Յոա (նավ)
«Յոա» (նորվ.՝ Gjøa), մարդկության պատմության առաջին նավն է, որն անցավ Հյուսիսարևմտյան ծովային ուղով՝ Ատլանտյան օվկիանոսից նավարկելով դեպի Խաղաղ օվկիանոս՝ Ամերիկա աշխարհամասի հյուսիսային վերջավորությունը: «Յոան» նորվեգացի բևեռախույզ Ռուալ Ամունդսենի գիտարշավային նավերից մեկն է եղել 1903 թվականից մինչև 1906 թվականները[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արհեստագործական փայտյա զբոսանավը կառուցվել է 1872 թվականին նավեր կառուցող վարպետ Կուրտ Յոհանեսոն Սկաալեի կողմից (Kurt Johannesson Skaale) Ռոզենդալենեում:
Նավն իր անունը ստացել է առաջին տիրոջ կնոջ անվան մի մասնակից: Այն սարքավորված է որպես երկառագաստավոր միակայմ նավ: «Յոան»-ի երկարությունը կազմում է 21 մետր (70 ֆուտ): Ջրատարությունը կազմում է 48 տոննա: Առաջին քսանութ տարիներին նավը ծառայել է ծովատառեխ որս կատարելու նպատակով: Ամունդսենը հաճախակի էր կատակում, թե ինքն ու իր նավը նույն տարիքն ունեն:
1900 թվականին «Յոան» գնեց Ռուալ Ամունդսենը. նա նպատակադրվել էր երեք տարում ուսումնասիրել Արկտիկայի հյուսիսային լայնությունները: Նավն իր չափերով զգալիորեն զիջում էր Ամունդսենի նախորդ գիտարշավների նավերին: Սակայն Ամունդսենը ենթադրում էր, որ փոքր անձնակազմով ավելի հեշտ կլինի, կկարողանա անհրաժեշտ ռեսուսներ ստանալ որսորդությամբ ու ձկնորսությամբ: Ըստ ծովագնացի, այս նավը ավելի լավ կհասներ խնդրո առարկա վայրեր Հյուսիսարևմտյան ծովային ուղով, քան առավել մեծ նավերը: Քանի որ դեռև պատկերացումներ չկային Կանադական արկտիկական արշիպելագի նեղուցների խորության վերաբերյալ, նավը պետք է ունենար փոքր թաղվածք և հարթ հատակ: «Յոան» համապատասխանում էր վերոնշյալ բոլոր պահանջներին:
1901 թվականին Ռուալ ամունդսենը իր նոր նավով փորձնական արշավ կազմակերպեց դեպի Բարենցի ծով: Այս ուղևորությունը տևեց ավելի քան 5 ամիս: Նավի նավապետը դարձավ Հանս Քրիստիան Յոհանեսենը՝ «Յոայի» նախկին սեփականատերը: Նավը բարեհաջող դիմակայեց բոլոր փորձություններին, հատկապես սառույցներին: Մեկ տարի անց, 1902 թվականի ձմռանը «Յոա» նավի վրա տեղադրեցին կերոսինային շարժիչ 13 ձիաուժ հզորությամբ: Շարժիչի հետ տեղադրվեցին նաև խարսխային փաթանիվ և առագաստային կարապիկ՝ վերհան հարմարանք: Սա աշխարհում առաջիններից մեկն էր, երբ մեքենայացվեց վերոնշյալ հարմարանքները: Շարժիչը հարմար չէր նավի շարժման համար, սակայն օգտավետ էր մանևրումներ իրականացնելու համար:
Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Յոա» նավի արշավախմբի անձնակազմի ներկայացուցիչներն էին՝
- Ռուալ Ամունդսեն՝ գիտարշավի ղեկավար, սառցաբան, երկրային մագնիսականության մասնագետ, ազգագրագետ:
- Գոդֆրիդ Հանսեն՝ազգությամբ դանիացի ղեկապետ, աստղագետ, երկրաբան և գիտարշավի լուսանկարիչը: Դանիայի զինված ուժերի ավագ լեյտենանտ: Մասնակցել է դեպի Իսլանդիա և ֆարերյան կղզիներ արշավախմբերին:
- Անտոն Լունդ ՝ նավագույքապետ և հարպունահար:
- Պեդեր Ռիստվեդտ ՝ Ավագ մեքենավար և օդերևութաբան:
- Հելմեր Հանսեն ՝ երկրորդ ղեկապետ:
- Գուստավ Յուլ Վիկ ՝ երկրորդ մեքենավար, մագնիսական դաշտերի հետազոտման ասիստենտ: Իր մահկանացուն կնքեց չպարզված հիվանդությունից 1906 թվականի մարտի 30-ին:
- Ադոլֆ Հենրիկ Լինդսթրյոմ ՝ նավի խոհարար՝ կոկ և պահեստապետ: Օտտե Սվերդրուպի գիտարշավի մասնակից 1898-1902 թվականներին[2]:
Ամունդսենը անցավ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածը, Բաֆֆինի ծովը, Լանկաստեր, Բարրոու, Փիլ, Ֆրանկլին, Ջեյմս Ռոսս նեղուցները և սեպտեմբերի սկզբին կանգ առավ ձմեռելու նատակով Քինգ Վիլյամի՝ ներկայիս Յոա Հեյվեն գյուղում: 1904 թվականի ամռանը հրվանդանը չազատվեց սառցի կապանքներից և Ռուալ Ամունդսենը մնաց երկրորդ տարին ձմեռելու այստեղ: Ձմեռումն անցավ խիստ դժվար պայմաններում: Անձնակազմի երկու անդամներ՝ Ամունդսենն ու Գ. Հանսենը մնացին նավի վրա, իսկ մնացածը ափամերձ տնակում, որը կառուցել էին արդյունաբերական արկղներից և պատված էր ավազի շերտով: Ձմռանը կացարանի ներքին հատվածներում ջերմաստիճանը չէր բարձրանում +5 °C-ից: Կերոսինային գազալամպերը շարքից դուրս եկան կամ էլ չաշխատեցին և Ամունդսենն ու իր անձնակազմը բևեռային գիշերներն անցկացրին խավարի մեջ:
Անձնակազմի հիմնական զբաղմունքը գեոմագնիսականության ուսումնասիրումն էր: Ինչպես նաև այդ վայրերում ապրող էսկիմոսների ազգագրական հետազոտությունները: Դեպի հարավային բևեռ ուղևորության նախապատրաստակա աշխատանքների համար այս նյութերն անգնահատելի էին:
1905 թվականի օգոստոսի 13-ին նավն սկսում է շարժվել և պրակտիկորեն ավարտում է Հյուսիսարևմտյան ծովային ուղով նավարկությունը, բայց այնուամենայնիվ նավը կրկին սառչում է սառույցների մեջ: Ամունդսենը շնասահնակների օգնությամբ հասնում է Ալյասկայի Իգլի-սիթի քաղաք: Հետագայում նա վերհիշում է.
- «Վերադառնալուս ժամանակ բոլորը տարիքս գուշակում էին 59-ից 75-ի միջակայքում, չնայած այն հանգամանքին, որ ես ընդամենը 33 տարեկան էի»:
Նավ վերադառնալուց հետո Ռուալ Ամունդսենը իմացավ անձնակազմի ամենափոքր անդամի՝ Վիկի հիվանդության մասին: Շուտով վերջինս կնքում է իր մահկանացուն: Անձնակազմի անդամների շարքում չկային բժիշկներ, ուստի հիվանդության պատճառները մնացին անհայտ: Բարրոու հրվանդանի մոտ «Յոա» նավը հազիվ փրկվեց նավաբեկությունից, քանի որ ուժեղ փոթորիկ էր սանձազերծվել: Ի դեպ փոթորկի ժամանակ կոտրվեց միակ նավակայմը: Այն փոխարինվեց միայն Ալյասկայում՝ Նոմայում: Տեղացի ատաղձագործներից մեկը անվճար փոխարինեց կայմը: Իսկ կոտրված հին կայմը մասերի բաժանեց և որպես հուշանվեր վաճառեց յուրաքանչյուրը 10 ամերիկյան դոլարով:
«Յոա» նավով գիտարշավը իր ավարտին հասավ 1906 թվականի հոկտեմբերի 19-ին: Դրանից հետո այն նավարկեց դեպի Սան Ֆրանցիսկո՝ երկրաշարժից քիչ առաջ: Ամունդսենը նպատակադրվել էր անցնել Հոռն հրվանդանը և անցնել հայրենիք՝ Նորվեգիա: Սակայն Կալիֆորնիայի նորվեգական համայնքը համոզեց, որպեսզի վաճառի նավը: Նեղվելով ֆինանսական դրությունից, Ամունդսենը համաձայնում է և վաճառքի է հանում այն: Նավը տեղադրվում է բաց երկնքի տակ Գոլդեն Գեյթ զբոսայգում: Բայց ժամանակի ընթացքում, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նավը քիչ-քիչ փուլ է գալիս: 1939 թվականին նավը ենթարկում են կապիտալ վերանորոգման: Սակայն սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմն ու այդ գործը մնում է կիսատ:
1972 թվականին «Յոա» նավը վերադարձվում է Նորվեգիային: Հետո դառնում է Օսլոյի ծովային թանգարանի ցուցանմուշներից մեկը: 2005 թվականին օգտագործվել է Ամունդսենի գիտարշավի մասին վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ: 2012 թվականին «Յոա» նավի վրա կառուցվում է պաշտպանիչ վրան: Մինչ այդ նավը տեղադրված էր բաց երկնքի ներքո:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gjøa – norsk polarskute (Store norske leksikon)
- ↑ Kieran Mulvaneu, At the Ends of the Earth: A History Of The Polar Regions, Island Press, 2001, p. 179, 1559639083, 9781559639088
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Last Place on Earth, Roland Huntford, ISBN 0-349-11395-5
- Houghton Mifflin’s Ships of the World
- The memorial bauta in San Francisco
- Norsk Sjøfartsmuseum Archived 2007-09-28 at the Wayback Machine.
- The memorial bauta in San Francisco
- Norsk Sjøfartsmuseum Archived 2007-09-28 at the Wayback Machine.
- Houghton Mifflin's Ships of the World
- GJØA MODEL images
- DISPLAY MODEL BOAT, POLAR EXPLORER ROALD AMUNDSENS, NORTHWEST PASSAGE SLOOP, GJØA
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յոա (նավ) կատեգորիայում։ |