Jump to content

Մորգան Ամալֆիտանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորգան Ամալֆիտանո
ֆր.՝ Morgan Amalfitano
Ամալֆիտանոն «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում 2015 թվականի ամռանը
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մորգան Ամալֆիտանո[1]
Ազգությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1985(1985-03-20)[3][4][5] (39 տարեկան)
Ծննդավայր Նիցցա, Ֆրանսիա
Հասակ 176 սմ[2]
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Լիլ
Համար 10
Պատանեկան կարիերա
Ֆրանսիա Կանն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2008 Ֆրանսիա Սեդան 126 (0)
2008-2011 Ֆրանսիա Լորյան 110 (14)
2011-2014 Ֆրանսիա Օլիմպիկ (Մարսել) 60 (2)
2013-2014  Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 28 (4)
2014-2015 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 24 (3)
2016-մ.հ. Ֆրանսիա Լիլ 21 (2)
Ազգային հավաքական
2012 Ֆրանսիա Ֆրանսիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի օգոստոսի 14-ի:

Մորգան Ամալֆիտանո (ֆր.՝ Morgan Amalfitano, մարտի 20, 1985(1985-03-20)[3][4][5], Նիս), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Լիլ» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Ամալֆիտանոն համարվում է ունիվերսալ կիսապաշտպան և կարող է հանդես գալ ինչպես կիսապաշտպանության կենտրոնում, այնպես էլ աջ եզրում։ Նա աչքի է ընկնում փոխանցումներ կատարելու մեծ վարպետությամբ և ֆուտբոլային ինտելեկտով[6]։ Ֆրանսիայում Ամալֆիտանոն հանդես է եկել «Սեդան», «Լորյան» և Մարսելի «Օլիմպիկ» ֆուտբոլային ակումբներում, ապա իր խաղն է ցուցադրել անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» և «Վեստ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբների կազմերում։ 2012 թվականին մեկ խաղ է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորգանի հայրը՝ Ժիլբեր Ամալֆիտանոն, նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել ցածր դիվիզիոններում։ Նրա որդիներ Մորգանը և Ռոմենը հետևել են իրենց հոր օրինակին[7]։ Ինը տարեկան հասակում Մորգան Ամալֆիտանոն ընդունվում է «Կաննի» ֆուտբոլային ակադեմիա և հանդես է գալիս այդ ակադեմիայի տարբեր տարիքային կազմերում՝ ներառյալ 17 տարեկանների պատանեկան թիմը։ 2002-03 մրցաշրջանին նա հայտավորվում է «Կաննի» պահեստային թիմի կազմում, սակայն թիմի հիմնական կազմում այդպես էլ չի անցկացնում որևէ հանդիպում[8]։

2003 թվականին տասնյոթամյա Ամալֆիտանոն, կնքելով իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայամանագիրը, համալրում է ֆրանսիական «Սեդանի» կազմը։ 2004-05 մրցաշրջանից նա սկսում է խաղալ դեռևս երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Սեդանի» հիմնական կազմում։ 2004 թվականի օգոստոսի 4-ին՝ «Լորյանի» դեմ խաղում, Մորգանը կատարում է իր նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Ամալֆիտանոն հաստատվում է թիմի հիմնական կազմում և 2006-07 մրցաշրջանում, երբ «Սեդանը» հանդես էր գալիս արդեն առաջին դիվիզիոնում, նա թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը էր։ Նրա նորամուտը ֆրանսիական գլխավոր լիգայում կայանում է 2006 թվականի օգոստոսի 6-ին՝ Մարսելի «Օլիմպիկի» դեմ խաղում[8]։ Այդ մրցաշրջանում Ամալֆիտանոն Ֆրանսիայի առաջնության շրջանակներում մասնակցում է 31 խաղի և աչքի է ընկնում երկու արդյունավետ փոխանցմամբ, սակայն այդքանը բավարար չէր, որ «Սեդանը» մնա առաջին դիվիզիոնում։ Ակումբի՝ երկրորդ լիգա վերադառնալուց հետո Մորգանը մնում է թիմում ևս մեկ տարի։

2008 թվականի ամռանը Ամալֆիտանոն, կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր, տեղափոխվում է «Լորյան»[9]։ Նա անմիջապես դառնում է իր նոր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը։ Մորգանը «Լորյանի» կազմում անցկացնում է շուրջ մրցաշրջան և այդ երեք տարվա ընթացքում Ֆրանսիայի առաջնությունում մասնակցում է 110 խաղի և հեղինակում 14 գոլ։ Նա իր մասին իսկապես «հայտարարում է» 2010-11 մրցաշրջանում, երբ դառնում է 13 գոլային փոխանցման հեղինակ[10] և ներկայանում որպես առաջնության լավագույն փլեյմեյքերներից մեկը[6]։

«Օլիմպիկ» Մարսել

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամալֆիտանոն Մարսել «Օլիմպիկի» կազմում՝ 2013 թվականին

2011 թվականի ամռանը լրանում է Ամալֆիտանոյի՝ «Լորյանի» հետ ունեցած եռամյա պայմանագրի ժամկետը, և նա դառնում է ազատ գործակալ։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին ինչպես ֆրանսիական, այնպես էլ արտասահմանյան ակումբներ։ Ամալֆիտանոյին իրենց ակումբի կազմում «պատկերացնող» թիմերի շարքում էին ֆրանսիական «Բորդոն»[11], «Օսերը»[12], «Սենտ-Էտիենը»[13], անգլիական «Աստոն Վիլան» և «Նյուքասլ Յունայթեդը»»[6] և իսպանական «Սևիլյան»[14]։ Սակայն Ամալֆիտանոն ընտրում է Մարսելի «Օլիմպիկը», որի տնօրինությունը հարմար փոխարինող էր փնտրում այդ ժամանակ թիմից հեռացող Լուչո Գոնսալեսի համար[15]։ Իր ընտրությունը Մորգանը բացատրեց նրանով, որ ինքը Ֆրանսիայի հարավի բնիկ է և «Օլիմպիկի» երկրպագու։ 2011 թվականի հունիսի 9-ին Ամալֆիտանոն պայմանագիր է կնքում «Օլիմպիկի» հետ[16]։

Նոր թիմում Ալաֆիտանոն խաղում էր Դիդիե Դեշամի տնօրինության ներքո։ Նա անմիջապես դառնում է թիմի հիմնական աջ կիսապաշտպանը։ Մորգանի նորամուտը կայանում է 2011 թվականի հուլիսի 27-ին Ֆրանսիայի սուպերգավաթի մրցության շրջանակներում՝ «Լիլի» դեմ խաղում, որը սկսում է թիմի մեկնարկային կազմում։ Նվաճված տիտղոսը դառնում է առաջինը Ամալֆիտանոյի պրոֆեսիոնալ կարիերայում։ Այդ մրցաշրջանում նա մասնակցում է Չեմպիոնների լիգայի ինը խաղի։ Այդ տարի «Օլիմպիկը», հաղթահարելով առաջնության բարդ արգելքները, հասնում է մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ զիջում է «գերմանական մեքենային»։ Չնայած Լիգայի գավաթի և Ֆրանսիայի սուպերգավաթի մրցություններում տարած հաղթանակներին՝ մրցաշրջանը համարվում է թիմի համար անհաջող, քանի որ նրանք առաջնությունում զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը։ Մրցաշրջանային արդյունքներով Ամալֆիտանոն մասնակցում է 49 հանդիպման, որոնցում հեղինակում է երկու գնդակ և 10 անգամ դառնում է գոլային փոխանցման հեղինակ։

Մինչ 2012-13 մրցաշրջանի սկիզբը Ամալֆիտանոն ակումբի տնօրինությանը խնդրել էր տրանսֆերի ներկայացնել իրեն. նա ցանկանում էր տեղափոխվել այլ ակումբ, քանի որ այն բանից հետո, երբ նրա ակումբը չէր անցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ, նա հիասթափվել էր[17]։ Այնուամենայնիվ, նա մնում է ֆրանսիական ակումբում, որը 2012 թվականի ամռանից արդեն Դեշամի փոխարեն գլխավորում էր Էլի Բոպը։ Նոր մարզչի հետ Ամալֆիտանոն չի կարողանում «լեզու գտնել»։ Դեռևս մինչմրցաշրջանային խաղում նա բացեիբաց ներկայացրեց իր դժգոհությունը՝ կապված այն բանի հետ, որ նոր մարզիչը իրեն «անտեղի» փոխարինել էր[18]։ Ժամանակի ընթացքում Ամալֆիտանոն կորցնում է իր տեղը թիմի մեկնարկային կազմում և ողջ մրցաշրջանի ընթացքում մասնակցում է ընդամենը 36 խաղի, որոնցում աչքի է ընկնում մեկ գոլով և վեց գոլային փոխանցմամբ։

Անգլիական ակումբներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամալֆիտանոն 2013 թվականին «Վեստ Բրոմվիչի» կազմում

2013 թվականի ամռանը մի քանի ակումբներ սկսեցին հետաքրքրվել Ամալֆիտանոյով, ով էլ բացահայտ ներկայացնում էր «Օլիմպիկը» լքելու և կարիերան Անգլիայում շարունակելու իր մեծ ցանկությունը։ Հետաքրքրվողների շարքում էին անգլիական «Ֆուլհեմը», «Հալլ Սիթին» և հունական «Օլիմպիակոսը»[19]։ Այնուամենայնիվ Մորգանը ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «հայտնվում է» մեկ այլ անգլիական ակումբում՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնում», որն էլ կնքում է նրա հետ մեկ տարի ժամկետով վարձավճարային պայմանագիր։ Անգլիացիների համաձայնությունը «Օլիմպիկի» հետ թույլ էր տալիս նաև տարեվերջին Ամալֆիտանոյի հետ կնքել վերջնական պայմանագիր[20][21]։ «Վեստ Բրոմվիչում» ֆրանսիացին անմիջապես սկսում է ներկայանալ իր լավագույն որակներով։ Անգլիական Պրեմիեր Լիգայի իր երրորդ հանդիպման ժամանակ` «Մանչեստեր Յունայթեդի» դեմ խաղում, Մորգանն աչքի է ընկնում գոլային փոխանցմամբ և գեղեցիկ գոլով[22]։ Այսպիսի գոհացնող մեկնարկից հետո «Վեստ Բրոմվիչի» տնօրինությունը ցանկություն է հայտնում Ամալֆիտանոյի հետ կնքել լիարժեք պայմանագիր։ Տնօրինությունը հանգում է այդպիսի որոշման հիմնականում այն պատճառով, որ Ամալֆիտանոյի տրանսֆերը պայմանագրի կնքման սկզբում գնահատվել էր ընդամենը 1,7 մլն ֆունտ սթերլինգ[23]։ «Մանչեսթեր Յունայթեդի», ինչպես նաև 2014 թվականի մարտին «Կարդիֆ Սիթիի» դարպասը խփված Ամալֆիտանոյի գոլերը հավակնում էին հայտնվելու մրցաշրջանի լավագույն գոլերի շարքում[24]։

Պրեմիեր լիգայի իր առաջին մրցաշրջանում Ամալֆիտանոյի հաջող ելույթները հետաքրքրություն են առաջացնում արդեն այլ անգլիական ակումբների մոտ։ «Վեստ Բրոմվիչին» չի հաջողվում ժամանակին օգտվել Ամալֆիտանոյի պայմանագրում նշված՝ լիարժեք պայմանագիր կնքելու «ձեռնտու կետից», և նրանք բաց են թողնում ֆրանսիացուն ձեռք բերելու հնարավորությունը[25]։ Մորգանը հայտնում է Պրեմիեր լիգայում մնալու իր ցանկության մասին, քանի որ այնտեղ իրեն ամեն-ինչ բավարարում էր։ Սակայն նա դեռևս իր պայմանագրային պարտավորություններով կապված էր Մարսելի «Օլիմպիկի» հետ, որի նոր գլխավոր մարզիչ Մարսելո Բելսան էլ իր հերթին ցանկությունն էր հայտնել ֆրանսիացուն տեսնել իր թիմում[24][26]։ Ավելի ուշ Բելսան մտափոխվում է և թույլ չի տալիս ֆուտբոլիստին իր թիմի հիմնական կազմի հետ մասնակցել մարզումներին։ Մորգանը, ուշադրություն չդարձնելով մարզչի արգելքներին, մասնակցում է մարզումներին, ինչն էլ վեճի պատճառ է դառնում նրա և մարզչի միջև[27]։ Ֆրանսիական ակումբը հայտնում է ֆուտբոլիստից բաժանվելու իր ցանկության մասին և էժանացնում նրա տրանսֆերային արժեքը։ Ամալֆիտանոյով հետաքրքրվողների շարքում էին անգլիական «Սանդերլենդը», «Քրիսթալ Փելասը», «Հալլ Սիթին» և «Վեստ Հեմ Յունայթեդը»։ 2014 թվականի օգոստոսին Մորգանը ուղևորվում է Լոնդոն, որտեղ էլ հանդիպում է այդ ակումբների ներկայացուցիչների հետ[28]։

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Ամալֆիտանոն տեղափոխվում է «Վեստ Հեմ» և դառնում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի կողմից ձեռք բերված իններորդ ֆուտբոլիստը։ Կնքվում է երեք տարի ժամկետով պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կազմում է մեկ միլիոն ֆունտ[29]։ Սեմ Էլարդայսի տնօրինության տակ գտնվող թիմում Ամալֆիտանոն ընդհանուր առմամբ գործեց հաջող. նա կանոնավոր կերպով դուրս եկավ խաղադաշտ թիմի հիմնական կազմի հետ և խաղաց կիսապաշտպանական գծի տարբեր դիրքերում։ Մրցաշրջանը նրա համար որոշ չափով «մռայլվեց» Անգլիայի Գավաթի մրցության շրջանականերում «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղում, որի ժամանակ Մորգանը փոխարինման դուրս գալուց տասը րոպե անց կանոնների խախտման համար (միտումնավոր հրում-հարված մրցակցի դեմքին) ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից։ Ոչ սպորտային վարքի համար Ամալֆիտանոն նախ Պրեմիեր Լիգայում որակազրկվեց երեք խաղով, ապա տուգանվեց «Վեստ Հեմի» կողմից[30]։ Այնուամենայնիվ այս հանգամանքը չխանգարեց Ամալֆիտանոյին 2015 թվականի մարտին կնքել երկու տարի ժամկետով նոր պայմանագիր[31]։

2015-16 մրցաշրջանը Ամալֆիտանոն սկսեց որպես «Վեստ Հեմի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Հուլիսին նա մասնակցում է Եվրոպայի լիգայի ընտրական փուլի չորս հանդիպումների։ 2015 թվականի օգոստոսի 12-ին Ամալֆիտանոն թիմի նոր գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչի կողմից հեռացվում է էիմի հիմնական կազմի հետ անցկացվող մարզումներից։ Ֆուտբոլիստի և մարզչի միջև առաջացած ընդհարման պատճառներն էին նախ ֆրանսիացու բացակայությունը թիմային հավաքի ժամանակ, ապա նաև նրա անհարգալից վերաբերմունքը մարզչի հանդեպ[32]։ Հիմնական կազմից հեռացվելուց հետո Ամալֆիտանոն համալրում է թիմի երիտասարդական կազմը[33]։ Այս դեպքից հետո տարածվում է լուր նոր ակումբների՝ ֆուտբոլիստով հետաքրքրվելու վերաբերյալ։ Այդ ակումբների շարքերում մասնավորապես աչքի էր ընկնում «Սենտ Էտիենը»[34], սակայն ֆուտբոլիստը մնում է «Վեստ Հեմում»։ 2015 թվականի հոկտեմբերի 6-ին Ամալֆիտանոն երկկողմանի համաձայնությամբ հեռանում է «Վեստ Հեմից»[35]։

Վերադարձ Ֆրանսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 7-ին Ամալֆիտանոն համալրում է ֆրանսիական «Լիլի» կազմը, որը այդ ժամանակ առաջնությունում զբաղեցնում էր ընդամենը 11-րդ հորիզոնականը։ Նոր ակումբի հետ Ամալֆիտանոն կնքում է երկուսուկես տարի ժամկետով պայմանագիր[36]։ 2016 թվականի հունվարի 20-ին՝ Ֆրանսիայի գավաթի մրցության չորրորդ փուլում, Ամալֆիտանոն կատարում է իր նորամուտը «Լիլի» կազմում։ Ֆրանսիացու նոր ակումբն այդ խաղում տասնմեկ մետրանոց հարվածաշարում զիջեց համեստ «Տրելիսակին»[37]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 23-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Ամալֆիտանոն «Օլիմպիկին» օգնեց Չեմպիոնների Լիգայի մրցությունում հաղթել Միլանի «Ինտերին», Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչ Լորան Բլանն առաջին անգամ Մորգանին հրավիրեց ազգային հավաքական։ Մեկնաբանելով իր որոշումը՝ Բլանը նշեց, որ ինքը վաղուց էր նկատել Ամալֆիտանոյին և հետաքրքրվում էր նրանով դեռևս այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս «Բորդոյում»։ Խոսելով ֆուտբոլիստի արժանիքիների մասին՝ մարզիչը նշեց, որ նա տեխնիկապես շատ հզոր է, ունի առանցքային որոշումներ կայացնելու և երկար փոխանցումներ կատարելու մեծ վարպետություն[38]։ 2012 թվականի փետրվարի 29-ին Բրեմենում 2012 թվականի Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակներում անցկացվող Գերմանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում կայանում է Ամալֆիտանոյի նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում։ Այդ խաղում նա խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 67-րդ րոպեին՝ փոխարինելով Մաթյո Վալբուենային և ընդամենը երկու րոպե անց խաղադաշտի աջ եզրից կատարում է փոխանցում դեպի տուգանային հրապարակ, ինչի շնորհիվ էլ Ֆլորան Մալուդան երկրորդ գնդակն է ուղարկում գերմանացիների դարպասը։ Հանդիպումը ավարտվում է 2:1 հաշվով հօգուտ Ֆրանսիայի ազգային հավաքականի[39]։

Այլևս հավաքականի կազմում Ամալֆիտանոն ելույթներ չունեցավ։ Իր նորամուտից հետո Մորգանը միջազգային առաջնությունների խաղերում կորցնում է իր խաղավիճակը և այլևս հետաքրքրություն չի առաջացնում ֆրանսիական հավաքականի մարզչական շտաբի մոտ[40]։ Մորգանը անգամ չի ընդգրկվում 2012 թվականին Լորանի կողմից կազմված հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկում[41]։

Մորգան Ամալֆիտանոն խաղադաշտում մեծ մասամբ հանդես է գալիս աջ կիսապաշտպանի դիրքում[42], ինչպես նաև նա սովոր է ենթահարձակվողական դիրքերում հանդես գալուն[43]։ Նա աչքի է ընկնում իր լավ տեխնիկայով[11] և փոխանցումներ կատարելու մեծ վարպետությամբ, ընդ որում, նա նույն վարպետությամբ կատարում է երկար փոխանցումներ եզրերից և փոխանցումներ կատարել հարձակվողներին[43]։ Ամալֆիտանոն ունի բարձր ֆուտբոլային ինտելեկտ, կարողանում է հասկանալ խաղը և կատարել ճիշտ որոշումներ[6][11]։ Մարզիչ Սթիվ Քլարկը հարցազրույցներից մեկում նշել է Ամալֆատինոյի բարձր աշխատունակության մասին, որը շատ կարևոր կարողություն է Անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների համար[42]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[44][45][46]
Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ֆրանսիա Սեդան 2004-05 Լիգա 2 26 0 2 0 0 0 28 0
2005-06 Լիգա 2 34 0 3 0 0 0 37 0
2006-07 Լիգա 1 31 0 1 0 0 0 32 0
2007-08 Լիգա 2 35 0 7 0 0 0 42 0
Ընդհանուր «Սեդանում» 126 0 13 0 0 0 139 0
Ֆրանսիա Լորյան 2008-09 Լիգա 1 35 3 2 0 0 0 37 3
2009-10 Լիգա 1 37 6 5 1 0 0 42 7
2010-11 Լիգա 1 38 5 4 0 0 0 42 5
Ընդհանուր «Լորյանում» 110 14 11 1 0 0 121 15
Ֆրանսիա Օլիմպիկ 2011-12 Լիգա 1 32 1 8 1 9 0 49 2
2012-13 Լիգա 1 26 1 2 0 8 0 36 1
2013-14 Լիգա 1 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր «Օլիմպիկում» 60 2 10 1 17 0 86 3
Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 2013-14 Պրեմիեր-Լիգա 28 4 2 0 0 0 30 4
Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 2014-15 Պրեմիեր-Լիգա 24 3 4 0 0 0 28 3
2015-16 Պրեմիեր-Լիգա 0 0 0 0 4 0 4 0
Ընդհանուր «Վեստ Հեմ Յունայթեդում» 24 3 4 0 4 0 32 3
Ֆրանսիա Լիլ 2015-16 Լիգա 1 15 2 2 0 0 0 17 2
2016-17 Լիգա 1 1 0 0 0 2 0 3 0
Ընդհանուր «Լիլում» 16 2 2 0 2 0 20 2
Ընդհանուր կարիերայում 364 25 42 2 23 0 429 27

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Premier League Clubs submit Squad Lists» (PDF). Premier League. 2014 թ․ փետրվարի 4. էջ 38. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Premier League Player Profile Morgan Amalfitano». Premier League. Barclays Premier League. 2015. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. 5,0 5,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  6. 6,0 6,1 6,2 6,3 Bidwell, Nick. Secret Weapons // World Soccer. — IPC Inspire, May 2012. — С. 26.
  7. Marshall, Anthony. (2012 թ․ մայիսի 23). «Newcastle Sign Amalfitano» (անգլերեն). Newcastle United. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  8. 8,0 8,1 «Morgan Amalfitano: le Niçois prend du galon» (ֆրանսերեն). Nicematin.com. 2012 թ․ փետրվարի 24. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  9. «Les autres transferts» (ֆրանսերեն). Le Parisien. 2008 թ․ հունիսի 10. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  10. ««Марсель» подпишет контракт с полузащитником «Лорьена»». Sports.ru. 2011 թ․ հունիսի 8. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  11. 11,0 11,1 11,2 Commissaire, Emmanuel. (2012 թ․ փետրվարի 24). «Laurent Blanc est Morgan d'Amalfitano» (ֆրանսերեն). Sudouest.fr. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  12. Karouri, Khaled. (2010 թ․ օգոստոսի 31). «Auxerre fonce sur Morgan Amalfitano» (ֆրանսերեն). Foot Mercato. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  13. «Saint-Etienne piste Morel et Amalfitano» (ֆրանսերեն). FCLorient.net. 2010 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  14. «Amalfitano vers le FC Séville» (ֆրանսերեն). FCLorient.net. 2011 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  15. «Marseille want Lorient's Morgan Amalfitano as possible replacement for Lucho Gonzalez – report» (անգլերեն). Goal.com. 2011 թ․ մայիսի 26. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  16. Duchesne, Vincent. (2011 թ․ հունիսի 6). «Amalfitano d'accord avec l'OM» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  17. «Amalfitano keen to leave Marseille - report» (անգլերեն). Goal.com. 2012 թ․ մայիսի 26. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  18. Karouri, Khaled. (2012 թ․ հուլիսի 28). «OM : Elie Baup et la colère de Morgan Amalfitano...» (ֆրանսերեն). Foot Mercato. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  19. «Amalfitano and Eric Tie Bi as Bruce hunts overseas bargains» (անգլերեն). Irish Mirror. 2013 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  20. «Transfer deadline day: West Brom complete deal for midfielder Morgan Amalfitano» (անգլերեն). Sky Sports. 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  21. «Амальфитано перешел в «Вест Бромвич»». Sports.ru. 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  22. Mullock, Simon. (2013 թ․ սեպտեմբերի 28). «Manchester United 1-2 West Brom: Saido Berahino's low strike heaps pressure on David Moyes» (անգլերեն). Daily Mirror. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  23. Nixon, Alan. (2013 թ․ սեպտեմբերի 30). «Manchester United slayer Morgan Amalfitano could sign for West Brom for just £1.7million» (անգլերեն). Daily Mirror. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  24. 24,0 24,1 «Transfer news: West Brom's on-loan midfielder Morgan Amalfitano plans England stay» (անգլերեն). Sky Sports. 2014 թ․ ապրիլի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  25. Nixon, Alan. (2014 թ․ ապրիլի 1). «Hull eye Morgan Amilfitano transfer as West Brom fail to make his loan permanent» (անգլերեն). Daily Mirror. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  26. Шульга, Андрей. (2014 թ․ ապրիլի 19). «Бьелса хочет вернуть в «Марсель» Амальфитано». Sports.ru. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  27. Sargeant, Jack. (2014 թ․ օգոստոսի 19). «Can Marseille and Marcelo Bielsa adapt to each other?» (անգլերեն). SBNation.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  28. Jones, Simon. (2014 թ․ օգոստոսի 16). «Marseille midfielder Morgan Amalfitano watched QPR play Hull ahead of expected return to Premier League» (անգլերեն). DailyMail. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  29. Brand, Gerard. (2014 թ․ սեպտեմբերի 1). «Morgan Amalfitano signs for West Ham on three-year deal from Marseille for £1million» (անգլերեն). DailyMail. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  30. Whitwell, Laurie. (2015 թ․ փետրվարի 16). «West Ham will discipline midfielder Morgan Amalfitano following his 'unprofessional' sending off against West Bromwich Albion» (անգլերեն). DailyMail. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  31. «Amalfitano signs new deal with West Ham» (անգլերեն). Yahoo! Sports. 2015 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  32. Kajumba, Adrian. (2015 թ․ սեպտեմբերի 12). «West Ham's Slaven Bilic bombs out Morgan Amalfitano after Frenchman gave him attitude» (անգլերեն). Mirror Online. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  33. Parry, Richard. (2015 թ․ օգոստոսի 13). «West Ham boss Slaven Bilic: Why I disciplined Morgan Amalfitano» (անգլերեն). Evening Standard. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  34. Lewis, Darren. (2015 թ․ օգոստոսի 12). «West Ham rebel Morgan Amalfitano a transfer target for Saint-Etienne after Slaven Bilic bust-up» (անգլերեն). Mirror Online. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  35. «West Ham outcast Morgan Amalfitano leaves Upton Park after bust-up with boss Slaven Bilic» (անգլերեն). Mirror. 2015 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  36. «Morgan Amalfitano signs for Lille on a free transfer» (անգլերեն). ESPN. 2016 թ․ հունվարի 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  37. Jucha, Nicolas. (2016 թ․ հունվարի 23). «Morgan Amalfitano peut-il dérouiller l'attaque du LOSC ?» (ֆրանսերեն). SO FOOT.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  38. «Blanc picks Amalfitano for France» (անգլերեն). UEFA.com. 2012 թ․ փետրվարի 23. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  39. White, Jim. (Telegraph Media Group). «Germany 1 France 2: match report» (անգլերեն). 2012-02-29. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  40. Ali, Mohammed. (2012 թ․ մայիսի 12). «Marseille's Amalfitano hopes to be called up to France's Euro 2012 squad» (անգլերեն). Goal.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  41. «Spurs defender Kaboul ruled out of Euro 2012 as Blanc reveals provisional France squad» (անգլերեն). DailyMail. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  42. 42,0 42,1 «Transfer deadline day: Camp & Amalfitano join West Brom» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  43. 43,0 43,1 «West Ham seal late signing of the France midfielder Morgan Amalfitano» (անգլերեն). The Guardian. 2014 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  44. «La Carrière de Morgan Amalfitano». LFP. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  45. «Morgan Amalfitano Player Profile». ESPNFC. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  46. «Games played by Morgan Amalfitano». www.soccerbase.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորգան Ամալֆիտանո» հոդվածին։