է «խուլ, սակայն շատ խելացի, օժտված երեխա»[24]։

Գերցենների դուստր Նատալյան (1844—1936), որին մտերիմները կոչում էին Տատա, չի ստեղծել սեփական ընտանիքը։ Նա զբաղվել է Ալեքսանդր Իվանովիչի գրական ժառանգության ուսումնասիրությամբ և կարողացել է պահպանել շատ փաստաթղթեր, ընտանեկան մասունքներ[24]։ 1845 թվականի դեկտեմբերին ծնված Ելիզավետան (Լիկա) ապրել է ընդամենը տասնմեկ ամիս[25]։ Կրտսեր դուստրը՝ Օլգա Գերցենը, լույս աշխարհ է եկել 1850 թվականի նոյեմբերին, առողջ, պինդ երեխա էր։ Ամուսնացել է ֆրանսիացի պատմաբան Գաբրիել Մոնոյի հետ, ապրել է բավականին երկար, մահացել է 1953 թվականին 103 տարեկան հասակում[24]։

«Եղելություն և խոհեր»-ի հերոսուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եղելություն և խոհեր» առաջին հատորի առաջին հարատարակության տիտղոսաթերթը

«Եղելություն և խոհեր» գրքի անվանաթերթում հեղինակային ընդմիջարկմամբ կա ձոն Օգարյովին. «Այս գրքում ամենից շատ խոսվում է երկու անհատների մասին։ Նրանցից մեկն արդեն չկա, դու միայնակ ես մնացել»․ Այնուհետև սկսվում է բուն պատումը, ընդ որում Զախարինայի անունը չի հանդիպում տեքստում բավականին երկար ժամանակ։ Հարյուր էջ հետո ոճը հանկարծ փոխվում է. կենդանի, բուռն խոսքը իր տեղը զիջում է լիրիկական ելևէջներին. «Առաջին անգամ իմ պատմության մեջ հայտնվում է կնոջ կերպար... և ըստ էության, միակ կանացի կերպարն էր իմ կյանքում»։ Առաջին հանդիպման մասին հիշողությունները ներկայացվում են մանրակրկտորեն՝ տեղերի ու ժամանակվա ճշգրիտ ներկայացմամբ[26]։ Հերոսուհու դիմանկարը («մեծ աչքեր՝ եզերված մուգ շրջանակով... հոգնագորով խոնջություն և անվերջ թախիծ») հեղինակը ներկայացնում է երրորդ մասում։ Առանձնահատուկ տպավորություն նրա վրա թողել է կարճ հանդիպումը, որը նախորդել էր առաջին՝ չկայացած «հափշտակմանը». «Նա եկավ ամբողջությամբ սպիտակ հագած, կուրացուցիչ գեղեցիկ. երեք տարվա անջատումը և կրած պայքարը վերջնականացրել էին դիմագծերը և արտահայտությունը»[27]։

«Եղելություն և խոհեր»-ի 5-րդ գլխի երկրորդ մասում քնարականությունն անհետանում է. պատմողը անցնում է խոստովանությունների՝ կապված իր ընտանեկան դրամայի հետ։ Իվան Տուրգենևը, կարդալով այդ էջերը դեռևս սևագիր վիճակում, նշել է, որ «այդպես կարող էր գրել նա՝ ռուսների մեկը»[28]։ Այստեղ, ըստ գրականագետ Լիդիա Գինզբուրգի, հայտնվում են պերճախոս դետալներ, որոնք դարձել են «կենսական մեծ նշանակության կրողները»։ Այսպես, «Oceano nox» գլխում, որում պատկերվում է Գերցենի մոր և իր խուլուհամր Կոլյա որդու մահը Միջերկրական ծովում, հեղինակը հաղորդում է, որ երեխայից մնացել էր միայն մանկական ձեռնոց. «Նա [Նատալյա Ալեքսանդրովնա] դուրս քաշեց նրա փոքրին ձեռնոցը, որը փրկվել էր աղախնի գրպանում, և վրա հասավ մի լռություն, այն լռությունը, որից կյանքը դուրս է հոսում, ինչպես բարձրացած ամբարտակից»[29]։

Այդ նույն գլխում կա ևս մի մանրամասներով հագեցած փոքրիկ էպիզոդ. խոսքը վերաբերում է Ալեքսանդր Իվանովիչի և կնոջ հանդիպման մասին Թուրինում։ Հանդիպումը տեղի էր ունենում ընտանիքին հանդիպած ցնցումից հետո, և ամուսինների հաշտությանը նպաստում է հյուրանոցային համարի մթնոլորտը. «Ծածկված սեղանին դրված էին երկու չվառած մոմեր, հաց, մրգեր և գինու սափոր։ Ես չէի ուզում որևէ մեկին արթնացնել, մենք վառեցինք մոմերը և նստած դատարկ սեղանի մոտ՝ նայեցինք իրար ու հիշեցինք մեր վլադիմիրյան կյանքը»[30]։ Տուրգենևը Միխայիլ Սալտիկով-Շչեդրինին հասցեագրված նամակում խոստովանել է, որ ծանոթանալով Գերցենների կյանքի դրամատիկ իրադարձություններին և Զախարինայի մահվան հանգամանքներին ծանոթացնող դրվագներին՝ ինքը «այդ ամբողջ օրերի ընթացքում եղել է տպավորության տակ»[31]։ Ինքը Ալեքսանդր Իվանովիչը երկար տարիների ընթացքում վերլուծել էր վրիպումները և սխալները, որոնք հասցրել էին ճակատագրական վախճանին, և դստերը՝ Նատալյային (Տատա) գրված նամակում պատմել է.

Մեզ համար ընտանեկան կյանքը գտնվում էր երկրորդ պլանում, իսկ առաջինում մեր գործունեությունն էր։ Դե նայիր՝ մեր պրոպագանդան հաջողվեց, իսկ ընտանեկան կյանքը տուժեց։ Շրջապատից շփացած՝ ավանդույթների աշխարհի դեմ պայքարում մենք, այսպես ասած, հանդուգն էինք, մտածում էինք, որ ամեն ինչ կստացվի, սարսափելի ինքնապաստան էինք։ Ու կոտրվեցինք... պիտի կոտրվեինք, այսպես թե այնպես՝ կարևոր չէ»[32]։

Էպիստոլար ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում նամակներն ընդունվում էին որպես ոչ միայն տեղեկատվության հաղորդման միջոց, այլևս որպես էպիստոլար ժանր և իր տեսակի մեջ «գրական փաստ»[33]։ Գերցենը մինչև ամուսնությունն էլ ուշադրություն էր դարձրել նամակներում պարզ և հստակ կերպարներ ստեղծելու Նատալյա Զախարինայի կարողության վրա. «Դու, հնարավոր է, գաղափար էլ չունես գրելու քո հսկայական տաղանդի մասին»։[34] Քննելով Զախարինայի էպիստոլար ժառանգությունը՝ գրականագետ Իրինա Սավկինան եկել էր այն եզրակացության, որ նրա նամակներում ոճը և տրամադրությունը տարեցտարի փոխվել է։ Առաջին նամակները Գերցենին ուղարկել էր տասնյոթամյա աղջիկը իշխանուհի Խովանսկայայի տնից, դրանցում գերակշռում էր «անձկության, դատարկության և սառնության» մոտիվը[35]։ Նատալյային չէր բավարարում անձնական տարածքը, այստեղից էլ խոստովանությունը. «Սարսափելի է, թե ինչքան անհարմար է գրել ծնկաչոք, ընդ որում դեպի ներքև»[36]։ Նամակագրության այդ ընթացքում, խոսելու և պատմելու հնարավորության դեպքում նրա համար ամենացավոտը «անձնական սենյակն» էր[37]։

Կյանքի վլադիմիրյան շրջանը Զախարինայի համար բացարձակ ներդաշնակության ժամանակ էր։ Պատմելով ընկերուհիներից մեկին ամուսնու հետ քաղաքի արվարձանում հանգիստ, առանձնացած կյանքի մասին՝ նա հաղորդում էր, որ «հոգում այնպես լավ է, այնպես լուսավոր»։ Այդ շրջանում նրա նամակներում մեծ տեղ էին զբաղեցնում կենցաղային մանրամասները, տնտեսվարական հարցերը։ Որդու՝ Սաշայի ծնվելը տեսքտին նոր երանգներ հաղորդեց։ Երիտասարդ կինը Խորասուզման և ներքին վիճակի վերլուծության համար ուղղակի ժամանակ չուներ[38]։ Մոսկվա և Պետերբուրգ տեղափոխվելուց հետո ընկերուհիներին հասցեագրված նամակների երանգները (նաև Տատյանա Աստրակովային) կտրուկ փոխվեցին։ Զախարինան հաղորդում էր նորածին երեխաների մահվան մասին, բժիշկների ախտորոշման, նրանց նախիմացության. տեքստերում սկսեցին տիրել անհանգստության և անհավասարակշռության մոտիվներ[39]։

Ընդհանրապես այլ տրամադրություններ էին զգացվում Եվրոպայից ուղարկված Նատալյա Ալեքսանդրովնայի նամակներում. իրադրության փոփոխությունը ծանր մտքեր էին առաջացել, ծագել էր գիտակցություն, որ «սկսվել է նոր կյանք նոր արժեքներով»։ Նա իրեն վերածնված զգում էր. ռոմանտիկ, մշտապես իր վրա կասկածող աղջկա փոխարեն հայտնվել էր ազատ, վստահ կին[40]։ «Ներդաշնակության կղզում» նա վայելում էր կյանքի հաճույքը. «Մենք բոլորս այնպես էինք ապրում, երգում. ես չեմ կարող պատկերացնել դրանից ավելի ներդաշնակ մի բան»[41]։ Առանձնահատուկ արժեք ունեն Հերվեգին հասցեագրված նամակները. դրանցում առկա էր «անհաղթահարելի կիրք, որին նա, հավանաբար, սկզբում ընդդիմանում էր, սակայն հետո թույլ տվեց իրեն հետևել իր ցանկություններին»[42]։ Զախարինայի ողջ նամակագրական ժառանգությունը, Իրինա Սավկինայի խոսքերով, դժվար ճանապարհ է «սեփական նույնականության որոնում»[42]։

Նատալյա Ալեքսանդրովնայի նամակները ներառվել են «Եղելություն և խոհեր» գրքում։ Բացի այդ՝ դրանք հրատարակվել են «Ռուսական միտք» ամսագրում (1889, № 5, 6), «Ռուսական եղելավեպ» հրատարակությունում (1893, № 3), «Պ. Վ. Աննենկովը և նրա ընկերները» գրքում (1892), Տատյանա Պասեկի «Հեռավոր տարիներից» հուշերում (1905), Գերցենի գործերի ժողովածուի 7-րդ հատորում (1905), Էդուարդ Կառի «The Romantic Exiles» գրքում (1933)[43]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Романюк, 1997, էջ 711
  2. 2,0 2,1 Савкина, 2007, էջ 317
  3. Прокофьев, 1979, էջ 31—32
  4. Прокофьев, 1979, էջ 75
  5. Савкина, 2007, էջ 320
  6. Пирумова, 1989, էջ 31
  7. Прокофьев, 1979, էջ 113
  8. Прокофьев, 1979, էջ 123
  9. Прокофьев, 1979, էջ 124
  10. Прокофьев, 1979, էջ 126—128
  11. Прокофьев, 1979, էջ 128—130
  12. Прокофьев, 1979, էջ 135
  13. Пирумова, 1989, էջ 31—32
  14. Анциферов, 1956, էջ 358
  15. Прокофьев, 1979, էջ 209
  16. Прокофьев, 1979, էջ 212
  17. 17,0 17,1 Пирумова, 1989, էջ 32
  18. Пирумова, 1989, էջ 34
  19. 19,0 19,1 19,2 Паперно И. Введение в самосочинение: аutofiction. Интимность и история: семейная драма Герцена в сознании русской интеллигенции // Новое литературное обозрение. — 2010. — № 103.
  20. Желвакова И. А. Герцен. — М.: Молодая гвардия, 2010. — ISBN 978-5-235-03313-9(չաշխատող հղում)
  21. Пирумова, 1989, էջ 38—39
  22. 22,0 22,1 Пирумова, 1989, էջ 38—40
  23. Анциферов, 1956, էջ 356
  24. 24,0 24,1 24,2 24,3 Клот Л. «Наташа Узер-Герцен: «Среди потомков Герцена – инженеры, архитекторы, врачи»». Русский век. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  25. 25,0 25,1 Желвакова И. А. Герцен. — М.: Молодая гвардия, 2010. — ISBN 978-5-235-03313-9
  26. Анциферов, 1956, էջ 360
  27. Анциферов, 1956, էջ 362
  28. Кузнецов, 1997, էջ 55
  29. Гинзбург, 1957, էջ 54—55
  30. Гинзбург, 1957, էջ 55
  31. Бабаев, 1984, էջ 86
  32. Бабаев, 1984, էջ 85
  33. Савкина, 2007, էջ 313
  34. Кузнецов, 1997, էջ 539
  35. Савкина, 2007, էջ 319
  36. Савкина, 2007, էջ 321
  37. Савкина, 2007, էջ 322
  38. Савкина, 2007, էջ 338
  39. Савкина, 2007, էջ 349
  40. Савкина, 2007, էջ 358
  41. Савкина, 2007, էջ 363
  42. 42,0 42,1 Савкина, 2007, էջ 373
  43. Анциферов, 1956, էջ 355

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анциферов Н. П. Н. А. Герцен (Захарьина). Материалы для биографии // Герцен и Огарёв / Виноградов, Виктор Владимирович. — М.: Наука, 1956. — Т. 63. — С. 355—492. — (Литературное наследство).
  • Бабаев Э. Г. Из истории русского романа XIX века. Пушкин, Герцен, Толстой. — М.: Издательство Московского университета, 1984.
  • Гинзбург Л. Я. «Былое и думы» Герцена. — М.: Художественная литература, 1957.
  • Герцен и Огарёв в кругу друзей. Книга первая / Кузнецов Ф. Ф.. — М.: Наука, 1997. — Т. 99. — (Литературное наследство). — ISBN 5-02-011230-5
  • Савкина И. Л. Разговоры с зеркалом и зазеркальем. Автодокументальные женские тексты в русской литературе первой половины XIX века. — М.: Новое литературное обозрение Новое литературное обозрение, 2007. — ISBN 5-86793-505-1
  • Пирумова Н. М. Александр Герцен — революционер, мыслитель, человек. — М.: Мысль, 1989. — ISBN 5-244-00066-7
  • Прокофьев В. А. Герцен. — М.: Молодая гвардия, 1979.
  • Романюк С. К. Герцен в Москве // Герцен и Огарёв в кругу родных и друзей. Книга вторая / Кузнецов Ф. Ф.. — М.: Наука, 1997. — Т. 99. — С. 711—722. — (Литературное наследство). — ISBN 5-02-011230-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Զախարինա» հոդվածին։