Միջին հասունության շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասունությունը անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ է։ Հոգեբանություն մեջ հասունությունը շրջակա միջավայրին համապատասխան արձագանք տալու կարողությունն է։ Այդ պատասխան արձագանքը հիմնականում հիմնված է փորձի վրա։ Հասունությունը անձի ընդհանուր զարգացումն է այս կամ այն համակարգում։ Հասունությունը համարվում է անձի ամբողջական «ծաղկման» շրջան, երբ մարդը կարող է իրացնել իր ամբողջ պոտենցիալը, հաջողության հասնել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Հաճախ առանձնացնում են հասունության երեք ենթաշրջան․

  1. Վաղ հասունություն
  2. Միջին հասունություն
  3. ՈՒշ հասունություն

Կենսաբանական և սոցիալական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարիքում տեղի են ունենում տվյալ տարիքին բնորոշ փոփոխություններ։ Միջին հասունության շրջանի սկզբի մասին վկայում են շատ ազդանշաններ։ Ֆիզիոլոգիապես միջին տարիքը բնութագրվում է այնպիսի դրսևորումներով, որոնք համարվում են ծերացում նախանշաններ։

Կենսաբանական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին տարիքում սկսում են տեղի ունենալ օրգանիզմի ներքին փոփոխություններ։ Այդ փոփոխություններն են. Դանդաղում է նյարդային համակարգի գործունեությունը հատկապես 50 տարեկանից հետո, կմախքի ոսկորները կորցնում են իրենց ճկունությունը, փոփոխություններ են տեղի ունենում հասակի հետ կապված՝ աճը նվազում է։ Այս շրջանում կա մի միտում՝ սկսում է ճարպ կուտակվել որովայնի վերին հատվածում, որն էլ համարվում է քաշի հետ կապված փոփոխությունների պատճառը։ Արյուն քանակությունը դեպի սիրտ կրճատվում է 8 %-ով, զարկերակային անոթը նեղանում է գրեթե 1/3 հարաբերությամբ համեմատած երիտասարդության շրջանի հետ։ Թոքերի աշխատանքի հզորությունը նույնպես նվազում է, հաճախ այս տարիքի մարդիկ ի վիճակի չեն լինում աշխատելու այնպես, ինչպես նախկինում։ Չնայած այս սրտանոթային համակարգի փոփոխություններին, որոնք բնորոշ են միջին տարիքում, դրանց բնույթը կախված է մարդու կյանքի ոճից։ Միջին տարիքում կանանց մոտ որպես օրգանիզմի ներքին փոփոխություն համարվում է մենոպաուզան՝ դաշտանադադարը, որը ունենում է ֆիզիկական և հոգեբանական հետևանքները։ Կլիմաքսի սկիզբը հիմնականում համարվում է 45-54 տարեկանը, հաճախ սկիզբը լինում է 47 տարեկանը և շարունակվում է 15-18 ամիս, սակայն կլիմաքսը կարող է լինել նաև վաղաժամ՝ 40 տարեկան, և ուշացած՝ 55 տարեկանից հետո։ Վաղաժամ և ուշացած կլիմաքսի պատճառները կարող են լինել հոգեկան ցնցումները, կյանքի ծանր պայմանները, վարակիչ հիվանդությունները և այլն։ Որպես հոգեբանական հետևանք համարվում են նևրոտիկ դժվարություններ։ Միջին տարիքում տղամարդկանց մոտ տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ կան տարբեր կարծիքներ։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ տղամարդկանց մոտ վերարտադրողական ոլորտի հետ կապված չկան փոփոխություններ, սակայն շատ հետազոտողներ կարծում են, որ տղամարդիկ միջին տարիքում նույնպես ենթարկվում են կենսաբանական փոփոխությունների։ Այս փոփոխությունները տղամարդկանց մոտ ավելի թույլ է արտահայտվում, սակայն ավելի երկարատև է։ Կլիմակտերիկ սինդրոմը տղամարդկանց մոտ ընթանում է նյարդավեգետատիվ, սիրտանոթային և հորմոնային խանգարումներով։ ՈՒղեկցվում է անքնությամբ, հիշողության թուլացմամբ, վախի զգացումով, աշխատունակության իջեցմամբ։ Կարող է առաջանալ գլխապտույտ, ուշաթափություն, պուլսացիա գլխուղեղում, դեպի գլուխը և դեմքը ջերմության առհոսում, սրտի շրջանի ցավեր, արյան ճնշման բարձրացում։ Առաջ է գալիս սեռական անկարողության զգացում։ Որպես հոգեբանական հետևանք համարվում են դեպրեսիաները։ Պտղաբերության նվազման պատճառով միջին տարիքում աճում է երեխա ունենալու ռիսկի գործոնը։ Երեխան կարող է տառապել Դաունի սինդրոմ, աուտիզմ, կամ շիզոֆրենիա հիվանդություններով։

Սոցիալական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական գործոնները, հիմնականում ամուսնությունը, ամենամոտիվացնող գործոնն է միջին տարիքում։ Հաջողակ ամուսնություն ունենալու կարողությունը կարող է երջանկացնել անհատին։ Միջին տարիքի մարդիկ, որոնք ունեն ամուսնական հարաբերություններ, հիմնականում ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր միայնակ են։ Բարեհաջող հարաբերություններ ունենալու համար առաջարկվում են հետևյալ երեք էլեմենտները՝ հարաբերությունների օրինականացում, հոգևոր մտերմություն, կիրք։ Միջին տարիքում շատ անհատներ ցանկանում են ստեղծել իրենց ընտանիքը։ Երեխաները մեծանալով նոր սթրեսներ են առաջացնում ծնողների համար։ Երեխաները ձգտում են անկախության, նոր շրջապատի։ Միջին հասունության տարիքում հարաբերությունների յուրօրինակությունը նաև պայմանավորված է նրանով, որ մեծանալով երեխաներն աստիճանաբար լքում են իրենց հայրական տունը, արդյունքում ծնողները մնում են մենակ, զրկվում սովորական կապերից, հոգսերից և ստիպված են լինում որոշակիորեն վերակառուցել իրենց հարաբերություններն ու կենսակերպը։ Ծնողների և մեծահասակ երեխաների հոգեբանական բաժանումը բնական, օրինաչափ երևույթ է, առանց որի անհնարին է ինքնուրույնության ձեռքբերումը, երիտասարդ սերնդի կողմից իր սեփական կյանքի կառուցումը։ Սոցիալական փոփոխությունները միջին տարիքում կապված են նաև դերերի փոփոխությունների հետ։ Միջին տարիքի մարդիկ ձեռք են բերում նոր դերեր՝ սկեսուր, սկեսրայր, որոնցով էլ պայմանավորված է սոցիալական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Հենց այս փոփոխությունների արդյունքում է անհատը սկսում գնահատել, քննադատել իր կյանքը, թե ինչ է ձեռք բերել և ինչ ունի տվյալ պահին։

Հոգեկան զարգացման առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերցեպտիվ առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգայական գործընթացի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում միջին հասունության տարիքում անմիջականորեն կապված են այս շրջանի սկզբի հետ։ Տեսողական օրգանի ֆունկցիոնալությունը ինտենսիվորեն սկսում է նվազել սկսած 50 տարեկանից։ Սակայն, կարճատես մարդիկ հաճախ սկսում են ավելի լավ տեսնել միջին տարիքում, քան երիտասարդ տարիքում։ Այս տեսողական փոփոխությունները չեն ազդում ճանաչողական գործընթացի վրա։ Լսողությունը, որպես ամբողջություն, ավելի վատանում է 20 տարեկանից հետո։ Շարունակելով վատանալ հետագայում առաջացնում է դժվարություններ կապված բարձր հաճախականության ձայների ընկալման հետ։ Ըստ որոշ հեղինակների լսողության մասնակի կորուստը առավել բնորոշ է տղամարդկանց, քան կանանց, որը ավելի շատ պայմանավորված է ոչ թե կենսաբանական գործընթացով, այլ արտաքին գործոններով։ Ընդհանուր առմամբ լսողության վատացումը միջին տարիքում կարող է այնքնա ակնառու լինել, որ թույլ չտա մարդուն նորմալ զրուցել։ Շարժողական հմտությունները Այս նույնպես կարող են նվազել միջին տարիքում։ Մի մարդ, ով ամեն օր կատարում է նույն աշխատանքը, տարիքի մեծացմանը զուգահեռ նա սովորելու է նոր հմտություններ, հետևաբար աշխատանքն էլ կդառնա ավելի ու ավելի դժվար։ Մեկ այլ դեպքում, մի մարդ ում աշխատակիցը միշտ աշխատանքի վայրում գցել է գրիչը և նա բավականին արագ այն կարողացել է բռնել, այժմ՝ միջին տարիքում, նա դանդաղում է, շատ ավելի հաճախ է գրիչը ընկնում գետնին, և նա չի կարողանում բռնել։ Այսինքն տեսնում ենք, որ մարդու շարժողական ռեակցիան դանդաղում է միջին հասունության շրջանում։ Ցավային զգայությունները մարմնի տարբեր հատվածներում նույնպես նվազում է։ Չնայած այն բանին, որ տեղի են ունենում փոփոխություններ, այնուամենայնիվ այս փոփոխությունները նկատելի չեն, ի տարբերություն տեսողական և լսողական զգայությունների փոփոխությունների։ Զգայությունը մնում է բարձր ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ։ Այս բոլոր փոփոխությունները ավելի են արագանում ծերունական տարիքում։

Կոգնիտիվ առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողություն ֆունկցիան մարդու կյանքում շատ կարևոր դեր է կատարում սկսած այն պահից, երբ պետք է մտապահել նույնիսկ ամենաաննշան ինֆորմացիան։ Հիշողության աշխատանքը սկսած 20 տարեկանից սկսում է նվազել տարիքի մեծացմանը զուգահեռ։ Կազմակերպման և մշակման մեթոդների օգտագործումը տարիքի մեծացմանը զուգահեռ սկսվում է հազվադեպ օգտագործվել։ Միջին հասունության շրջանում հիշողության առավել քիչ ստրատեգիաների օգտագործումը կարող է լինել ուշադրության ավելի դանդաղ գործունեության արդյունք։ Հիշողության վատացման արդյունքում մարդիկ միջին տարիքում ավելի են դժվարանում իրար կապել նոր և հին ինֆորմացիաները։ Միջին տարիքում հիշողության մեջ ավելի շատ տեղ է գրավում ոչ արդիական ինֆորմացիան, որն էլ թողնում է ավելի քիչ հնարավորություն ինֆորմացիիայի նոր կապերի համար։ Գլխավոր գիտելիքները, ընթացիկ գիտելիքները և այն գիտելիքները, որոնք կապված են աշխատանքի հետ մնում են անփոփոխ կամ նույնիսկ աճում են միջին տարիքում։ Բարձր մակարդակի վրա են պահպանվում նաև մետակոգնիտիվ գիտելքները. Միջին տարիքի մարդիկ գիտեն, թե ինչպես առավելագույնի հասցնել փորձը կյանքի կարևոր շրջաններում։ Սա կարող է լինել իրար հաջորդող ծեսերի շնորհիվ, որոնք ունեն մեծ էֆեկտիվություն։ ՈՒշադրություն գործընթացը իր ամենաբարձր մակարդակին է հասնում 41-46 տարեկանում։ Չնայած այն բանին, որ այս տարիքում նվազում է հիշողության գործընթացը, այնուամենայնիվ, նրանք, ովքեր հասել են այս տարիքին ակտիվ ուսուցմամբ և ինքնակրթությամբ՝ պահպանվել է նրանց ճանաչողական գործընթացի ուժը։ Կան ստերեոտիպեր, որ միջին հասունության շրջանում մտածողությունը սկսում է անկում ապրել։ Սակայն, ինչպես շատ ֆունկցիաներ նվազում են այս շրջանում, այնպես կան ֆունկցիաներ որոնք ավելի աճում են։ Չնայած այն բանին, որ հիշողության, ուշադրությանը գործունեությունը նվազում է միջին տարիքում, այնուամենայնիվ պետք է ուշադրություն դարձնել 2 էլեմենտների, որոնք ավելի են սրվում այս շրջանում՝ իմաստություն, մտածողություն։ Միջին տարիքում մտածողությունը ոչ միայն պահպանում է շատ կարողություններ, հնարավորություններ ավելի վաղ հասունություն շրջանից, այլև միջին հասունության շրջանում ձեռք է բերում նոր կարողություններ, հմտություններ։ Միջին տարիքում մտածողության բարձր մակարդակը կապված է նախկին փորձի հետ, այս տարիքում մարդն ունի ավելի շատ փորձ քան նա ուներ 20 տարեկանում։ Միջին տարիքում մարդը ունի հնարավորություն կապելու նախկին փորձը ներկայի ավելի ճիշտ գործունեության հետ։ Միջին հասունության շրջանում տեղի են ունենում մտավոր և ֆիզիկական գործընթացների նվազում, սակայն դա չի ազդում ճանաչողական գործընթացի արդյունավետության վրա, որն էլ թույլ է տալիս պահպանել ստեղծագործական գործունեությունը։ Տարբեր մարդկանց կողմից ինտելեկտը տարբեր կերպ է բնութագրվում. Որոշ մարդիկ կարող են ցույց տալ իրենց ինտելեկտը շատ տարբեր լեզուների իմացությամբ, կամ մաթեմատիկական բարդ խնդիրների լուծմամբ։ Հոգեբանները ինտելեկտը բնութագրում են որպես մարդու հարմարման ունակություն։ Տարբերում են ինտելեկտի ակտիվության 3 հիմնական մակարդակներ, որոնք առաջարկվել են Ա.Ֆ. Լազարսկինի կողմից.

  • Ցածրագույն մակարդակ- Անհատը միջավայրին հարմարված չէ, որն էլ ճնշում է նրա թույլ հոգեկանը։
  • Միջին մակարդակ- Մարդը լավ հարմարվում է միջավայրին, գտնում է իր տեղը։
  • Բարձր մակարդակ-Բնորոշվում է շրջակա միջավայրը վերափոխելու ձգտումով։

Հոգեբանությունը տարիներ շարունակ առաջարկել է շատ տեսություններ ինտելեկտի վերաբերյալ, որոնք ներառում են մտքերը ինտելեկտի տարբեր տեսակների մասին։ 1963 Թվականին հոգեբան Ռայմոնդ Քետելը նկատեց, որ գոյություն ունի ինտելեկտի 2 տարբեր տեսակներ, որոնք պետք է առանձին-առանձին ուսումնասիրել։ Ինտելեկտի առաջին տեսակը Քետելը անվանել է հոսուն ինտելեկտ. Սա սահմանվում է որպես նոր խնդիրների լուծման կարողություն, օգտագործում են տրամաբանությունը նոր իրավիճակներում, ճանաչում են նշաններով։ Ինտելեկտի այս տեսակը իր առավելագույն զարգացմանը հասնում է երիտասարդ տարիքում։ Հոսուն ինտելեկտը ավելի շատ համարվում է ժառանգական, քան մշակութային ձեռքբերում։ Հոսուն ինտելեկտի լավագույն օրինակ է համարվում մետրոյի բարդ սիստեմի օգտագործումը նոր քաղաքում։ Առաջին անգամ, երբ հարկավոր է օգտվել մետրոյից, մենք պետք է պարզենք այն կանգառների անվանումները, որոնք մեզ հարկավոր են անհրաժեշտ վայր հասնելու համար։ Հոսուն ինտելեկտը համարվում է նոր իրավիճակի ադապտացման առաջին քայլը, որը մի փոքր տարբերվում է տվյալ իրավիճակին ադապտացվելուց հետո։ Օրինակ մետրոյի տվյալ օրինակում սկզբում մենք գտնվում ենք մեզ համար անծանոթ միջավայրում, օգտագործում ենք հոսուն ինտելեկտը՝ պարզում ենք կանգառների անվանումները, այնուհետև տվյալ իրավիճակը կդառնա նույնը ամեն անգամ։ Այսպիսով հոսուն ինտելեկտը համարվում է ճկուն և հարմարողական այնպես, ինչպես ջուրը իր հեղուկ վիճակում։ Բյուրեղացված ինտելեկտը վերաբերում է այն հմտություններին, որոնք կախված են կուտակված գիտելիքներից, փորձից, սոցիալական կոնվենցիաներից։ Այս հմտությունները ձեռքբերովի են, քանի որ դրանք գոյություն ունեն մշակույթում։ Երբ մարդը սովորում է դպրոցում, նա սովոր է բյուրեղացնել ինտելեկտը անընդհատ, նա անգիր է անում նոր բառարանային բառեր, և ավելացնում է իր բառացանկում նոր բառեր ժամանակի ընթացքում։ Նա նաև սովորում է տեսությունը նախքան հանրահաշվական հավասարումներ լուծելը, կամ ինչպես պետք է անել երկար բաժանումը, սովորում է նախադասության քերականական կանոնները նախքան նախադասության ամբողջական վերլուծությունը։ Բյուրեղացված ինտելեկտը առավելապես աճում է միջին հասունության շրջանում, քանի որ այս շրջանում մարդիկ անընդհատ ավելացնում են իրենց գիտելիքները աշխատանքի և հանգստի գործունեության մեջ։ Բյուրեղացված ինտելեկտը նման է ջրի, որը վերածվում է սառույցի, ժամանակի ընթացքում այն ստանում է ավելի ու ավելի կայուն տեսք, որը նման է բյուրեղի։ Մարդու ինտելեկտուալ գործընթացի ռեգրեսի ինտենսիվությունը կախված է 2 գործոններից՝ օժտվածության մակարդակից և կրթությունից։

Ես-կոնցեպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին հասունության շրջանում անձի «ես-կոնցեպցիան» հարստանում է նոր «ես-կերպարներով», որը կախված է անընդհատ փոփոխվող հարաբերություններով և ինքնագնահատականի տատանումներով։ «Ես-կենցեպցիայի» էությունը ինքնաիրացումն է բարոյական նորմերի և ինքնագնահատականի շրջանակներում։ Ինքնագնահատականի համար պետք է հաշվի առնել կոգնիտիվ բաղադրիչը։ Գիտակից, հավասարակշռված, իրատեսական վերաբերմունքը դեպի սեփական անձը, բերում է նրան, որ սկսում է կառավարել գիտակցությունը, որն էլ առաջնորդում է հույզերը։ Ըստ Ռոբերտ Հեյվինգհարսթի մարդը իր միջին հասունության շրջանում հանդիպում է կարևոր իրադարձությունների, որոնք համարվում են կենսական խնդիրներ, դրանք են.

  • Հասնել հասուն քաղաքացիական և սոցիալական պատասխանատվության։
  • Օգնել երեխաներին, դառնալ պատասխանատու և երջանիկ։
  • Ամրապնդել ամուսնական հարաբերությունները։
  • Գործունեության համար հարմար մեթոդների, ուղիների ընտրություն կատարել։
  • Ընդունել ֆիզիոլոգիական փոփոխությունները կապված միջին տարիքի հասունության հետ, և հարմարվել դրանց։
  • Ձեռք բերել հմտություն ծերացող ծնողների հետ փոխգործակցելու համար։

Այս խնդիրների լուծումը տեղի է ունենում ես-կոնցեպցիայի վերահսկողության և ազդեցության ներքո, որը ուղղված է այս կարևոր խնդիրների բարելավմանը։ Միջին հասունության փուլի մարդկանց մոտ «Ես-կերպարը» ավելի շատ կապված է այլ մարդկանց զարգացման հետ՝ երեխաներ, ուսանողներ, կոլեգաներ։ Այս տարիքում առաջատար գործունեությունը դառնում է աշխատանքը, հաջողակ կարիերան, որն էլ ապահովում է անձի ինքնաիրացումը։ Առաջատար խնդիրն է համարվում երեխաների խնամքը, հոգատարությունը, ընտանեկան փոխհարաբերությունները, ամուսնու հետ հարաբերութունները։

Դրդապատճառային ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրդապատճառային ոլորտը միջին տարիքի մարդկանց մոտ փոփոխվում է այնպես, ինչպես մարդու մոտ առաջ է գալիս ցանկություն գործելու առանց հապաղել, և անմիջապես ստանալ արդյունքը։ Այսինքն միջին տարիքի մարդիկ հակված են անմիջապես բավարարելու իրենց պահանջմունքները։ Հիմնական պահանջմունքը այս տարիքային փուլում մարդկանց համար համարվում է ստեղծագործական պոտենցիալի իրականացումը, սեփական փորձի փոխանցումը այլ սերնդի։ միջին տարիքի մարդկանց գործունեությունը ուղղորդվում է ընտանեկան հարաբերությունների, ընկերների, բարեկամների հանդեպ խնամքով, մտահոգությամբ։ Նրանք նախապատրաստվում են ծերունական շրջանի հանգիստ ու հարմարավետ կյանքին, որի արդյունքում էլ կատարվում է ամբողջ կյանքի վերագնահատում և իմաստավորում։ Տարիքային այս փուլում առաջ են գալիս արժեհամակարգի երեք ոլորտներ՝ անձնական, ընտանեկան, մասնագիտական։ Դրդապատճառային ոլորտի ճգնաժամի կրիտիկական կետը համարվում է կյանքի գլխավոր մոտիվի կորուստը, այսինքն կյանքի իմաստի կորուստը։ Կյանքի իմաստը ըստ Էրիխ Ֆրոմի հոգևոր նվիրվածությունն է ինչ-որ մեկին, կամ ինչ-որ բանին։ Մարդիկ, ովքեր կորցնում են ընտանիքի անդամներին, ծնողներին, ովքեր եղել են իրենք կյանքի իմաստը, հայտնվում են «աննպատակ» իրավիճակում, կորցնում են կյանքի իմաստը, դժվարանում են իրենց կողմնորոշումներում։ Նրանք հայտնվում են «Էքզիստենցիալ դրդապատճառային վակուումում», որի պատճառն են նևրոտիկ խանգարումները, անկախ սեռից, տարիքից, կրթությունից, ինտելեկտից, սա կարող է լինել ցանկացած անձի հետ։ Ըստ Ֆրանկլի կյանքի իմաստը կարող է լինել ոչ միայն կորցված, այլ նաև գտնված ցանկացած մարդու շնորհիվ։ Հիմնական բնութագրերը մարդու կյանքի իմաստավորվածություն մակարդակի համարվում են.

  • Նպատակ, որը տալիս է ուղղվածություն և ժամանակային հեռանկար։
  • Հետաքրքրություն, որը արտահայտվում է հուզական գունեղությամբ և գերիմաստալիությամբ։
  • Արդյունավետությունը կյանքի և ինքնաիրացվածության բավարարվածության, որը ցույց է տալիս ապրած կյանքի գնահատականը։
  • Լոկուս-կոնտրոլ, որը ցույց է տալիս պատկերացումները իր մասին որպես անձ, ով ունի ընտրության ազատություն, որպեսզի կառուցի իր կյանքը համաձայն իր նպատակներին և իմաստի ընկալմանը։
  • Կյանքի կառավարում, որը բնորոշվում է նրանով, որ մարդուն տրված է իր կյանքի վերահսկողությունը։

Այս բնութագրերի մակարդակը կախված է նրանից, թե ինչքանով մարդը կվերցնի իր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ որքան բարձր է պատասխանատվության մակարդակը, այնքան նպատակաուղղվածությունը, հետաքրքրությունը, հուզական գունեղությունը, արդյունավետությունը համարվում է մարդու կյանքը։

Հուզական ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին տարիքը համարվում է միջանկյալ ժամանակաշրջան մարդու կյանքում, այն կամրջի նման կապում է իրար վաղ հասունության և ուշ հասունության շրջանները։ Ինչպիսի՞ զգացմունքներ են ունենում մարդիկ միջին հասունության շրջանում. Հիմնականում միջին տարիքի վերաբերյալ առանձնացվում են երկու տեսակետներ. Ըստ առաջին տեսակետի միջին տարիքը համարվում է ընտանեկան կյանքի, աշխատանքի, ստեղծագործական ունակության ծաղկման շրջան։ Ըստ երկրորդ տեսակետի մարդիկ ունեն մտահոգություններ այն բանի վերաբերյալ, որ իրենք մահկանացու են, և ժամանակը վազում է։ Որոշ մարդիկ սկսում են անհանգստանալ, մտահոգվել բաց թողնված հնարավորությունների, չիրականացրած քայլերի համար։ Մասնագիտական գործունեության մեջ հույզերը կարևոր դեր են կատարում։ Կատարվել է հետազոտություն բրիտանացի հետազոտողների կողմից. Հետազոտությունը կատարվել է 13 տարբեր մասնագիտական խմբերում, հետազոտությունն ուղղված է եղել բացահայտելու սրտային հիվանդություններից մահացածության աստիճանը մասնագիտական տարբեր խմբերում։ Տասն անգամ ավելի հավանական է, որ սրտի կաթվածից մահանում են բժիշկները, վիրաբույժները։ Ավելին քան հինգ անգամ ավելի հավանական է, որ մահանում են փաստաբանները, դատավորները։ Սրտի հիվանդություններից մեծ մահացածություն է նկատվում նաև օդաչուների, քաղաքական գործիչների, քաղաքային ավտոբուսների վարորդների մոտ։ Սրտային հիվանդություններից ավելի քիչ մահացածության ցուցանիշ նկատվել է գյուղատնտեսական աշխատողների մոտ։ Առաջին հայացքից չկան նմանություններ վիրաբույժի և վարորդի միջև, սակայն դա դժվար չէ գտնել։ Դա բնորոշ է էմոցիոնալ լարված աշխատանքներին։ Կյանքի ընթացքում անձի մոտ ձևավորվում է էտալոնների որոշակի համակարգ, որի օգնությամբ նա գնահատում է ուրիշներին։ Զգացմունքներով ճանաչման վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդը կարող է հասկանալ այլ մարդկանց տարբեր գործոններով. Տարիք, սեռ, անձնային, մասնագիտական հատկանիշներով, մշակույթով։ Մի շարք մասնագիտություններ պահանջում են մարդուց սեփական հույզերը կառավարելու հմտություն։ Անկարողությունը համաձայնելու, մեկ այլ անձին հասկանալու, հանգեցնում է մասնագիտական ոչ կոմպետենտության։ Սա հատկապես կարևոր է այնպիսի մասնագիտությունների համար, ինչպիսիք են՝ բժշկությունը, դիվանագիտությունը, հոգեթերապիան, մանկավարժությունը և այլն։ Հուզական տարբեր դրսևորումների հասկացման և տարբերակման կարողությունը անհրաժեշտ է այնպիսի մարդկանց, ովքեր նվիրված են արվեստին` նկարիչներ, դերասաններ, արվեստագետներ, գրողներ։ Սոցիալական հարաբերությունների զարգացումը ստեղծում է բարոյականության զգացում, որը կապված է իրականության, սեփական անձի և միջանձնային հարաբերությունների գնահատման հետ։ Աշխատանքային գործունեության ընթացքում մարդը կարող է ունենալ ինտելեկտուալ զգացմունք, որը կապված է ճանաչողական գործընթացի, հետաքրքրության և հրաշքի զգացման, ճշմարտությունը բացահայտելիս ուրախության զգացման հետ։ Միջին տարիքի մարդիկ ավելի շատ են հակված սթրեսի, քան երիտասարդները։ Հաճախ տառապում են դեպրեսիայով, ունենում են միայնակության զգացում։ Մարդը սկսում է մտածել մահվան և անցնող ժամանակի մասին։ Ըստ Սելյեի առանձնացվում են սթրեսի հետևյալ ձևերը.

  • Սթրեսը որպես ազդակ, կամ շրջակա միջավայրի իրավիճակ, որը անհատից պահանջում է ռեսուրսների և ռեակցիայի մեծ ծախս։
  • Սթրեսը, որպես ռեակցիա, համարվում է ընդհանուր ադապտացիոն սինդրոմ։
  • Սթրեսը որպես փոխազդեցություն անհատի օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև։

Առաջարկվում են երեք ուղիներ սթրեսային իրավիճակների կառավարման և դրա հաջող հաղթահարման համար.

  1. Լուծել սեփական խնդիրը- Այս դեպքում պետք է խնդրի հստակ գիտակցում, որից հետո պետք է վերանայել խնդրի լուծման բոլոր հնարավոր դեպքերը, և ընտրել տարբերակներից մեկը։ Նրանք, ովքեր լուծում են իրենց խնդիրները ավելի հաճախ ունենում են բավարարվածության զգացում, սեփական կյանքի կառավարման զգացում։
  2. Փոխել վերաբերմունքը խնդրի նկատմամբ- Յուրաքանչյուր դժվարության մեջ պետք է որոնել և գտնել որևէ դրական կողմ, որևէ միջոց։ Երբեմն մարդկանց հաջողվում է գտնել սթրեսային իրավիճակներում զվարճալի կողմը։
  3. Համակերպվել խնդրի առկայության հետ- Պետք է համակերպվել խնդրի առկայության հետ, և անել այնպես, որ նվազի սթրեսի առաջացման ազդեցությունը։

Հոգեբանական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասունության շրջանը մարդու կյանքում համարվում է ամենաբարենպաստ շրջանը մտավոր գործունեության համար, երբ անհատի ինտելեկտուալ, հուզական, սոցիալական կարողությունները գտնվում են իրենց գագաթնակետում` հանդիպելով աշխատանքին, ամուսնությանը, երեխաներին։ Որոշ հոգեբաններ սահմանել են տարբեր փուլեր և անցումներ վաղ հասունության շրջանից դեպի միջին հասունության շրջան։ Այդ փուլերն ու անցումները իրենց մեջ ներառում են ճգնաժամեր, որոնք վերաբերում են նոր պարտականություններին, նպատակներին։ Մարդկանց մոտ 30 տարեկանի շրջանում սկսում է զարգանալ ժամանակի սահմանափակման զգացումը։ Այս շրջանում նախկին համոզմունքներն ու վարքը կարող է փոխվել նորերով։ Միջին հասունության շրջանը համարվում է նախկին պոտենցիալների և ապագայի սահմանափակումների միջև հարմարեցման, կանոնակարգման մի շրջան։ Որոշ մարդկանց մոտ նկատվում է հուզական դիմադրություն կապված այն մտքի ճանաչման հետ, որ ավելի քիչ ժամանակ է մնացել ապրելու, քան արդեն ապրել են։ Հաճախ կանայք, որոնց երեխաները մեծացել են, հեռացել են տանից, ապրում են «Դատարկ-բույն» սինդրոմը` զգալով իրենց ոչ ցանկալի, ոչ օգտակար, սակայն սա նաև կապված է կենսաբանական փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունենում այս շրջանում։ Միջին տարիքի ավելի ուշ շրջանում անհատները ավելի տեղեկացված են լինում հիվանդությունների, առողջության մասին, և սա գիտակցաբար կամ անգիտակցաբար կարող է փոխել նրանց կյանքի ոճը։ Անհատները հասկանում են իրենց ձեռքերումների սահմանները և ի պատասխան դրան կամ հայտնում են իրենց գոհունակությունը, կամ հուսահատվում են և դառնում մտահոգ չիրականացված նպատակների համար։ Միջին հասունության շրջանի հոգեբանական փոփոխությունները հիմնականում կապված են այս շրջանի ճգնաժամերի հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ.Ս. Բաբախանյան։ Օգնենք մտավոր խնդիրներով երեխաներին։ Երևան 2006
  2. Возрастная психология (Психология развития и возрастная психология).-М: Гардарики, 2005
  3. Кулагина И.Ю., Колюцкий В.Н.Возрастная психология Полный жизненный цикл развития человека. Учебное пособие для студентов высших учебных заведений. — М.ТЦ «Сфера», 2001
  4. Кулагина И.Ю. Психологический возраст диагностика и тенденции изменения в онтогенезе // Вестник Университета РАО. 2000. № 1
  5. Крайг Г. Психология развития. СПб., 2000
  6. Метры Психологии. Под редакцией А. А. Реана Психология среднего возраста, старения, смерти. Москва «Олма-Пресс» 2003
  7. Толстых А.В. Возрасты жизни. М., 1988
  8. Психологические энциклопедия, психология человека от рождение до смерти. Под общей редакцией А.А. Реана (Олма- Пресс-2002)
  9. Companion to Social work / Edited by Martin Davies / 2nd - Blackwell Publishing - 2002 - 500 p.
  10. Raeburn, Paul (February–March 2009). "The Father Factor: Could becoming a father after age 40 raise the risks that your children will have a mental illness? (PDF)" Scientific American Mind: 30–33. Retrieved 2009-10-16
  11. http://www.apa.org/monitor/2011/04/mind-midlife.aspx
  12. http://www.apa.org/research/action/memory-changes.aspx
  13. http://education-portal.com/academy/lesson/two-types-of-intelligence-fluid-and-crystallized-intelligence.html
  14. http://education-portal.com/academy/lesson/cognitive-development-in-adults.html
  15. http://www.psychologos.ru/articles/view/psihologiya_srednego_vozrasta/-1(չաշխատող հղում)