Jump to content

Յոհան ֆոն Շպորկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան ֆոն Շպորկ
գերմ.՝ Johann von Sporck
չեխ․՝ Jan Špork
Յոհան ֆոն Շպորկի դիմանկարը
(անհայտ նկարչի աշխատանք, 1669 թ.)
Հունվարի 6, 1600թ. (1595թ.) - օգոստոսի 6, 1679
ԾննդավայրՎեստերլոհ
Մահվան վայրHeřmanův Městec Castle, Heřmanův Městec, Heřmanův Městec
ԳերեզմանCrypt of Church of the Holy Trinity in Kuks
Քաղաքացիություն Բավարիայի կուրֆյուրստություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
Ծառայության տարիներ1620-1675
Կոչումֆելդմարշալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
'Երեսնամյա պատերազմ (1618-1648)՝
Սպիտակ լեռան ճակատամարտ
Յանկովի ճակատամարտ
Հյուսիսային պատերազմ (1655-1660)
Ավստրո-թուրքական պատերազմ (1663-1664)՝ Սենտգոթհարդի ճակատամարտ
Հոլանդական պատերազմ (1672-1678)

Յոհան ֆոն Շպորկ (գերմ.՝ Johann von Sporck, չեխ․՝ Jan Špork, 1597[3] կամ 1595, Վեստերլոհ - օգոստոսի 6, 1679(1679-08-06)[1][2], Heřmanův Městec Castle, Heřmanův Městec, Heřmanův Městec), Բավարիայի կուրֆուրստության, հետագայում Սրբազան Հռոմեական կայսրության հեծելազորի գեներալ։ 1647 թվականից հանդիսացել է բարոն, 1664 թվականից՝ կոմս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան ֆոն Շպորկը ծնվել է 1600 թվականի հունվարի 6-ին Պադերբորնի եպիսկոպոսության Շպորկհով տեղանքում՝ Վեստֆալիա հերցոգություն (ներկայում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի հողերի Դելբրյուք քաղաքի մոտակայքում գտնվող Շենինգ)[4]։ Այլ տվյալների համաձայն ծնվել է 1595 թվականին[5]։ Յոհան ֆոն Շպորկի ծնողներն են եղել Ֆրանց ՆոլտենՆ (Շպորկ) և Յոբստա Շպորկը։ Ընտանիքում ծնվել է հինգ երեխա՝ մեկ աղջիկ և չորս տղա, որոնցից երկուսը նույնպես ընտրել են զինվորական ծառայություն[6]

1620 թվականին Յոհան Շպորկն ընդունվում է զինվորական ծառայության Բավարիայի կուրֆյուրստության հեծելազորում, որի կազմում սկզբից մինչև վերջ մասնակցել է Երեսնամյա պատերազմին։ Ծառայությունը սկսել է դրագունյան գնդում, այնուհետև երկար տարիներ ծառայել է որպես կոռնետ (հեծելազորային սպայական առաջին աստիճան) Դիտրիխ Լոթարա ֆոն Բենինգհաուզենի կորնետում[7]։ Իր առաջին մարտը վարել է 1620 թվականի նոյեմբերի 8-ին Սպիտակ լեռան ճակատամարտում։ Մարշալ Տիլիի հրամանատարությամբ կռվել է Պֆալցում, Վեստֆալիա, Բավարիայի և Սաքսոնիայի կուրֆյուրստություններում։ 1632 թվականին մարշալի մահից հետո Յոհան Շպորկը Վալենշտայնի բանակի կազմում որպես ռոտմիստեր կռվում է Ֆյուրտում։ Այնուհետև Յոհան Շպորկը դառնում է Յոհան ֆոն Վերտի գնդի սպա։ 1638 թվականին մասնակցել է շվեդ գեներալ Կյոնինգսմարկի թվաքանակով գերազանցող ուժերի ջախջախմանը՝ ստանալով դեմքի վնասվածք:1639 թվականին նշանակվել է գնդի հրամանատար։ 1640-1642 թվականներին երեք անգամ ջախջախել է սակսեն-վայմերական բանակի ստորաբաժանումներին։ 1645 թվականին մասնակցել է Յանկովի ճակատամարտին, որում հաղթեցին շվեդները։ Ճակատամարտում Շպորկը վիրավորվում է, սակայն իր բավարական հեծյալներին առաջնորդելով կարողանում է դուրս գալ ռազմադաշտից և հասնել Յիհլավա բնակավայր։ Սակայն շվեդները հասնում են նրան և գերևարում։ Չնայած անհաջողություններին՝ Ֆերդինանդ III կայսրը բարձր է գնահատում գնդապետ Շպորգի հերոսությունը և ոչ միայն փրկագնով վերադարձնում է նրան գերևարությունից, այլև շնորհում գեներալ-մայորի կոչում։ Հետագայում գեներալ-մայոր Յոհան Շպորկը կռվում է շվեդների և ֆրանսիացիների դեմ Հեսսենում և Բավարիայում։ 1647 թվականի մարտի 14-ին Բավարիայի կուրֆյուրստ Մաքսիմիլիան IՖրանսիայի և Շվեդիայի հետ կնքում է Ուլմսկյան զինադադարը։ Շպորկը և իր հրամանատար Վերտը, կուրֆյուրստի քայլը համարելով դավաճանություն, ծառայության անցան Հաբսբուրգների մոտ։

Կայսրը գնահատեց Յոհան Շպորկի նվիրվածությունը և 1647 թվականի հոկտեմբերի 12-ին նրան շնորհեց ֆելդմարշալ-լեյտենանտի կոչում, ինչպես նաև բարոնի տիտղոս։ Որպես Բոհեմիայի տիրակալ՝ 1648 թվականի հունվարի 21-ին Յոհան Շպորկը Բոհեմիայի թագավորության նիկոլատ, այսինքն՝ ընդգրկվում է այդ երկրի ազնվական շրջանակներում։ 1648 թվականի հոկտեմբերին ֆելդմարշալ-լեյտենանտ Յոհան Շպորկը իր զորքերով օգնության է շտապում Պրահայի ապստամբների դեմ պայքարող ուժերին, սակայն ճանապարհին տեղեկանում է Վեստֆալյան հաշտության կնքման մասին, որով էլ ավարտվում է երկարամյա պատերազմը։ Շուտով Վերտը թոշակի է անցնում, և կայսերական ամբողջ հեծելազորի հրամանատար է նշանակվում Յոհան Շպորկը։

1657 թվականին կայսրությունը Լեհաստանին աջակցելու համար մտնում է 1655-1660 թվականների Հյուսիսային պատերազմ՝ ռազմաճակատ ուղարկելով գեներալ Ռայմոնդ Մոնտեկուկոլիի բանակը, որի կազմում էր նաև Յոհան Շպորկը։ Լեհաստանում Յոհանը մասնակցում է տրանսիլվանյան իշխան Դյորդ II Ռակոցիի զորքերի ջախջախմանը՝ ազատագրելով Կրակովը և գրավելով Պոզնանը։

Հաջորդ երեք տարիներին Շպորկը ղեկավարում է Մոնտեկուկոլիի ամբողջ հեծելազորը, Գոլշտինիայում և Յուտլանդիայում մարտեր է վարում շվեդների դեմ մինչև մարտական գործողությունները չեն տեղափոխվում Պոմերանիա։ Այստեղ Յոհանը ծանոթանում է իր երկրորդ կնոջ հետ[8]։

Հրամանատար Յոհան ֆոն Շպորգը Սենտգոթարդի ճակատամարտի ժամանակ

1663-1664 թվականներին Շպորկը Մոնտեկուկոլիի բանակի կազմում մասնակցում է չորրորդ ավստրո-թուրքական պատերազմին։ 1664 թվականի օգոստոսի 1-ին Սենտգոթհարդի ճակատամարտի վճռական պահին հենց Յոհան Շպորկի հրամանատարությամբ գործող հեծելազորը թուրքերի նկատմամբ հաղթանակ պարգևեց։ Ինը օր անց Օսմանյան կայսրությունը համաձայնվում է կնքել խաղաղության պայմանագիր։ Որպես պարգև՝ օգոստոսի 23-ին Շպորկը արժանանում է կայսերական ժառանգական կոմսի տիտղոսի։ Հունգարների և խորվաթների մի մասը, պատերազմի արդյունքից դժգոհ մնալով, կազմակերպում է Զրինյան Ֆրանկոպոնի դավադրությունը՝ նպատակ ունենալով Ավստրիայից առանձնացնել Հունգարիան և Խորվաթիան։ 1670 թվականի մարտին Պրահայի ապստամբների ղեկավարներից Ֆ.Կ.Ֆրանկոպանը Զագրեբում քաղաքացիներին դուրս է բերում ապստամբության։ Շպորկը հաջողությամբ պայքարում է ապստամբների դեմ և ապստամբության ճնշումից հետո կայսեր կողմից ստանում է 100.000 ոսկի։

1671 թվականին Շպորկը, ով արդեն 70-անց էր, որից հիսունը անցկացրել է պատերազմում, ուխտագնացություն է իրականացնում դեպի իտալական Լորետոյում գտնվող Սանտա Կազա տաճար։ Ճանապարհին նա այցելում է Հռոմ, որտեղ արժանանում է Հռոմի պապ Կլիմենտ X-ի ընդունելությանը։

Վերադառնալով ուխտագնացությունից՝ Շպորկը մեկնում է Հոլանդական պատերազմ, Մոտեկուկոլիի հրամանատարությամբ մի քանի տարի մասնակցում է Հոլանդիայում, Ռեյնլանդի հովտում և Էլզասում ֆրանսիացիների դեմ մղվող մարտերին։ 1675 թվականին՝ ֆրանսիական հռչակավոր մարշալ Տյորենի մահից հետո, 75-ամյա Յոհան Շպորկը անցնում է թոշակի։

Ֆելդմարշալ-լեյտենանտ գրաֆ ֆոն Շպորկը իր կյանքի վերջին տարիները ապրում է Բոհեմիայում գտնվող իր ապարանքներում, որտեղ էլ 1679 թվականի օգոստոսի 6-ին մահանում է։ Մահվան ժամանակ նրա կարողությունը գնահատվել է երեք միլիոն ոսկի արժեքով։

Յոհան Շպորկը առաջին անգամ ամուսնացել է 1639 թվականին բարոնուհի Աննա Մարգարիտա ֆոն Լինզինգենի հետ, դստեր հետ միասին մահացել է 1650-ական թվականներին Լեհաստանում, երբ ուղեկցում էր ամուսնուն արշավանքի ժամանակ։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1660 թվականին բարոնուհի Էլեանոր-Մարիա-Եկատերինա ֆոն Ֆինեկի հետ, ով մեկլենբուրգյան տոհմից էր։ Ֆենիկը մահանում է 1674 թվականին Վալանսյոն քաղաքում (Հենեգաու կոմսություն)՝ ուղեկցելով ամուսնուն հերթական արշավանքի ժամանակ։ Ֆոն Շպորկը առաջին ամուսնությունից ուներ դուստր Աննա Կատերինան և որդի Ֆրիդրիխ Լեոպոլդը։ Երկրորդ ամուսնությունից ուներ դուստր Մարիա Սաբինան և որդի Ֆրանց Անտոն ֆոն Շպորկ, ով Չեխիայում հայտնի էր որպես ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը և խոշոր մեկենաս, ով ընկերացել է Անտոնիո Վիվալդիի, Մատիաշ Բերնարդ Բրաունի և մշակույթի այլ հայտնի գործիչների հետ։

Յոհան ֆոն Շպորկի հուշաքարը
  • Վիեննայի ռազմական պատմության թանգարանում պահվում է գրաֆ ֆոն Շպորկի դիմանկաը և նրա զրահը, որը իր բարդ կառուցվածքով հանդիսանում է գերմանական արվեստի լավագույն նմուշներից մեկը[9]։ Զրահը երկար ժամանակ պատկանում էր Շպորկի ընտանիքին մինչև որ 1858 թվականին այն չհանձնվեց Վիեննայում գտնվող կայսերական հավաքածուին։ 1886 թվականին զրահը անցնում է կամերգերի տնօրինմանը, որտեղից էլ հետագայում հանձնվում է բանակի թանգարան[8]։
  • Դյոլբրյուկում և Հեֆելհոֆում Շպորկի անունով անվանակոչված են փողոցներ, որոնք կոչվում են Sporckstraße[10]:
  • 1913 թվականին Վիեննայում ստեղծվում է Sporckplatz:

Օգտագործված գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hubert Rösel: Johann Graf Sporck (1595—1679) und Franz Anton (1662—1743). In: Westfälische Lebensbilder Bd. 11, Münster 1975, S. 203—226.(գերմ.)
  • Felix Stieve: Sporck, Johann Graf von. In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 35, Duncker & Humblot, Leipzig 1893, S. 264—267.(գերմ.)
  • Sporck (Johann Reichs-Graf von). In: Zedlers Universal-Lexicon, Band 39, Leipzig 1744, Spalte 367 f.(գերմ.)
  • Wilhelm Honselmann: Johann Graf von Sporck (1600—1679) und seine Verwandten im Delbrücker Land. In: Westfälische Zeitschrift 136 (1986), S. 319—334.(գերմ.)
  • Helmut Lahrkamp: Ein Sporck-Porträt aus dem Jahre 1644. In: Zeitschrift Westfalen 74, 1996, S. 164 f.(գերմ.)
  • Georg Joseph Rosenkranz: Graf Johann von Sporck, k. k. General der Kavallerie. Paderborn 1854, GoogleBooks.(գերմ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wurzbach D. C. v. Spork, Johann Graf (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 36. — S. 235.
  2. 2,0 2,1 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  3. https://ipac.svkkl.cz/arl-kl/cs/detail-kl_us_auth-p0098086-spork-Jan-15971679/?iset=1&qt=mg
  4. Das Geburtsdatum ist nicht gesichert. Vgl. Honselmann 1986: 320, insb. Anm. 2; Zedler gibt 1607 an.(գերմ.)
  5. WorldLingo բազմալեզու արխիվ՝ Schöning (Westerloh).(չաշխատող հղում)(ռուս.)
  6. Umfassend zur Verwandtschaft Sporcks: Honselmann 1986, S. 320ff.(գերմ.)
  7. Vgl. Honselmann 1986, S. 320.(գերմ.)
  8. 8,0 8,1 Johann Christoph Allmayer-Beck: Das Heeresgeschichtliche Museum Wien. Saal I — Das 17. Jahrhundert, Salzburg 1982, S. 61.(գերմ.)
  9. Manfried Rauchensteiner, Manfred Litscher (Hrsg.): Das Heeresgeschichtliche Museum in Wien. Graz, Wien 2000 S. 15.(գերմ.)
  10. Straßennamen der Gemeinde Hövelhof und ihre Bedeutung: Sporkstraße.(չաշխատող հղում)(գերմ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան ֆոն Շպորկ» հոդվածին։