Jump to content

Միջադեպ Արցախի ներկայացուցչությունում (2024)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջադեպ Արցախի ներկայացուցչությունում
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը
Ամսաթիվհունիսի 21, 2024
ՎայրԵրևան, Հայաստան Հայաստան
Նպատակծառայողական մեքենայի առգրավում
Մեթոդոստիկանական գործողություն
Արդյունքծառայողական մեքենայի բռնգրավում
Հակամարտող կողմեր
Ղեկավարներ

Միջադեպ Արցախի ներկայացուցչությունում, Հայաստանի քննչական կոմիտեի և Հայաստանի ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից իրականացված գործողություն, որը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 21-ին, Երևանում գտնվող Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքում[1][2][3]։ Ոստիկանության հատուկջոկատայինները կոտրելով Հայաստանում Արցախի ներկայացուցչության տարածքի դարպասը և մուտք գործելով ներս, բռնագրավում են այնտեղ գտնվող Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան[1][2][3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունիսի 7-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխեն[4][5][6]։ Փաստաբանը հայտնում է, որ «մեքենան առգրավում են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի գործի շրջանակներում, որին ամիսներ առաջ ապօրինի ձերբակալել էին իբրև թե թմրանյութ պահելու կասկածանքով»[4][5]։ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքում են[6]։

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ քննիչները հեռանում են Հայաստանում Արցախի ներկայացուցչությունից, սակայն փաստացի չեն առգրավում Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, որը նախապես կապարակնքել էին[7]։ Ռոման Երիցյանը նշում է, որ «քնչական կոմիտեի քննիչները նախապես իրենց հետ կապ էին հաստատում` առաջարկելով գոնե 2 օրով մեքենան փոխանցել, սակայն նրանց հստակ ցույց են տրվել օրենքի դրույթը, որով վճռի առկայությունը պարտադիր է գույքը առգրավելու համար։ 3֊4 ժամ տևած քննիչների գործողությունների արդյունքում քննիչները հասկացան, որ առանց վճռի չեն կարող մեքենան առգրավել»[7]։ Ռոման Երիցյանը նշում է նաև, որ քննիչների հեռանալուց հետո պարեկային ծառայության աշխատակիցներն են եկել ու փորձել են ջարդել Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասը, որպեսզի կարողանան առգրավել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան[1][8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունիսի 21-ին ոստիկանության հատուկջոկատայինները կոտրում են Հայաստանում Արցախի ներկայացուցչության տարածքի դարպասը և մուտք գործելով ներս[1], բռնագրավում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան[2]։ Ավելի ուշ նրանք դուրս են գալիս շենքից ու հեռանում[2]։ Ոստիկանության քննիչը լրագրողներին հայտնում է, որ մեքենան տարվել է քրեական վարույթի շրջանակներում, որը նախաքննական գաղտնիք է, չի կարող ասել, թե ինչու է տարվել մեքենան. «Առգրավված մեքենա է, տեղափոխում ենք հատուկ պահպանվող տարածք՝ համապատասխան քննչական գործողություն կատարելու նպատակով։ Նախաքննական մարմինն է որոշում դատարանի որոշում դրա համար անհրաժեշտ է, թե ոչ։ Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ է»[2]։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում հայտնում է, որ «ոչ Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան առգրավելու որոշում են ցույց տվել, ոչ էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում»[3]։ Փասաբանը հայտնում է նաև, որ «ոչ դատարանի որոշում են ցուցադրել, ոչ էս բռնի ուժ կիրառելը որևէ կերպ հիմնավորել են, ոչ մեզնից թույլտվություն են հարցրել Արցախի ներկայացուցչություն ներխուժելու համար։ Ընդամենը քննիչը ներկայանալով Արցախի ներկայացուցչությունում այն անձին, որը գտնվել է այստեղ, հաշվի առնելով քննիչի այստեղ գտնվելու հանգամանքը, նրան ներս է հրավիրել և նրան որևէ կերպ չեն պարզաբանել, որ պատրաստվում են բռնի ուժ կիրառելով, դարպասները կոտրելով առգրավել նախագահին սպասարկող ավտոմեքենան։ Խաբեությամբ քննիչը մուտք է գործել Արցախի ներկայացուցչություն, և տեղեկանալով, որ այստեղ անվտանգության աշխատակիցը չունի դարպասը բացելու լիազորություն, բացի այդ, դարպասը բացելու տեխնիկական միջոցն իր մոտ չի գտնվում, միանգամից հրավիրել են ոստիկնության հատուկջոկատայիններին, որոնք էլ ջարդել են դարպասները և մեքենան տարել էվակուատորով»[3]։ Ռոման Երիցյանը նշում է նաև, որ «իրենց անգամ չեն ասել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են մեքենան տանում և ինչ կապ ունի մեքենան այդ գործի հետ։ Այս ամենը պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին», ու որ կատարվածը հաստատում է Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի հայտարարությունն այն մասին, որ արցախցի հայերի նկատմամբ ուղղակի ճնշումներ են իրականացվում[3]։ Փաստաբանը հայտնում նաև, որ վերջին իրադարձությունների համատեքստում որևէ ակնկալիք չունի դատական համակարգից, բայց դա չի նշանակում, որ գործողություներ չեն իրականացվելու և դատական կարգով վիճարկումն այընտրանք չունի[3]։

Ավելի ուշ Արցախի ներկայացուցչություն է այցելում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը և Արցախի նախագահին նվիրում իր մեքենայի բանալիները` ընդգծելով, որ «տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի»[9][10]։ Ներկայացացուցչությունում նրան դիմավորած Սամվել Շահրամանյանը շնորհակալություն է հայտնում՝ նշելով, որ դրա կարիքը չկա[10]։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում հայտնում է․ «Այս ամսվա 7-ին, երբ առաջին անգամ քննիչները եկել են և փորձել են առգրավել մեքենան, հենց սկզբից ուզում եմ ասեմ, որ սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է։ Եվ այդ ժամանակ, որ փորձել են մեքենան տանել և հասկացել են, որ դա անօրինական է և պետք է համապատասխան վճիռ լինի դատարանի, հեռացել են։ Այդ նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել քննչական կոմիտեի նախագահի հետ իր նախաձեռնությամբ և վերջնական մեր խոսակցության արդյունքը եղել է այն, որ ասել է` իրեն սխալ են զեկուցել և այդ սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշում են կայացրել մեքենան առգրավելու, և ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նաագահին և եթե ինքը իմանար, նման բան չէր լինի։ Ես իրեն պատասխանել եմ, որ անհրաժեշտության դեպքում, անհետաձգելի քննչական գործողություններ անելու համար պատարստ եմ որտեղ ասեք` ուղարկեմ։ Այս իրավիճակը, որ ստեղծվել է ինձ քննչական կոմիտե հրավիրելուց հետո, անընդունելի եմ համարում և դատապարտում եմ։ Մենք այդ մեքենան որտեղ ասեին` ուղարկելու էինք և մենք այդպես էինք պայմանավորվել»[9]։ Սամվել Շահրամանյանը նշում է նաև, որ այն իրավիճակը որը ստեղծվել` մուտքի դռներ կոտրելով և մեքենան բռնի տանելով, դա վերաբերմունքն է Արցախի նկատմամբ[9]։ Նրա խոսքով` այդ օրը իրեն Քննչական կոմիտե են հրավիրվել Արցախում մնացած, ապա Հայաստան վերադարձած Սարգիս Գալստյանի գործով[9]։ Արցախի նախագահը հայտնեց, որ ցուցմունք է տվել և հայտնել իրեն հայտնի տեղեկությունները[9]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան. «Սա բացառապես քաղաքական ուղերձ է ուղղված Ադրբեջանին, որ տեսնում եք, ձեր բոլոր հրամանները հլու հնազանդ կատարում ենք։ Ուղերձ է նաև արցախցիներին, որ արցախցիները որևէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հանրային գործընթացներին։ Արցախցիներին իշխանությունը փորձում է թողնել առանց ղեկավարի։ Իսկ առանց առաջնորդության մնացած ժողովուրդը չի կարող կազմակերպվել, և, ցավոք, հակված կլինի լքելու Հայաստանը»[11]։
  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյան․ «Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք Արցախի մասին, պայմանավորված մեր ժողովրդի տուն վերադառնալու իրավունքով։ Թե՛ ԵՄ-ից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ողջ աշխարհից արցախցիների իրավունքների մասին խոսում են, բացի Հայաստանի Հանրապետությունից ու իր գործընկեր Ադրբեջանի Հանրապետությունից։ Բոլորը խոսում են նաև մեր ռազմագերիների մասին, բոլորը խոսում են այդ թեմայով, միայն Հայաստանը չի խոսում։ Սա միայն արցախցիների խնդիրը չէ, սա երկրի տրմաբանությունն է, նա պետք է գնա, որ այս խնդիրը լուծվի։ Սա անթույլատրելի է, ես դիմում եմ քաղաքական հասարակական ուժերին, որ գնահատական հայտնեն։ Դարպաս կոտրելը որն է, որ նրաց առջև չեն փակել, սրանով ուղղակի փորձում են կոտրել ժողովրդի ոգին, հավանաբար Ադրբեջանից է հրահանգը եկել, չենք բացառում»[12]։
  • «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան. «Արցախի ներկայացուցչության դարպասներ կոտրելն ու այնտեղ ուժային կառույցների ներխուժումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանին մատուցված ծառայություն։ Սա որևէ կոնկրետ անձի կամ քրեական գործի խնդիր չէ, սա կոնկրետ Արցախի հարցի դեմ հերթական ոտնձգությունն էր։ Այն, որ այս հայրենավաճառ իշխանությունը վաղուց Արցախը սակարկման էր հանել, ցավոք, նաև ժամանակը ցույց տվեց, բայց նույնիսկ հիմա սրանք փորձում են կրկնակի վաճառք իրականացնեն` Ադրբեջանից ակնկալելով գթասրտություն և ներողամտություն։ Կարևոր չէ, թե ինչն էր իրավապահների հետաքրքրությունը, որովհետև խնդիրը դիմակավորներով այնպիսի տեսարան ստեղծելն էր, որն անձամբ Ալիևին հաճույք կպատճառեր։ ՀԳ. Տուգանային հրապարակ տարված մեքենան, որը շինծու գործով է անցնում, իրավապահները կարող էին պարզապես մեկ զանգով ստանալ` դրա վերաբերյալ Արցախի նախագահն անձամբ էր հավաստիացրել, սակայն քաղաքական իշխանության հանձնարարականով, Արցախի նախագահին նախ հարցաքննության հրավիրեցին, իսկ հետո` նրա բացակայությամբ, ներխուժեցին Ներկայացուցչություն»[13]։
  • Արցախ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան (2018-2020), Արցախի նախկին պետնախարար (2021-2022) Արտակ Բեգլարյան․ «Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ։ Խորհրդանշական է, որ այս խիստ դատապարտելի պահվածքին զուգահեռ իշխանությունները նույն օրը հայտարարել են Պաղեստինի Պետության ճանաչման մասին։ Դա արել են այն իշխանությունները, որոնք ժխտել ու ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ պարարտ հող ստեղծելով ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի ու Արցախի հայաթափման համար, իսկ հիմա էլ թիրախավորում են Արցախի խիստ խոցելի պետական ինստիտուտներին։ Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը՝ զուգահեռաբար հանցավոր կերպով փակելով Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի հնարավորություններն ու միջազգային օրակարգը»[14]։
  • Արցախ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունների հայտարարություն․ «Հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը վեր հանեց այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը։ Արցախի հանդեպ նմանօրինակ վերաբերմունքը շարունակությունն է օրեր առաջ՝ հունիսի 12-ին իրականացված բռնաճնշումների, ինչը վկայում է, որ հանուն իշխանության պահպանման նրանք պատրաստ են ոտնահարել երկրի Սահմանադրությունը և, անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ կիրառելով սեփական ժողովրդի դեմ, կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը և իրավական պետություն լինելու հանձնառությունը։ Մեզ համար անընդունելի ու խստիվ դատապարտելի են այսպիսի երևույթները։ ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար։ Նման պայմաններում միաժամանակ տեղին ենք համարում երախտագիտության խոսք հղել հազարավոր ՀՀ մեր հայրենակիցներին, ովքեր արհամարհելով արհեստականորեն ստեղծված բաժանարար գծերը, անցած ինը ամիսների ընթացքում՝ մեզ համար դժվարին օրերին, ամեն ինչ արել են մեղմելու արցախահայության բարոյահոգեբանական և ֆիզիկական ցավը։ Վտանգավոր և անընդունելի է ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք դրսևորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից հնչեցված։ Հայրենիքի և ազգային արժանապատվության համար պայքարը յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է, ուստի պահանջում ենք ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսևորումներից»[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը». news.am. 2024 թ․ հունիսի 21. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Արցախի նախագահի մեքենան քրեական վարույթի շրջանակում ենք առգրավել, մնացածը նախաքննական գաղտնիք է. քննիչ». news.am. 2024 թ․ հունիսի 21. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Քննիչը խաբելով մտել է Արցախի ներկայացուցչություն, դարպասը ջարդել են ու առգրավել Արցախի նախագահի մեքենան. փաստաբան». news.am. 2024 թ․ հունիսի 21. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  4. 4,0 4,1 «Քննիչները փորձում են առգրավել Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան». news.am. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  5. 5,0 5,1 ««Քննիչները ցանկանում են բռնի ուժով առգրավել Արցախի Հանրապետությանը պատկանող մեքենան». փաստաբան». artsakh.news. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  6. 6,0 6,1 «Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքեցին». news.am. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  7. 7,0 7,1 «Քննիչները հեռացան Արցախի ներկայացուցչությունից․ նրանք փաստացի չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենան». news.am. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  8. «Պարեկները փորձում են Արցախի ներկայացուցչության դարպասը ջարդել՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավելու համար. փաստաբան». news.am. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է. Սամվել Շահրամանյան». news.am. 2024 թ․ հունիսի 22. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  10. 10,0 10,1 «Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի. Բագրատ Սրբազանն իր ավատոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը». news.am. 2024 թ․ հունիսի 21. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  11. «Շահամանյանի մեքենայի առեւանգումն ուղերձ է Ադրբեջանին, որ ձեր բոլոր հրամանները հլու հնազանդ կատարում ենք. Խաչատրյան». news.am. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  12. «Ողջ աշխարհից արցախցիների իրավունքների մասին խոսում են, բացի Հայաստանից ու իր գործընկեր Ադրբեջանից. Բագրատ Սրբազան». news.am. 2024 թ․ հունիսի 22. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  13. «Խնդիրը դիմակավորներով այնպիսի տեսարան ստեղծելն էր, որն անձամբ Ալիևին հաճույք կպատճառեն. պատգամավոր». news.am. 2024 թ․ հունիսի 22. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  14. «Դա արել են այն իշխանությունները, որոնք ժխտել ու ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Արտակ Բեգլարյան». news.am. 2024 թ․ հունիսի 22. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  15. «ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը. Արցախի ԱԺ 4 խմբակցություններ». news.am. 2024 թ․ հունիսի 24. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.