Իսրայելի նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 {{{պաշտոն}}}

Իսրայելի նախագահ (եբրայերեն՝ ‏נשיא מדינת ישראל‏‎‎), Իսրայելի պետության ղեկավարն է։ Իսրայելը համարվում է խորհրդարանական հանրապետություն, նրա նախագահը հիմնականում կատարում է ներկայացուցչական և արարողակարգային գործառույթներ, իրական կառավարման լիազորությունները վերապահված են վարչապետին։ Նախագահը ընտրվում է Քնեսեթի կողմից յոթ տարի ժամկետով, միևնույն անձը կարող է ընտրվել նախագահ մեկ ժամկետով (մինչև 1993 թվականը` երկու հնգամյա ժամկետից ոչ ավելի)։ Նախագահի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ընտրության կարգը սահմանված են «Պետության նախագահի» մասին հիմնական օրենքով։

2021 թվականի հուլիսի 7-ին կայացել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի երդմնակալության արարողությունը[1]։

Իրավունքները և պարտականությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պետության նախագահի» մասին օրենքի 11-րդ հոդվածի համաձայն նախագահը ստորագրում է քնեսեթի կողմից ընդունված օրենքները միջազգային համաձայնագրերը և ընդունում օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերը։ Նախագահի կողմից նշանակվում են դատավորները, Իսրայելի արտերկրների դեսպաններն ու հյուպատոսները և այլ պաշտոնատար անձինք, գործնականում այս գործառույթը արարողակարգային բնույթ է կրում, քանի որ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված է, որ նախագահն իրավունք ունի ստորագրել միայն այն փաստաթղթերը, որոնք հավանության են արժանացել վարչապետի, կամ կառավարության նախարարներից մեկի կողմից (բացառությամբ կառավարության ձևավորմանը և քնեսեթի լուծարմանը վերաբերվող փաստաթղթերի)։

Նախագահն իրավունք ունի ներում շնորհելու հանցագործներին, նվազեցնելու դատարանի կողմից սահմանված պատժաչափը։ Իսրայելի ազատազրկված յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կյանքի ընթացքում մեկ անգամ դիմելու նախագահին ներում շնորհելու խնդրանքով։ Ներման խնդրանքով կարող են դիմել նաև Իսրայելի այլ քաղաքացիներ, այս ձևով է ներում շնորհվել ահաբեկիչ Սամիր Կունտարին։

11-րդ հոդվածով սահմանված է նաև, որ նախագահը պետք է կատարի «Կառավարության մասին» օրենքով սահմանված, կառավարության ձևավորման հետ կապված պարտականությունները։ Այդ օրենքի համաձայն, նախագահի պարտականությունների մեջ է մտնում, որպես վարչապետի թեկնածու քնեսեթի ընտրված անդամներից մեկի առաջադրումը։ Այս թեկնածուին հանձնարարվում է կառավարություն ձևավորել։ Վարչապետի թեկնածուի նշանակումը կատարվում է քնեսեթի ընտրություններից հետո, վարչապետի հրաժարականից կամ գործող կառավարության հրաժարականի դեպքում։ Որպես կանոն ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության առաջնորդը ստանում է կառավարության ձևավորման մանդատը, սակայն Իսրայելի պատմության մեջ երկու անգամ Իսրայելի նախագահները այլ որոշում են կայացրել։ 1950 թվականին Իսրայելի առաջին կառավարության հրաժարականից հետո, երբ Դավիդ Բեն Գուրիոնը չկարողացավ ձևավորել նոր կառավարություն, այն հանձնարարվեց Առաջադիմական կուսակցության առաջնորդ Պինհաս Ռոզենին, չնայած նրա կուսակցությունը քնեսեթում ուներ ընդամենը հինգ տեղ[2][3]։ Ռոզենի փորձը ձախողվեց և արդյունքում նոր կառավարությունը գլխավորեց Բեն Գուրիոնը։ 2009 թվականի ընտրություններից հետո կառավարության ձևավորումը հանձնարարվեց Բենյամին Նեթանյահուին, չնայած նրա ղեկավարած Լիկուդ կուսակցությունը ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը` ստանալով 27 մանդատ, իսկ առավել շատ 28 ձայն հավաքել էր Կադիմա կուսակցությունը[4][5]։

Ընտրություններ և պաշտոնից հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցություն ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի ցանկացած քաղաքացի, ով մշտապես ապրում է երկրում, իրավունք ունի իր թեկնածությունը դնել նախագահի պաշտոնի համար ընտրություններում։

Ընտրության կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ նախագահն ընտրվում է քնեսեթի կողմից, գաղտնի քվեարկությամբ։ Ընտրվելու համար պահանջվում է ապահովել քնեսեթի անդամների ձայների բացարձակ մեծամասնությունը (61 ձայն)։ Եթե ընտրության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում պահանջվող ձայների քանակը, նշանակվում են նոր ընտրություններ, նույն պայմաններով։ Եթե երկրորդ փուլը չի ավարտվում թեկնածուներից մեկի ընտրությամբ, նշանակվում է երրորդ փուլ։ Քվեարկության երրորդ (և հետագա) փուլերում, ընտրությունից դուրս է մնում նախորդ տուրում ամենացածր ձայներ հավաքած թեկնածուն, իսկ հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների պարզ մեծամասնություն։

Հրաժարական և պաշտոնից հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահն իրավունք ունի կամավոր հրաժարական տալ, այդ մասին համապատասխան նամակ գրելով քնեսեթի խոսնակին։ Նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում քնեսեթի խոսնակի կողմից հրաժարականի նամակը ստանալուց 48 ժամ հետո։ Նախագահը կարող է քնեսեթի որոշմամբ պաշտոնից ազատվել, նախագահի կարգավիճակին անհամատեղելի արարքներ թույլ տալու պատճառով։ Պաշտոնից ազատելու որոշման ընդունման համար անհրաժեշտ է քնեսեթի անդամների ընդհանուր թվի երեք քառորդի աջակցությունը։ Պաշտոնից ազատելու գործընթացը կարող է սկսվել քնեսեթի առնվազն 20 անդամի պահանջով։ Նախագահի պաշտոնից ազատելու բողոքը պետք է ներկայացվի քնեսեթի հանձնաժողովին, այն ընդունվում է հետագա քննարկման, եթե դրա օգտին քվեարկել են հանձնաժողովի անդամների երեք քառորդը։ Քնեսեթը իրավունք ունի նախագահին պաշտոնից ազատելու նաև այն դեպքում, եթե նա առողջական վիճակի հետ կապված չի կարողանում կատարել իր պարտականությունները։ Այս դեպքում պաշտոնաթողության որոշման ընդունման համար բավական է պարզ մեծամասնության աջակցությունը։ Առողջական վիճակի պատճառով նախագահին ազատելու հարցը հանձնաժողովում քննարկելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի անդամների երկու երրորդի համաձայնությունը և բժշկական հանձնաժողովի հիմնավորված եզրակացությունը։

Նախագահը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր պարտականությունների կատարումը արտասահման մեկնելու կապակցությամբ, (ինքնաբերաբար մինչև նախագահի երկիր վերադառնալը), կամ առողջական վիճակի պատճառով, կամ էլ այլ հարգելի պատճառով, այդ դեպքում պարտականությունների կատարման դադարեցման որոշումը պետք է հաստատվի քնեսեթի գործերի հանձնաժողովի կողմից։ Նախագահի պարտականությունների ժամանակավորապես դադարեցման ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը։ Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կամ պարտականությունների ժամանակավորապես դադարեցման դեպքում նախագահի պարտականությունները կատարում է քնեսեթի խոսնակը, մինչև նոր նախագահի ընտրությունը կամ գործող նախագահի պաշտոնին վերադառնալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]