Մոշե Կաստել
Մոշե Կաստել եբրայերեն՝ משה קסטל | |
---|---|
Կեղծանուն | Ḳasṭel, Mosheh |
Ծնվել է | 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Երուսաղեմ, Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 1991[1] կամ 1992[4][5] |
Մահվան վայր | Թել Ավիվ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Լուվրի դպրոց, Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա (1925) և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Moshe Castel Վիքիպահեստում |
Մոշե Կաստել (եբրայերեն՝ משה קסטל, 1909[1][2][3][…], Երուսաղեմ, Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում - դեկտեմբերի 12, 1991[1] կամ 1992[4][5], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոշե Էլզար Կաստելը ծնվել է Երուսաղեմում 1909 թվականին ռաբբի Եհուդա Կաստելի և նրա կնոջ` Ռահելի ընտանիքում։ Ընտանիքը ծագել է Կաստիլիայի իսպանական հրեաներից, որոնք Սուրբ Երկիր են գաղթել Իսպանիայից 1492 թվականին հրեաներին արտաքսելուց հետո։ Ապագա նկարչի հայրը ծնվել է Խևրոնում։ Նրանք կրոնական դպրոցներ բացեցին սեֆարդյան երեխաների համար Երուսաղեմի Նահալաթ Շիվայի և Բուխարյան թաղամասերում։ Մոշեն իր մանկական տարիներն անցկացրել է Բուխարյան թաղամասում, որտեղ հաճախել է հայրական դպրոց։ 13 տարեկան հասակում նա ընդունվել է «Բեցալել» արվեստի ակադեմիա, որը ղեկավարել է Բորիս Շացը, այստեղ նա սովորել է 1921-1925 թվականներին։ Իր ուսուցիչ Շումել Բեն Դավիդի խորհրդով երիտասարդ նկարիչը վարպետության դասընթացը շարունակում է Փարիզում։ 1927 թվականին եղբորից` Իոսիֆից, դրամական օգնություն ստանալով Կաստելը տեղափոխվում է Փարիզ և շարունակում կատարելագործել իր վարպետությունը Ժյուլիանի ակադեմիայում և Լուվրին կից դպրոցում։ Նա երկար ժամանակ էր անցկացնում թանգարանի սրահներում` ստեղծելով Ռեմբրանդ վան Ռեյնի, Դիեգո Վելասկեսի, Էժեն Դելակրուայի և Գյուստավ Կուրբեի աշխատանքների կրկնօրինակները։ Հենց այդ ժամանակ էլ նա եկավ այն եզրահանգման, որ «արվեստը հիմնված չէ պատկերների վրա, այլ հիմնականում ունի մատերիայի նշանակություն և այն, թե ինչպես են ներկի շերտերը բաշխվում և տարածվում նկարի վրա»[6]։
1927 թվականի մայիսին Հրեական երիտասարդության համաշխարհային միությունը հովանավորեց նրա առաջին ցուցահանդեսը Փարիզում։ Այդ ժամանակ Փարիզում գտնվող Վլադիմիր Ժաբոտինսկին գրեց նրա կատալոգի ներածականը։
1940 թվականին նկարիչը վերադարձավ Պաղեստին և բնակվեց Ցֆատ քաղաքում։ Ցֆատում նա հիմնադրեց «նկարիչների թաղամաս» փարիզյան Մոնպառնասի օրինակով։ 1949 թվականին նա ամուսնացավ դերասանուհի Բիլայի հետ (ծննդյամբ` Բաուման)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին Կաստելը Իոսիֆ Զարիցկու, Եհեզկել Շտրայխմանի, Մարսել Յանկոյի և մյուս համախոհների հետ միասին դարձավ «Նոր Հորիզոններ» (Օֆակիմ Խադաշիմ) գեղարվեստական միավորման հիմնադիրներից մեկը։ 1959 թվականին նա Մոնպառնասում ձեռք է բերում ստուդիա, որտեղ անցկացնում էր տարեկան մի քանի ամիս։ 1955 թվականին Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում անցկացվում է նրա անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքները ցուցադրվում են Քնեսեթում, Երուսաղեմի Բինյանեյ-Հա Ումա Միջազգային համաժողովների կենտրոնում, Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնում, ինչպես նաև Երուսաղեմում Իսրայելի նախագահի պաշտոնական նստավայրում։
Գեղարվեստական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-1940-ական թվականներին Մոշե Կաստելի ստեղծագործությունների հիմնական թեման սեֆարդյան հրեաների կյանքն էր Սուրբ Երկրում։ 1950-ական թվականներին նրա աշխատանքների թեմատիկան փոխվեց և նա ոգևորությունը պարպեց «հրեական քաղաքակրթության հին նախակարապետների վրա»։ Այցելելով գալիլեական Կորազիմ քաղաքի հինավուրց սինագոգ, նա այնքան էր զարմացած բազալտե զարդաքանդակներով և խճանկարներով, որ ինքն էլ սկսեց օգտագործել բազալտի կտորներ, որոնց նա տալիս էր տարբեր ձևեր` օգտագործելով որպես իր աշխատանքների համար հիմնական նյութ։ Մոշե Կաստելը խառնում էր մանրացված բազալտը ավազի և հարուստ գունավոր ներկերի հետ, որը հեշտությամբ ճանաչելի էր դարձնում նրա հեղինակային ոճաձևը։ Այս ժամանակաշրջանի նրա աշխատանքների թեման հիմնված է հին դիցաբանական մոտիվների, հրեական միստիցիզմի և սիմվոլիզմի վրա, որոնք սկիզբ են առնում հին հրեական և շումերական քաղաքակրթությունից։ Լինելով «Նոր հորիզոնների» անդամ` Մոշե Կաստելն իր ստեղծագործություններում զուգակցում է արևելագիտության մոտիվները և «քանանյան արվեստը» եվրոպական աբստրակտ գեղանկարչության տարրերի հետ։
Մոշե Կաստելի ամենահայտնի աշխատանքներից են` «Շաբաթը Ցֆատում» (1940, Թել Ավիվի գեղարվեստի թանգարան), «Զոհար և Կաբալա քաղաք» (1956), «Կարմիր մագաղաթ» (1965, Իսրայելի թանգարան), «Փառք Երուսաղեմին» և «Ոսկե թղթագլան» պաննոներ (երկուսն էլ 1970-1971) Իսրայելի նախագահի պալատում[7]։
Ճանաչում և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 և 1946 թվականներին Թել Ավիվի քաղաքապետարանը Մոշե Կաստելին շնորհեց երիտասարդ նկարիչների համար նախատեսված Մեիր Դիզենգոֆի մրցանակ[8]։
Սան Պաուլոյում (Բրազիլիա) կայացած բիենալեի ժամանակ նա ստացավ «Premier do Estado» մրցանակ։ 2010 թվականին Մաալե Ադումիմ քաղաքում Դավիդ Ռեզնիկի նախագծով կառուցված շենքում բացվեց Մոշե Կաստելի արվեստի թանգարանը[9]։ Թանգարանում ցուցադրվում են նկարչի կողմից տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված աշխատանքները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 Moshe Elazar Castel
- ↑ 3,0 3,1 Moshe Elazar Castel
- ↑ 4,0 4,1 4,2 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ «About the artist». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Моше Элазар Кастель՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «List of Dizengoff Prize laureates» (եբրայերեն). Tel Aviv Municipality. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «В Маале-Адумим открылся музей живописи». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոշե Կաստել» հոդվածին։ |
|